Jump to content

Մարիա Վալևսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Վալևսկա
լեհ.՝ Maria Walewska
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1787(1787-12-07) կամ դեկտեմբերի 7, 1789(1789-12-07)[1]
ԾննդավայրԿերնոզիա, Լովիչ պովյատ, Լեհաստան
Մահացել էդեկտեմբերի 11, 1817(1817-12-11)[1]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ԳերեզմանSaint Margaret church in Kiernozia
Քաղաքացիություն Ֆրանսիա և Ռեչ Պոսպոլիտա
ԱմուսինՖիլիպ Անտուան դ’Օրնանո[2] և Anastazy Walewski?[2]
Ծնողներհայր՝ Maciej Łączyński?, մայր՝ Ewa Zaborowska?
ԵրեխաներԱլեքսանդր Վալևսկի[2] և Ռուդոլֆ Օգյուստ դ’Օրնանո
 Countess Maria Walewska Վիքիպահեստում

Կոմսուհի Մարիա Վալևսկա (լեհ.՝ Maria Walewska, օրիորդական ազգանունը՝ Լոնչինսկա, լեհ.՝ Łączyńska, դեկտեմբերի 7, 1787(1787-12-07) կամ դեկտեմբերի 7, 1789(1789-12-07)[1], Կերնոզիա, Լովիչ պովյատ, Լեհաստան - դեկտեմբերի 11, 1817(1817-12-11)[1], Փարիզ, Ֆրանսիա[1]), լեհ ազնվականուհի, Գոստինի քաղաքագլուխ Մացեյ Լոնչինսկու դուստրը, Նապոլեոն Բոնապարտի սիրուհին և նրա որդու՝ կոմս Ալեքսանդր Կոլոնա-Վալևսկու մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ծնվել է 1786 թվականի դեկտեմբերի 7-ին Բրոդնոյում, որ տեղակայված է Կերնոզայի մոտ։ Մարիայի, ինչպես և նրա եղբայրների ու քույրերի ծննդյան վկայականները չեն պահպանվել, սակայն նրա ծննդյան ամսաթիվը հայտնի է մկրտության գրանցումներից, որոնք գտնվել են 1938 թվականին Ադամ Մաուերսբերգերի կողմից։ Նա եղել է Գոստինի քաղաքագլուխ Մացեյ Լոնչինսկու և Էվա Զաբորովսկու երրորդ երեխան և դուստրերից ավագը[3]։ Մարիայի հայրը մասնակցել է Կոստյուշկոյի ապստամբությանը և մահացել ստացած վերքերից 1795 թվականին։

Աուստեռլիցի (ռուսերի և ավստրիացիների դեմ) և Ենայի ու Աուերշտեդտի (ընդդեմ պրուսացիների) մոտ տարած փայլուն հաղթանակներից հետո Նապոլեոնը դարձել է Եվրոպայի տիրակալ։ 1806 թվականի վերջին ռազմական գործողությունները տեղափոխվել են Լեհաստանի տարածք։ Մարիան որոշել է անպայման տեսնել Նապոլեոնին և գաղտնի գնացել է Յաբլոնովսկայա, որտեղով պետք է անցեր Նապոլեոնը։ Առաջ նետվելով ամբոխի շարքերից՝ Մարիան ասել է, թե բոլորն ուրախ են նրան տեսնել լեհական հողում։ Սակայն Նապոլեոնը, ըստ Շառլ Տրիստան Մոնտոլոնի հուշերի, ասել է, թե ինքը Մարիային առաջին անգամ տեսել է Վարշավայում՝ Շառլ Մորիս դը Տալեյրան-Պերիգորի մոտ տեղի ունեցած պարահանդեսի ժամանակ (1807 թվականի հունվարի 17)։

Վարշավայի բարձր հասարակությունը հետաքրքրությամբ հետևել է սիրավեպի սրընթաց զարգացմանը[4]։ Իր համեստության ու նվիրվածության համար Մարիային կոչել են «կայսեր Լավալիեր»։ 1807 թվականի ապրիլին Նապոլեոնն իր շտաբ-բնակարանը տեղափոխել է Ֆինկենշտեյն պալատ (ներկայում՝ Կամենեց Սուսկի), Մարիան գաղտնի այցելել է նրան ու այնտեղ անցկացրել երեք շաբաթ։ Հայտնի է, որ Վագրամի ճակատամարտից հետո (1809 թվականի հուլիսի 5-6) կայսրը հանդիպել է Վալևսկայի հետ Վիեննայի մոտ գտնվող կալվածքներից մեկում։ Երկու շաբաթ անց հայտնի է դարձել, որ Մարիան հղի է։

Առաջին անգամ նա [Նապոլեոնը] զգացել է լիակատար վստահություն, որ կարող է դառնալ արքայատոհմի հիմնադիր՝ հակառակ կայսրուհի Ժոզեֆինայի պնդումների, որը նրա վրա էր բարդում իր երեխա չունենալու ամբողջ մեղքը։ Ճիշտ է, կայսրն արդեն ուներ մեկ ապօրինածին որդի, որը ծնվել էր Վալևսկայի հետ ծանոթությունից կարճ ժամանակ առաջ Էլեոնորա Դենյուել դը լյա Պլեն Ռևելի հետ ունեցած կարճատև կապից... սակայն իր հայրության վրա նա լիարժեք վստահ չէր։ ․․․Ինչ վերաբերում է Վալևսկային, ապա նույնիսկ կասկածի ստվերը չէր մթագնում հայրական հպարտությունը։ Այդ հերոսական ստուգումից հետո նա իրավունք ուներ և նույնիսկ պարտավոր էր բաժանվել Ժոզեֆինայից և փնտրել նոր կայսրուհի, որն ունակ կլիներ Ֆրանսիային տալ գահաժառանգ[5]։

Կայսեր որդին ծնվել է 1810 թվականի մայիսի 4-ին Վալևիցեում՝ Մարիայի ամուսնու՝ սենեկապետ Անաստազի Վալևսկու տոհմական կալվածքում։ 1810 թվականի աշնանը Մարիան իր երկու երեխաների հետ տեղափոխվել է Փարիզ։ Նրա ժամանակակիցներից մեկն ասել է. «Նա բարին էր անում, ում համար կարող էր, ոչ ոքի դեմ չարիք չէր գործում, դրա համար էլ ամեն տեղ հարգված ու սիրված էր»։

Նապոլեոնի՝ Մարիա-Լուիզա Ավստրիացու հետ ամուսնանալուց հետո նրա ու Վալևսկայի հարաբերություններն ընդհատվել են։ Մարիան կայսեր հետ տեսնվել է բացառապես որդու դաստիարակության և նրա ապագայի ապահովման հարցերի քննարկման նպատակով։ Հուշագիր Աննա Պոտոցկայան նշել է.

Ստիպված լինելով հաշվի նստել Մարիա-Լուիզայի հետ, որը, ըստ իր շրջապատողների խոսքերի, շատ խանդոտ էր, պանի Վալևսկան կարողացել է Փարիզի ամենակենտրոնում մարդկանց ստիպել կասկածել, թե իսկապես ինքը շարունակում է գաղտնի հարաբերություններ պահպանել կայսեր հետ։ Այդ պատճառով էլ դա եղել է միակ սիրային կապը, որը պահպանել է Նապոլեոնը[6]։

Նապոլեոնը հոգ է տարել որդու ժառանգության համար. 1812 թվականի մայիսի 5-ի դեկրետով Ալեքսանդրը դարձել է մայորատի տեր Նեապոլի թագավորությունում և ստացել կայսրության կոմսի տիտղոս։ Մինչև Ալեքսանդրի չափահաս դառնալը մայորատը հանձնվել է նրա մոր ղեկավարությանը։ Նույն թվականի ամռանը Մարիան մեկնել է Լեհաստան, որպեսզի բաժանվի իր ամուսնուց։ Ամուսնալուծությունը տեղի է ունեցել 1812 թվականի օգոստոսի 24-ին։ Ֆրանսիա Վալևսկան վերադարձել է Նապոլեոնի՝ ռուսական արշավանքի ձախողումից հետո։ Կան վկայություններ, որ Մարիան պաշտոնապես ընդունվել է պալատում Նապոլեոնի իշխանության վերջին տարում։ Նա հաճախ է եղել նաև Մալմեզոնում՝ կայսեր նախկին կնոջ՝ Ժոզեֆինայի մոտ։

Փարիզում Մարիան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ դիվիզիոնի գեներալ Ֆիլիպ Անտուան դ’Օրնանոյի (ֆր.՝ Philippe Antoine Ornano) հետ, որը եղել է կասյեր ազգականը մոր՝ Իզաբելլա Բոնապարտի կողմից։

Կայսեր տապալումից և Փարիզի կապիտուլյացիայից հետո Մարիա Վալևսկան փորձել է հանդիպել Նապոլեոնի հետ Ֆոնտեբլոյում, սակայն կայսրը չի կարողացել ընդունել նրան։ Գահընկեց արված կայսրը նամակ է գրել նրան, որում հույս է հայտնել, որ կկարողանան հանդիպել ապագայում։ Մարիան որդու հետ և իր ազգականների ուղեկցությամբ գաղտնի այցելել է Նապոլեոնին Էլբա կղզում 1814 թվականի սեպտեմբերի սկզբին։ Վերջին անգամ Մարիան ու Նապոլեոնը հանդիպել են Վաթեռլոոյի ճակատամարտում նրա պարտությունից հետո՝ 1815 թվականի հունիսի 28-ին Մալմեզոնում։

1816 թվականի ամռանը Վալևսկան տեղափոխվել է Բրյուսել, որտեղ սեպտեմբերի 7-իննշանվել է գեներալ Օրնանոյի հետ։ 1817 թվականի հունիսի 9-ին կոմսուհի Օրնանոն որդի է ունեցել։ Ծննդաբերությունից հետո նրա առղջական վիճակը կտրուկ վատացել է (հնարավոր է, որ դա եղած լինի երիկամաքարային հիվանդություն)։ Մարիան պնդել է, որ վերադառնա Փարիզ։ Իմանալով, որ շուտով մահանալու է, Մարիան քարտուղարին թելադրել է իր հուշերը։ 1817 թվականի նոյեմբերին Օրնանո ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Մարիա Վալևսկան մահացել է 1817 թվականի դեկտեմբերի 11-ին։ Իր վերջին ցանկության համաձայն՝ Մարիան թաղվել է Կորնեզիայում՝ ընտանեկան դամբարանում։

Մարիա Վալևսկայի արխիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիայի մահվանից հետո նրա թղթերը վիճակահանության միջոցով բաժանվել են նրա երեք որդիների միջև։ Հավանաբար նրանցից յուրաքանչյուրն ստացել է նաև մոր «Հուշերի» օրինակներից։ Այդպիսով՝ Մարիա Վալևսկայի բոլոր թղթերը պահպանվել են նրա սերունդների մասնավոր հավաքածուներում և անհասանելի են եղել նրա կենսագիրների համար։ Վալևսկայի կյանքի մասին առաջին լուրջ աշխատությունը եղել է Ֆրեդերիկ Մասսոնի կենսագրական ակնարկը, որ հրատարակվել է 1893 թվականին։ Մասսոնը պատմաբաններից առաջինն է ծանոթացել ընտանեկան արխիվին։ Նա կատարել է քաղվածքներ Մարիայի «Հուշերի» բնօրինակից, որը ժամանակավորապես տվել էին նրա ժառանգները[7]։

«Կայսեր լեհ կնոջ» մասին ինֆորմացիայի երկրորդ լուրջ աղբյուրը երկար ժամանակ համարվել է նրա ծոռ Ֆիլիպ-Անտուան դ’Օրնանոյի «Մարիա Վալևսկայի կյանքն ու սերը» գիրքը («Life and loves of Marie Walewska», 1934-1935)։ Ընտանեկան կենսագիրը հավատացրել է, թե իր աշխատությունը «ստույգ վավերագրված կենսագրություն է և ճշտորեն համապատասխանում է իրականությանը»։ Նապոլեոնյան դարաշրջանի ուսումնասիրողները հաճախ են օգտվել այդ գրքից, որ վերահրատարակվել է վեց անգամ (ֆրանսերեն և անգլերեն)։ Սակայն 20-րդ դարի 60-ական թվականներին Օրնանոյի ժառանգների՝ պատմաբան Ժան Սավանի դեմ դատավարության ընթացքում հաստատվել է (Օրնանոյի հայտարարության հիման վրա, որ նա արել է մահվանից առաջ), որ այն պատմական աշխատություն չէ, իսկ «բնագիր» նամակները հորինվել են իր կողմից։ Ժան Սավանը, որ օգտագործել էր փաստեր Օրնանոյի գրքից, մեղադրվել է հեղինակային իրավունքը խախտելու մեջ։ Երբ դատավարության ընթացքում Սավանի պաշտպանները պահանջել են ներկայացնել փաստաթղթեր Բրանշուար ամրոցի ընտանեկան արխիվից, որպեսզի դրանք համեմատեն Վալևսկայի ծոռի գրքի տեքստի հետ, Օրնանոյի այրին հայտարարել է, որ դրանք գոյություն չեն ունեցել. «Նամակները, նշումներն ու երկխոսությունները .... հորինվել են հանգուցյալ կոմսի կողմից»։ Առաջին ատյանի դատարանի կողմից Սավանը ճանաչվել է մեղավոր գրագողության մեջ։ Սակայն նա հավատացած էր, որ Մարիայի ժառանգը գիրքը գրելու ժամանակ օգտվել է որոշակի արխիվներից[8]։

Անաստազի Կոլոննա-Վալևսկու (մահացել է 1815 թվականին) հետ ամուսնությունից (ամուսնացել են 1803 թվականի հունիսի 17-ին, ամուսնալուծվել՝ 1812 թվականի օգոստոսի 24-ին)՝

Նապոլեոն Բոնապարտի հետ կապից՝

Ֆիլիպ-Անտուան դ’Օրնանոյի հետ ամուսնությունից (1816 թվականի սեպտեմբերի 7-ից)՝

Կինոմարմնավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պատերազմի աստված» / Bóg wojny (Լեհաստան, 1914) – Մարիա Դուլեբա
  • «Կոմսուհի Վալևսկա» / Gräfin Walewska (Գերմանիա, 1920) – Հելլա Մոյա
  • «Նվաճում» (անգլ.՝ Conquest, 1937) – Գրետա Գարբո
  • «Նապոլեոն. ճանապարհ դեպի գագաթնակետ» (1955) – Լանա Մարկոնի
  • «Մարիսյան և Նապոլեոնը» (ԼԺՀ, 1966) – Բեատա Տիշկևիչ
  • «Schulmeister, espion de l’empereur» (Ֆրանսիա, 1971-1974) – Ֆրանսուազա Ժիրո (Françoise Giret)
  • «Նապոլեոնը և սերը» (Անգլիա, 1974) / «Napoleon and Love» – Քեթրին Շել (Catherine Schell)
  • «Նապոլեոն և Ժոզեֆինա» / «Napoleon and Josephine: A Love Story» (1987) – Վենդի Սթոքլ (Wendy Stockle)
  • «Նապոլեոնը Եվրոպայում» / «Napoléon et l’Europe» (Ֆրանսիա, 1991) – Յոհաննա Ժեպկովսկա (Joanna Szczepkowska)
  • «Նապոլեոն» – Ալեքսանդրա Մարիա Լարա
  • «1812: Ուլանյան բալլադ» (ռուս.՝ 1812: Уланская баллада, Ռուսաստան, 2012) – Սվետլանա Մետկինա
  • Լեհաստանում արտադրվել է «Պանի Վալևսկա» օծանելիք, որի փաթեթի վրա եղել է Մարիա Վալևսկայի դիմանկերը պրոֆիլով, իսկ սրվակը պատրաստվել է կրինոլինով տիկնոջ տեսքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #118628712 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Kindred Britain
  3. Брандыс, 1975, էջ 352
  4. Իր հուշերում Մարիան նշել է, որ քաղաքական բարձր խավը Նապոլեոնի՝ հայրենասիրական տրամադրութուններ ունեցող լեհուհով տարվածությունը համարել է երաշխիք այն բանի, որ կայսրը անուշադրության չի մատնի երկրի ճակատագիրը։
  5. Брандыс М. Мария Валевская // Исторические повести. — М.: Прогресс, 1975. — C. 434.
  6. Брандыс М. Мария Валевская // Исторические повести. — М.: Прогресс, 1975. — C. 444.
  7. Մասնավորապես Ալեքսանդր Անտուան Վալևսկին՝ Ալեքսանդրի՝ դերասանուհի Էլիզա Ռաշելի հետ արտամուսնական կապից ծնված որդին։
  8. Брандыс, 1975, էջ 497—509

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гонсеровский В. Пани Валевская. — Крон-Пресс, Корона, 1994. — С. 448. — ISBN 5-8317-0059-3
  • Брандыс М. Мария Валевская // Исторические повести — Москва: Прогресс, 1975. — С. 339—541.
  • Jean Savant. L’affaire Marie Walewska : procès Ornano-Jean Savant. Paris. 1963

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վալևսկա» հոդվածին։