Հայաստանի Հանրապետության Խորհրդարան (1918-1920)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետության Խորհրդարան | |
---|---|
Առաջին հանրապետության Խորհրդարանի շենքը | |
Տեսակ | |
Պատմություն | |
Հիմնադրված | Օգոստոսի 1, 1918 |
Լուծարված | Դեկտեմբերի 2, 1920 |
Ղեկավարում | |
Հայաստանի խորհրդի առաջին նախագահ | Ավետիք Սահակյան |
Խորհրդարանի երկրորդ նախագահ | Ավետիս Ահարոնյան |
Կազմը | |
Նստատեղեր | 80 |
Քաղաքական խմբավորումներ | ՀՅԴ ՍԴՀԿ Էսէռներ Հայ ժողովրդական կուսակցություն Անկախ պատգամավորներ |
Ընտրություններ | |
ընտրակարգ | Համամասնական |
վերջին ընտրություններ | 1919 թ-ի հունիսի 21-23 |
Հայաստանի Հանրապետության Խորհրդարան, Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) օրենսդիր բարձրագույն մարմին։ Գործել է 1918 թ-ի ամռանից մինչև 1920 թ-ի դեկտեմբեր։ Ի սկզբանե ձևավորված էր Երևանի և Թբիլիսիի հայոց ազգային խորհուրդների հիման վրա, ապա 1919 թ-ի հունիսի 21-23 իրականացվին առաջին հանրապետության միակ ընտրությունները։ Բոլոր գումարումներում գերակշիռ մեծամասնությունը պատկանում էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Ներկայացված էին խորհրդարանում նաև պատգամավորներ էսէռական և ՀԺԿ կուսակցություններից, ինչպես նաև մուսուլմանական, եզդիական, ռուսական համայնքներից։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ժողովրդի համար ապագա պետության օրենսդիր մարմնի համար տարբեր մտավորականներ իրենց ծրագրերում տարբեր անվանումներ էին շնորհում։ «Որոգայթ փառաց»-ում օրենսդիր մարմինը կոչվում էր «Հայոց տուն», իսկ նրա անդամները՝ փոխանորդ։ 1860 թ-ի Արևմտահայերի ազգային սահմանադրությամբ արևմտահայերի ներկայացուցչական մարմինը կոչվում էր Ազգային ժողով կամ Երեսփոխանական ժողով[1]։ 1912 թ-ին ձևավորվեց Հայոց ազգային բյուրոն։ Հետագայում 1917 թ-ի աշնանը Հայոց ազգային համախորհրդակցության ժամանակ ձևավորվեց Ազգային ժողով և Հայոց ազգային խորհուրդը։ Վերջինս դարձավ նորանկախ հանրապետության առաջին խորհրդարանի կորիզը։ Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտը կոչվել է նախ Հայաստանի Խորհուրդ, ապա՝ Խորհրդարան[2]։ Գործածվում էր նաև ռուսերեն փոխառված տարբերակը՝ պառլամենտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդ առավ այնպիսի ժամանակներում, երբ ժողովրդին համախմբելու, կազմակերպելու հրատապ խնդիր կար, և պետական հիմքը ճիշտ հաշվարկների վրա կառուցելու մեծ պատասխանատվություն էր ենթադրում։ Այս պայմաններում առանձնահատուկ էր երկրի օրենսդրական մարմնի՝ Հայաստանի առաջին Խորհրդարանի առաքելությունը, որը ստանձնեց 543 տարի առաջ՝ 1375 թվականին Կիլիկյան պետության անկումից ի վեր պետականություն չունեցած ժողովրդի ներկայացուցչության դերն այդ ժողովրդի պատմության բարդագույն ժամանակահատվածում։ Առաջին աշխարհամարտն ու 1917 թվականին տեղի ունեցած ռուսաստանյան հեղափոխություններն արմատական տեղաշարժեր ու փոփոխություններ առաջացրին ինչպես ամբողջ Ռուսական կայսրության, այնպես էլ Անդրկովկասի ու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ Հենց այս գործոններն էլ եղան այն առաջին քայլերը, որով սկսվեց երկրի ժողովրդավարացումը։ Զարթոնք ապրեց ազգային կյանքը, աճեց ազգային ինքնագիտակցությունը։ 1917 թվականի սեպտեմբերի վերջին – հոկտեմբերի սկզբներին Թիֆլիսում գումարվեց արևելահայերի համագումարը, որին մասնակցում էին 203 պատգամավորներ, որոնք ընտրվել էին քառանդամ համակարգով՝ ռուսահայերի կողմից[փա՞ստ]։ Համագումարի աշխատանքների վերջնափուլում բազմակուսակցական հիմքի վրա ընտրվեց 15 հոգուց բաղկացած գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ (ՀԱԽ)։ ՀՀ Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 6, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ)՝ 2, Սոցիալ դեմոկրատներ՝ 2 և Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 պատգամավորներով։ Հայոց ազգային խորհուրդը՝ որպես գործադիր մարմին, փաստորեն, ստանձնեց արևելահայ հատվածի քաղաքական կյանքի ղեկավարությունը։
Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 անդրկովկասյան թուրքերի ու մեկական ռուս և եզդի ներկայացուցիչներով. ընդամենը 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր[2]։ Խորհրդարանի առաջին գումարման արդյունքում ձևավորվեց ՀՅԴ և ՀԺԿ-ի կոալիցիան։ Առաջին գումարման ընթացքում խորհրդարանը գումարել է 87 նիստ, ընդունել 427 օրենք[3]: Սակայն խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԺԿ լքեց Հայաստանի Խորհուրդը։ Նոր կոալիցիոն կառավարություն ձևավորվեց ՀՅԴ և էսէռականների միջև, որն գոյություն ունեցավ մինչև հանրապետության անկումը։
Խորհրդարանը չհասցրեց ընդունել առաջին հանրապետության սահմանադրությունը, սակայն սահմանել էր մի շարք կարևոր օրենքներ։ Հայաստանի առաջին հանրապետությունը խորհրդարանական պետություն էր՝ գործադիր մարմինը՝ Նախարարների խորհուրդը, ձևավորում էր խորհրդարանը։ Պատգամավորները նաև ներկայացնում էին Հայաստանի շահերը Փարիզի խաղաղության վեհաժողովում՝ Պողոս Նուբար Փաշայի ազգային պատվիրակության հետ[4]։
Առաջին գումարում (1918)
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստը գումարվել է 1918 թվականի օգոստոսի 1-ին։ Մինչ այդ հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում էր թուրքական բանակի օկուպացիայի ներքո, առկա էր շուրջ 400 000 փախստականների խնդիր ու համազգային ընտրություններ անցկացնելը հնարավոր չէր։
Առաջին գումարման առաջին նիստը նախագահում էր Ավետիք Սահակյանը։ Բացմանը ներկա էին ականավոր կրոնական ու ռազմական գործիչներ, մուսուլմանական ու ռուսական համայնքների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ Օսմանյան Կայսրությունից, Պարսկաստանից, Ուկրաինայից, Ավստրո-Հունգարիայից ու Գերմանիայից։
Առաջին գումարման պատգամավորները հիմնականում Թբիլիսիի և Երևանի Հայոց ազգային խորհուրդների անդամներ էին։ Առաջին գումարման խորհրդարանի կազմի մեջ էին մտնում.
Խմբակցություն | Աթոռների թիվը |
---|---|
Հայ Յեղափոխական Դաշնակցություն | 18 |
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն | 6 |
Էսէռներ | 6 |
Հայ ժողովրդական կուսակցություն | 6 |
Մուսուլմաններ | 6 |
Անկուսակցական | 2 |
Ռուսական համայնք | 1 |
Եզդի համայնք | 1 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 46 |
Երկրորդ գումարում (1919)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորվել էր 1919 թվականի հունիսի 21-23-ին իրականացված ընտրությունների արդյունքում, որի մեջ էին մտնում 80 պատգամավորներ, այդ թվում 12-ը Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև պատգամավորներ Դոնի Ռոստովից, Թիֆլիսից, Բաքվից ու Պոլսից։ Խորհրդարանական այս ընտրություններում, որոնք առաջինն էին հայ ժողովրդի պատմության մեջ, խորհրդարանի 80 տեղերից 72-ը զբաղեցնում էին օրվա իշխող ուժի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները։ 1919 թվականի օգոստոսի 1-ին խորհրդարանի նախագահ է ընտրվում Ավետիս Ահարոնյանը։
Խորհրդարանի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Առաջին Հանրապետության անկման և խորհրդայնացման հետևանքով՝ 1920-ի դեկտեմբերի 2-ին։
Խմբակցություն | Աթոռների թիվը |
---|---|
Հայ Յեղափոխական Դաշնակցություն | 72 |
Էսէռներ | 4 |
Մուսուլմաններ | 3 |
Անկուսակցականներ | 1 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 80 |
Հայ կանանց ընտրական իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականից հայ կանայք ևս ստացան ընտրելու և ընտրվելու իրավունք։ 1919 թվականին կայացած խորհրդարանական առաջին ընտրություններում ընտրվեցին երեք կին պատգամավորներ՝ երեքն էլ ՀՅԴ-ից՝ Կատարինե Զալյան-Մանուկյան (Արամ Մանուկյանի կինը), Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառե Սահակյան (Վարյա, Ավետիք Սահակյանի կինը)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արևմտահայերի ազգային սահմանադրություն (PDF). Մյուհենտիսյան. 1860.
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի առաջին խորհրդարանը՝ Խորհուրդը. 1918». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ ՀՀ ԱԺ (06.08.2021). ««Խորհրդարան 1918-1920» խորագրով ցուցահանդես Ազգային ժողովում».
- ↑ Հայոց ցեղասպանության թանգարան. «Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-1920թթ».
- ↑ «Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամավորները | Aniarc». web.archive.org. 2018 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի Հանրապետության Խորհրդարան (1918-1920) կատեգորիայում։ |