Արտաշես Կարինյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Գաբրիելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Կարինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1886[1] |
Ծննդավայր | Բալախանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 29, 1982 (95 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1910)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող, պետական գործիչ, գրական քննադատ, պատմաբան և հեղափոխական |
Աշխատավայր | Բաքվի կոմունա[1], Հայկական գործերի կոմիսարիատ[1], Գրականության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ |
Արտաշես Բալասիի Կարինյան (Գաբրիելյան) (նոյեմբերի 24, 1886[1], Բալախանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 29, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական ու պետական գործիչ, գրականագետ, պատմաբան։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)[3], Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1905 թվականից, երբ դեռևս գիմնազիայի աշակերտ Կարինյանը մասնակցում էր Բաքվի բանվորական գործադուլներին ու աշակերտական շարժումներին և խմբագրում «Набат» հանդեսը, նրա գործունեությունն անխզելիորեն կապվում է Լենինյան բոլշևիկյան կուսակցության պատմության հետ։ 1906 թվականից նա հեղափոխական պայքարի ոլորտներում էր, իսկ 1907 թվականին ընդունվել է ՌՍԴԲ կուսակցության շարքերը։ 1910 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հեղափոխական, կուսակցական աշխատանք է տարել Պետրոգրադում ու Բաքվում։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությանը և Հոկտեմբերյան հեղափոխության համար մղվող պայքարին։ 1918 թվականին՝ Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար։ Այնուհետև աշխատել է Մոսկվայում Հայկական գործերի կոմիսարիատում։ 1921 թվականին՝ ՀԻՍՀ արդարադատության ժողկոմ։ 1923-1924 թվականներին ՀՒՍՀ Կենտգործկոմի նախագահի տեղակալն էր, 1924-1928 թվականներին՝ նախագահը։ Հետագայում եղել է ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ, ՀՍՍՀ լուսժողկոմի տեղակալ, ապա աշխատել ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության և պատմության ինստիտուտներում։ 1956 թվականին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։ 1960-1963 թվականներին՝ ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1963-1965 թվականներին՝ ակադեմիայի փոխպրեզիդենտի պաշտոնակատար։ Եղել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գրականության և արվեստի գծով Լենինյան մրցանակների կոմիտեի անդամ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1906 թվականից սկսած Կարինյանը հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել բոլշևիկյան «Կայծ», «Պրավդա», «Պուտ պրավդի», «Բակինսկի ռաբոչի» պարբերականներում։ 1917 թվականին խմբագրել է Բաքվի սովետի «Տեղեկագիր»-1918-1919 թվականներին՝ Մոսկվայի «Կոմունիստ» և «Կարմիր դրոշակ» պարբերականները, 1929-1930 թվականներին՝ «Անդրկովկասի ժողովրդական տնտեսություն» ամսագիրը և «Նոր ուղի» հանդեսը։ 1906 թվականին լույս է տեսել նրա «Գրականություն և կյանք» գրքույկը, 1928 թվականին՝ «Դեմքեր և դեպքեր» աշխատությունը[4]։
Հրապարակախոսական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին հրատարակվել է նրա «Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը» հոդվածաշարը, որտեղ քննադատել է այսպես կոչված՝ արևմտյան իմպերիալիզմի դերը արևմտահայության ողբերգության մեջ։ 1926 թվականին տպագրված «Հայ ազգայնականների ուղին» ժողովածուում զետեղված հոդվածներով Ա. Կարինյանը պատասխանել է արտասահմանյան թերթերում հրապարակված այն հոդվածների հեղինակներին, որոնք արդարացնելով դաշնակցության քաղաքականությունը, փորձում էին նսեմացնել բոլշևիզմի դերը հայ ժողովրդի փրկության գործում։ 1928 թվականին Կարինայանը հրապարակում է «Նացիոնալիզմի «Նոր դիրքերը» բրոշյուրը, որտեղ զետեղված հոդվածներում քննարկվում էին այդ օրերի հրատապ քաղաքական հարցերը։
Գրականագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինյանը զբաղվել է 19-րդ դարի 60-ական թվականների հայ գրական-հասարակական մտքի հետազոտությամբ («Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները», 1949), հայ պարբերական մամուլի պատմությամբ։ Գրականության խնդիրներին են նվիրված «Գրական արձագանքներ» (1955), «Դրական-քննադատական հոդվածներ» (1962), «Հովհաննես Թումանյան» (1971), «Եղիշե Չարենց» (1972) աշխատությունները։ Հայ ժողովրդի պատմության նոր ու նորագույն շրջանների և Հայաստանի կոմկուսի պատմության հարցերն են քննարկված Կարինյանի «Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը» (1924), «Ստեփան Շահումյան» (1925), «Հեղափոխական և ազգային շարժումները Անդրկովկասում 1905 թվականին» (1927) աշխատություններում։ Կարինյանը անդրադարձել է ռուս, և եվրոպական դասական ու ժամանակակից գրականությանը, ուսումնասիրություններ է նվիրել Ա. Չեխովի, Մ. Գորկու, Տ. Շևչենկոյի ստեղծագործություններին։ Արտաշես Կարինյանն առանձին ակնարկներ է նվիրել Աբովյանի, Շիրվանզադեի, Չարենցի, Տերյանի, Արազու ստեղծագործություններին։ Քաջածանոթ սովետական երկրի բազմազգ ժողովուրդների և եվրոպական երկրների գրականությանն ու մշակույթին, Կարինյանը նույն խորությամբ է գրել Ա. Ռադիշչևի և Տ. Շևչենկոյի, Բայրոնի և Ստենդալի, Ռ. Ռոլանի ստեղծագործության մասին։ Սակայն նրան հավասարաչափ հոգեհարազատ են եղել նաև Պուշկինի պոեզիան և Գոգոլի արձակը, Նեկրասովի և Չեխովի, Գորկու և Չուկովսկու ստեղծած համամարդկային արժեքները։
Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով[5]։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից։
Ա. Կարինյանի երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրականություն և կյանք, Բաքու, 1906, 13 էջ։
- Կովկասյան պրոլետարիատի պատմությունից։ Կազի Մամեդ և Ազիզբեկով, Մոսկվա, Հայպետհրատ, 1919, 36 էջ։
- Կովկասյան պրոլետարիատի պատմությունից։ Ալյոշա Ջափարիձե, Մոսկվա, 1919, 40 էջ։
- Հայաստանի ապագան, Մոսկվա, 1919, 36 էջ։
- «Հին» և «նոր» գեղարվեստը, Մոսկվա, 1920, 54 էջ։
- Օսկար Ուայլդի «Հեքիաթները», Մոսկվա, 1920, 18 էջ։
- Նավթը և «Հայկական հարցը», Մոսկվա, 1922, 40 էջ։
- Քաղաքացիական պատերազմը Հայաստանում և նրա դրդապատճառները, Երևան, 1922, 14 էջ։
- Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը (փաստեր, դակումենտներ), Երևան, 1924, 60 էջ։
- Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը, Աթենք, 1925։
- Թեոֆիլ Ստեյնլեն, Մոսկվա, Պետհրատ, 1925, 15 էջ։
- Լենինը և պետությունը, Մոսկվա, 1925, 17 էջ։
- Ստեփան Շահումյան, 1878-1918 (կյանքը և գործունեությունը), Մոսկվա, 1925, 71 էջ։
- Դաշնակցությունը փաստերի դեմ, Թիֆլիս, տպարան «Զարյա Վոստոկա»-ի, 1926, 88 էջ։
- «Խենթը» և «Աբեղան»։ Ռուսահայ գրականության և ռուսահայ մտավերականությունը, ռեֆերատ կարդացված Լենինգրադում 1925 թվականին, Փարիզ, 1926, 50 էջ։
- Հայ ազգայնամոլների ուղին, Մոսկվա, ՀՍԽՀ պետհրատ, 1926, 248 էջ։
- Հեղափոխական և ազգային շարժումները Անդրկովկասում 1905 թվականին, Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1927, 104 էջ։
- Դեմքեր և դեպքեր (քննական ակնարկներ), Երևան, Պետհրատ, 1928, 267 էջ։
- Նավթը և «Հայկական հարցը», Մոսկվա, ՀՍԽՀ մշակույթի տուն, 1929, 40 էջ։
- Նացիոնալիզ��ի «նոր դիրքերը», Մոսկվա, ՀՍԽՀ պետհրատ, 1929, 64 էջ։
- Դաշնակցությունը և իր զինակիցները, Ե., Պետհրատ, 1932, 170 էջ։
- Երկերի ժողովածու, հ. 1, Երևան, Պետհրատ, 1934, 452 էջ։
- Գրական-բանասիրական հետախուզումներ, գիրք 1 (գրքի մեջ տեղ է գտել Ա. Կարինյանի «Սոցիալական պայքարի արձագանքները հին հայ գրականության մեջ» գործը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1946, 374 էջ։
- Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները, Երևան, 1949, 38 էջ։
- Անտոն Չեխով, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 86 էջ։
- Գրական արձագանքներ (գրական-քննադատական ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 244 էջ։
- Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1956, 499 էջ։
- Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 2, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1960, 635 էջ։
- Գրական-քննադատական հոդվածներ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1962, 322 էջ։
- Հովհաննես Թումանյան (հուշեր, հոդվածներ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1971, 93 էջ։
- Եղիշե Չարենց (հոդվածներ և հուշեր), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1972, 96 էջ։
- Մ. Մամուրյանը մշակույթի պատմության մասին, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1973, 64 էջ։
- Ժողովուրդների եղբայրության դրոշի ներքո (գրական-քննադատական, գիտական-հրապարակախոսական հոդվածներ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1976, 584 էջ։
- Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները (հոդվածներ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 119 էջ։
- Մեծ հումանիստ գրող Հակոբ Հակոբյանը, Երևան, «Գիտելիք», 1980, 20 էջ[6]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Մխիթարյան «Արտաշես Կարինյան» (Ծննդյան 90-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1976, էջ 231-236
- Ռուս-հայ գրական կապերի մասին։ «Գրական թերթ», 1948, № 1:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Каринян Арташес Баласиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 252.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արտաշես Կարինյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Կարինյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 323)։ |
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 29 մահեր
- 1982 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գրականագետներ
- Հայ գրականագետներ
- Հայ խմբագիրներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ պատմաբաններ
- Հայ քաղաքական գործիչներ