Դանգուոլե Ռասալայտե
Դանգուոլե Ռասալայտե լիտ.՝ Danguolė Rasalaitė | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1983 |
Ծննդավայր | Տելշյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 10, 2000 (16 տարեկան) |
Մահվան վայր | Մալմյո |
Քաղաքացիություն | Լիտվա և ԽՍՀՄ |
Դանգուոլե Ռասալայտե (լիտ.՝ Danguolė Rasalaitė;մայիսի 19, 1983, Տելշյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 10, 2000, Մալմյո 16-ամյա լիտվուհի, որը սեռական շահագործման է ենթարկվել Շվեդիայում և չդիմանալով՝ ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից։ Նրա պատմությունը լայնորեն լուսաբանվել է շվեդական մամուլում՝ 2000-ականների սկզբին։ Ռասալայտեի պատմության մոտիվներով նկարահանվել է «Ընդմիշտ Լիլիա» ֆիլմը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիտվայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանգուոլեն ծնվել է Տելշյայում, բայց մեծացել է Ստարոստվոյում՝ Կաունաս։ Նա ունեցել է ավագ քույր՝ Իոլանտա, նրա մայրը՝ Ռեգինա Ռասալիենեն վաճառողուհի է աշխատել։ Դանգուոլեի հորը դատապարտել են հինգ տարվա ազատազրկման՝ ծեծի համար և Ռեգինան երկրորդ անգամ է ամուսնացել և Դանգուոլեի ազգանունը դարձել է Ռասալայտե։ 1997 թվականի սկզբին Ռեգինան որոշել է տեղափոխվել ԱՄՆ (որոշել է գրին քարտ շահել),այդ պատճառով վաճառել է Շանչյայի իրենց տունն ու տեղափոխվել են Ժեժմարյայ՝ մեկ սենյականոց բնակարան,մինչև կլուծվեր վիզա ստանալու հարցը։ Այդ ընթացքում Դանգուոլեն գնացել է քրոջ՝ Իոլանտեի մոտ՝ Գերմանիա (նա ամուսնացել էր գերմանացու հետ), որտեղ սովորել է հյուտենֆելդյան լիտվական գիմնազիայում։ Քույրը ամուսնու հետ վճարել է նրա կրթության համար՝ ամսական 700 գերմանական մարկ։ Դանգուոլեն սկզբում լավ է սովորել, հետո սկսել է խախտել կարգը, ինչն առաջացրել է գիմնազիայի ադմինիստրացիայի դժգոհությունը, արդյունքում Ռեգինան եկել է Գերմանիա և Դանգուոլեին հետ տարել Լիտվա[3]։
Վիզա ստանալով՝ Ռեգինան որոշել է սկզբում մենակ մեկնել ԱՄՆ, իսկ Դանգուոլեին որոշել է տանել, երբ լրանար նրա 16 տարին (այդ ժամանակ Ռեգինան ստիպված չէր լինի ստանալ հոր թույլտվությունը՝ երեխային երկրից հանելու համար)։ Մոր մեկնումից հետո Դանգուոլեն մեկուկես տարի բնակվել է մորաքրոջ Իռենա Մարոզիենեի մոտ, որն ամուսնու՝ Վիդմանտասի և որդու՝ Սերգեյի հետ նույնպես բնակվել է Ժեժմարյայում, բայց նրանք ապրել են երկու սենյականոց բնակարանում և չորս հոգով շատ նեղվածք էր ապրելու համար, ուստի Դանգուոլեն վերադարձել է իրենց նախկին բնակարանը։ Գերմանիայում սովորելուց հետո նա չէր հարմարվել տեղի դպրոցում (մորաքույրը նրան տեղավորել էր Ժեժմարյայի գիմնազիայում) և ի վերջո թողել է դպրոցը, չնայած հարազատները նրան հորդորել են ավարտել գոնե իններորդ դասարանը։ Քանի որ նա մենակ է բնակվել և հարազատները (Իռենան, նրա ընտանիքի անդամները, տատիկը՝ Յանինա Դամբրաուսկիենեն) չեն կարողացել վերահսկել նրան, Դանգուոլեն սկսել է վարել անբարո կյանք՝ հաճախ չգիշերելով տանը։ Որոշ ժամանակ անց հարազատները նրան կորցրել են իրենց տեսադաշտից, քանի որ Դանգուոլեն մեկնել է Ժեժմարյայից և բնակվել է տարբեր սիրեկաններ մոտ՝ Կայշդորիսում, որտեղից էլ որոշ ժամանակ անց անհետացել է։ Մինչև 16 տարեկան Դանգուոլեն անձնագիր չի ունեցել[3]։
1999 թվականի ամռանը Ռեգինան (այդ ընթացքում նա երրորդ անգամ էր ամուսնացել, այս անգամ էլ հարավսլավական ծագմամբ ամերիկացու հետ) աղջկան նամակ է ուղարկել, որտեղ գրել է, որ պատրաստ է նրան տանել ԱՄՆ։ Իռենի ամուսին�� նրան պատասխանել է, որ չեն կարողացել ոչ մի տեղ գտնել աղջկան։ Կես տարի անց՝ Դանգուոլեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 1999 թվականի աշնանը Դանգուոլեն մի տղամարդու հետ հանդիպել է ընկերուհու՝ Կրիստինե Աշմենայտեի տանը, վերջինս համոզել է նրան այդ տղամարդուն տալ անձնագիրը։ Տղամարդը նրան Շվեդիայում՝ Մալմյոյում՝ բանջարեղենի ֆերմայում նոր աշխատանք է խոստացել[3]։
Շվեդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի սեպտեմբերի 17-ին Դանգուոլեն Կրիստինայի անձնագրով թռչել է Կրիստիանստադ։ Այնտեղ նրան դիմավորել են և տեղափոխել Արլյովում գտնվող մի բնակարան, որտեղ մի տղամարդ նրանից վերցրել է անձնագիրը և հայտնել, որ նա պետք է փոխհատուցի իր թռիչքի ծախսերը՝ 20 հազար շվեդական կրոնի չափով (այդ ժամանակ դա համարժեք է եղել 2410 դոլարի) և այդ գումարը պետք է հետ վերադարձնի մարմնավաճառությամբ զբաղվելով[1][4]։
Մարմնավաճառի աշխատանքը երբեմն ավարտվել է ծեծով, երբ փորձել է չենթարկվել։ Բնակարանը միշտ փակ է եղել, և երբ հաճախորդ է ժամանել, նրան նախապես տվել են բանալին։ Մեկ ամիս անց Դանգուոլեն կարողացել է շահել մշտական հաճախորդներից մեկի վստահությունը, որը պիցերիայի տեր էր, և վերջինս գնալուց հետո «մոռացել» է փակել բնակարանի դուռը (այլ վարկածով՝ Դանգուոլեն պահը հարմարեցնելով պատուհանից փախել է)։ Նա խուսափել է ոստիկանությունից, քանի որ նրան ասել են, որ մարմնավաճառությունը Շվեդիայում անօրինական է, և, բացի այդ, նա այդ երկիր է ժամանել կեղծ անձնագրով։ Ռասալայտեն փախել է պիցերիայի տիրոջ մոտ, բայց վերջինս էլ սկսել է ինքն օգտագործել նրան որպես մարմնավաճառ։ Ամանորից մի քանի շաբաթ առաջ՝ 1999 թվականին Ռասալայտեն ծանոթացել է 17-ամյա բոսնիացու (մեկ այլ վարկածով՝ մակեդոնցու) Մելիտայի հետ, և բնակվել է նրա հետ Մալմյոյի հյուսիսային արվարձանում գտնվող բնակարանում։ Դանգուոլեն այնտեղից ոչ մի տեղ դուրս չի եկել՝ վախենալով հանդիպել կավատների հետ։ Մելիտան հաճախ է տան մուտքի մոտ նկատել ինչ որ բան փնտրող մարդկանց, իսկ նրա ծնողներն անծանոթներից սպառնալիքներ են ստացել։ 2000 թվականին հունվարի 6-ի գիշերը Դանգուոլեի և Մելիտայի միջև վեճ է ծագել և Դանգուոլեն հայտնել է, որ այլևս չի ուզում ապրել։ Աղջիկները հաշտվել են, բայց հունվարի 7-ի օրվա երկրորդ կեսին Դանգուոլեն վերցնելով դանակը գաղտնի հեռացել է տնից և Մելիտան չի հասցրել նրան կանգնեցնել (սակայն կարծիք կա, որ Ռասալայտեի մեկնելու պատճառը բռնաբարությունն է[4])։ Նույն օրը նա Կրուսեգատանում կամրջից ցած է նետվել։ Ոստիկանությունը գտել է, որ կատարվածն ինքնասպանություն է, բայց վկաները հաստատել են, որ կամրջի վրա Դանգուոլեի կողքին ինչ որ աղջիկ է եղել[3]։
Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց ստացված վնասվածքներից նա հունվարի 10-ին գիտակցության չգալով մահացել է[1]։
Քննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանգուոլեի մոտ չի եղել ոչ անձնագիր, որ այլ փաստաթուղթ, ինչի պատճառով նրան ուշ են ճանաչել։ Նրա մոտ թուղթ է եղել, որի վրա գրված են եղել երեք հեռախոսահամարներ, դրանցից մեկը Մելիտայի մոր համարն է եղել, երկրորդը՝ Էրլյովի բնակարանի համարը։ Գտել են երեք հրաժեշտի նամակներ (որտեղ Ռասալայտեն ներկայացրել է իր պատմությունը), դրանք հասցեագրվել են Լիտվայի իր ընկերներին։ Էրլյովի բնակարանում գտնվել են Ռասալայտեի իրերը և Չեխիայից ժամանած երկու անչափահաս մարմնավաճառներ՝ Կլաուդիան և նրա 13 ամյա քույրը՝ Լիվիան[4]։
Ռասալայտեին ստրկության մեջ պահող կավատն այդպես էլ չի գտնվել։ Նամակում Ռասալայտեն նշել է այն անձին, որն իրեն օդանավակայանից բերել է Էրլյով, և այլ ռուս կավատների, որոնք իրեն փակած էին պահել բնակարանում, բայց ըստ քննության այդ կավատները, կամ նրանցից գոնե մեկը հնարավոր է, որ լիտվացի լիներ։ Այդ մարդկանցից համարյա ոչ ոք չի ճանաչվել և չի ձերբակալվել, բացի «վարորդից»․ նա ինքն է ներկայացել, երբ շվեդական ոստիկանությունը հեռուստատեսությամբ օգնություն է խնդրել, բայց ասել է, որ իրեն վճարել են, որ ինքն օդանավակայանից այդ աղջկան տեղ հասցնի, բայց թե ինչի համար, իրեն հայտնի չի եղել[4]։ Վերջին հաշվով ոստիկանությունը հաստատել է, որ ռուս կավատը եղել է ոմն Գեդրիուսը, որը գործել է իր իսկական անունով։ Էրլյովի բնակարանը նրա ընկերոջն է պատկանել, վերջինս հայտնել է, որ չի իմացել, թե ինչով է այնտեղ զբաղվել իր ընկերը։ Քանի որ Ռասալայտեի ճանաչման գործընթացը երկար է տևել, ապա միայն 2000 թվականի մայիսի 31-ին է ստացվել Գեդրիուսի ձերբակալման թույլտվությունը, որը սակայն ապրիլի 30-ին արդեն լքել է Շվեդիան։ 2000 թվականի օգոստոսի 3-ին շվեդական իշխանությունները փակել են գործը, քանի որ դատախազը համարել է, որ Ռասալայտեի միայն երեք նամակները, ականատեսների բանավոր վկայությունները բավական չեն ձերբակալման միջազգային թույլտվություն ստանալու համար։ Քննության համար պատասխանատու տեսուչը՝ Բո Լյունդկվիստը հայտնել է, որ նույնիսկ եթե Գեդրիուսը ձերբակալվի, ապա շվեդական օրենքներով կենթարկվի 15 ամսվա ազատազրկման։
Ռեգինայի խնդրանքով Շվեդիայի իշխանությունները դիակիզել են մարմինը, մոխիրը նա տարել է ԱՄՆ[3]։ 2006 թվականի հունվարի 23-ին Շվեդիայի թագուհի Սիլվիան հրապարակայնորեն հիշատակել է Ռասալայտեի մահվան մասին՝ այդպիսով հայտնելով կանանց նկատմամբ բռնություններին դեմ լինելը։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին շվեդ ռեժիսոր Լուկաս Մուդիսոնը նկարահանել է «Հավերժ Լիլիա» ֆիլմը՝ իր սեփական սցենարով, որը գրել է Ռասալայտեի նամակների հիման վրա։ Գլխավոր դերը խաղացել է 15-ամյա Օքսանա Ակինշինան[1][2]։
2015 թվականին մոսկովյան երաժշտական «Տրուդ» խումբը թողարկել է «6» ալբոմը, որտեղ երգերից մեկն անվանվել է Ռասալայտեի պատվին և շոշափել է նրա պատմությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Peter Björneblad (23 марта 2000). «Hon tvingades bli prostituerad – tog livet av sig» (շվեդերեն). Aftonbladet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ 2,0 2,1 Steve James. A moving portrayal of the tragedy suffered by young Russians // World Socialist Web Site, 14 May 2003 (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rūta Skatikaitė (15 марта 2003). «Lietuvaitė Švedijoje tapo kultine asmenybe». DELFI (լիտվերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Info om Dangoule» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Лиля навсегда»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում