Jump to content

Հելլենիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV - մ.թ. II դդ.), որը մաս է կազմում անտիկ դարաշրջանի (մ․թ․ա․ 8-րդ դար - մ․թ․ 5-րդ դար)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։

Հելլենիստական դարաշրջանի և ոճի Գառնիի հեթանոսական տաճարը Հայաստանում

Եզրույթի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յոհան Դրոյզենը (1808-1884)՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ, անտեսելով հելլենիզմի հասարակական և տնտեսական էությունը։ Այնուհետև հելլենիզմը մեկնաբանվել է որպես միայն մշակութային (Յու. Կերստ), քաղաքական (Վ. Տառն) կամ տնտեսական (Մ. Ռոստովցև) ազդեցություն։ Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա. Ռանովիչ և ուրիշներ)։ Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել մ.թ.ա. 30-ը, երբ Հռոմը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը՝ Պտղոմեոսյան Եգիպտոսը, թեև հելլենիզմին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։

Ա. Մակեդոնացու մահից հետո (մ. թ. ա. 323թ.), նրա հսկայածավալ պետություն տիրանալու համար դիադոքոսների միջև պայքար սկսվեց, որի հետևանքով առաջացավ (մ. թ. ա. III դարի սկզբին) հելլենիստական երեք խոշոր պետություն։ Եգիպտոսում զորավար Պտղոմեոսը հիմնեց Պտղոմեյանների պետություն, Ասիայում զորավար Սելևկոսը` Սելևկյանների պետությունը, Մակեդոնիայում Անտիգոնոսը` Անտիգոնյանների պետությունը։ Ամենամեծը Սելևկյանների պետությունն էր, որի կենտրոնը բարեբեր ու վաճառաշահ Սիրիան (Ասորիք) էր։ Հետագայում առաջ եկավ (ավելի շատ Սելևկյանների պետությսն տարածքի հաշվին) ավելի փոքր հելլենիստական պետություններ, արևմուտքում` Պերգամոնը, Հռոդոսը, արևելքում` Բակտրիան, որտեղ իշխանության գլուխ էին կանգնած հունա-մակոդոնացիները։ Հելլենիտական աշխարհի պետություններ են համարվում նաև այն երկները, որոնք թեև չեն եղել հունա-մակեդոնական իշխանության տակ և ունեցել են իրենց տեղական իշխողները, բայց կրել են հունական ազդեցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում, դրանցից են Պոնտոսը, Կապադովկիան, Բութանիան, Կոմմագենեն, որոշ իմաստով նաև Հայաստանը (Մեծ Հայք, Ծոփք, Փոքր Հայք), Վրաստանը (Իբերին) և այլն։

Հելլենիզմի պատմական նշանակությունը Արևելքի և Արևմուտքի միջև աննախադեպ եռանդուն փոխհարաբերությունների արդյուքի մեջ է։ Տնտեսական բնագավառում հունական զարգացած տնտեսաձևերը ներթափանցեցին արևելյանի մեջ` առաջացնելով սոցիալ-տնտեսական որոշ տեղաշարժեր։ Հելլենիտական հասարակարգի տնտեսական զարգացման բնորոշ հատկանիշը առևտրի և ապրանքարտադրության աճն էր, որը խթանեց արտադրության հին ճյուղերի աշխուժացումը և նոր ճյուղերի առաջացումը։ Աննախընթաց վերելք ապրեց քաղաքային կյանքը, քաղաքաշինությունը. առաջացան հարյուրավոր նոր, մեծ մասամբ հելլենիստական միապետերի հիմնադրած և նրանց անունները կրող քաղաքներ (Ալեքսանդրիա, Անտիոք, Սելևկիա և այլն)։ Զարգացավ ստրկատիրությունը` ստրուկների քանակի և նրանց օգտագործման աճի առումով։

Պետության կառավարման ասպարեզում ստեղծվեց նոր տիպի պետություն` հելլենիստական միապետություն, որը զուգորդում էր արևելյան բռնապետության (իշխանության միապետական ձև, մշտական բանակ և կենտրոնացած վարչական ապարատ) և պոլիսների ավանդույթները։ Արևելքում պոլիսները վերածվեցին «պետության քաղաքների», և նրանց փոխհարաբերությունները միապետի հետ ընթացան այն ուղիներով, որոնք մշակվել էին արևելքում դեռևս նախահելլենիստական շրջանում` Արևելքի արտոնյալ քաղաքների ու թագավորական իշխանության առնչությունների պրակտիկայում։ Միաժամանակ, պոլիսի առավել մշակված քաղաքական-վարչական ձևերը` քաղաքային սահմանադրություն, քաղաքացիական իրավունք, կոլեգիալ ղեկավարություն, աստիճանավորություն, քաղաքի ագրարային գոտու շահագործման կազմակերպում, իրենց ազդեցությունը ունեցան արևելյան քաղաքի զարգացման վրա։

Արևմուտքի և Արևելքի միջև ամենամեծ փոխազդեցությունը մշակույթի բնագավառում էր։ Դա հունական և տեղական, հատկապես արևելյան, մշակույթների տարրերի բեղմնավոր միաձուլումն էր, որն ունեցավ բազմաթիվ և բազմապիսի արտահայտություններ` մեխանիկական զուգորդումից մինչև խոր օրգանական միաձուլում[1]։

Հելլենիզմը Մեծ Հայքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել այդ ժամանակի շինություններից միայն Գառնիի հեթանոսական տաճարը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայկական Սովետական Հանրագիտարան. Հատոր 6; Եր.: ՀՍՍՀ ԳԱ, 1980թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան Հատոր 6. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ - 1980թ. էջ` 335.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 335