Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ազգային դրամանիշը՝ դրամը, շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ ԿԲ 10, 25, 50, 100, 200 և 500-դրամանոց բանկային տոմսերի ձևով։ Փոխանակումը կատարվել է 1 դրամ = 200 ռուբլի հարաբերությամբ։ Մինչև 1994 թվականի մարտի 17-ը ժամանակավոր շրջանառության մեջ են թողնվել նաև խորհրդային 1961-1992 թվականների նմուշների 1-ից մինչև 500 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները։ 1994 թվականի փետրվարի 21-ին շրջանառության մեջ են դրվել առաջին շարքի ալյումինե մետաղադրամները՝ 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով, 1994 թվականի հոկտեմբերի 24-ին՝ 1994 թվականի նմուշի 1000 դրամ, իսկ 1995 թվականի սեպտեմբերի 6-ին՝ 1995 թվականի նմուշի 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները։ 1998 թվականից սկսած՝ թողարկվել են 50, 100, 500, 1000, 5000, 10.000 և 20.000 դրամ անվանական արժեքներով երկրորդ շարքի թղթադրամները։
2001 թվականի հունիսի 4-ին շրջանառության մեջ է դրվել 50.000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ 2004-2005 թվականներին շրջանառությունից հանվել են 1993-1995 թվականների նմուշի և 1998 թվականի նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքներով թղթադրամները։ 2003-2004 թվականներին շրջանառության մեջ են դրվել երկրորդ շարքի մետաղադրամները՝ 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով, 2009 թվականի օգոստոսի 24-ից՝ 100.000 դրամ անվանական արժեքով հիշատակային թղթադրամը, որի վրա պատկերված է Եդեսիայի՝ ազգությամբ հայ առաջին թագավոր Աբգար Ե-ն, որն առաջինն է ընդունել քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցին նրան դասել է իր սրբերի կարգը)։ ՀՀ ԿԲ-ն թողարկել է նաև մի քանի տասնյակ հուշադրամներ՝ ոսկուց, արծաթից և պղինձ-նիկելի համաձուլվածքից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|