Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվադաղձ Մուսինի (լատին․՝ Nepeta mussinii), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Փայտացող արմատով և ճյուղավոր ցողուններով բազմամյա թավոտ խոտաբույս է։ Կարճ կոթունավոր աղեղնաեզր տերևները հակադիր դասավորված են 30-60 սմ բարձրությամբ ցողունի վրա։ Փոքր երկարավուն-ձվաձև տերևները երկու կողմերից ծածկված են կարճ թավով։ Ցողունների գագաթներին ողկույզանման ծաղկաբույլեր առաջացնող խիտ կիսահովանոցներում հավաքված են համեմատաբար խոշոր ծաղիկները։ Մոխրագույն երանգ ունեցող երկշուրթ մանուշակագույն ծաղիկները աճում են ցողունների գագաթին։ Պտուղները շագանակագույն էլիպսաձև ընկուզիկներ են[1]։
Աճում է լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և ժայռերի վրա։ Հանդիպում է Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում։ Մեղրատու բույս է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Երիտասարդ տերևներն ու ճյուղերն օգտագործում են սննդի, իսկ թարմ և չորացրած տերևները՝ օղու և լիկյորների արտադրության մեջ[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.