Jump to content

Կենտրոնական Ասիայի հանրապետությունները և Արցախյան ազատամարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնական Ասիայի հանրապետությունները Ղարաբաղյան հիմնահարցում Ադրբեջանին համերաշխություն հայտնելու և աջակցելու գործնական քայլերի գրեթե չեն դիմել։ Ղարաբաղյան հակամարտության առաջին տարիներից Ադրբեջանի ժողովրդական ճակատի էմիսարների կողմից փորձ է արվել հակահայկական տրամադրություններ հրահրել խորհրդային միջինասիական հանրապետություններում, որտեղ ապաստանել էին Ադրբեջանից բռնագաղթած բազմաթիվ հայ ընտանիքներ։ Այդպիսի քարոզչության հետևանք էր 1990 թվականի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում բռնկված հակահայկական ելույթները, որոնք, սակայն, շատ կարճ ժամանակամիջոցում չկրելով զանգվածային բնույթ ոչ միայն չեն շարունակվել, այլև խստորեն քննադատվել են տաջիկ մտավորականության և հասարակության կողմից։ Ադրբեջանական հակահայկական քարոզարշավը համընկել է միջինասիական հանրապետություններում ազգայնական շարժումների ձևավորման և արմատավորման գործընթացների հետ։ Տեղական թյուրքական ժողովուրդների շրջանում հակահայկական տրամադրությունների հրահրումը դիտվել է որպես իրական հնարավորության կրոնական և էթնիկ համերաշխության հոդի վրա հակառուսական և հակաքրիստոնեական ուժերին համախմբելու, և դրանց արդյունքում միջինասիական հանրապետությունների անկախությունը հռչակելու համար։ Հակահայկական գործողություններ հրահրվել են 1989 թվականի գարնանը և հատկապես 1990 թվականի հունվարին, երբ Բաքվի հայկական ջարդերից հետո հազարավոր հայեր ժամանակավորապես հաստատվել էին Կրասնովոդսկում, Աշգաբադում և Նեպիդ Դաղում։ Սակայն Թուրքմենիայի նախագահ Ս. Նիյազովին հաջողվել է կանխել դեպքերի անկանխատեսելի ընթացքը։

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների առաջին քայլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղյան իրադարձություններին Կենտրոնական Ասիայի հանրապետություններն առաջին անգամ միասնաբար արձագանքել են 1992 թվականի մայիսին՝ այդ հանրապետությունների նախագահների մասնակցությամբ Աշգաբադում հրավիրված գագաթնաժողովում։ Թուրքիայի վարչապետ Ս. Դեմխերի նախաձեռնությամբ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշվում էր Շուշին հայկական ուժերից ազատելու և Ղարաբաղյան հիմնախնղիրը «միջազգային սկզբունքների հիման վրա լուծելու» անհրաժեշտության մասին։ Այդուհանդերձ ընդդիմադիր ուժերը՝ ի դեմս ազգայնական կուսակցություների և շարժումների, փորձել են զինյալ ջոկատներ կազմելով՝ ղարաբաղյան ճակատներում օգնել Ադրբեջանին։ Դեռևս 1992 թվականի մարտի սկզբին Տաշքենդում կայացած Թուրքեստանի աջակիցների վեհաժողովում ընդունվել է բանաձև ադրբեջանցիներին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ղազախական «Ժելտոքսան» կուսակցության առաջնորդ Հ.Կոժահմեդովն առաջարկել է ստեղծել մուսուլմանական գումարտակ, որը գործելու էր Ղազախստանից մինչև Ղարաբաղ ընկած տարածքում։ 1992 թվականի ապրիլին «Ժելտոքսանը» դիմել է Ղազախստանի բնակչությանը ադրբեջանցիներին աջակցելու կոչով։ Կազմվել է ընդամենը ղազախներից և ուզբեկներից բաղկացած մի փոքր ջոկատ Բաքու մեկնելու նպատակով, սակայն նախաձեռնությունը մեծ աջակցություն չի գտել տարածաշրջանի ազգաբնակչության մոտ։ 1992 թվականին Տաշքենդում ուզբեկական «Թուրքեստան» և «Բիղիկ» միությունների ներկայացուցիչներն ստեղծել են Ղարաբաղյան հակամարտությունում ադրբեջանական կողմին աջակցող «Ղարաբաղի օգնության կոմիտե» կազմակերպությունը, որը, սակայն, Ոիզբեկստանի նախագահ Ի.Քրափմովի որոշմամբ լուծարվել է, իսկ ուզբեկական մեկ այլ՝ «Էրք» կուսակցության համանուն թերթի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հակահայկական տրամադրություններ հրահրելու մեղադրանքով։

Ադրբեջանը՝ Կենտրոնական Ասիայի քայլերի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Ասիայի հանրապետություններից Ադրբեջանը, փաստորեն, չի ստացել ակնկալվող աջակցությունը։ Դրանում որոշակի դեր են ունեցել նաև Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի որոշ հանրապետությունների միջև առկա հակասությունները։ Հակառակ դրան՝ 1991-93 թվականներին Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նախագահները ձեռնարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի միջնորդական առաքելություններ, որոնք խաղաղություն հաստատելուն միտված անշահախնդիր ջանքեր էին։ 1991 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինի և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լ. Տեր-Պետրոսյան- Ա. Մութալիբով հանդիպումը Ժելեզնովոդսկում (տես Ժելեզնովոդսկյան կոմյունիկե)։

1992 թվականի մարտին Ն. Նազարբաևը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ԼՂՀ-ի շուրջ ճգնաժամային իրավիճակը ձեռք է բերել վտանգավոր բնույթ և գործնականում հանգեցրել ուղղակի ռազմական հակամարտության։ Հետագա արյունահեղության կանխման և Ղարաբաղյան հակամարտության տեղայնացման նպատակով նա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդին առաջարկել է որոշում ընդունել կոսկի անհապաղ դադարեցման և ապաշրջափակման վերաբերյալ, իսկ խաղաղության պահպանման նպատակով ԱՊՀ ղեկավարների խորհրդին առը��թեր ստեղծել հատուկ ուժեր, աջակցել ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին և համագործակցության անդամ պետություններից ներկայացուցիչներ ուղարկել միջնորդական խմբերի գործունեությանը մասնակցելու համար։

1992 թվականի օգոստոսի վերջին Ն. Նազարբաևը հանդես է եկել նոր միջնորդական առաքելությամբ, ինչի շնորհիվ օգոստոսի 27-ին Ալմա Աթիում կայացել է ՀՀ ու ԱՀ արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Կողմերը համաձայնության են եկել սեպտեմբերի 1-ից 60-օրյա զինադադար հաստատելու շուրջ, որի իրականացումը վերահսկելու էին Ն. Նազարբաևի անձնական ներկայացուցիչները՝ Ղազախստանի արտգործնախարարության վարչության պետ Հ. Կաժոկովը՝ Երևանում, և նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի վարիչ Գ. Կասիմովը՝ Բաքվում։ Սակայն զինադադարի առաջին օրն ևեթ երկու կողմերն էլ հայտարարություններ են արել խախտումների վերաբերյալ։

Հերթական միջնորդական նախաձեռնությամբ գործընթացին մասնակցել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Մ. Շերիմկուլովը (տես «Բիշքհկյան ա դա Զազրություն»)։

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների չեզոք դիրքորոշումը Ղարաբաղի հիմնահարցում դրսևորվել է նաև թյուրքական գագաթնաժողովների ժամանակ։ Դա հատկապես ակնառու էր 1992 թվականի հոկտեմբերին Անկարայում կայացած առաջին գագաթնաժողովում, երբ Ն. Նազարբաևը դեմ է արտահայտվել ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման թուրք-ադրբեջանական առաջարկներին՝ նշելով, ու այն կարող է բարդացնել իրավիճակը տարածաշրջանում։ Իսկ եզրափակիչ հայտարարության մեջ անդրադարձ չի եղել Ղարաբաղյան հիմնախնդրին։

1994 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած թյուրքական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ստորագրված հայտարարագրի չորրորդ կետում նշվել է, որ «...պետությունների ղեկավարներն արտահայտում են իրենց աջակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտության շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն իրագործելու համար»։

Ընդհանրա առմամբ՝ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում կառուցողական դիրքորոշում են ունեցել՝ տուրք չտալով թուրք-ադրբեջանական համաթյուրքական համերաշխության դիրքերից հանդես գալու ճնշումներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։