Ելենա Պոլենովա
Ելենա Պոլենովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15 (27), 1850 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 7 (19), 1898 (47 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Հայր | Դմիտրի Պոլենով |
Մայր | Մարիա Ալեքսեևնա Վոեյկովա |
Yelena Polenova Վիքիպահեստում |
Ելենա Դմիտրևնա Պոլենովա (ռուս.՝ Еле́на Дми́триевна Поле́нова, նոյեմբերի 15 (27), 1850, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 7 (19), 1898, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ, գծանկարիչ, գեղանկարիչ, դեկորատիվ դիզայնի վարպետ, Ռուսաստանում մանկական գրքերի առաջին նկարազարդողներից և ռուսական արվեստում մոդեռնիստական ոճի հիմնադիրներից մեկը։
Նկարիչ Վասիլի Պոլենովի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Պոլենովան ծնվել է 1850 թվականին Սանկտ Պետերբուրգում, Պետական կանցլերին կից հատուկ հանձնարարություններով պաշտոնյա, Պետական խորհրդական Դմիտրի Վասիլևիչ Պոլենովի և նրա կնոջ՝ Մարիա Ալեքսեևնայի (ծննդյան ազգանունը` Վոյեկով) ընտանիքում։ Ընտանիքի բոլոր անդամները, ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմից, ինչ-որ կերպ կապված էին գիտական կամ գեղարվեստական աշխարհի հետ։ Մանկության տարիներին Պոլենովան երկար ժամանակ ապրել է Օլոնեցկի նահանգի Իմոչենցի տոհմական կալվածքում, կարելական բնության միջավայրում, ինչպես նաև Տամբովի նահանգում գտնվող Օլշանկա տոհմական կալվածքում (այժմ՝ Ուվարովսկի շրջանի Կրասնոյե Զնամյա գյուղ)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Պոլենովան, ինչպես ընտանիքի բոլոր երեխաները, արվեստին ծանոթացել են դեռ վաղ մանկուց։ Մայրը՝ Մարիա Ալեքսեևնա Պոլենովան, լինելով սիրողական նկարիչ և մանկագիր, երեխաներին տվել է նկարչության առաջին դասերը։ 1859 թվականին Գեղարվեստի ակադեմիայի ուսանող Պավել Պետրովիչ Չիստյակովը հրավիրվեց Պոլենովների ընտանիք՝ որպես նկարչության ուսուցիչ։ Նա շաբաթը երկու անգամ դասեր էր տալիս, նկարչություն էր սովորեցնում Վասիլիին, Վերային, Ալեքսեյին և ամենակրտսեր` ինը տարեկան Ելենային։
Պոլենովան վաղ դրսևորեց իր գեղարվեստական տաղանդը, բայց չէր կարող Արվեստի ակադեմիայի ուսանող դառնալ, ինչպես իր ավագ եղբայրը՝ Վասիլին, քանի որ այդ տարիներին կանանց արգելվում էր սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հետևաբար, Ելենա Դմիտրիևնան պաշտոնական բարձրագույն կրթություն չի ստացել։ Բայց 14 տարեկան հասակում նա ընդունվել է Սանկտ Պետերբուրգի արվեստների խրախուսման ընկերության (ԱԽԸ) նկարչական դպրոց, որտեղ նրա դաստիարակն է եղել Իվան Կրամսկոյը։ Բայց Պոլենովան ամբողջ կյանքում իր հիմնական ուսուցիչ է համարել Պավել Չիստյակովին։
1869-1870 թվականներին Ֆրանսիա կատարած առաջին ուղևորության ընթացքում Պոլենովան հաճախում է Փարիզում գտնվող Շարլ Շապլենի մասնավոր դպրոց-ստուդիա։ Ռուսաստան վերադառնալուց հետո նա նախ սովորում է Պավել Չիստյակովի մասնավոր արվեստանոցում (1870-1877), ապա կրկին Արվեստների խրախուսման ընկերության դպրոցում (1878-1880) միաժամանակ երկու դասարանում՝ ջրաներկի և կերամիկայի։ Կերամիկայի նկատմամբ նրա հրապուրանքը հիանալի արդյունքներ էր տվել։ Քննությունների արդյունքներով Ելենա Պոլենովան արժանացել է արծաթե մեդալի (ԱԽԸ-ի դպրոցում ոսկե մեդալներ չէին տրվում)։ Որպես խրախուսանք, նրան առաջարկել են ստաժավորում անցնել Փարիզում։
Այդ ժամանակ նկարիչ կանանց թոշակի անցնելը բացառիկ դեպք էր։ «Ինչպիսի սկանդալ, Վասյա, - գրում է նա իր եղբորը, նրանք ինձ խրախուսանքի կղզուց գործուղման են ուղարկում արտասահման։ Կարծում եմ` սա պատմության մեջ, առնվազն ռուսական պատմության մեջ, առաջին օրինակն է, որ կանանց դասի անձնավորությանը հնարավորություն է տրվում ուսման նպատակով գործուղման ուղարկել այլ երկիր»[2]։ Փարիզում Ելենա Պոլենովան տիրապետել է կերամիկայի հետ աշխատանքի տարբեր տեխնիկայի, սովորել է հայտնի ֆրանսիացի կերամիկիստների Ժ. Տ. Դեկի և Լ. Ե. Զիֆերտի և ռուս նկարիչների փարիզյան կերամիկական արհեստանոցում, որը ղեկավարում էր Ե. Ա. Եգորովը։ 1881-1882 թվականներին վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ նկարիչների խրախուսման ընկերությունում իր ստեղծած մայոլիկայի դասարանում Պոլենովան շուրջ մեկ տարի դասավանդել է նկարչություն ճենապակու և հախճապակու վրա ։ 1882 թվականից նա հիմնականում բնակվել է Մոսկվայում։
1884 թվականին ընկերուհու՝ Պ. Դ. Անտիպովայի հետ միասին, էտյուդներ նկարելու նպատակով, Պոլենովան ճանապարհորդել է Վոլգայի և Դոնի երկայնքով, Կովկասում և Ղրիմում և այդ ուղևորությունից հետո նա իր ընկերներին և ուսուցիչներին՝ Պավել Չիստյակովին, Ալեքսանդր Կիսելյովին, Վասիլի Սուրիկովին է ներկայացրել մի շարք ջրաներկ գործեր։ Գեղարվեստական կրթությունից բացի, Պոլենովան ստացել է պատմության գծով տնային ուսուցչի կոչում՝ ավարտելով Սանկտ Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացները։
Ճակատագրի փնտրտուքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլենովայի երիտասարդությունը համընկել է 19-րդ դարի 60-70-ական թվականներին, և այդ դարաշրջանի հասարակական իդեալները ավելի սրտամոտ են եղել նրան։ Երիտասարդ տարիներին, համաձայն ուղղափառ հոգևոր ավանդույթի, նա հակվածություն ուներ դեպի սոցիալական ծառայությունը։ 1877 թվականին, ռուս-թուրքական պատերազմի թեժ պահին (1877-1878), Ելենա Պոլենովան մեկնել է Կիև՝ այցելելու իր ավագ քրոջը՝ Վերային (Վասիլի Պոլենովայի երկվորյակ քույրը)։ Նա դասավանդել է դպրոցում, բացի այդ, քրոջ հետ աշխատել է հիվանդանոցում և խնամել ռազմաճակատից այդտեղ բերված վիրավորներին։ Աշխատանքից հետո Վերայի հետ հաճախել են կանանց բժշկական դասընթացների և պատրաստվել բացելու իրենց ամբուլատորիան։ Կիևում Ելենա Դմիտրիևնան սիրահարվել է տաղանդավոր բժիշկ, Կիևի համալսարանի պրոֆեսոր Ա. Ս. Շկլյարևսկուն։ Զգացմունքը փոխադարձ է եղել, բայց Ելենա Դմիտրիևնայի ընտանիքը դեմ է եղել այդ ամուսնությանը։ Պոլենովան հնազանդվել է իր հարազատների խնդրանքին, բայց այդ անձնական ողբերգության արդյունքում, ըստ ընկերների հուշերի, նա փոխվել և դարձել է ինքնամփոփ։ Նրա անձնական կյանքը այդպես էլ չի ստացվել։ Վերադառնալով Մոսկվա՝ Պոլենովան վճռականորեն որոշել է իր կյանքը նվիրել արվեստին և հասարակական գործունեությանը։ Նա ոչ միայն գեղանկարիչ էր, այլև սխրագործ, դաստիարակ, ուսուցիչ։ «Այս կամ այն ոլորտում իրեն սոցիալական գործունեությունից զրկելը նման է իրեն առողջ և կազդուրիչ սննդից զրկելուն», կարծում էր նա։
Մամոնտովյան խմբակը և աշխատանքն Աբրամցևյան արվեստանոցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանեկան հանգամանքները Ելենա Դմիտրիևնային ստիպել են 1882 թվականին տեղափոխվել Մոսկվա։ Սկսվել է նրա կյանքի վառ ու բեղուն ժամանակաշրջանը։ Նա հայտնվել է երիտասարդ նկարիչների, եղբոր՝ Վասիլի Դմիտրիևիչի ուսանողների և ընկերների շրջանում։ Նրա կինը՝ Նատալյա Վասիլիևնան, դարձել է Ելենա Պոլենովայի կյանքի ամենամտերիմ ընկերը։
Մոսկվայում Պոլենովան մտերմացել է Մամոնտովների ընտանիքի հետ։ Ելիզավետա Գրիգորիևնան (Սավվա Իվանովիչ Մամոնտովի կինը) կարևոր դեր է խաղացել Պոլենովայի ճակատագրում՝ կարողանալով մեղմել նրա անվստահությունն ու լարվածությունը մարդկանց և աշխարհի նկատմամբ։ Մոսկվայում Մամոնտովի տանը և Աբրամցևոյի քաղաքամերձ կալվածքում հավաքվել են նկարիչներ, երաժիշտներ և թատերական գործիչներ՝ կազմակերպելով այսպես կոչված «Աբրամցևյան գեղարվեստական շրջանակը», որի ակունքներում կանգնած են եղել Սավվա Մամոնտովը, Վ. Մ. Վասնեցովը և Վասիլի Պոլենովը։ Մամոնտովների տանը նրանք զբաղվել են գեղանկարչությամբ, երաժշտությամբ, սիրողական ներկայացումներ են բեմադրել և արվեստի մի տեսակը սահունությամբ փոխարինել մյուսով։ Խմբակի ջերմ, ընկերական, ստեղծագործ մթնոլորտը դուրս է բերել Պոլենովային ծանր մղձավանջից, որի մեջ նա հայտնվել էր իր անձնական կյանքի ողբերգությունից հետո։ Ելենա Դմիտրիևնան գրեթե ամեն շաբաթ այցելել է Աբրամցևո, որը երկար տարիներ ոգեշնչման աղբյուր է դարձել նրա համար։
Ելենա Պոլենովան Աբրամցևոյում նկարել է բազմաթիվ բնանկարներ։ Բացի այդ, լինելով բազմակողմանիորեն տաղանդավոր, իրեն դրսևորել է արվեստի տարբեր տեսակներում, ակտիվ մասնակցություն ունենալով ամեն ինչում, մասնավորապես՝ զգեստների նկարազարդման բնագավառում։ Աբրամցևոյում նրա ղեկավարությամբ հագուստներ են կարել «Ձյունանուշը» (1882-1883), «Ֆաուստ», «Կարմիր վարդը» (1883), «Կախարդական մաշիկները» (1888) ներկայացումների համար։ Ելենա Դմիտրիևնան ներկայացումների համար ընտրել է նաև գործվածքներ, զարդարանքներ և բեմական աքսեսուարներ։
Պոլենովան արագորեն տոգորվել է խմբակի ազգային շահերով, որի ամենաակնառու ներկայացուցիչն է եղել Վ. Մ. Վասնեցովը, ով հետագայում իր ստեղծագործություններում մարմնավորել է մոդեռն դարաշրջանի ազգային-ռոմանտիկ ոճը։ «Վասնեցովը նպաստեց, որ ես հասկանամ հին ռուսական կյանքը», գրում է նա Ստասովին, - «Ես բառիս բուն իմաստով Վասնեցովից դասեր չեմ ստացել, այսինքն, ես դասեր չեմ քաղել նրանից, բայց ինչ-որ կերպ ըմբռնել եմ նրա շուրջը ռուսական ժողովրդական ոգու առկայությունը»[3]։ Ռուսական ժողովրդական արվեստի ամենաուշադիր և բծախնդիր ուսումնասիրությունը, ազգային հակումների հանդեպ կիրքը չէին կարող նկարչին չտանել ժողովրդական բանահյուսության հետ ծանոթության։ Պոլենովան սկսել է հետաքրքրվել հեքիաթների նկարազարդմամբ և իր մեջ կրել այդ կիրքը ողջ կյանքի ընթացքում։
Պոլենովան մտերմացել է Սավվա Մամոնտովի կնոջ՝ Ելիզավետա Գրիգորիևնայի հետ և նրանց ընդհանուր հետաքրքրության առարկան է դարձել ժողովրդական արվեստի և հնաոճ իրերի հավաքածուների նկատմամբ սերը։ Ավելի ու ավելի տարված ռուսական ժողովրդական արվեստով՝ Պոլենովան, Ելիզավետա Մամոնտովայի հետ միասին Աբրամցևոյում ստեղծել են ժողովրդական արվեստի թանգարան՝ գյուղերից հավաքելով կենցաղային իրեր, հյուսվածքի նմուշներ, ասեղնագործություններ։ Հավաքածուն իսկական նմուշներով համալրելու համար Պոլենովան և Մամոնտովան հատուկ արշավախմբերի հետ մեկնել են Յարոսլավլի, Վլադիմիրի և Ռոստովի մարզեր։ Այս ուղևորությունների ընթացքում Պոլենովան նկարել է զարդանկարներ և հավաքել ժողովրդական ավանդազրույցներ, որոնք հետագայում նկարազարդել է։
Բացի թանգարանից, 1885 թվականին Աբրամցևոյում Մամոնտովայի և Պոլենովայի կողմից հիմնադրվել են արհեստանոցներ, որտեղ տեղացի գյուղացիներին և նրանց երեխաներին սովորեցրել են ավանդական ռուսական արհեստներ։ Դա արվել է, մասնավորապես, գյուղացիական ընտանիքներին կայուն վաստակ ապահովելու նպատակով։ Աբրամցևոյի արվեստագետներին և Մամոնտովի խմբակի անդամներին այնքան է դուր եկել ժողովրդական արհեստները վերակենդանացնելու գաղափարը, որ նրանք ուրախ են եղել գյուղացիների հետ հավասար սովորել և հմտանալ դրանցում։ Այսպիսով, արհեստների վերածնունդը սկսվել է «վերևից»՝ պրոֆեսիոնալ նկարիչների միջոցով, որոնք զբաղվել են կիրառական արվեստով՝ ստեղծելով ժողովրդական գեղեցկության իրենց բանաստեղծական կերպարը։
Պոլենովան դարձել է Աբրամցևոյի ատաղձագործա-փորագրական արհեստանոցի վարիչը։ Գյուղացիների կրթությունը բազմակողմանի է եղել և լիովին անվճար։ Արհեստանոցում գյուղացիները սովորել են ատաղձագործություն և գեղարվեստական փորագրության տեխնիկա։ Նրանք պատրաստել են կենցաղային պարագաներ և կահույք Պոլենովայի և այլ նկարիչների նկարների հիման վրա։ 1885-1893 թվականներին Ելենա Դմիտրիևնան մշակել է կահույքի ավելի քան 100 գեղարվեստական նախագիծ, ինչպես նաև դեկորատիվ և կիրառական արվեստի առարկաների ուրվանկարներ (ներկված ճենապակյա սպասք և այլն)։ Ժողովրդական մոտիվների հիման վրա Պոլենովան ստեղծել է նաև ասեղնագործության էսքիզներ, պաստառներ և այլն։ Նրա նկարներին բնորոշ են որոշակիորեն հարթ դեկորատիվությունը, որը դարձել է մոդեռն ոճի ռուսական ազգային տարբերակի հիմքը։ Այն ուղղությունը, որը Աբրամցևյան արհեստանոցներում դրվել է Պոլենովայի ազդեցության ներքո, «Արվեստ և արհեստներ» գեղարվեստական շարժման նմանօրինակն է եղել, որը սկիզբ է առել այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում։
Տեսնելով Մ. Ֆ. Յակունչիկովայի մերձքաղաքային տան համար Պոլենովայի կատարած էսքիզները` անգլիացի հետազոտող Նետտա Պիկոկն առաջարկել է նրա աշխատանքները տպագրել անգլիական Artist ամսագրում։ Նշելով նկարչի ոճի թատերականությունը՝ այդ մասին նա այսպես է գրել. «Խորհրդանիշների լեզուն հյուսիսի և արևելքի զարմանալի խառնուրդ է»։ Պոլոնովայի հիշատակին նվիրված հոդվածում Նետտա Պիկոկը գրել է, որ հենց նրա նկարներն են հետաքրքրություն առաջացրել Անգլիայում ռուսական կիրառական արվեստի նկատմամբ։
Ինչպես դեկորատիվ արվեստի վերածննդի անգլիական շարժման մեջ, Աբրամցևոյի արհեստանոցներում բոլոր ապրանքները պատրաստվել են ձեռքով։ Արհեստանոցն արտադրել է ապրանքների մի ամբողջ շարք՝ անհատական իրերից (պահարաններ, դարակներ, առաջին օգնության պարագաներ, նստարաններ, սեղաններ, բազկաթոռներ, աթոռներ և այլն) մինչև լրակազմեր։ Կահույքի ստեղծման ողջ ընթացքում յուրաքանչյուր պահն առանձնահատուկ նշանակություն է ունեցել. չափը, ձևը, նյութը, գույնը, զարդը։ Նկարիչը մտածել է ամենափոքր մանրուքների մասին՝ մեխեր կամ կախովի պահարանների սողնակներ և այլն։
Պոլենովան անձամբ է վերահսկել գյուղացիների, ապագա արհեստավորների վերապատրաստման և աշխատանքի անցնելու փուլերը։ Եռամյա դասընթացն ավարտելուց հետո շրջանավարտներին հետ է ուղարկել իրենց գյուղեր, նրանց ապահովել մի շարք գործիքներով, որպեսզի նրանք ինքնուրույն շարունակեն աշխատել այնտեղ։ Աբրամցևոյի արհեստանոցներն օրինակ են ծառայել կալվածքների այլ սեփականատերերի համար, ովքեր ցանկացել են օգնել գյուղական համայնքներին։ Մամոնտովայի և Պոլենովայի օրինակով բազմաթիվ հողատերեր կազմակերպել են իրենց գյուղական արհեստանոցները և 19-րդ դարի վերջին մոտ 7,5 միլիոն գյուղացիներ զբաղվել են տնայնագործական աշխատանքներով[4]։ Այս գործունեությունը ճորտությունից ազատված գյուղացիներին բերել է հուսալի եկամուտ, ինչը շատ կարևոր է եղել սոցիալական ցնցումների դարաշրջանում։
«Մեր նպատակն է պահպանել ժողովրդական արվեստը և դրան զարգանալու հնարավորություն ընձեռել»[5], - գրել է Պոլենովան իր ընկերուհուն` Պ. Անտիպովային։ Ավանդական արհեստների վերածնունդը ներքին հարդարանքի դիզայնին հաղորդում էր ազգային պայծառ երանգ։ Ելենա Դմիտրիևնայի էսքիզներով պատրաստված կահույքը ստեղծել է տոնական մթնոլորտ և մեծ հաջողություն ունեցել։ Իր նամակներից մեկում Պոլենովան գրել է. «Մեր գործերը ... լավ են ընթանում, ես հավատում եմ, որ դա ապահովվում է բացառապես բնօրինակի նորաձևության, ինքնատիպության և ոճայնության շնորհիվ»։ Արվեստի պատմաբան Ա. Ն.Գրեչը Աբրամցևոյի արտադրանքը ներկայացնում է հետևյալ կերպ. «Այս բոլոր փորագրված և քանդակազարդ, կախովի ու կանգնած պահարանները, փորագրված և ներկված սեղաններն ու աթոռները, ներկված բալալայկաները, տուփերը, ասեղնագործությունները մեծ հաջողությամբ ցուցադրվում են արտասահմանյան ցուցասրահներում և երկու մայրաքաղաքներում»[6]։
Աբրամցևոյի կահույքը վաճառվել է Մոսկվայի հատուկ խանութում, իսկ մեծահարուստ քաղաքացիները դրանով հաճույքով կահավորել են իրենց տները։ Հայտնի ճարտարապետ Ա. Վ. Կուզնեցովի դուստրը՝ արվեստաբան Ի. Կ. Կուզնեցովան, իր հուշերում գրել է, որ երբ իր հայրն ընտանիքի հետ բնակություն է հաստատել Մանսուրովսկու նրբանցքում գտնվող ամպիրական ոճի առանձնատանը, նա ճաշարան է կազմակերպել ռուսական ոճով. «Փորագրված կաղնե կահույքը՝ աթոռներ, նստարաններ, բուֆետներ և կախովի պատի պահարաններ, որոնք գնվել են Պոլենովի արհեստանոցներում, լավագույն ձևով լրացնում էին համալիրը»[7]։ Աբրամցևոյի արհեստանոցների արտադրանքը շատ արագ դարձել է նորաձև։ Արդիականության միաձուլումը ավանդույթի հետ լիբերալ քաղաքային էլիտայի ճաշակով է եղել և շատ տներում դեկորատիվ ստեղծագործությունը դարձել է առօրյա կյանքի օրգանական մասը։ Աստիճանաբար, համեստ գյուղացիական արհեստը թափանցել է բարձր խավի հասարակություն, ներառյալ նույնիսկ ցարական արքունիքը։
Պոլենովայի ղեկավարության ներքո աշխատող Աբրամցևոյի արհեստավորների հաջողությունը հաստատվել է այն փաստով, որ 1900 թվականին՝ Պոլենովայի մահից հետո, նրա նախագծերը մեծ տեղ են գրավել Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ռուսական տաղավարի արհեստների բաժնում[4]։ Այսպիսով, Պոլենովայի արհեստանոցների հետ կապված աշխատանքները միջազգային ճանաչում են ստացել։
Աբրամցևոն մեծ նշանակություն է ունեցել Պոլենովայի համար. նկարչուհին ամբողջովին նվիրվել է իր աշխատանքին։ Պոլենովայի շնորհիվ այդ վայրը դարձել է ժողովրդական արհեստների վերածննդի առաջին ռուսական կենտրոններից մեկը։ Պոլենովայի և Մամոնտովայի գործը շարունակել է ապրել, 19-րդ դարի վերջին ստեղծված արվեստի և ատաղձագործության արհեստանոցի ավանդույթները շարունակում է Աբրամցևոյի Վ. Մ. Վասնեցովի անվան արվեստի և արդյունաբերության քոլեջը։
Ստեղծագործություն. թեմաներ, ժանրեր, ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես հաստոցային գեղանկարիչ` Պոլենովան բազմակողմանի նկարիչ է։ Պոլենովայի արվեստի ամենակարևոր թեմաներից մեկը մանկության թեման է։ Երեխաները նրա մի քանի նկարների և կտավների հերոսներն են։ Ժանրային թեմաների հետ միասին Պոլենովան գեղանկարչության մեջ հրապուրվել է նաև պատմական թեմաներով։ Նա շատ գաղափարներ է ունեցել. Սերգյուս Ռադոնեժցի երիտասարդությունը, «Բորիսը և Գլեբը», Նևայի ճակատամարտը, ռուսական միջնադարի մասին նկարները, որոնք մնացել են էսքիզների տեսքով։ Ազգային-ռոմանտիկ պատկերները հարազատ են նրան, և նրա հետագա մի շարք գործերում դրանք գունազարդված են դասական սիմվոլիզմի հատկանիշներով։
Պոլենովան գերազանց է տիրապետել գեղանկարչության տեխնիկային, բայց եղել է ջրաներկերի ճանաչված վարպետ։ Զբաղվել է գծանկարչությամբ, դեկորատիվ կիրառական արվեստով, փորձեր է կատարել ճարտարապետության բնագավառում (Աբրամցևոյի Փրկչի Անձեռակերտ եկեղեցու զանգակատան նախագիծը, որը չկառուցվեց)։ Նրա գեղարվեստական հետաքրքրությունները շատ լայն էին` կերամիկա, ճենապակու վրա նկարչություն, ասեղնագործության, պաստառների, գորգերի էսքիզներ և այլն։
Պոլենովան նախապատվությունը տվել է «փոքր ձևերին», պատկերների մանրամասնություններին։ Նույնիսկ Աբրամցևոյի շրջակայքում արված ջրաներկ բնանկարներում նկարել է բնության փակ, գողտրիկ անկյունները և առաջին պլանում մանրակրկիտ արտացոլել բույսերի և ծաղիկների միահյուսումը։ Բնանկարներում Պոլենովան հիմնական ուշադրությունը դարձրել է մանրուքներին, ճյուղերին, սնկերին, միջատներին։ Նրա աշխատանքներից են` «Ծաղիկներ, ճարճատուկներ, մարգագետին», «Մացառուտ», «Այգու անկյունը աշնանը», «Ձիու թրթնջուկ», «Ուղտափուշ», «Հետնաբակեր», «Միայնակ երիցուկը աշնանը» և այլն։
«Մանրուքներ» կարելի է տեսնել նաև Պոլենովայի հաստոցային գործերում, նրա գծանկարներում և կահույքի կտորներում։ Ստեղծելով փայտի փորագրության էսքիզներ՝ Պոլենովան լայնորեն օգտագործել է բնության դիտարկումներն ու էսքիզները։ Իր զարդանախշերում նա հաճախ է վերարտադրել վայրի ծաղիկների՝ տատասկափշի, խատուտիկի, երիցուկի ձևերը, դասավորում դրանք ռիթմիկ հաջորդականությամբ և ոճավորում։ Պոլենովան կահույքի մեծաքանակ էսքիզներ է ստեղծել և այդ տարբերակներից ոչ մեկը չի կրկնում մյուսին։
Ելենա Դմիտրիևնան հաճույքով է աշխատել` պայման դնելով հայտնի աղբյուրներից ձևեր և գծանկարներ չվերցնել։ Կենցաղային բնօրինակ իրեր ստեղծելու համար Պոլենովան հատուկ ուսումնասիրել է բնօրինակ իրերը` ձեռնարկելով ուղևորություններ հարևան գյուղեր, պատրաստելով բազմաթիվ էսքիզներ Ռուսաստանում ճանապարհորդելիս։ Ժողովրդական արհեստների և հավատալիքների հանդեպ կիրքն իր արտացոլումն է գտել Պոլենովայի գրքերի նկարազարդումներում։
Նկարչի ստեղծագործության մեջ յուրահատուկ տեղ են զբաղեցնում մանկական հեքիաթները։ «Կարծում եմ, որ ռուսական ժողովրդական հեքիաթների նկարազարդումը մեծ նշանակություն ունի», - գրել է Պոլենովան Վ. Վ. Ստասովին ուղղված իր նամակներից մեկում[8]։ Հենց Պոլենովան է առաջինը ուշադրություն դարձրել այն փաստի վրա, որ ռուս երեխաները թերթում էին օտարազգի հեքիաթների հրատարակությունները և որոշել է նկարազարդել ռուսական ժողովրդական հեքիաթները։
Ելենա Դմիտրիևնան հեքիաթների առաջին նկարազարդումները կատարել է 1886 թվականին։ Այդ ժամանակից մինչ կյանքի վերջ նա չի հրաժարվել իր սիրած զբաղմունքից։ Պատկերազարդման համար նա ոչ միայն վերցրել է Ա. Աֆանասևի հավաքածուի արդեն հրատարակված հեքիաթները, այլև ակտիվորեն հավաքել է բանահյուսական նյութեր՝ շրջելով մոտակա գյուղերում։ Տասներկու տարի շարունակ Պոլենովան նկարազարդումներ է կատարել ավելի քան քսան ռուսական ժողովրդական հեքիաթների և ասույթների համար և նա հատկապես սիրել է ռուսական մշակույթի հնագիտական սյուժեները, այսինքն`դրանք փոխառված չէին արևմտաեվրոպական գրական աղբյուրներից։
Աբրամցևոյում պահպանվել է մի զարմանալի շենք՝ «Բանյա-Տերեմոկը», որտեղ շատ յուրօրինակ «արկղիկ-սենյակ» կար, որի պատերը Պոլենովան նկարազարդել է «Մաշայի և Վանյայի մասին հեքիաթի» մոտիվներով։
Պոլենովայի նկարազարդած 20 հեքիաթներից նրա կյանքի ընթացքում լույս է տեսել միայն մեկը՝ «Սնկերի պատերազմը»։ Այնուամենայնիվ, Պոլենովայի ստեղծագործությունների բարձր վարպետությունը խթան է հանդիսացել գրքեր նկարազարդող նրա հետևորդների համար։ Այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Ի. Բիլիբինը, Ս. Մալյուտինը, Գ. Նարբուտը, Դ. Միտրոկինը, իրենց համարել են Պոլենովայի աշակերտներ։
Ելենա Դմիտրիևնայի մեծ վաստակը հանդիսանում է հենց մանկական հեքիաթների նկարազարդման հայեցակարգի ձևավորումը։ Մանկական գրքի նկարազարդումը Պոլենովան դիտարկել է որպես մեկ գեղարվեստական ամբողջություն` դեղնավուն «հնաոճ» թուղթ, արտասովոր զարդանախշերով զարդարված թերթեր, հին ձեռագրով գրված տեքստեր, պայծառ նկարազարդումներ, խայտաբղետ ծածկով պատված կազմ և այդ ամենը թողնում էր ձեռքի գործի տպավորություն։
Հեքիաթների նկարազարդումների աշխատանքները անխզելիորեն կապված էին գյուղացիական կենցաղի ուսումնասիրման գործընթացի հետ։ Պոլենովան հավատում էր, որ այդ թեմաների միջև որոշակի ընդհանրություններ կան և նա հեքիաթների ու փայտե փորագրությունների մեջ հայտնաբերեց այն ամենը, ինչ սովորել էր ժողովրդական արվեստից։
Պոլենովայի նկարազարդումները որոշակի ոճական փոփոխություններ են կրել։ Ժամանակի ընթացքում, պատկերազարդման տարածական մեղմ ոճից, Պոլենովան անցավ ավելի հարթ, հստակ ուրվագծերով և վառ գույներով լցված պատկերների։ Պոլենովան խոստովանել է, որ իր գրքի նկարազարդման ոճի վրա ազդել է անգլիացի Ուոլտեր Քրեյնը[4]։ Ահա, թե ինչ է գրում 1890 թվականին ստեղծած Պոլենովայի աշխատությունների ժամանակակից հետազոտող Ա. Շակինան` «Շրջադարձը դեպի մոդեռն նկատվեց Ե. Պոլենովայի կոստրոմյան շարքում, որտեղ օգտագործվում էին բարդ նկարներ, որոնք նայում էին ներքևից վերև։ Նա ընդհանրացնում և ռիթմիկ էր դարձնում կոմպոզիցիան, կարծրացնում էր ձևերը, ձգտում էր պահպանել և ընդգծել թերթի հարթությունը, օգտագործում էր կլուազոնիզմի հնարքները, շրջափակում էր առարկաները մուգ գծերով, մի խոսքով՝ նա ակտիվորեն մասնակցում է մոդեռն ոճի ռուսական տարբերակի ստեղծմանը[9]։
Կյանքի վերջին տարիներ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1893 թվականին, մի քանի տարվա ակտիվ հասարակական և մանկավարժական աշխատանքից հետո, Պոլենովան թողել է Աբրամցևոյի ատաղձագործական արհեստանոցի գեղարվեստական ղեկավարումը և սկսել զբաղվել անձնական ստեղծագործությամբ։ Իր կյանքի վերջին տարիներին նկարչուհին պատրաստել է ֆանտաստիկ ծաղկային զարդանկարներ՝ սրբապատկերների, ասեղնագործության և կերամիկայի ձևավորման համար։ Ծաղկային զարդանկարում Պոլենովան ցուցադրել է անսպառ երևակայություն՝ ամեն անգամ գտնելով ծաղիկների նոր դասավորություն, նոր ռիթմ՝ ստեղծելով ձևերի բուռն և դինամիկ հոսք։ Ոճավորված ծաղկային կոմպոզիցիաներում հեշտությամբ կարելի էր զանազանել դաշտային և պարտեզային ծաղիկները` խատուտիկներ, երիցուկներ, հովտաշուշաններ, շուշաններ և այլն։
Պոլենովայի հետագա զարդանկարներում նկատելիորեն կրկնվում են ալիքաձև գծերը` մարմնավորելով գեղեցկությունը մոդեռնիստների մոտ։ Արտասովոր կորացած՝ սահուն նրբերանգությունից մինչև ամուր ոլորված պարույրը, կարծես ենթարկվում էին երաժշտական նուրբ ռիթմին։ Եղբոր` հայտնի նկարիչ Վասիլի Պոլենովի նման Ելենա Պոլենովան անտարբեր չի եղել նաև երաժշտության հանդեպ։ Իր հետագա ստեղծագործական կյանքում նա հասցնում էր համատեղել նկարչությունն ու երաժշտությունը։ Նկարչուհին ուներ, իր իսկ խոսքով ասած, «գունավոր լսողություն», երաժշտություն լսելիս զարդանկարների նախշերը հառնում էին նրա աչքերի առաջ և նա նկարում էր դրանք։
Պոլենովան շատ ծրագրեր է ունեցել, օրինակ` նա պետք է ձևավորեր ռուսական տաղավարը 1900 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ռուսական տաղավարը։ Բայց վաղ մահը նրան թույլ չի տվել իրականացնել իր ծրագրերը։ 1896 թվականի ապրիլին, երբ նա կառքով իջնել է Տրուբնայա հրապարակ, կառքը հարվածել է ձիաքարշի գծերին և շրջվել։ Պոլենովան լուրջ վնասվածք է ստացել՝ գլուխը հարվածելով մայթին։ Երկու տարի անց նրա հիվանդությունն ու մահը այդ հարվածի արդյունքն են եղել։
Ելենա Պոլենովան վախճանվել է 1898 թվականի նոյեմբերի 7 (19)-ին Մոսկվայում՝ իր ուժերի և տաղանդի ծաղկման շրջանում։ Նրան թաղել են Վագանկովյան գերեզմանատանը (23-րդ տեղամաս)[10]։
Կրտսեր քրոջ անժամանակ մահվան լուրից ցնցված Վասիլի Պոլենովը գրել է. «Նա աշխատել էր անխոնջ, կարելի է ասել, ամբողջ կյանքի ընթացքում և շարունակել էր առաջ ընթանալ և այժմ, երբ նրա տաղանդը զարգացել և ամրապնդվել էր, երբ լի էր նորանոր ստեղծագործական գաղափարներով, նա կարող էր ստեղծել շատ ավելի շնորհալի և հետաքրքիր գործեր, սակայն դաժան ճակատագիրը խլեց նրա կյանքը ...»[11]:
Մի քանի ամիս անց Ելենա Պոլենովայի մասին կենսագրական ակնարկը, որը գրել է Վ. Վ. Ստասովը, տպագրվել է «Արվեստ և գեղարվեստական արդյունաբերություն» ամսագրում[12]։ Նույն համարում տպագրվել են գրականագետ, ընտանիքի անդամ Ի. Պ. Խրուշչովի հուշերը Ելենա Դմիտրիևնայի մանկության մասին։ 1900 թվականին «Արվեստի աշխարհ» ամսագիրը, որի համար նկարազարդումներ է արել Պոլենովան, հրապարակել է հոդված` նվիրված նրա ստեղծագործություններին։
1902 թվականին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվել են Պոլենովայի հետմահու ցուցահանդեսները։ Պոլենովայի մահից հետո նրա եղբայրները սահմանել են 300 ռուբլի մրցանակ` նվիրված նրա հիշատակին, որը տրվել է երիտասարդ արվեստագետներին արտասահմանյան ուղևորությունների համար։ Դրանից օգտվել են մասնավորապես, Կոնստանտին Բոգաևսկին, Կոնստանտին Պերվուխինը, Եղիշե Թադևոսյանը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլենովայի ստեղծագործությունները պահվում են Վասիլի Պոլենովի պետական պատմական, արվեստի և բնության թանգարան-արգելոցում, «Աբրամցևո»-ի պետական պատմական, արվեստի և գրականության արգելոցում, Տրետյակովյան պետական պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Յարոսլավլի արվեստի թանգարանում, Պետական պատմական և պետական գրական թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և այլն։
Հիմնական գեղանկարչական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ծաղիկներ» (1882-1883), «Անտառի անկյունը» (1882-1883), «Բնանկար։ Աբրամցևո» (1882-1883), «Երիցուկներ » (1883), «Աղջիկները ցանկապատի մոտ» (1886), «Պապիկը և թոռնուհին» (1885-1890), «Սրբապատկերների նկարչության արհեստանոց» (1887, Տրետյակովյան պատկերասրահ), «16-րդ դարի սրբապատկերների նկարիչ» (1887), «Իշխան Բորիսը մինչ սպանությունը» (ՌՊԹ), «Երգեհոնահարը» (1888), «Թափառող երաժիշտներ», «Բոյարական բակ» (1889), «Պատանի Բարդուղիմեոս» (1880-ականների վերջ), «Խաղալիքների տաղավար » (ուրվագիծ, 1890), «Լվացարարուհի, կամ հյուր կնքամորը » (1891), «Մանկական» (1892), Սրբապատկերներ «Սուրբ Եկատերինա», «Քրիստոս», «Իշխան Ֆյոդորն իր որդիների հետ» (Անձեռակերտ Փրկչի եկեղեցու համար, 1893), «Վախ» (1893-1895), «Տղաները տանիքին կամ պահմտոցի խաղ։ Գտել է» (1894) սրբապատկերները, նկարազարդումներ (Կոստրոմայի նահանգի Կոլոգրիվ քաղաքում գտնվող եկեղեցու համար), «Գազան» կամ «Հեքիաթ» պաննոները (1895-1898, Տրետյակովյան պատկերասրահ), «Հազարան բլբուլ» և «Ճանապարհորդը» (1895 ) ասեղնագործության վերարտադրության պաննոները, «Բորիս և Գլեբ» (ուրվագիծ, 1896, Ռուսական պետական թանգարան)
Հեքիաթների նկարազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպիտակ բադ», «Սնկերի պատերազմ», «Մորոզկո» կամ «Ձմեռ պապ», «Խրճիթ հավի ոտքերի վրա», «Աղվես քույրիկը և գայլը», կամ «Գայլն ու աղվեսը», «Սիվկա-բուրկա» կամ «Հիմար Իվանուշկան», «Մաշան և Վանյան» (այսպես կոչված Աբրամցևոյի շարք), «Որդի-Ֆիլիպկոն», «Ագահ մարդը», «Շիկակարմիրը և կարմիրը», «Ինչու է արջը դարձել պոչատ», «Չար խորթ մայրը», կամ «Խորթ մայրը և խորթ աղջիկը», «Գող Կաչաղակը», «Կոզլիխինայի ընտանիքը» (այսպես կոչված Կոստոմյան շարք), «Հեքիաթ ցարի բերենդիի մասին», «Հազարան բլբուլ»։
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարայում Մ. Ֆ. Յակունչիկովայի գյուղական ճաշարանի ներքին հարդարման էսքիզ (նախագիծն իրականացրել է հայտնի նկարիչ Ա. Յա. Գոլովինը)։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենդանության օրոք Պոլենովան մասնակցել է Նկարիչների Մոսկվայի ընկերակցության, Պերեդվիժնիկների ընկերակցության և «Արվեստի աշխարհի» ցուցահանդեսներին,
- 1902 - ցուցահանդեսներ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում,
- 1925 - ցուցահանդես Աբրամցևոյում,
- 2011-2012 թվականներ - ցուցահանդես Տրետյակովյան պետական պատկերասրահում. «Նա ապրում էր հեքիաթի կախարդական աշխարհում։ Ելենա Պոլենովա։ Ծննդյան 160-ամյակի առթիվ» (16 դեկտեմբերի, 2011 - 26 փետրվարի, 2012) 2014 - «Ուոթս» բրիտանական պատկերասրահում բացվել է Ելենա Պոլենովայի աշխատանքների ցուցահանդեսը։
Քննադատություն և գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատ Վ. Վ. Ստասովը կարծում էր, որ Պոլենովի ժանրային նկարները «երբեք չեն բարձրացել միջակությունից և չափավոր հաջողություններից»[13]։
Նկարիչ, գրող բանաստեղծուհի, Է. Գ. Գուրոն, որը 1902 թվականին այցելել է Պոլենովայի ցուցահանդես, գրել է. «Պոլենովայի պարզ, հստակ ուրվագծերով կահույքը ներկայացնում է հսկայական և հերոսական ոգու զարմանալի վերածնունդը։ Մեծ հույսերի և ձեռնարկումների ժամանակ Պոլենովայի ստեղծագործությունների մեջ վերածնվում է հերոսների ոգին։ Տարեցների բողոքները, թե մեր օրերում հսկաներ չկան, ծիծաղելի են դառնում»[14]։
Նկարիչ, մանկավարժ Է. Ֆ. Յունգը Պոլենովայի մասին 1912 թվականին գրել է հետևյալը. «...Նկարիչները հետադարձ հայացք նետեցին հեռավոր անցյալին, ցանկացան գտնել զուտ ռուսական արվեստի աղբյուրներ և այդտեղից գնալ նոր ճանապարհով։ Նման վերածննդի հասնելու համար հարկավոր էր ելնել ոչ թե ձեռքի տակ եղած սրբիչներից, բաժակներից, սրբապատկերներից, այլ այն աշխարհայացքից, այն զգացմունքներից, որոնք ոգեշնչում էին հին արվեստագետներին և նրանց հնարավորություն տալիս իրենց գործերում ներդնել այն, ինչը մեզ հուզում է մինչ օրս։ Ուղղության այդպիսի փոփոխությունը մեր արվեստի պատմության մեջ պետք է որ լուրջ անհրաժեշտություն լիներ և վաղուց էր անցել, քանի որ հայտնվեց մի մարդ, ով դարձավ այս ուղղության ներկայացուցիչը։ Նա մերձեցավ 11-րդ և 12-րդ դարերի վանքերի պատերը նկարազարդող վանականների զգացմունքներին, նա ուներ մաքուր ��ոգի, հավատ և խանդավառություն»[15]։
Նկարիչ և քննադատ Ն. Գ. Բենուան գրում է. «Պոլենովան վաստակել է ռուսական հասարակության հավերժ երախտագիտությունը նրանով, որ նա առաջին ռուս նկարիչն էր, ով ուշադրություն դարձրեց կյանքի ամենագեղարվեստական ոլորտին՝ երեխաների աշխարհին, նրա տարօրինակ, խորապես բանաստեղծական ֆանտազիային։ Նա նուրբ, զգայուն և իսկապես բարի անձնավորություն էր, նա կարողացավ թափանցել երեխաների ինքնամփոփ աշխարհը և կռահել դրա յուրահատուկ գեղագիտությունը»[16]։
Արվեստաբան, նկարիչ և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Լ. Ս. Կուդրյավցևան նշել է. «Ելենա Դմիտրիևնան ռուս նկարիչներից առաջինն էր, որ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ռուս երեխաները մեծանում են գերմանական և անգլիական հեքիաթներում»[17]։
Արվեստաբան, Պոլենովայի ստեղծագործության հետազոտող Ն. Մ. Բելոգլազովան իր դիսերտացիայում հաստատում է, որ «ժողովրդական արվեստի հետագա բոլոր հետազոտողների՝ Ի. Գոլիշևի, Ա. Բոբրինսկու, Ի. Սոբոլևի, Ի. Զվանցևի աշխատանքները հաստատում են Պոլենովայի եզրակացությունների ճշտությունը, որը կապված է գեղարվեստական փորագրության բնույթի և տարածման, ինչպես նաև ռուսական զարդարվեստի առանձնահատկությունների հետ»[18]։
Արվեստաբան Մ. Մ. Պետրենկոն կարծում էր, որ Պոլենովան «առաջիններից մեկն էր (նկարիչների շրջանում), ով հասկացավ գույնի հուզական դերը նորագույն ժամանակների ռուսական գրքում և ուրվագծային նկարչության արտահայտչականությունը»[19]։
Հրատարակություններ Ելենա Պոլենովայի նկարազարդումներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поленова М. А. Лето в Царском Селе: Для детей мл. возраста / С 9-ю картинами работы В. Д. Поленова, Е. Д. Поленовой и А. Я. Головина. — СПб., 1892
- Елена Дмитриевна Поленова: 1859—1898. — М.: Товарищество типогр. А. И. Мамонтова, 1902.
- «Мир искусства», 1899, № 18—19. Памятный номер, посвященный Е. Д. Поленовой.
- Русские народные сказки и прибаутки, пересказанные для детей и иллюстрированные Е. Д. Поленовой: В 3 кн. — М.: И. Н. Кнебель, 1906.
- Поленова Е. Д. Белая уточка: Народная сказка. — М., 1923.
- Сынко-Филипко. Иллюстрации Е. Поленовой. — Л.: Художник РСФСР, 1980. — (Серия «Художники детям: из истории советской детской книги»).
- Русские народные сказки. Иллюстрации Е. Д. Поленовой. — М.: Фортуна ЭЛ, 2007.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Անտառի եզրին: Ձղկիներ», 1885
-
«Ձմռանը բակում», 1886
-
«Իվան Ցարևիչն ու Հազարան Բլբուլը», 1896
-
«Օձ», 1895-1898
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поленова, Елена Дмитриевна // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Поленова, Елена Дмитриевна / Киселёв М. Ф. // Перу — Полуприцеп. — М. : Большая российская энциклопедия, 2014. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 26). — ISBN 978-5-85270-363-7.
- Стасов В. В. Елена Дмитриевна Поленова: Биографический очерк // Искусство и художественная промышленность. — 1899. — № 13. — С. 47.
- Борок Н. (Поленова Н. В.) Елена Дмитриевна Поленова: 1859—1898. — М.: Товарищество типогр. А. И. Мамонтова, 1902.
- Василий Дмитриевич Поленов; Елена Дмитриевна Поленова: Хроника семьи художников: Письма, дневники, воспоминания /Под ред. Леонова А. И. — М.: Искусство, 1964.
- Елена Поленова / Коган Д. // Мамонтовский кружок. — М., 1970.
- Киселёва Е. Мамонтовский художественный кружок. — Л., 1979.
- Румянцева Л. Сказочный мир Елены Поленовой // Юный художник, № 4. — 1983. — С. 37-41.
- Кудрявцева Л. С. Глава вторая. В ладу с фольклором и историей. Мастера русской сказки // Собеседники поэзии и сказки. — М., 2007. — С. 51-54.
- Поленова Н. Она жила в волшебном мире сказки… // Русские народные сказки. Иллюстрации Е. Д. Поленовой. — М., 2007.
- Блинов В. Русская детская книжка-картинка. 1900—1941. — М., 2009. — С. 20-21.
- Кошелева В. Елена Поленова. Серия: Мастера живописи. — М.: Белый город, 2009.
- Елена Поленова. Альбом / Сост. Иовлева Л. И. — М.: Паблис, 2011.
- Мэри Уоттс и Елена Поленова: заочный дуэт. Доклад Натальи Поленовой и Кирсти Ансон. — Москва, ГМИИ, 19 сентября 2013.
- Елена Дмитриевна Поленова. 1850 † 1898. Очерк жизни и творчества. — М.: т-во тип. А. И. Мамонтова, ценз. 1902. — 60 с., 1 л. портр.
- Юнге Е. Ф. Воспоминания. Переписка. Сочинения. 1843—1911. — М.: «Кучково Поле», 2017.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Поленова Елена Дмитриевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Е. Д. Поленова — В. Д. Поленову. Петербург, 16 января 1888 г. // Василий Дмитриевич Поленов; Елена Дмитриевна Поленова: Хроника семьи художников: Письма, дневники, воспоминания / Под общ. ред. А. И. Леонова. — М.: Искусство, 1964. — С. 278.
- ↑ Сахарова, Е. В. Русское искусство. Очерки о жизни и творчестве художников. Вторая половина 19 в. Кн.2. — М., 1971. — С.192.
- ↑ 4,0 4,1 4,2 Мэри Уоттс и Елена Поленова: заочный дуэт / Доклад Натальи Поленовой и Кирсти Ансон. — Москва, ГМИИ, 19 сентября 2013.
- ↑ Е. Д. Поленова — П. Д. Антиповой. Москва, 9 ноября 1885 г. // Сахарова, Е. В. В. Д. Поленов и Е. Д. Поленова. Хроника семьи художников. Письма. — М., 1964. — С.362.
- ↑ Греч, А. Н. Венок усадьбам / Альманах: Памятники Отечества. М., 1980. — С.130.
- ↑ Кузнецова, А. В. Между Остоженкой и Пречистенкой // Наше наследие. №: 29-30. — 1994. — С.163.
- ↑ Е. Д. Поленова — В. В. Стасову. Москва, 9 января 1897 г. // Сахарова, Е. В. В. Д. Поленов и Е. Д. Поленова. Хроника семьи художников. Письма. — М., 1964. — С.562.
- ↑ Шакина, А. Русские национальные традиции в книжном искусстве. Стиль жизни — стиль искусства к.19-нач.20 в. — С.422.
- ↑ Артамонов М. Д. Ваганьково. М.: Моск. рабочий, 1991. С. 164.
- ↑ В. Д. Поленов — Е. К. Корсаковой. Москва, 4 декабря 1898 г. // Василий Дмитриевич Поленов; Елена Дмитриевна Поленова: Хроника семьи художнико��: Письма, дневники, воспоминания / Под общ. ред. А. И. Леонова. — М.: Искусство, 1964. — С. 585.
- ↑ Стасов, В. В. Елена Дмитриевна Поленова: Биографический очерк // Искусство и художественная промышленность. 1899, № 13. — С. 47.
- ↑ Стасов, В. В. Статьи и заметки. Биографический очерк. Елена Дмитриевна Поленова — М., 1954 г. — С.245.
- ↑ Гуро, Е. Г. Ещё несколько слов о выставке Поленовой / Статья (пленка), черн. авт. б. без даты, граф. кар. РГАЛИ, оп.2, Ф-134, ед.хр.3.Гуро.
- ↑ Юнге Е. Ф. Воспоминания о Е. Д. Поленовой // Русская старина, 1912 г., №Июнь. — С.537-538.
- ↑ Бенуа, А. Н. История русской живописи в 19 веке. — М., 1997. — С. 391.
- ↑ Кудрявцева, Л. С. Елена Дмитриевна Поленова. Она жила в волшебном мире сказки // ХиП, № 11, с.28-32.
- ↑ Белоглазова, Н. М. Творчество Е. Д. Поленовой. Автореферат диссертации. М., 1973.
- ↑ Петренко, М. М. Зарождение книги в Абрамцевском художественном кружке. Тезисы докладов научной конференции по выставке «С. И. Мамонтов и русская художественная культура 2 половины 19 века» — 11-12 мая 1992 г. — М., стр. 19.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поленова Елена Дмитриевна. Огонь потаённый — статья Д.Герасимовой в проекте «БиблиоГид» от 10 марта 2006
- Сказочный мир Елены Поленовой — Текст статьи Л. Румянцевой в журнале «Юный художник» (1983)
- Путешествие Елены Поленовой — материал о костромском периоде творчества Е. Д. Поленовой
- Поленова Елена Дмитриевна — страница на сайте Третьяковской галереи
- Похоронена на 23 уч. Ваганьковского кладбища Արխիվացված 2021-01-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Պոլենովա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1850 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1898 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Ռուս կին արվեստագետներ
- Ռուս նկարչուհիներ
- Ռուսական կայսրության նկարչուհիներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Նկարչուհիներ
- Կին պատկերազարդողներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ