Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դառնալեղի էրիտրեա (լատին․՝ Centaurium erythraea), բոգազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
10-40 սմ բարձրությամբ, քառանիստ, ուղիղ ցողուններով, թույլ զարգացած առանցքային արմատով երկամյա խոտաբույս է։ Նստադիր, գծային-նշտարաձև հակադիր տերևները ամբողջաեզր են։ Արմատամերձ երկարավուն հակաձվաձև տերևները վարդակ են կազմում։ Բազմածաղիկ, վահանիկաձև ծաղկաբույլերում հավաքված վարդագույն, հնգանդամ ծաղիկները աճում են ցողունների գագաթներին։ Բաժակը և պսակը խողովակաձև են, պսակը վերին մասում ունի հետծալք։ Բազմաթիվ սերմերով պտուղը երկփեղկանի գլանաձև տուփիկ է[1]։
Աճում է լեռնային գոտիների թփուտներում, մարգագետիններում, խոտածածկ լանջերին և գետափերին։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի մարզերում և Երևանում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդներ, ստերոլներ, եռտերպենոիդներ, ածխաջրեր, լորձային նյութեր, եթերային յուղեր, ասկորբինաթթու, միկրոտարրեր և այլն։ Ձիթապտղի յուղով պատրաստած թուրմով բուժում են հոդատապը, որքինը, ֆուրունկուկները և խոցերը[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.