Աբովյանի տուն-թանգարան
Աբովյանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան |
Կազմված է | Բնակելի տուն Աբովյանների, Թանգարանի շենքը, Հուշաղբյուր Էստոնիայի և Հայաստանի բարեկամության և Խաչատուր Աբովյանի հուշարձան |
Հասցե | Քանաքեռի 2 փողոց, համար 5, Երևան |
Հիմնադրվել է | նոյեմբեր 1939 |
Տնօրեն | Սյուզաննա Խոջամիրյան |
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, գործում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ 1938 թվականի ապրիլի 25-ին ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում վերակառուցվեց և վերածվեց տուն-թանգարանի։ Թանգարանը սկսեց գործել 1939 թվականի նոյեմբերից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչատուր Աբովյանի տուն֊թանգարանը գտնվում է Քանաքեռում, որը, Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկը լինելով, բավականին մոտ է մայրաքաղաք Երևանին, և միևնույն ժամանակ քաղաքից բարձր է 300 մետրով։ Քանաքեռն այն վայրերից մեկն է, որը պետք է պարտադիր տեսնել Երևան այցելելու դեպքում։ Մարդիկ, սակայն, Քանաքեռ են բարձրանում ոչ միայն քաղաքի այդ հատվածով հիանալու, այլ նաև տեսնելու այն տնակը, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել Խաչատուր Աբովյանը։ Աբովյանի նախնիներն այս տանը բնակություն են հաստատել Կովկասի լեռնականների հետապնդումներից խուսափելու ճանապարհին։ Աբովյանների տոհմն ի վիճակի է եղել այս տանը հաստատվել Խաչատուր Աբովյանի պապի՝ Պարոն Ապովի շնորհիվ։ Պարոն Ապովն է եղել այն մարդը, ով շուրջ 200 տարի առաջ, քարը քարին դնելով, իր ընտանիքի համար տանիք է ապահովել և կառուցել հարթ տանիք��վ, միահարկ այս տունը։ Տան պատերի ներսում տարբեր մեծության խորշեր են բացված, որ ծառայել են լույսի ճրագներ ու կենցաղային տարբեր իրեր տեղադրելու համար։ Վերակառուցման ընթացքում ամրացվել են պատերը, վերանորոգվել պատշգամբի փայտե ճաղերն ու բազրիքները, պատուհանների փեղկերը, դռներն ու թոնիրը։ Տունը կահավորվել է Ապովենց հետնորդների մոտ պահպանված և այն ժամանակներին բնորոշ կենցաղային իրերով։ Պարոն Ապովի ավագ որդու՝ Հարությունի ընտանիքը երկար է հաստատված մնում Քանաքեռում, մինչդեռ կրտսեր որդու՝ Ավետիսի ընտանիքն այդքան հաջողակ չի գտնվում և ընտանիքից միայն Խաչատուրն է ողջ մնում։
Տունն իր հյուրընկալ հարկի տակ բազմաթիվ հոգևորականների և մտավորակկանների է ընդունել։ Այցելուների թիվն, անշուշտ, աճել է Խաչատուր Աբովյանի հռչակի տարածումից հետո։ Նշված այցելուների թվում են եղել Ֆրիդրիխ Պարրոտը, Ֆրիդրիխ Բոդենշտեդտը, Կառլ Կոխը, Հերման Արիխը, Ավգուստ Հաքստհաուզենը և այլք։ Հայ մեծանուն գործիչներից այցելուների թվում են եղել Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանը, Պատկանյան եղբայրները, Կոմիտասը, Մառը, Լեոն, Հովհաննես Թումանյանը, Ասքանազ Մռավյանը, Աղասի Խանջյանը և ուրիշներ։ Հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով դարերից եկած իր ավանդույթներին, իր մեծագույն գործչի տունը դարձրել է ուխտատեղի։ Հենց այս ավանդույթին հավատարիմ մնալով է Աբովյանի թանգարանը բացվում քանաքեռցի Աբովյանների տոհմական տանը, որտեղ ծնվել էր Խաչատուր Ավետիսի Աբովյանը (1809-1848 թթ.)։
Ուշագրավ է նշել, որ Խաչատուր Աբովյանի հորեղբոր թոռը՝ Արտեմ Աբովյանը, ում ընտանիքը երկար ժամանակ ապրել է այս տանը, ծանրաբեռնված ընտանիքի հոգսերով, ստիպված է լինում տան պատշգամբը պատով փակել և այն դարձնել սենյակ։ Հայ հասարակությունը, սակայն, ուրախությամբ չի ընդունում այս քայլը և, Արտեմ Աբովյանը ստիպված է լինում քանդել պատը և տունը թողնել այնպիսիսին, ինչպիսին այն եղել էր նախկինում՝ կշտամբանքները դադարեցնելու համար։ Արտեմ Աբովյանն իր ներդրումն ունի նաև տունը թանգարանի վերածելու գործում։ Հայաստանի լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը 1927 թվականին գալիս է Քանաքեռ և խնդրում Արտեմ Աբովյանին վաճառել Աբովյանների հայրական տունը՝ այն թանգարան դարձնելու նպատակով։ Տանտերը, խորին վիրավորանք ապրելով առաջարկից, պատասխանում է, որ տունն ազատ է այցելուների համար։ Այս որոշումից հետո ամբոխների անվերջանալի հոսք է սկսվում դեպի Աբովյանների տուն։ Համաձայն շրջանառվող լեգենդի, մարդիկ իրենց սրտում կուտակված բառերն ու սրտից բխած խոսքերն էին թողնում տան պատերին և հետդարձի ճանապարհին իրենց հետ պարտադիր մի բուռ հող էին վերցնում։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Աղասի Խանջյանը 1934 թվականին գալիս է Քանաքեռ՝ բերքահավաքի ընթացքին հետևելու և, իր այցի շրջանակներում, գնում է Ապովենց տուն և, տանը ոչ ոքի չգտնելով, 5֊10 րոպե նստում է մուտքի մոտ ու հեռանում։
1938 թվականի ապրիլի 25֊ին՝ ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որոշում է ընդունում Խաչատուր Աբովյանի մահվան 90֊ամայակի առիթով։ Ի նշանավորումն Խաչատուր Աբովյանի մահվան 90֊ամյակի որոշեց․
1․Գրողի տունը Քանաքեռում վերակառուցել և դարձնել նրա կյանքն ու գործունեությունը ցուցադրող թանգարան։Երևանում, գրականության թանգարանին կից, ստեղծել ցուցահանդես՝ նվիրված գրողի կյանքին ու ստեղծագործությանը։
2․Ժողկոմխորհի ֆոնդից այդ նպատակի համար բաց թողնել 19 000 ռուբլի։
Պապովենց տանն այդ ժամանակ արդեն 10 տարի էր, ինչ ոչ ոք չէր ապրում։ Կոտայքի շրջսովետի գործկոմի լուսբաժինը ժամանակ չի կորցնում և սկսում է թանգարանի ձևավորման աշխատանքները՝ պատերից կախելով պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի, Ստեփան Նազարյանցի դիմանկարները, ինչպես նաև Աբովյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող այլ տարեթվեր։ Քանաքեռի դպրոցի ուսուցիչ Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվում է նոր ձևավորվող թանգարանի ոչ հաստիքավոր վարիչ։ Նրա աշխատանքի մեջ էր մտնում ազատ ժամանակ ունենալու դեպքում թանգարանը բացելն ու այցելուներին գրողի կյանքի վերաբերյալ պատմելն էր։ Հետագայում թանգարանը ղեկավարել են Վիկտոր Զաքարյանը, Նատալյա Սարգսյանը, Նինել Գևորգյանը, Անիկ Շահբազյանը, Սիրուշ Աբովյանը, Օնիկ Տայանը, Ռաֆիկ Դալլաքյանը, Լ․ Երիցյանը և ուրիշներ։
Կից տարածքում 1979 թ. կառուցվեց նաև թանգարանի նոր մասնաշենքը (ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան), որի ծավալն ամբողջությամբ բարձրացված է գետնի մակերեսից` Խաչատուր Աբովյանի տոհմական բնակարանի վրա։ Թանգարանի շենքի հյուսիսային երկհարկանի մասում տեղադրված են ցուցասրահները, դահլիճն ու աշխատասենյակները։ 2005 թվականին այն հիմնանորոգվեց։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ստեղծման օրվանից, այնտեղ ցուցադրված են Աբովյանի ձեռագրերը, որոնք թանգարանին են հանձնել գրողի ժառանգները։ Ձեռագրերը, սակայն, ժառանգների միակ ներդրումը չեն ցուցահանդեսի կազմավորման գործում։ Նրանք թանգարանին են հանձնել նաև Խաչատուր Աբովյանի միակ դիմանկարը, որը նկարել էր մերձբալթյան նկարիչ Մայդելը։ Այս նյութերը թանգարանին հանձնելու պարտավորությունն իրենց վրա վերցրել էին Աբովյանի թոռներ Լեոն, Վիկտորյա, Շուշանիկ Աբովյանները և նրանց ավագ եղբայրը՝ Կոնստանտինի զավակ Վարդան Աբովյանը։
Ապովենց թանգարան դարձած տան դռները վեջնականապես բացվում են 1939 թվականին։ Արդեն առկա ցուցանմուշներին լրացնելու է գալիս գրականության թանգարանի կազմակերպած ցուցահանդեսը։
Թանգարանն իր գոյության 4 տասնամյակից ավելի տարիների ընթացքում հանդիսացել է մեծն գրողին հիշելու և պատվելու լավագույն վայրը։ Թանգարանը բազմիցս վերանորոգելու նպատակն է եղել Ապովենց տանն իր նախկին տեսքը հաղորդելը և ցուցահանդեսում Աբովյանին լավագույն ձևով ներկայացնելը։
Հիմնանորոգումից հետո ցուցադրությունը համալրվեց մեծ հետաքրքրություն ներկայացնող վավերագրերով, որը բաղկացած է 12 բաժիններից՝ սկսած ծննդավայր Քանաքեռից, Էջմիածնում, Ներսիսյան դպրոցում, Դորպատում ուսումնառության տարիներից, 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, Արարատ լեռը բարձրանալու գրական, բանահավաքական գործունեությունից մինչև «Անհայտ բացակայությունը»։
Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա տարիների հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։ Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի գրողի որդու՝ Վարդանի ջութակը, հայ անվանի նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց կտավները, հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։
Ցուցադրված են «Վերք Հայաստանի» վեպի առաջին և հետագա հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, հոդվածներ և Խաչատուր Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը սերտորեն համագործակցում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Այստեղ են կազմակերպվում ապագա մանկավարժների երդման հանդիսավոր արարողությունները և թանգարանագիտության բաժնի ուսանողների գործնական պարապմունքները։ Դպրոցականների և ուսանողների համար իրականացվում են նաև կրթական ու ժամանցային ծրագրեր։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Քանաքեռի 2-րդ փողոցի համար 5 հասցեում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/15 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 38)։ |