Էրեբունի պետական արգելոց
Էրեբունի արգելոցի վայրի ցորենը՝ ցորեն արարատյան (Triticum araraticum) | |
Տեսակ | արգելոց |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Արարատի մարզ |
Հիմնվել է | 1981 |
Մակերես | 120 հեկտար |
ԲԾՄ | 1300 մետր և 1450 մետր |
Էրեբունի պետական արգելոց, արգելոց Հայաստանի Արարատի մարզում, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք[1]։
Կազմավորվել է 1981 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցն զբաղեցնում է 120 հա տարածք[2]։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ)։ Վայրի դաշտավլուկազգիներից աճում են նաև վայրի միամյա աշորան (Վավիլովի աշորա), այծակնի և գարու մի քանի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ բթաթեփուկը և արևելյան արմատագլխիկը։
Հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ` Տուրնֆորի կանգարը, խոշորածածկոց ակտինոլեման և անցողուն հոհենակերիան։ Կիսաանապատային բույսերից տարածված է հաստասռնակ բոշխը, հիմնական մասն զբաղեցնում են դաշտավլուկատարախոտային համակեցությունները, որտեղ գերակշռում են վայրի ցորենները։ Հանդիպում են լեռնաչորասեր բույսեր՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանական աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ` կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ` անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն, թռչուններ` լորը, մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, կաթնասուններ` աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, փորսուղ, բազմաթիվ կրծողներ և այլն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |