Մանազկերտի գավառակ
Գավառակ | |
---|---|
Մանազկերտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մուշի գավառ |
Այլ անվանումներ | Մալազկերտ, Մելազկերա, Միլազկերտ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 21 000[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, քրդեր[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1] |
Տեղաբնականուն | մանազկերտցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Մանազկերտ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում` նրա հյուսիսարևելյան ծայրում։ Կենտրոնը Մանազկերտ գյուղաքաղաքն էր։
Մանազկերտը համապատասխանում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք, մասամբ` Հարք գավառներին։ XVI դարում մտել է Օսմանյան կայսրության Էրզրումի վիլայեթի մեջ։ 1840-ական թթ. վերջից հաջորդաբար ընդգրկվել է Վանի և Էրզրումի նահանգների կազմում։ 1883 թվականին վերջնականապես անցել է Բիթլիսին։ Մտնում էր Սբ. Աղբերիկ (Վանդիր) վանքի թեմի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր Արածանի (Արևելյան Եփրատ) գետի վերին հոսանքի շրջանում՝ ընդգրկելով վերջինիս Մանազկերտ (Բանսան), Խնձորուտ (Էլմալուդերե), մասամբ՝ Խնուս վտակների հովիտները։ Հյուսիսից սահմանակից էր Բասենին և Ալաշկերտին, արևելքից՝ Անթաբին (Դութաղ), հարավ-արևելքից՝ Արծկեին (Ադիլջևազ), հարավից՝ Խլաթին և Բուլանըխին, արևմուտքից՝ Խնուսին։
Գավառակի բնական սահմաններն էին հյուսիսից՝ Շարիանի, արևմուտքից՝ Աղի (Աղդաղ) լեռնաշղթաները։ Մանազկերտի տարածքը հիմնականում զբաղեցնում է Մանազկերտի (պատմական Օշականի) արգավանդ դաշտը։
Մանազկերտի հյուսիսային և հարավային մասը եզերված են լեռներով։ Հյուսիսային մասում գտնվում է Կորտևան լեռնագագաթը, իսկ հարավում՝ Սիփանը։ Կենտրոնական մասը դաշտային է։ Արևմտյան մասով հոսում է Արածանին և այն հացառատ է ու հարուստ է պտղատու այգիներով և ծառատեսակներով։ Արևելյան մասը ամայի էր։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքում կա աղ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս VIII-IX դարերում Մանազկերտի տարածք են թափանցել օտար վաչկատուն ցեղեր, ինչը շարունակվել է նաև հետագայում։ XIII դարում գավառակում բնակություն հաստատած քրդերն առանձին շրջաններից դուրս են մղել հայ բնակչությանը։
Ծանր հետևանքներ են ունեցել նաև XVI-XVII դարերում թուրք-պարսկական պատերազմները, որոնց ընթացքում հազարավոր հայեր զոհվել կամ ենթարկվել են բռնագաղթի։ XVIII դարի 2-րդ կեսին ծավալված և պարբերաբար կրկնվող քուրդ բեկերի միջցեղային ընդհարումներն ամայացրել են տասնյակ հայկական գյուղեր։ Մանազկերտից բազմաթիվ հայ ընտանիքներ են գաղթել՝ 1829-1830 թվականներին հաստատվելով Ռուսական կայսրությանն անցած Արևելյան Հայաստանում։ 1831 թ. դատարկված գյուղերը թուրքական պետությունն սկսել է հետևողականորեն բնակեցնել քրդերով։ 1870-ական թթ. որոշ գյուղերում հաստատվել են նաև հյուսիսկովկասցի լեռնականներ (չերքեզներ)։ 1895-1896 թվականների կոտորածներից հետո Մանազկերտ են տեղափոխվել նաև շատ հայ ընտանիքներ Բիթլիսի նահանգի Խիզան, Մամռտանք, Սպարկերտ և այլ լեռնային գավառակներից։
1914 թվականին Մանազկերտի շուրջ 50 բնակավայրերում բնակվում էր 13 000 հայ։ Նշանավոր գյուղերից էին Ռուստամգյադուկը (պատմական Ռոստոմաշեն, 1914 թ. ուներ 1800 բնակիչ), Նորադինը (1914 թ.` ավելի քան 1700 բնակիչ, այստեղ էր Հովհան Օձնեցու վանքը), Թոնդրակ (Թոնրակ, Թոնդրաս) գյուղը (տարածքում պահպանվել էին Սբ. Հովհաննես վանքի ավերակները)։ Տարբեր ժամանակներում հիշվում են Հըսեն (պատմական Արսե), Մարմուս (պատմական Մարմոնց), Ավթընա (պատմական Ջուրչկա), Կազգոլ (պատմական Խազղուղք) գյուղերը։
Աչքի ընկնող բնակավայրերից էին նաև Դերիկը, Դուգնուկը (Դիգնուկ), Խասմիկը, Խոթանլուն (Քոթանլու), Կարակայան (Խարախալա)։ Գավառակի տարածքում 1914 թ. գործում էր 19 ծխական դպրոց` ավելի քան 520 աշակերտով։ XX դարի սկզբին հայտնի էին մի շարք վանքեր (հիմնականում՝ կիսավեր), որոնցից առավել նշանավոր էր Ապահունյաց վանքը (Սբ. Նիկողայոս կամ Սբ. Աստվածածին, ավերակները՝ Քուռուջա կամ Խռուջեն հայաբնակ գյուղի մոտ)։
1915 թվականին մայիսին, Արևմտյան Հայաստանում ռուսական բանակի առաջխաղացման շնորհիվ, Մանազկերտի հայերը խուսափել են զանգվածային ոչնչացումից։ Սակայն հուլիսին նրանք ևս ստիպված գաղթել են։ Հետագայում Մանազկերտի 3 տասնյակ գյուղերում վերահաստատվել են զգալի թվով հայեր (1917 թ.` շուրջ 5 000), որոնք 1918 թ. վերջնականապես լքել են իրենց բնօրրանը։ Ներկայում Մանազկերտը գավառակ է Թուրքիայի Հանրապետության Մուշի նահանգում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին Մանզկերտն ուներ ավելի քան 130 բնակավայր։ Ըստ Վ. Քինեի տվյալների 1891 թվականին գավառակն 21 000 բնակիչ, որից 12 000-ը մուսուլմաններ, 9000 հայեր էին։ Կար 126 գյուղ, որից 40-ը հայաբնակ էին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
|