Ֆեմինիզմի պատմություն
Ֆեմինիզմ |
---|
Ֆեմինիզմ (լատին․՝ femina` կին), հասարակության բոլոր ոլորտներում կանանց իրավունքների շարժումը պարզաբանող տերմին, որի նպատակն է վերացնել կանանց խտրականությունը։ Այդ շարժումն առաջացել է դասական լիբերալիզմի ալիքի հետ, 18-րդ դարում, բայց ակտիվացել է 1960-ական թվականների վերջից։ Ֆեմինիստ են անվանում նրանց, ովքեր տեսական հիմնավորումների հիման վրա գիտակցում են կանանց` ենթակա լինելու կարգավիճակը, նրանց սոցիալական կարգավիճակը, որը հավասար չէ տղամարդկանց կարգավիճակին, և պաշտպանում են կանանց ազատման գաղափարը (լատին․՝ emancipatio` կախվածությունից ազատում)։ Նրանք քննադատում են ստեղծված հասարակական հարաբերությունները` շեշտը դնելով սեռերի անհավասարության և կանանց շահերի ու իրավունքների պաշտպանության վերլուծության վրա[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեմինիստական գաղափարների տարածման նախադրյալները ի հայտ են եկել ֆեոդալական հասարակության փլուզման ժամանակ բուրժուական հարաբերությունների առաջացման պայմաններում, որից հետո սկսվել է կանանց` վարձու աշխատողներ բանվորներ դարձնելու շրջանը։ Կա նաև տեսակետ, որը ֆեմինիստական գաղափարների տարածումը կապում է իտալացի առաջին կին գրողներ Իզոտա Նոգարոլայի, Լաուրա Չերետայի, Քրիստինա Պիզանսկայայի անունների հետ։ Սրան առնչվում է նաև Աֆրա Բենի, Մերի Էստելի ստեղծագործությունը, որոնք Անգլիայում սովորաբար կոչվում են կանանց իրավունքների առաջին պաշտպաններ։ Նրանք պաշտպանում էին կանանց` տղամարդկանց չափ ազատ և լիարժեք լինելու իրավունքները։ Նաև ֆրանսիացի Պուլենա դե լա Բարան Երկու սեռերի հավասարության մասին իր էսսեում գրել է կանանց անհավասար վիճակի մասին, ինչն, ըստ նրա, տղամարդկային կոպիտ ուժին ենթարկվելու արդյունք է, այլ ոչ թե «բնությունից եկած»[2]։
Ֆեմինիզմի ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի սկիզբը գենդերային հավասարության գաղափարից նահանջելու շրջան է, այդ ժամանակ հատուկ ժողովրդականություն է ձեռք բերել կանացի «թուլության» («թույլ սեռի») մշակման գաղափարը։ Սակայն արդեն 18-րդ դարի կեսերին ֆրանսիացի լուսավորիչները նպաստել են ֆեմինիստական գաղափարների վերածնմանը։ Վոլտերը գրել է կանանց հանդեպ անարդարության մասին, Մոնտեսքյոն գրել է, որ կինը պետք է մասնակցի հասարակական կյանքին, Հելվեցիուսը պնդում էր, որ «կանանց լուսավորության բացակայությունը միայն նրա թերի և սխալ կրթության հետևանքն է»։
18-րդ դարի ողջ ընթացքում եվրոպական երկրների կանայք սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակության կյանքում։ Մեծ թվով կանայք սկսել են ունենալ տնտեսական անկախություն, աշխարհիկ կանայք փորձում էին միջամտել քաղաքականությանը։ Կանայք խնդրել են ճանաչել քաղաքացիական կյանքի նկատմամբ իրենց իրավունքները` կրթություն, աշխատանք, հարգանք ընտանիքում և հասարակությունում[3]։
ԱՄՆ-ում առաջին ամերիկացի ֆեմինիստուհին համարվում է Էբիգեյլ Ադամսը։ Նա պատմության մեջ է մտել հայտնի արտահայտությամբ.
«Մենք չենք ենթարկվի այն օրենքներին, որոնց ընդունմանը չենք մասնակցել, և իշխանություններին, որոնք չեն ներկայացնում մեր շահերը[2]»:
«Առաջին ալիքի» ֆեմինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի երկրորդ քառորդում տարբեր երկրներում ֆեմինիստների պահանջները մարմնավորվում էին մեկ ընդհանուր քարոզչության և գործողությունների մեջ։ Սկզբնապես առաջնային խնդիր էր կանանց բարձրագույն կրթության հասանելիությունը, այնուհետև` օրենսդրական բարեփոխումների և կանանց ընտրելու իրավունքի հարցը` որպես օրենսդրական բարեփոխումների ապահովման միջոց։
1848 թվականին ԱՄՆ-ում, Սենեկա Ֆոլզ քաղաքում (Նյու Յորք նահանգ) Ստրկության դեմ շարժման անդամները (68 կին և 32 տղամարդ) ստորագրել են կանանց կարգավիճակի վերաբերյալ Դիրքորոշումների և բանաձևերի մասին հռչակագիրը։ Հռչակագիրը շրջադարձային է դարձել ամերիկյան և համաշխարհային ֆեմինիզմի պատմության մեջ[4]։
Սուֆրաժիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսերից կրթված կանայք ակտիվացել են հասարակական կյանքում` պահանջելով քաղաքական հավասարություն։ Պայքարի հիմնական կենտրոնը Անգլիան էր, այդ պատճառով էլ այն իր անունն ստացել է անգլիական «սուֆրաժիզմ» տերմինից, որը նշանակում է ընտրական իրավունք, և մտել է ֆեմինիզմի քաղաքական ուղղության պատմության մեջ։
1867 թվականին Մանչեսթերում ստեղծվել է «Կանանց ընտրական իրավունքի միություն», և անդամները սկսել են «կանանց սուֆրաժիստական ամսագրի» հրատարակումը։ 1868 թվականին միությունը վերափոխվել է «Սուֆրաժիստական ընկերությունների ազգային ֆեդերացիայի» (NFSO), որը մեկ տարվա ընթացքում համախմբել է ավելի քան 5000 անդամ։ NFSO-ն փորձել է սուֆրաժիզմի գաղափարները տարածել Ուելսում, Իռլանդիայում և Շոտլանդիայում։
Նոր Զելանդիայում կանայք ակտիվ ընտրական իրավունք են ստացել (բայց չեն կարող ընտրվել) 1893 թվականին, իսկ Ավստրալիայում 1902 թվականին կանայք ստացել են և՛ ակտիվ, և՛ պասիվ ընտրական իրավունքներ։
Սակայն Անգլիայում կանանց` ոչ միայն տեղական, այլև խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին օրենքի ընդունումը հետաձգվում էր։ Անգլիացիներն ընտրական իրավունք են ստացել սահմանափակ (միայն ամուսնացած կանանց համար) 1918 թվականին, իսկ ամբողջ ծավալով` 1928 թվականին։
20-րդ դարի 20-ական թվականներին Եվրոպայում և ԱՄՆ-ում առաջին ալիքի ֆեմինիստական շարժումը, ընտրական իրավունքներին զուգահեռ, կանանց թույլ տալով սովորել համալսարաններում և աշխատել տնից դուրս, իր խնդիրները լուծված է համարել, և կանանց կազմակերպությունների ակտիվությունն անկում է ապրել[5][6]։
«Երկրորդ ալիքի» ֆեմինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոնա դե Բովուարը դարձել է «երկրորդ ալիքի» ֆեմինիզմի հիմնադիրը, չնայած իրեն չէր համարում ֆեմինիստ։ Բայց նա էր, որ ցրել է աշխատանքի սեռական բաժանման բնականության մասին դոգման, ստեղծել է փոխկապակցված «բնականը» (կանացի) «մշակութայինի» (առնական) հետ։
20-րդ դարի 60-ականների սկզբին կանացի սոցիալական ինքնագիտակցության արթնացումը հանգեցրել է ֆեմինիզմի «երկրորդ ալիքի» առաջացմանը։
Ֆեմինիզմն առանձնանում է հետևյալ գործոններով.
- աշխարհագրական առումով` ամերիկյան, եվրոպական, երրորդ աշխարհ, հետխորհրդային և հետսոցիալիստական
- էթնիկ` «սպիտակ», «սև» և «գունավոր» ֆեմինիզմ
- դավանաբանական` քրիստոնեական, ձևավորվող իսլամական
- գործողությունների մեթոդներով և ուղղություններով` էկոֆեմինիզմ, պացիֆիստ, անջատողական
- գաղափարապես` լիբերալ, սոցիալիստական և մարքսիստական, արմատական
- պատկանելով փիլիսոփայության և հոգեբանության միտումներին` արդիական, հիմնված սոցիալական կառուցվածքի հայեցակարգի վրա. պոստմոդեռն և հոգեբանական
- ըստ սեռական կողմնորոշման և հետևորդների ինքնության` լեսբիական, քվիր-ֆեմինզմ[2]
Լիբերալ ֆեմինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբերալ ֆեմինիզմի վերածնունդը կապված է հրեական ծագում ունեցող ամերիկուհի Բեթի Ֆրիդայի «Կանացիության առեղծվածը» գրքի հետ (1963 թվական)։ Շուտով ԱՄՆ-ում ստեղծվել է կանանց ազգային կազմակերպություն, որը միավորել է ավելի քան 300 000 անդամների, որոնք իրենց նպատակն են հռչակել երկու սեռերի ինքնաիրացման համար հավասար հնարավորությունների ստեղծման համար պայքարը։ Իր գլխավոր խնդիրը նոր կազմակերպությունը համարել է տնտեսական ակտիվության բոլոր ոլորտներում սեռի հիմքով խտրականության օրենսդրական արգելքի ընդունումը։
ԱՄՆ-ի գենդերային քաղաքականության բարեփոխումը սկսել է 1961 թվականին նախագահ Ջ. Քենեդին, որը կանանց կարգավիճակի հանձնաժողով է ստեղծել` հետպատերազմյան Ամերիկայում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու համար։ 1970 թվականին Հարվարդում հումանիտար և բնական ֆակուլտետների 483 դասախոսների թվում չկար ոչ մի կին։ ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններում, բարձրագույն բժշկական դպրոցներում, բիզնեսի դպրոցներում 1960-ականների վերջին կանանց թիմը կազմել է ուսանողների 5-8%-ը[7]։
Արմատական ֆեմինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատական ֆեմինիզմը ձևավորվել է 20-րդ դարում և այժմ իրենից ներկայացնում է ֆեմինիզմի ամենավառ ուղղությունը։ Արմատական ֆեմինիստուհիների համար պետությ��ւնը վերահսկողության գործիք է նախ և առաջ կանացի սեքսուալության համար, տղամարդիկ սոցիալական խումբ են, որն օգտագործում է կանանց սեքսուալությունն իրենց կարիքների և ցանկությունների մշտական սպասարկման համար։ Ցույց տալով, թե ինչպես են կանանց մարմինը և սեքսուալությունը ճնշվում և օգտագործվում հայրիշխանական համակարգում, արմատական ֆեմինիզմը հանրային քննարկման է ներկայացրել ավելի վաղ արգելված թեմաներ` սեռական ոտնձգություններ, ընտանեկան բռնություն, կանանց սեռական հաճույք[8]։
«Երրորդ ալիքի» ֆեմինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեմինիզմի «երրորդ ալիքի» վերելքը սկսվել է 20-րդ դարի 90-ականների սկզբին, ԱՄՆ-ում։ Երրորդ ալիքի ֆեմինիզմի գաղափարախոսական տարբերությունները երկրորդից վերաբերում էին սեքսուալությանը. երրորդ ալիքի ֆեմինիզմը հրաժարվում է կանանց հետերոսեքսուալության` որպես ստանդարտ և նորմայի ընկալումից և բարձր է գնահատում սեքսուալությունը` որպես կանանց ազատականացման գործիք։ Երրորդ ալիքի ֆեմինիզմը քննադատում է նաև երկրորդ ալիքի էսենցալիզմը` սահմանելով կանացիությունն ու կանանց փորձը` չափազանց շատ կենտրոնացած միջին խավի սպիտակ կանանց փորձերի վրա։ Այս ալիքի ֆեմինիստուհիները մեծ ուշադրություն են դարձնում միկրոքաղաքականությանը և հիմնականում հենվում են գենդերի և սեքսուալության հետկառուցողական ընկալման վրա[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История и теория феминизма». www.gender.cawater-info.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «ФЕМИНИЗМ | Энциклопедия Кругосвет» (ռուսերեն). www.krugosvet.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «История феминизма». menalmanah.narod.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Феминизм или история борьбы женщин за права человекаFeminisn'ts | Feminisn'ts» (ռուսերեն). www.feminisnts.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «ГЕНДЕРНЫЕ ИССЛЕДОВАНИЯ | Энциклопедия Кругосвет» (ռուսերեն). www.krugosvet.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Три волны феминизма: за что борются защитники прав женщин» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Administrator. «Либеральный феминизм - О феминизме» (ռուսերեն). feminism.pro. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Радикальный феминизм: как довести политическое движение до абсурда? — Моноклер». Моноклер (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Почему не стоит путать сексизм с дискриминацией | Feminisn'ts» (ռուսերեն). www.feminisnts.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆեմինիզմ. ակունքներ, զարգացման փուլեր և հիմնական ուղղություններ. Տ. Մուսլումովա, ք. Շադրինսկ
- Ֆեմինիզմ. պատմություն և հիմնական շարժումներ
|