Jump to content

Նոր շրջանի հայկական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր շրջանի հայկական կրթություն, հայկական մշակույթի հիմնաստեղծ ճյուղը երկու հատվածի բաժանված Հայաստանում և հայ գաղթօջախներում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1815-1921), Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824-1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։

1838 թվականի մարտին ցարական կառավարության հաստատած «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» («Պոլոժենիե») իրավունք է տվել Էջմիածնում հիմնելու հոգևոր ճեմարան, հայկական եկեղեցական 6 թեմերի (Արարատյան, Ղարաբաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստանի, Աստրախանի, Նոր Նախիջևան-Բեսարաբիայի) կենտրոններում բացել մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմական դպրոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ։ Ազգային ինքնուրույն դեմք ունեցող կրթատուն են դարձել Երևանի գավառական (1832) և թեմական (1837) դպրոցները։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանում գործել են տարբեր տիպերի ավելի քան 160 դպրոցներ (3890 աշակերտ, 194 ուսուցիչ)։

1860-ական թվականին կրթությունը նկատելի առաջընթաց է ապրել, դպրոցներից հեռացվել են թերուս վարժապետներն ու տիրացուները, ստեղծվել են մշակութալուսավորական, հրատարակչական, թարգմանչական, գրավաճառային, գրադարանային, գրաճանաչության տարածման և այլ ընկերություններ։ Դպրոցների կառավարումը հանձնվել է ընտրովի հոգաբարձություններին։ Կրթության հիմն, կենտրոն է դարձել եկեղեցածխական դպրոցը՝ 2-3 տարի ուսման տևողությամբ, դասավանդվել են հայերեն և ռուսերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, կրոն և այլն։

19-րդ դարի առաջին կեսը և հատկապես 1850-1860-ական թվականներին եղել են հայ ազգային դպրոցի գաղափար, որոնումների շրջան, հայ գործիչները մշակում էին ազգային լուսավորության ծրագրեր։ Կարևորելով դպրոցի դերը մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակման մեջ՝ նրանք ամեն կերպ աջակցել են հասարակ ժողովրդի շնորհալի զավակներին, որպեսզի նրանք նույնպես պատշաճ կրթություն ստանան։ Դպրոցի ժողովրդականացման համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել աշխարհաբարի արմատավորումը (Խաչատուր Աբովյան (1843-1848 թվականին եղել է Երևանի գավառ, դպրոցի տեսուչ), Միքայել Նալբանդյան, Ստեփանոս Նազարյան և ուրիշներ)։

1870-ական թվականներին բացվել են հոգևոր կամ վիճակային դպրոցներ, որտեղ ուսուցումը 6-8 տարի էր։ Դասավանդվել են Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, գծագրություն, հանրահաշիվ, ֆիզիկա, մարդակազմություն, երկրաչափություն և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աղջիկների կրթությանը։ Օրիորդաց նշանավոր կրթօջախներից էին Մարիամ-Ղուկասյան (Շուշի), Հռիփսիմյան, Գայանյան (երկուսն էլ՝ Երևան), Մարիամյան-Հովնանյան, Գայանյան (երկուսն էլ՝ Թիֆլիս), Եղիսաբեթյան (Ախալցխա), Արղությաև (Ալեքսանդրապոլ) և այլ դպրոցներ։ Հայ դպրոցի առավել բարձր տիպը միջնակարգ թեմական դպրոցն էր՝ հիմնականում աշխարհիկ։

1885 թվականին ցարական իշխանությունը վարել է հայկական դպրոցները փակելու քաղաքականություն, որը լրջորեն սպառնացել է ազգային կրթության հետագա զարգացմանը։ Մեկ տարի անց, սակայն, թույլատրվել է վերաբացել հայկական դպրոցները՝ սահմանափակելով տարրական ուսուցմամբ։

Հայկական դպրոցի համար այն գոյատևման պայքարի շրջան էր. հայկական բարեգործ, ընկերություններն ընդլայնել են կրթությանը հատկացրած իրենց օգնությունը, նոր դպրոցներ են բացել, տրամադրել նյութական միջոցներ և այլն։ 1890-ական թվականներին խստացվել են ցարական հետապնդումները, իսկ 1895-1896 թվականին հայկական դպրոցները կրկին փակվել են, առաջադեմ մտավորականներին կալանավորել են կամ աքսորել։

Մի շարք կրթօջախներում այդ առիթով աշակերտ, տևական հուզումներ են բռնկվել, որոնք, ի վերջո, տվել են իրենց արդյունքը. 1905 թվականին, վախենալով հակամիապետական տրամադրությունների սրվելուց, ցարը հայկական դպրոցների վերստացման հրամանագիր է ստորագրել։

Արևմտյան Հայաստանի և գաղթավայրերի կյանքում շրջադարձային էին հատկապես 1860-1870-ական թվականներին։ Ստեղծվել են մի շարք մշակութային ընկերություններ և ուսումնական հաստատություններ։ Վանում, Մուշում, Էրզրումում, Խարբերդում և այլուր բացվել են նախակրթարաններ։ Բարձր տիպի ուսումնական հաստատություններ են հիմնադրվել Կոստանդնուպոլսում, Ջմյուռնիայում, Վենետիկում, Կալկաթայում և այլ քաղաքներում։ կրթական կյանքն ուղղորդող կենտրոնը Կոստանդնուպոլիսն էր։ Դարասկզբին այնտեղ հիմնվել են եկեղեցիներին կից շուրջ 40 թաղային դպրոցներ։ Տարբեր տարիների Կոստանդնուոլսում գործել են շուրջ 50 մասնավոր դպրոցներ։ Նշանավոր էին պատրիարքարանի դպրոցը (1719- 1826), ��րի հիման վրա ստեղծվել է Պեգճյան մայր վարժարանը (գործում է 1830 թվականից), Սկյուտարի ճեմարանը (1838-1859, փոքր ընդմիջումներով), Նարեկյան վարժարանը (1846-1895), որի հիման վրա բացվել է Եսայան վարժարանը (գործում է 1895 թվականից), Պերպերյան վարժարանը (1876-19341870-ական թվականների սկզբին Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում գործել են 450-ից ավելի հայկական դպրոցներ՝ ավելի քան 24 հազար աշակերտով, իսկ 20-րդ դարի սկզբին՝ 800-ից ավելի (առանց Կոստանդնուպոլսի) դպրոց՝ 82 հազար աշակերտով և ավելի քան 2150 ուսուցչով։

Արևմտահայերի կրթական կյանքում մեծ դեր են խաղացել Մխիթարյանների հիմնած Վենետիկի Մուրատ-Ռափայելյան (1836-1998) և Փարիզի Սամվել Մուրադյան (1846-1985, ընդմիջումներով) վարժարանները։ Հիշարժան են Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրոցը (հիմնադրվել է՝ 17-րդ դարի 1-ին կեսին)՝ Նոր Զուզայում, Մեսրոպյան վարժարանը (1799-1922)՝ Զմյուռնիայում, Հայոց մարդասիրական ճեմարանը (հիմնադրվել է՝ 1821)՝ Կալկաթայում, Սանդուխտյան-Մարիամյան (1870-1915), Երամյան (1878-1915), Կեդրոնական (1881-1896) վարժարանները՝ Վանում, Սանասարյան վարժարանը (1881-1915)՝ Կարինում, և այլն։ Մանկավարժական առաջին կրթական հաստատությունը Վանի վարժապետանոցն էր (1878-1881)։

19-րդ դարի 2-րդ կեսի նշանավոր հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն էր Արմաշի դպրեվանքը (1889-1915). պատրաստել է նաև ուսուցիչներ։

Կիլիկյան Հայաստանի կրթական կենտրոնները նույնպես բավական աշխույժ են եղել։ Ամենանշանավորն Այնթապն էր, որտեղ գործել են և՝ ազգային, և՝ միսիոներ, բազմաթիվ կրթական հաստատություններ՝ Կիլիկյան գիշերօթիկ ճեմարանը, Վարդանյան, Ներսիսյան ու Հայկանուշյան դպրոցները, Կեդրոնական Թուրքիո քոլեջը, օրիորդաց ուսումնարանը և այլն։ 1914 թվականին այնտեղ կային 14 հայկական ազգային և մասնավոր, ինչպես նաև 10 այլ դպրոցներ, որտեղ սովորել է մոտ 3500 աշակերտ։ Մեծ եղեռնից հետո Արևմտյան Հայաստանում կրթական գործը լիակատար անկում է ապրել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։