Պիրոլներ (լատին․՝ Oriolidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայաստանում հայտնի է 1 տեսակ՝ պիրոլը. բնադրող չվող է, քիչ տարածված[1]։
Մարմնի երկարությունը 24 սմ է, թևերի բացվածքը՝ 44-47 սմ, կենդանի զանգվածը՝ 70-85 գ։ Նրբակազմ թռչուն է։ Հասունի կտուցը կարմիր է։ Արուն վառ ոսկեգույն-դեղին է, թևերը, սանձիկը, պոչը՝ սև։ Էգի մարմինը վերևից դեղին-կանաչ է, ներքևից՝ բաց մոխրագույն՝ կանաչ-մոխրագույն խայտերով։ Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից թեփուկանման նախշերով է, կտուցը՝ դարչնագույն։ Կերակրվում է ծառերի կատարին, նախընտրում խիտ սաղարթը։
Ձայնը նման է կատվի մլավոցի, երգը յուրօրինակ սրնգային ելևէջներով է։ Թռիչքն արագ է, ձգձգված ալիքաձև։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։
Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի 1-ին տասնօրյակին։ Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի կեսերից։ Արուների ակտիվ, չափազանց բնորոշ սրնգային երգը լսելի է մայիսի 2-րդ կեսից հուլիսի 2-րդ տասնօրյակի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի երկար։
Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 120-140 մմ)՝ ճյուղից կախված (նման է զամբյուղի), հյուսում են էգը և արուն՝ խոտերից, բուսաթելերից, բրդից։ Որոշակի հակում ունի բույնը թաքցնելու ընկուզենու կամ բարդու խիտ ճյուղերի մեջ։
Ձվերը լրիվ քանակով բներում հայտնվում են մայիսի վերջից, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հունիսի վերջը։ Թխսակալում է առավելապես էգը՝ 13-15 օր, արուն կերակրում է էգին և պաշտպանում բույնը։ Թռիչքին տիրապետող երիտասարդ ձագերը մեծ քանակությամբ հայտնվում են հունիսի վերջից-օգոստոսի սկիզբ։ Աշնանային ուշացած չուն՝ մինչև սեպտեմբերի սկիզբը։ Գունագեղ դեղինի, նուրբ կանաչի և սևի համադրությամբ փետրավորման շնորհիվ հեշտ ճանաչելի է և որոշակի գեղագիտական արժեք է ներկայացնում։ Որսվում է պատահական մարդկանց և որսագողերի կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 309)։
|