Բիանկա Մարիա Վիսկոնտի
Բիանկա Մարիա Վիսկոնտի | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1425 |
Ծննդավայր | Բորնասկո, Պավիա, Լոմբարդիա |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1468[1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա |
Գերեզման | Միլանի տաճար |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ֆրանչեսկո I Սֆորցա |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպո Մարիա Վիսկոնտի, մայր՝ Ագնես դել Մարինո |
Երեխաներ | Գալեացո Մարիա Սֆորցա, Ippolita Maria Sforza?, Լյուդովիկո Սֆորցա, Ascanio Sforza?, Elisabetta Maria Sforza? և Sforza Maria Sforza? |
Bianca Maria Visconti Վիքիպահեստում |
Բիանկա Մարիա Վիսկոնտի (անգլ.՝ Bianca Maria Visconti, մարտի 31, 1425, Բորնասկո, Պավիա, Լոմբարդիա - հոկտեմբերի 23, 1468[1], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա), Միլանի դքսուհի 1450 - 1468 թվականների ընթացքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիանկա Մարիան ծնվել է Իտալիայի Բորնասկո կոմունայում և հանդիսացել Միլանի դուքս ու Վիսկոնտի տոհմի վերջին ներկայացուցիչ Ֆիլիպո Մարիա Վիսկոնտիի[2] և Ագնես դել Մարինոյի ապօրինի դուստրը․ վերջինս միլանցի ազնվական ու դքսի հանձնակատար Ամբրոջիո դել Մայնոյի դուստրն էր ու Ֆիլիպոյի կնոջ՝ Բետրիչե դի Տենդայի ֆրեյլինան։ Զույգն ունեցել է ևս մեկ դուստր՝ Կատերինա Մարիա կամ Լուչիա Մարիա անվամբ, ծնված 1426 թվականին, սակայն նա մահացել է ծնվելուց կարճ ժամանակ անց։
Երբ եղել է վեց ամսական, նրան ու իր մայրիկին ուղարկել են Աբիատեգրասո ամրոց, որտեղ երկուսի համար հարուստ բնակպայմաններ էր ստեղծվել։ Դուքսն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Աբիատեգրասոյում, որտեղ Բիանկա Մարիայի ուժեղ բնավորությունը մեծ տպավորություն է թողել նրա վրա։
Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Աբիատեգրասոյում ու ստացել հումանիստական կրթություն։ Դքսի գրադարանը պարունակում էր աշխատանքների բազմազանություն. լատինական դասականներ, պրովանսալերեն և ֆրանսերեն լեզուներով պատմողական տեքստեր, գիտական և դիդակտիկ աշխատանքներ, ինչպես նաև հիմնականում տոսկանացի հեղինակների իտալերեն և վոլգարերեն աշխատություններ։ Բիանկան ու իր հայրիկը եղել են կրքոտ որսորդներ և ձիասերներ։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1430 թվականին՝ հինգ տարեկան հասակում, Բիանկա ՄԱրիան նշանվել է իրենից քսանչորս տարով մեծ Ֆրանչեսկո I Սֆորցայի հետ։ Տեսակետ կա այն մասին, որ Վիսկոնտիները վերջինիս գրավել են Միլանի դքսության օրինական ժառանգորդ նշանակելու խոստումով։ Հավանաբար Սֆորցան համաձայնել է նաև հարուստ օժիտի պատճառով, որը ներառում էր Կրեմոնայի, Կաստելացո դի Բոլատեի ու Բոսկո Ֆրուգարոլոյի տարածքները։ Ամուսնության պայմանագիրը կնքվել է 1432 թվականի փետրվարի 23-ին Միլանում Վիսկոնտիների բնակավայր Պորտա Ջիովիա ամրոցում։ Բիանկա Մարիային ներկայացրել է իր կնքահայրը՝ գեներալ Անդրես Վիսկոնտին։ Արարողությանը Բիանկա Մարիայի ու իր մայրիկի ներկայության մասին հստակ տեղեկություններ չկան․ ըստ որոշ աղբյուրների՝ նա առաջին անգամ Միլան է ժամանել, երբ արդեն ամուսնանալու տարիքում է եղել։
Հաջորդող տարիների ընթացքում կասկածամիտ Ֆիլիպո Մարիան երկու անգամ քաղաքական պատճառներով փորձել է հրաժարվել փառասեր Սֆորցայի հետ նշանադրությունից։ Սակայն 1441 թվականի հոկտեմբերի 24-ին ամուսնությունը տեղի է ունեցել Կրեմոնայի Սան Սիզիգմոնդո տաճարում․ անվտանգության նկատառումներով նախապատվությունը Կրեմոնայի տաճարի փոխարեն տրվել էր դրան[3]։
Իտալական Վերածննդի ժամանակշրջանին բնորոշ կերպով տոնակատարությունները տևել են մի քանի օր, ներառել շքեղ բանկետներ, մրցաշարեր և քաղաքի գլխավոր աշտարակի տեսքով հսկայական տորթ․ հավանաբար հենց այս տորթ�� էլ հիմք է հանդիսացել տուռոնի համար[4]։
Ամուսնությունից հետո առաջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1441 թվականի նոյեմբերի 7-ին Ֆիլիպո Մարիան հրամանագիր է արձակել իր վասալների, այդ թվում և Ֆրանչեսկոյի, իրավունքները կրճատելու մասին։ Վերջինս նախընտրել է բնակություն հաստատել ավելի ապահով Վենետիկում, Սանգինետո գյուղակում։ Նույն տարում Ֆրանչեսկոն ու Բիանկա Մարիան Վենետիկի դքսի՝ Ֆրանչեսկո Ֆոսկարիի կողմից հրավիրվել են Վենետիկ։ Կարճ ժամանակ անց լուր է ստացվել, որ Պիչինինոն սպառնում էր Սֆորցայի ունեցվածքին Մարկեում։ Բիանկա Մարիան ամուսնուն ուղեկցել է դեպի Ռիմինի, այնուհետև Էզի։ Բիանկան այստեղ մնացել է մի ամրոցում, իսկ ամուսինը ռազմական գործողություններ է կազմակերպել Պիչինինոյի դեմ։ 1442 թվականին Բիանկա Մարիան (այն ժամանակ 17 տարեկան) հայտարարվել է Մարկեի ռեգենտ։ Ընտրությունը կարող է տարօրինակ թվալ, սակայն բազմաթիվ ժամանակագիրներ պնդել են, որ Բիանկա Մարիան բազմիցս ապացուցել էր իր հմտությունները վարչարարության և դիվանագիտության ոլորտում։ Ինչ վերաբերում է ամուսնու հետ անձնական հարաբերություններին, ապա եթե հայտնի է, որ Ֆրանչեսկոն ուժեղ զգացմունքներ է ունեցել Բիանկա Մարիայի նկատմամբ, ճշմարիտ է նաև այն, որ նա հաճախ անհավատարիմ է եղել նրան, որին վերջինս անտարբերությամբ է վերաբերվել։ Մեկ անգամ սակայն, 1443 թվականին, ամուսնու սիրուհիներից մեկն անհետացել ու սպանվել է կասկածելի հանգամանքներում[5]։
1442 թվականին Ֆրանչեսկոյին հաղորդկցությունից զրկել են։ Չորս տարի անց, հիվանդ ու ծերացող Ֆիլիպո Մարիա Վիսկոնտին հաշտություն է խնդրել Ֆրանչեսկոյից, սակայն վերջինս շարունակել է նրան անվստահությամբ վերաբերվել ու չնայած Բիանկա Մարիայի խնդրանքին՝ նախընտրել զբաղվել իր տարածքների պաշտպանությամբ։ 1447 թվականին Սֆորցան ընդունել է Միլանի դքսության լեյտենանտի պաշտոնն, իսկ Վիսկոնտին Միլանում Սֆորցայի վայելած ժողովրդականությունից նախանձով ու խանդով լցված՝ շուտով փոխել է իր միտքը։ Այդ նույն ժամանակ նոր Հռոմի պապ Նիկողայոս V-ը պահանջել Էզիի վերադարձը։ Դժվար ժամանակներ էին Ֆրանչեսկոյի ու Բիանկա Մարիայի համար։
Ֆրանչեսկո Սֆորցան Էզի քաղաքը 35․000 ֆլորինի դիմաց հանձնել է պապին և կնոջ հետ վերադարձել Միլան։ Ֆիլիպո Մարիա Վիսկոնտիի մահվան լուրը նրանց է հասել Կոտինոլա քաղաքում։ Բիանկա Մարիան շատ է զայրացել Ֆիլիպոյի մահից հետո Միլանում վերջինիս ունեցվածքի թալանի մասին լսելով։ Ամուսինները դեպի Միլան էին արշավում 4,000 հեծելազորի ու 2,000 հետևակի ուղեկցությամբ, երբ նորաստեղծ Ամբրոզյան հանրապետությունը Ֆրանչեսկոյին առաջարկել է գեներալ կապիտանի պաշտոնը։ Բիանկա Մարիան կողմ էր չընդունելուն, սակայն Ֆրանչեսկոն ընդունել է առաջարկը և երեք տարվա ընթացքում վերանվաճել այն քաղաքները, որոնք դքսությունից անկախություն էին հռչակել Ֆիլիպո Վիսկոնտիի մահից հետո։
1448 թվականի մայիսին, երբ Սֆորցան Պավիայում էր, վենետիկցիները հարձակվել են Կրեմոնայի վրա։ Ըստ ժամանակագիրների՝ Բիանկա Մարիան շքահանդեսային զրահաբաճկոն է հագել ու որոշ զորքերի և բնակչության հետ շտապել պաշտպանել քաղաքային թաղամասերը[6]։ Նա կռվել է ամբողջ օրը շարունակված ճակատամարտում, որի շնորհիվ ստացել է «զինվոր կին» անունը։
Վենետիկցիների վտանգը չեզոքացնելուց հետո Բիանկա Մարիան մեծ շքախմբի հետ բնակություն է հաստատել Պավիայի Վիսկոնտիների ամրոցում։ Իր ազգականների հետ լավ հարաբերությունների շնորհիվ արժանացել է ժողովրդական աջակցության, վարկավորման ու ֆինանսավորման, որն անհրաժեշտ էր ամուսնու կողմից ստեղծված փխրուն նոր պետության համար։ 1450 թվականի փետրվարի 24-ին Միլանում ապստամբություն է սկսվել։ Սպանվել է վենետիկյան դեսպանը, քանի որ Վենետիկյան Հանրապետությունը մեղավոր է համարվել Միլանում տարածված սովի համար։ Ազնվականների ու քաղաքացիների ընդհանուր ժողովում Ֆրանչեսկոն ընտրվել է լորդ։
Միլանի դքսուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլանի նոր դքսի ու դքսուհու՝ քաղաք մտնելու հստակ ամսաթիվը վիճահարույց է․ մարտի 22 կամ 25։ Ամուսինները հրաժարվել են հաղթական կառքից՝ դրա փոխարեն նախընտրելով ձիավարելը։ Առաջին անգամն էր, որ դուքսի կոչում շնորհվում էր քաղաքի քաղաքացիների կողմից։
Իշխանության առաջին տարիներին Բիանկան համագործակցել է ամուսնու հետ` հոր ունեցվածքը վերականգնելու և դքսի պալատը վերականգնելու հարցում։ Ֆրանչեսկոն կրկին մասնակցել է Վենետիկի դեմ պատերազմին։ Միլանում մենակ մնալով՝ Բիանկա Մարիան իրեն նվիրել է դքսության կառավարմանը, ինչպես վկայում է ամուսնու հետ նրա նամակագրությունը, որտեղ արտացոլվել են երեխաների կրթության, պետական գործերի, ֆինանսական դժվարությունների ու ամենօրյա կյանքի վերաբերյալ նրա մտքերը։ Նամակները ցույց են տալիս նաև Բիանկա Մարիայի ինքնավստահ բնավորությունը․ նա չի վարանել հայտնել իր կարծիքը, նույնիսկ եթե այն տարբերվել է ամուսնու տեսակետից։ Նամակներում ներառված են նաև մեղադրանքներ նրա արտամուսնական արկածների վերաբերյալ։
1453 թվականին Պավիայում Բիանկա Մարիան հյուրընկալել է Նեապոլի թագավոր Ռենե Բարիին, որին խնդրել էին իր բանկով միանալ Սֆորցային։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1454 թվականի Լոդիի համաձայնագրի ընդունումից հետո Բիանկա Մարիան իրեն նվիրել է ոչ միայն դիվանագիտությանն ու դքսական մի քանի բնակավայրերի վերականգնմանը, այլ նաև հասարակական աշխատանքներին։ Ամուսնական զույգը Միլանում մեծ հիվանդանոց է կառուցել[6], որտեղ Բիանկա Մարիան ուղղակի օգնություն է ցուցաբերել բազմաթիվ աղքատ կանանց։
1462 թվականին Ֆրանչեսկո Սֆորցան, որը տառապում էր հոդատապից ու այտուցներից, հիվանդացել է։ Կառավարումից նրա հեռանալուց հետո Բիանկա Մարիայի քաղաքական և վարչական կարողությունները թույլ չեն տվել պետությանը փլուզվել Վենետիկի կողմից կազմակերպված խռովություններից հետո։ Նա նաև իրեն արդյունավետորեն դրսևորել է որպես դքսության համառեգենտ։ Բիանկա Մարիան նաև կազմակերպել է Նիկոլոյի որդու՝ Ջակոպո Պիչինինոյի ու Ֆրանչեսկոյի ապօրինի դստեր՝ Դրուսիանայի ամուսնությունը։
Բիանկա Մարիայի համար այս ժամանակահատվածում գլխավոր խնդիրները հարուցել է իր ավագ որդին՝ Գալեացո Մարիան, որի անկայուն և դավաճանական բնավորությունը նրա համար բազում անախորժություններ է առաջացրել։ 1465 թվականի դեկտեմբերի 13-ին մահացել է Բիանկայի մայրը, որից կարճ ժա��անակ անց՝ 1466 թվականի մարտի 8-ին նաև ամուսինը։ Բիանկա Մարիան արագ իր ձեռքն է վերցրել դքսության կառավարումն ու հետ կանչել այդ ժամանակ Ֆրանսիայի թագավորի կողմից կռվող Գալեացոյին, որպեսզի հաջորդի հորը որպես դուքս։ Սկզբում որդին երախտագիտությամբ ու հարգանքով է վերաբերվել մորը, բայց շուտով ագահությունն ու անգթությունը նրան դրդել են ինքնուրույն գործել՝ ընդդեմ Բիանկա Մարիայի խորհուրդների։ Ժամանակի ընթացքում նոր դուքսն իր մորն իջեցրել է ավելի երկրորդական դերի և, ի վերջո, ստիպել նրան լքել Միլանը։ Բիանկա Մարիան տեղափոխվել է Կրեմոնա և ըստ որոշ աղբյուրների՝ մտածել է քաղաքի վերահսկողությունը փոխանցել Վենետիկին և հաճախակի է շփվել Նեապոլի Ֆերդինանդ I-ի հետ, որը նպատակ է ունեցել տապալել Գալեացոյին։
Վերջին օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակառակ իր բոլոր խորհրդականների խորհրդին, Բիանկա Մարիան որոշել է մասնակցել Գալեացոյի ամուսնությանը 1468 թվականի մայիսի 9-ին։ Տոների ավարտին նա ուղեկցել է իր դստերը՝ Իպոլիտային, դեպի Սերավալե Սկրիվիա, որտեղից մեկնել է Կրեմոնա։ Սակայն ճանապարհի կեսին Մելենյանոյում հիվանդացել է։ Բարձր ջերմության պատճառով ստիպված է եղել անկողնում մնալ մինչև օգոստոս, սակայն ինտենսիվ նամակագրություն է պահպանել։ Հոկտեմբերի սկզբին վիճակն ավելի է վատացել, և նույն տարվա հոկտեմբերի 28-ին նա վախճանվել է՝ եղբոր՝ Գալեացոյի խնամքին հանձնելով իր կրտսեր երեխաներին՝ Էլիսաբետային ու Օտավիանոյին։ Հուղարկավորվել է ամուսնու կողքին, Միլանի տաճարում։ Գալեացոյի պատվերով թաղման խոսքը գրվել է հումանիստ Ֆրանչեսկո Ֆիլելֆոյի կողմից։
Նրա մահը կասկածներ է առաջացրել․ ոմանք Գալեացոյին մեղադրել են մորը թունավորելու մեջ։ Ապացուցված է, որ նրա հիվանդության ժամանակ Մելանյանոյում եղել են Գալեացոյի մտերիմներից մի քանիսը, որոնցից մի քանիսը հետագայում ընդգրկվել են թունավորման այլ դեպքերի մեջ[7]։ Ինչպես նշել է Բեռնարդո Կորիոն, Բիանկան «մահացել է ավելի շուտ բնական ապերախտությունից, քան թե թույնից»[փա՞ստ]։
Զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիանկա Մարիան ու Ֆրանչեսկո Սֆորցան ունեցել են ինը երեխա․
- Գալեացո Մարիա (24 հունվարի, 1444 — 26 դեկտեմբերի, 1476), Միլանի դուքս 1466 - 1476 թվականների ընթացքում։
- Իպոլիտա Մարիա Սֆորցա (18 ապրիլի, 1446 — 20 օգոստոսի, 1484), Նեապոլի թագավոր Ալֆոնսո II-ի կինն ու Իզաբելա Արագոնցու մայրը։
- Ֆիլիպո Մարիա (12 դեկտեմբերի, 1449 — 1492), Կորսիկայի կոմս։
- Սֆորցա Մարիա (18 օգոստոսի, 1451 — 29 հուլիսի, 1479), Բարիի դուքս 1464 - 1479 թվականներին։
- Լյուդովիկո Սֆորցա (3 օգոստոսի, 1452 — 27 մայիսի, 1508), Բարիի դուքս 1479 - 1494 թվականներին ու Միլանի դուքս 1494 - 1499 թվականներին։
- Ֆրանչեսկո Գալեացո Մարիա (5 օգոստոսի, 1453/54 — մահացել է մանուկ հասակում)։
- Ասկանիո Սֆորցա (3 մարտի, 1455 — 28 մայիսի, 1505), Շիարավիլի աբբա, Պավիայի, Կրեմոնայի ու Նովարայի եպիսկոպոս ու կարդինալ։
- Էլիսաբետա Մարիա (10 հունիսի, 1456 — 1473), Մոնֆերատի մարքիզ Վիլհելմ VIII-ի երկրորդ կինը․ ունեցել է երկու դուստր՝ Սալուցոյի մարքիզ Լյուդովիկո II-ի կին Ջիովանան ու Մոնֆերատի դքսուհի Բլանշը։
- Օտավիանո Մարիա (30 ապրիլի, 1458 — 1477), Լուգանոյի կոմս, որը ձերբկալությունից փախչելիս ջրասույզ է եղել։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդույթի համաձայն՝ Տարո խաղաթղթերը՝ գոյություն ունեցող ամենահին խաղաթղթերի կապուկներից մեկը, որպես ամուսսնական նվեր 1441 թվականին մատուցվել է Բիանկա Մարիայի հարսանիքին վերջինիս հայրիկի կողմից։ Ահա թե ինչու նրան երբեմն անվանել են «լեդի Տարո»։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Willis, Nathaniel Parker (1839). Bianca Visconti; or, The heart overtasked. New York, NY, USA: S. Coleman. . Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Catalano F. BIANCA MARIA Visconti, duchessa di Milano // Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1968. — Vol. 10.
- ↑ Marina, 2013, էջ 379
- ↑ Marcantonio Sabellico, in his Historiae rerum venetarum ab urbe condita, states that before the marriage, Francesco Sforza assured Bianca Maria that his wars against her father had not reduced his love for her.
- ↑ Bernardino Corio, Mediolanensis Patria historia
- ↑ Piccolomini, Enea Silvio (1614). Commentarii rerum memorabilium, quae temporibus suis contigerunt... [Of things, memorabilia, Commentaries, which happened in their seasons...] (լատիներեն). OCLC 655005136. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
- ↑ 6,0 6,1 «Bianca Maria Visconti - SMU». Bridwell Library, Southern Methodist University. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ One of the most intimate of the Ducal emissaries was one Ambrogio of the Grifi, podestà of Sartirana, who was later accused of having poisoned Ludovico il Moro.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marina, Areli (2013). «The Langobard Revival of Matteo il Magno Visconti, Lord of Milan». I Tatti Studies in the Italian Renaissance. University of Chicago Press. Vol. 16, No. 1/2 September.
{{cite journal}}
:|volume=
has extra text (օգնություն) - Daniela Pizzigalli, La signora di Milano: Vita e passioni di Bianca Maria Visconti, Rizzoli 2000
- Caterina Santoro, Gli Sforza. La casata nobiliare che resse il Ducato di Milano dal 1450 al 1535, Lampi di Stampa 1999
- Lila Jahn, Bianca Maria duchessa di Milano, Milano, Garzanti, 1941
- Winifred Terni de Gregory, Bianca Maria Visconti duchessa di Milano, Bergamo, 1940
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիանկա Մարիա Վիսկոնտի» հոդվածին։ |
|