Jump to content

Վաղ միջնադարի հայկական կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաղ միջնադարի հայկական կերպարվեստ, հայ ժողովրդի պատմության վաղմիջնադարյան փուլում ձևավորված մշակույթի բաղկացուցիչ մաս, որն արտահայտում է հայկական միջնադարյան կերպարվեստի վաղ շրջափուլը։ Վաղ միջնադարում՝ 4-8-րդ դարերում, Հայաստանում ավատատիրության հաստատման ու քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, Մեծ Հայքի թագավորության տարածքում զգալի է եղել ժամանակի Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի ազդեցությունը, ինչն արտացոլվում էր նաև հայկական ճարտարապետության և հաճախ դրա հետ միասին զարգացող հայկական կերպարվեստի վրա։ Առաջինը պայմանավորված էր քրիստոնեության ընդունմամբ, երկրորդը՝ հայ-պարսկական դարավոր շփմամբ[1]։

Քանդակագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում՝ քրիստոնեական տաճարների ու վանքերի ճարտարապետության զարգացմանը զուգահեռ, բարգավաճում է քանդակագործությունը՝ ի տարբերություն հեթանոսական շրջանի, երբ այն գլխավորապես կապված էր արձանագործության հետ։ Հանդիպում են պատկերաքանդակներ ու զարդաքանդակներ՝ կատարված շինությունների և մահարձանների վրա։ Հայտնաբերված հուշարձանների մնացորդներն ունեն երկրաչափական, բուսական զարդաքանդակներ, հաճախ են հանդիպում նուռը և խաղողը։ Դրա գլուխգործոցները հանդիպում են Զվարթնոցի տաճարում[2]։

Խճանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռչուններ

Հայկական կերպարվեստի գեղեցիկ նմուշներ են հանդիպում նաև խճանկարչության մեջ։ Դրա հնագույն մի նմուշ հայտնաբերվել է Երուսաղեմ քաղաքում՝ Ձիթենյաց լեռան մոտ, ո��ը թվագրվում է 6-րդ դարի, որն ունի նաև հայերենով գրություն։ Զարդաքանդակված են սիրամարգ, կաքավ, և Հայաստանի բնությանը հատուկ այլ թռչուններ։ Յուրաքանչյուր թռչուն գեղանկարված է շրջանակի մեջ, որոնցից կախված է խաղողի վազ։ Հետագայում նույն ոճի հայկական երեք այլ խճանկարներ հայտնաբերվել են Երուսաղեմի ուրիշ հատվածներում[2]։

Խճանկարչության հետքեր հայտնաբերվել են նաև Դվինի ու Զվարթնոցի ավերակներում։ Արուճի տաճարի ներսի մասում պահպանվել են բարձրարվեստ խճանկարների ամբողջական պատկերներ[2]։

Մանրանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կերպարվեստի նոր ճյուղ է դառնում ձեռագիր մատյաններում եղած նկարազարդումներրի արվեստը՝ մանրանկարչությունը։ Մանրանկարներ արվում էին գլխազարդերում, լուսանցքներում և այլն։ Մանրանկարիչները կոչվում էին «ծաղկող», «նաղաշ», «ծաղկարար» անուններով։ Ամենահին՝ «Փղոսկրյա» մատյանը, որն ունի մանրանկարներ, պահվում է Երևանի Մատենադարանում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]