Լոռի բերդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի բերդ (այլ կիրառումներ)
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Տեղագրություն | Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան |
Վարչական միավոր | Լոռի Բերդ[1] և Տաշիր-Ձորագետի թագավորություն |
Երկիր | Հայաստան[1] |
Կազմված է մասերից | Միջնաբերդ, Թաղամաս Շահաստան, Արվարձան «Կենտագեղ» և Արվարձան «Ամրակից» |
Կառուցված | 10-րդ դար |
Կառուցող | Դավիթ Անհողին |
Շինանյութ | քար |
Ընթացիկ վիճակ | ավերակներ |
Ընթացիկ սեփականատեր | Հուշարձան 7.44/12 |
Fortress of Lori Վիքիպահեստում |
Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 - 1020 թթ.։
1065-ին Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Բ-ն (1049 - 1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ։ XI - XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել։
1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։ 1562 - 1734 թթ. Լոռին՝ որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926 - 1930 թթ. ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը)։
Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Ուռուտի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիսարևմտյան անկյունում է գտնվում բերդի միակ մուտքը։ Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ, բարձրությունը՝ 20-25 մ։ Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ։ Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել։ Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ։ Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր։ Կառուցվել է նաև գետնուղի, որը ոլորապտույտ ճանապարհով հասել է մինչև Ուռուտ գետն ու ավարտվել աշտարականման կառույցով։ Գաղտնուղու նախնական մոտավոր չափերը՝ լայնությունը 120-130 սմ է եղել, իսկ պահպանված պատերի բարձրությունը տատանվում է 80 սմ-ից մինչև մեկ մետր։ Այն տեղերում, որտեղ ժայռը բացակայել է, շինարարները սալաքարերով արհեստական պատեր են շարել:Գաղտնուղին օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար։
Լոռիում 1966-ից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը։ Պեղվել են XI - XIII դդ. 2 բաղնիք. մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից։ Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով։ Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն առաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով։ Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելա��ած ջուրը հասել է Ձորագետի կիրճը։ Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը։ Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ։ Բնակելի թաղամասում բացված տներից առանձնապես ուշագրավ է մեկը, որի պատերի որմնանկարներն, ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են։ Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր կտուրի տակ առնված գմբեթներով։ Հարավային պատի մեջ դրված միհրաբի քարն ապացույց է, որ այն եղել է մուսուլմանական մզկիթ (XIV - XV դդ.)։ Լոռիի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը։ Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով։
Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճեր, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր։ Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ[2]։
Լոռի Բերդի բրոնզեդարյան մարտակառքը
Ստեփանավանից 3 կմ հյուսիս-արևելք, Լոռի-բերդ գյուղի մոտ, մի գեղատեսիլ սարահարթում են սփռված բրոնզեդարյան և վաղ երկաթի դարյան մշակույթի հարուստ դամբարաններ։ 1971 թվականի ամռանը, այստեղ կատարվեցին պեղումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ դամբարանները կողոպտված էր, քանի որ բացակայում էին ծածկի հսկա սալաքարերը։ Դրանցից մի քանիսը ընկած էին հատակին և իրենց տակ շատ արժեքավոր հնագիտական իրեր էին պահպանում։ Այդ իրերը ներկայացված էին տարբեր տեսակի բոժոժներով, թռչունների արձանիկներով, Ճ տառի ձև ունեցող իրերով, արծաթապատ և զարդարուն կոճակներով,կայնաշեղբ դաշույնով, կաթսայով, ուլունքներով, զարդերով, բրոնզե ժապավեններով, կահույքի մասերով և այլն։ Ուլունքների և այլ զրդերի մեջ երևում էին կարմիր օխրայի մնացորդներ, որով սովորաբար «ներկում էին» ննջեցյալներին։ Դամբարանի անկյուններում հայտնաբերվեցին ձիերի մի քանի գլուխներ ու վերջավորություններ։ Դամբարանի արևելյան կողմում պահպանվել էին գլանաձև փայտերի նմուշներ, որոնք շրջանակված էին բրոնզե ժապավենաձև թիթեղներով։ Այդիսիք պահպանվել էին նաև թռչունների և Ճ-աձևօղակների քանդակների, սեպաձև հիմքերի վրա։ Այս ամենից պարզ է դառնում որ բերդի բրոնզեդարյան ննջեցյալը նշանավոր անձնավորություն է եղել, քանի որ դամբարան է իջեցվել իր մարտակառքով ու ձիերով, բազմաթիվ այլ թանկաժեք իրերով։ Ինրպես երևում է այս ամենից, շատ շքեղ ու բազմաթիվ են եղել ննջեցյալի անձնական իրերը, սակայն այս իրերի մեջ առկա բազմաթիվ եզակի ու թանկարժեք նմուշները կողոպտվել են հնադարյան գանձախույզների կող,ից և նրանց քանակն ու տիպերն անհնար է վերականգնել։ Նմանատիպ դամբարան հայտնաբերվել է նաև Լճաշեն գյուղի մոտ, որը և արտաքին ու ներքին հարդարնքով, և դրանում առկա իրերի տեսակներով և քանակով, և ժամանակագրությամբ, և թաղման ծեսով համապատասխանում է Լոռի Բերդի վերը նկարագրված դամբարանին։ Ուսումնասիրելով դամբարանային հուշարձանները և թաղման համապատասխան արարողությունները հնագետները նշում են, որ դրանց մեջ առկա են նաև խենթական մշակույթի[3] տարրեր, մշակույթ, որի հետ Հայաստանը կապված է եղել բազմաթիվ տեսանելի, բայց ժամանակի ընթացքում անտեսանելի դարձած կապերով։
Մառտակառքի նկարագրությունը
Մառտակառքն իր զույգ ձիերով կանգնած է քառանկյունի, փոքր-ինչ գոգավոր, սնամեջ պատվանդանի վրա, որի կողային չորս պատերն ու հատակը եռանկյունաձև, իսկ վերին մակերեսը` երկարավուն բացվածքներ ունեն։ Պատվանդանի մեջ բրոնզե երկու գնդիկներ կան, որոնք ժամանակին զանգակների դեր են կատարել։ Պատվանդանն իր հերթին ամրացված է խարսխաձև վերջավորությամբզարդարուն ձողի վրա այնպես, որ կարող է պտտվել իր առանցքի շուրջը։ Մոդելի ընդհանուր բարձրությունը, ձողի հետ միասին 18 սմ է, իսկ մարտակառքի ընդհանուր երկարությունը 14 սմ է։ Սա թեթև, փոքրիկ թոփք ունի, որի վրա կանգնած են երկու մարտիկներ։ Թափքը կենտրոնական մասում, ներքևից բարձրանում է կոր առեղը, որի ծայրը ուղղահայացէ և ունի օղակ` սանձերի համար։ Ձիերի ուսամասերում, առեղի երկու կողմերից անջատվող լուծը հենվում է ուղղակի նրանց բաշերի վրա։ Լուծի ծայրերին նույնպիսի օղակներ են, ինչպես առեղի ծայրին, որտեղից սանձերը պիտի անցնեին։ Այս օղակները երկճյուղ են, հայերեն Ճ տառի ձևով և հիշեցնում են նույն դամբարանից հայտնաբերված Ճ-աձև քանդակներն ու Լճաշենի նմանօրինակ իրերը։ Ձիերը նեղիրան են, երկարագանգ, կիսաբաց բերաններով, ցցված եռանկյունաձև ականջներով, շատ բարձր, կանգուն, բաշերով, աչքերը արտահայտված են փասիկներով, պոչերը երկար։ Մարտիկները կանգնած են թափքի երկու կողմերում, իրանով հենված նրա եզրերին, նրանց ոտքերը`ներքևի մասում միանալով, կազմում են մեկական ձող։ Մարտիկներից մեկը կռացած է։ Նրանք ունեն երկար վիզ. դեպի առաջ կռացածը բարձրակատար սաղավարտով է, իսկ մյուսը` գլխաբաց է և ուղիղ կեցվածքով։ Ձիերից առաջ, պատվանդանի կենտրոնական մասից դուրս եկող բարձրադիր ձողի վրա կանգնած է սլացքի մեջ գտնվող արու առյուծի փոքրիկ քանդակ, երկար դնչով, փոքրիկպոչիկով և զույգ աղեղնաձև եղջյուրներով։
Պատկերասրահ
-
Լոռի բերդաքաղաք, միջնաբերդ
-
Լոռի բերդաքաղաք, եկեղեցի
-
Լոռի բերդաքաղաք, բաղնիք
-
Լոռի բերդաքաղաք, բաղնիք
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Б. А. Куфин. Архсолоические раскопки в Триалети, էջ 100; Б. Б. Пиотровский. Археологиа Закавказия. Ереван, 1949, էջ 45; А. А. Мартиросян, Армения в эпоху бронзы и раннего железа, էջ 72-73;
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 662)։ |