Դեկումանուս
Դեկումանուս Decumanus | |
---|---|
Հյուսիսային դեկումանուսը Ջարաշում՝ արևմտյան ծայրից | |
Երկիր | Հին Հռոմ |
Դեկումանուս կամ դեկումանո (լատին․՝ decumanus, տասնորդական), հին հռոմեական կանոնավոր հատակագծված քաղաքներում, ռազմական ճամբարներում և գաղութներում արևելքից արևմուտք ձգվող փողոց, որն ուղղահայաց էր կարդոյին՝ հյուսիսից հարավ ուղղությամբ ձգվող փողոցին[1]։
Անվանման ստուգաբանություն
Դեկումանուս անվանումը կապվում է լեգեոնական ճամբարում տասներորդ կոհորտան իններորդից բաժանող փողոցի «դեկումանա» կամ «դեցիմանա» (լատին․՝ decimana, «տասներորդ») անվանման հետ։
Պատմություն
Հին Հռոմում կանոնավոր հատակագծումն իշխող սկզբունք էր։ Վառ օրինակներ են Պոմպեյ, Տիմգադ, Օստիա քաղաքները։ Քաղաքի գլխավոր փողոցը կոչվել է «Դեկումանուս Մաքսիմուս» (լատին․՝ Decumanus Maximus)[2] կամ առավել հաճախ` պարզապես Դեկումանուս[2]։ Ռազմական ճամբարում այն Պորտա Պրետորիան (թշնամուն ամենամոտ գտնվող դարպասը) միացնում էր Պորտա Դեկումանային (թշնամուց ամենահեռու գտնվող դարպասը)[3][4]։ Մեջտեղում հատվում էր գլխավոր կարդոյի` Կարդո Մաքսիմուսի հետ։ Հատման մոտակայքում էր սովորաբար գտնվում ֆորումը։ Հռոմեական քաղաքների մեծ մասն ուներ ուղղանկյուն հատագիծ և կառուցվում էր Կարդո Մաքսիմուսի և Դեկումանուս Մաքսիմուսի խաչմերուկի շուրջ։
Աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով որոշ քաղաքներում գլխավոր փողոցի դերը կատարում էր դեկումանուսը, իսկ կարդոն հանդես էր գալիս որպես երկրորդական փողոց, սակայն սովորաբար Կարդո Մաքսիմուսը ծառայում էր որպես քաղաքի գլխավոր փողոց։
Կարդոյի և դեկումանուսի շուրջ քաղաքի կառուցումը, որպես քաղաքաշինական սկզբունք, փոխառվել է կաստրումի՝ հռոմեական զինվորական ճամբարի հատակագծումից` կիրառվելով Հին Հռոմի ամբողջ պատմության ընթացքում։ Հռոմի պետական և զինվորական հստակ կացութաձևն իր դասական արտահայտությունն է ստացել ճամբարի կանոնավոր, ռացիոնալ հատակագծման մեջ։ Հարթ տեղանքի վրա խրամատների և հողակույտերի միջոցով պատնեշում էին ուղղանկյուն տարածք, որի առանցքները տեղադրված էին ըստ աշխարհի կողմերի։ Այսպիսի կողմնորոշումը շեշտվում էր փոխուղղահայաց երկու ճանապարհներով (կարդո և դեկումանուս), որոնց հատման հանգույցում հրապարակն էր՝ ընդհանուր ժողովատեղին, վարչական և պաշտամունքային կենտրոնը։ Այստեղ էին զորահրամանատարների, քրմերի վրանները, զորարշավային զոհասեղանը, գանձատները և այլն։ Ճամբարը հատվում էր մի շարք ավելի նեղ փողոցների կանոնավոր ցանցով։ Նվաճված կարևոր տարածքների կենտրոններում կառուցվում էին մշտական ճամբարներ, որոնք Հռոմի տիրապետության պատվարներն էին։ Դրանք արդեն քարաշեն պարսպով, զորանոցներով և այլ շինություններով ամրություններ էին, որոնք բարեկարգ ճանապարհներով կապվում էին մետրոպոլիսներին։ Մշտական ճամբարները, հետզհետե կառուցապատվելով զինվորների ընտանիքների, արհեստավորների և առևտրականների բնակելի տներով՝ դառնում էին նորաստեղծ քաղաքների կորիզը։
Պատկերասրահ
-
Հերկուլանումի Դեկումանուս Մաքսիմուսը
-
Դեկումանուս Մաքսիմուսը Սերդիկայում (ժամանակակից Սոֆիա, Բուլղարիա)` ձախ կողմում երևացող Արևելյան դարպասով
Պահպանված դեկումանուսներ
Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի բազմաթիվ քաղաքներ ծագել են հռոմեական ճամբարներից, և դրանցից շատերում Կարդո Մաքսիմուսն ու Դեկումանուս Մաքսիմուսն այսօր էլ պահպանում են քաղաքի գլխավոր պողոտաների դերն ու գործառույթը։
Հին հռոմեական Բարչինո (ներկայիս Բարսելոնա) քաղաքում Դեկումանուս Մաքսիմուսն սկիզբ էր առնում ուշ հռոմեական շրջանի դարպասի մոտ, որը մինչ այժմ կանգուն է և գտնվում է ներկայիս Պլասա Նովա հրապարակի դիմաց[6]։
Դեկումանուս Մաքսիմուսը պահպանվել է այժմյան Խորվաթիայի Սպլիտ քաղաքում, որտեղ քաղաքի պատմական կենտրոնը հռոմեական հուշարձան Դիոկղետիանոսի պալատի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Դիոկղետիանոս կայսեր կողմից կառուցված այս քաղաքը վառ կերպով ցուցադրում է հռոմեական փողոցներին բնորոշ ուղղանկյուն համակարգը, որում Դեկումանուս Մաքսիմուսը արևմտյան Երկաթե դարպասը կապում է արևելյան Արծաթե դարպասին[7]։
Պորեչ քաղաքի պատմական կենտրոնի 350-400 մ երկարությամբ գլխավոր փողոցը կառուցվել է 1-ին դարում և առ այսօր կրում է Դեկումանուս անվանումը[8]։
Հռոմեական Գադարա` Հորդանանում գտնվող այժմյան Ում Կայս քաղաքում դեկումանուսը մոտ մեկ կիլոմետր երկարությամբ ձգվում է արևելքից արևմուտք։ Պահպանվել է նույնիսկ հնագույն սալահատակը[9]։
Մեկ այլ վառ օրինակ է դեռևս Աստվածաշնչից հայտնի 1500 մետր երկարությամբ Ուղիղ փողոցը` Վիա Ռեկտան, Դամասկոսում, որն անցնում է քաղաքի պատմական կենտրոնով` միացնելով արևելյան և արևմտյան դարպասները։ Հին դեկումանուսի արևմտյան հատվածն այժմ Դամասկոսի հայտնի «Միդհատ փաշա» շուկան է։
Բեյրութի Կենտրոնական գործարար թաղամասում գտնվող Վեյգան փողոցը ձգվում է արևելքից արևմուտք` առ այսօր հետևելով հին հռոմեական դեկումանուսի հետագծին[10]։
Ֆլորենցիայում դեկումանուսը պահպանվել է քաղաքի հին կենտրոնում գտնվող Վիա Ստրոցցի, Վիա Սպեցիալի և Վիա դել Կորսո փողոցների տեսքով։ Թեև այս փողոցներն ունեն տարբեր անվանումներ, դրանք մեկ շարունակական գիծ են կազմում։ Հռոմեական ժամանակներում այս երեք փողոցները կազմում էին հռոմեական գաղութ Ֆլորենտինայի դեկումանուսը։ Վիա Ռոման և Վիա Կալիմալան առաջացել են հին կարդոյից, իսկ այն, ինչ ժամանակին Ֆլորենցիայի ֆորումն էր, այժմ Պյացա դելա Ռեպուբլիկա հրապարակն է։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ John E. Stambaugh (1988 թ․ մայիսի 1). The Ancient Roman City. JHU Press. էջեր 283–. ISBN 978-0-8018-3692-3.
- ↑ 2,0 2,1 The City Walls of Pompeii: Perceptions and Expressions of a Monumental Boundary by Ivo van der Graaff, M.A. Dissertation. Graduate School of The University of Texas, p. 90
- ↑ Christoph F. Konrad (2004). Augusto Augurio: Rerum Humanarum Et Divinarum Commentationes in Honorem Jerzy Linderski. Franz Steiner Verlag. էջեր 126–. ISBN 978-3-515-08578-6.
- ↑ Alan Kaiser (2011 թ․ հոկտեմբերի 14). Roman Urban Street Networks: Streets and the Organization of Space in Four Cities. Taylor & Francis. էջեր 160–. ISBN 978-1-136-76006-8.
- ↑ «Decumanus Colonnade Street Petra». Madain Project. Վերցված է Օգոստոսի 15, 2018 թ.-ին.
- ↑ William E. Mierse (1999 թ․ նոյեմբերի 6). Temples and Towns in Roman Iberia: The Social and Architectural Dynamics of Sanctuary Designs, from the Third Century B.C. to the Third Century A.D. University of California Press. էջ 79. ISBN 978-0-520-91733-0.
- ↑ C.Michael Hogan, "Diocletian's Palace", The Megalithic Portal, ed .A. Burnham, Oct. 6, 2007
- ↑ Decumanus | Attractions in Porec, Croatia - Time Out
- ↑ Ivan Mannheim, Jordan Handbook: The Travel Guide, 2000. Footprint Travel Guides, 404 pages, 1-900949-69-5
- ↑ Mannheim, Ivan. Syria & Lebanon Handbook: the Travel Guide, page
Գրականություն
- Okko Behrends, Luigi Capogrossi Colognesi (Hrsg.): Die römische Feldmesskunst. Interdisziplinäre Beiträge zu ihrer Bedeutung für die Zivilisationsgeschichte Roms. Vandenhoeck und Ruprecht, Göttingen 1992, ISBN 3-525-82480-7
- Oswald Ashton Wentworth Dilke: The Roman land surveyors. An introduction to the Agrimensores. Hakkert, Amsterdam 1992, ISBN 90-256-1000-5. Neudruck der Ausgabe Newton Abbot 1971.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 316)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դեկումանուս կատեգորիայում։ |