Jump to content

Սաղմնային զարգացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Neurergus kaiseri ձկան տաս օրական ձուն

Սաղմնային զարգացում, էմբրիոգենեզ, բազմաբջիջ կենդանիների զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Սաղմնային զարգացմանը նախորդում է նախասաղմնային զարգացման շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է ձուն։ Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Սաղմնային զարգացման հիմնական փուլերն են՝ բեղմնավորումը (կուսածնության ժամանակ՝ ձվի ակտիվացումը), տրոհման բաժանումները, գաստրուլյացիան, օրգանոգենեզը, թաղանթներից դուրս գալը կամ ծնունդը։ Տարբեր կենդանիների սաղմնային զարգացումը զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացոման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է էվոլյուցիայի ընթացքը։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի հետսաղմնային զարգացումը։

Գաստրուլյացիան տեղի է ունենում, երբ միաշերտ բլաստուլան ներփքվում է։ Էկտոդերմը երկնագույն է, էնտոդերմը՝ կանաչ, բլաստոցելը՝ դեղին, առաջնային աղին՝ մանուշակագույն

Բեղմնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում կամ ջրում, այնուհետև, տրոհման ընթացքում ձուն հաջորդաբար բաժանվում է սկզբում մեծ, հետո ավելի ու ավելի մանր բջիջների (բլաստոմերներ) առաջանում է բազմաբջիջ (սովորաբար խոռոչավոր) սաղմը՝ բլաստուլան։ Տրոհման 7-րդ բաժանումից առաջանում են 128 բջիջներ և սաղմն անվանվում է բլաստուլա[1]։ Կաթնասունների սաղմն այս փուլում անվանվում է բաստոցիստ[2]։

Գաստրուլյացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստրուլյացիայի ժամանակ առանձնանում են սաղմնային թերթիկները և սաղմի մարմնի պատերը ձեռք են բերում երկշերտ, իսկ կենդանիների մեծամասնությունը՝ նաև եռաշերտ կառուցվածք (էկտոդերմ, էնտոդերմ և մեզոդերմ)։ Սաղմնային զարգացման ընթացքը տարբեր կենդանիների համար տարբեր է, բայց արդյունքում ստեղծվում է օրգանիզմի կառուցվածքի ընդհանուր պլան, որը նման է նույնիսկ հեռավոր կարգաբանական խմբերում։ Շատ կաթնասունների մոտ հենց սաղմնային թերթիկների զարգացման ժամանակ է, որ սաղմն անվանում է մոր արգանդի պատին[1]։

Մարդու 8-9 շաբաթական սաղմը, 38 մմ

Օրգանոգենեզի ժամանակ սաղմնային թերթիկները բաժանվում են օրգանների և համակարգերի սաղմերի (նախասկիզբների)։ Օրգանոգենեզն իրականանում է գլխավորապես բջիջների տեղաշարերի և տարբերակման շնորհիվ։ Ողնաշարավորների օրգանոգենեզի առաջին փուլն անվանվում է նևրուլյացում, երբ ձևավորվում են նյարդային թիթեղը և նյարդային խողովակը։

Թաղանթներից դուրս գալու կամ ծննդի ժամանակ սինթեզվում է թաղանթները լուծող ֆերմենտ, ի հայտ են գալիս կեղևը կոտրելու հարմարանքներ և այլն։

Գենետիկական հիմք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղմնային զարգացում և հյուսվածքների ու օրգանների տարբերակումը պայմանավորվում է բջջի գենետիկական ապարատով։ Օրգանիզմի բոլոր բջիջները ստանում են գեների լրիվ հավաքակազմեր, բայց սաղմնային զարգացման ընթացքում, տարբեր հյուսվածքներում և օրգաններում, զարգացման տարբեր փուլերում գործում են տարբեր գեներ, որոնք պայմանավորում են տվյալ տարբերակման համար անհրաժեշտ սպիտակուցների սինթեզը։ Այսպիսով, սաղմնային զարգացման պրոցեսում տարբերակման գործոնները պայմանավորում են այն գեների գործունեությունը, որոնք իրականացնում են համապատասխան սպիտակուցների սինթեզը, իսկ սպիտակուցներն ապահովում են բջիջների տարբերակումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Campbell, Neil A.; Reece, Jane B.; Biology Benjamin Cummings, Pearson Education Inc. 2002.
  2. What is a cell? Արխիվացված 2006-01-18 Wayback Machine 2004. A Science Primer: A Basic Introduction to the Science Underlying NCBI Resources. NCBI.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղմնային զարգացում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 151