Մորոսկո թատրոն (անգլ.՝ The Morosko Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվել է Թայմս Սքվերի մոտակայքում, Նյու Յորքում, գոյություն է ունեցել 1917-1982 թվականներին։
Թատրոնի հեղինակությունը, յուրաքանչյուր թատերաշրջանին ներկայացվող նոր պիեսների մակարդակն այնքան բարձր էր, որ երբ առաջ է գալիս այն փակելու և տեղում ժամանակակից հյուրանոց կառուցելու հարցը, տեղի են ունենում հանրային սուր քննարկումներ և անգամ` դատական պրոցեսներ, ինչի արդյունքում, սակայն, թատրոնը փակվում է չորս այլ թատրոնների հետ, որոնք հայտնվել էին կառուցապատման գոտում[1][2]։
Այսպես հայտնի թատրոնը, որտեղ իրենց առաջնախաղն են ունեցել այնպիսի հայտնի հեղինակների գործեր, ինչպիսիք են Յուջին Օ՛Նիլը, Ֆրիդրիխ Դյուրենմատը, Արթուր Միլլերը, Թենեսի Ուիլյամսը, Բեռնարդ Շոուն, Վուդի Ալենը, որոնց աշխատանքները արժանացել են ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակին, մնացել է միայն լուսանկարների վրա։
Թատրոնի շենքը, որ գտնվում էր «Արևմտյան 45-րդ պողոտա, 217 տուն» հասցեում, նախագծել է ճարտարապետ և դիզայներ Հերբերտ Կրապը, Շուբերտ եղբայրների նախագծով, ովքեր թատրոնների մեծ ցանց ունեին ամբողջ Ամերիկայում։
Թատրոնը ստեղծվում էր հատուկ որպես նոր աշխատավայր Լոս Անջելեսից ժամանած թատերական պրոդյուսեր Օլիվեր Մորոսկոյի համար, ով նաև նախկին բեմադրիչ էր և դրամատուրգ։ Մորոսկոն բավականին մեծ ծառայություններ էր մատուցել Շուբերտ եղբայրներին, դրա շնորհիվ ի երախտագիտություն պրոդյուսերին նրանք պայմանագիր են կնքում և նորակառույց թատրոնի ղեկավարությունը հանձնում Մորոսկոյին, իսկ թատրոնն էլ կոչում «Մորոսկո թատրոն»։
Թատրոնը տեղավորում էր 1009 հանդիսական. այդքան ընդարձակ դահլիճները Բրոդվեյում շատ չեն[3]։
1917 թվականի փետրվարի 4-ի փակ առաջնախաղի հետո, արդեն հաջորդ օրը թատրոնն իր դռներն է բացել հանրության առաջ։ Առաջին աշխարհամարտի ամենաթեժ շրջանում թատրոնը բացվել է «Կանարյան խրճիթներ» մյուզիքլի ցուցադրությամբ։ Մյուզիքլի տեքստի հեղինակն էր ինքը` Մորոսկոն[1][4]։
Մեծ դեպրեսիայի տարիներին Շուբերտ եղբայրներն ստիպված էին թատրոնը վաճառել։ Օլիվեր Մորոսկոն փորձում է կարիերան կառուցել Հոլիվուդում։ Սակայն թատրոնը շարունակում է իր գործունեությունը։ Ներկայացումները երբեմն կարևոր ու հաջողված էին, երբեմն` ոչ այնքան։ Թատրոնի ղեկավարները փոխվում էին։ Վերջին ղեկավարները որոշում են Մանհեթենի այդ թանկարժեք հողատարածքը վաճառել «Մարիոթ Մարքիզ» 49 հարկանի հյուրանոցի կառուցման համար։ Եվ չնայած թատերախմբի ու Բրոդվեյի ազդեցիկ թատերական գործիչների հակադրությունը երկար ու հաստատակամ էր[5][6][7][8][9], թատրոնի ղեկավարների որոշումը փոխել չի հաջողվում, և 1985 թվականին դրա փոխարեն հայտնվում է երկնաքեր։ Նոր շենքի երրորդ հարկում է գործում բրոդվեյան «Մարքիզ թատրոն»-ը` որպես բիզնեսի ու մշակույթի միջև կայացած փոխզիջում[4]։