Jump to content

Շպանագելի քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:23, 19 Մայիսի 2024 տարբերակ, Ապատ63 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շպանագելի քարանձավ
Spannagel Cave
Տեսակդահլիճային քարանձավ
ԵրկիրԱվստրիա
ՎարչատարածքՏիրոլի նահանգ
ՎայրՑիլերտարյան Ալպեր
Աշխարհագրական
տեղադրություն
Կաղապար:47.08028
ԲԾՄ2521 m
Երկարություն10 կմ
Մուտքերի քանակ1
Պահպանման տարածքբնության հուշարձան
Նյութկրաքարային
ՁևավորումՅուրայի ժամանակաշրջան
Հայտնաբերման տարի1919 թվական
ՀայտնաբերողԱլոիս Հոթեր
Անվանված էի պատիվ դոկտոր Ռուդոլֆ Շպանագելի
Այցելուների հասանելիությունմինչև 500 մ խորություն
Լուսավորությունէլեկտրական
Քարտեզ
Քարտեզ

Շպանագելի քարանձավ (գերմ.՝ Spannagelhöhle ), դահլիճային քարանձավ Հինտերտուքսի մոտ, Ցիլերտարյան Ալպերում, Ավստրիայի Տիրոլ նահանգում։ Ներկայումս ուսումնասիրված է քարանձավի մինչև 10 կիլոմետր հատվածը, բայց Էքսկուրսիաների համար թույլ են տալիս մուտք գործել մինչև 500 մետր խորությունը։ Քարանձավի մուտքը գտնվում է Ավստրիական Շպանագելհաուս լեռնային տուրիստական բազայի մոտ՝ 2531 մ բարձրության վրա։ Մուտքի մոտ կաառուցվել է լեռնային խրճիթ, որը նախկինում պատկանում էր Ավստրիական տուրիստական ակումբին (ÖTK): Քարանձավն ու խրճիթը կրում են դոկտոր Ռուդոլֆ Շպանագելի անունը, ով 1902-1904 թվականներին ÖTK-ի նախագահն էր, և առաջինն էր հայտնաբերել քարանձավի մուտքը։

Երկրաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զիլետարյան Ալպերի քարտեզը

Ցիլերտարյան Ալպերի մեծ մասը կազմված է բյուրեղային կառուցվածք ունեցող ապարներից, պլուտոններից և մետամորֆային ապարներից, որոնք այնքան էլ չեն նպաստում քարանձավների ձևավորմանը։ Այստեղ բացառություն են կազմում կարստացման ենթակա ապարները, որոնցից են կրաքարը, դոլոմիտը, գիպսը և այլ կարբոնատները։ Դրանք ձևավորում են կարստային սեպաձև «գրպաններ», որոնք բավականին նեղ են և առաջացնում են փոքր անձավներ։ Քարանձավների առաջացմանը նաև նպաստում է ջրի բարձր լուծելիությունը։ Շպանագելի քարանձավը ձևավորվել է Յուրայի ժամանակաշրջանում, կալցիտային մարմարի հզոր երակի շրջանում։ Քանի որ մարմարի մեջ կարբոնատի պարունակությունը գերազանցում է 90%-ը, ստորերկրյա ջրերի կատարած քայքայիչ աշխատանքի՝ սուֆոզիայի, արդյունքում ձևավորվել է ընդարձակ դահլիճ, որն արևմուտքում առաջացնում է թերթաքարային ապարներից կազմված դատարկություն՝ Արևմտյան Թաուերն կոչվող պատուհանը։ Շպանագելի քարանձավի հետագա ձևավորմանը նպաստել են երկրաբանական գործընթացները, հողմահարումը և սեյսմիկ ակտիվությունը։ Քարանձավին բնորոշ է ուժեղ օդափոխությունը և խոնավությունը, հանդիպում են ջրվեժներ։ Շատ դատարկություններում հանդիպում են սիֆոններ, որտեղ կարելի է մուտք գործել միայն ստորջրյա ճանապարհներով։ Շպանեգել քարանձավային համակարգն սկսում է Գեֆրորնե-Վանդ-Կեես սառցադաշտից և հասնում մինչև Լէրմշտանգի սառցադաշտ՝ ունենալով մոտ 10 կմ ձգվածություն։ Գտնվելով 2521 մ-2686 մ բարձրության վրա, այն համարվում է Եվրոպայի ամենաբարձրադիր քարանձավը (ըստ Ե. Ջեյկոբիի հետազոտության, 1977 թվական)[1]։

Հողմահարման արդյունքում քարանձավում ձևավորվել են էրոզիոն հովիտներ, հանդիպում են գունավոր և գծավոր մարմարի մերկացումներ, գեղեցիկ բյուրեղներ, ինչի շնորհիվ քարանձավը դասվում է գեղեցիկ և յուրահատուկ քարանձավների շարքին[2]։

Հայտնագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի մուտքը հայտնաբերել է Շպանագելի լեռնային խրճիթի սեփականատեր Ալոիս Հաթերը և անվանել «սարսափի խորշ»։ Եվ ինչպես մյուս լեռնաբնակները, նա այդ խորշն օգտագործում էր որպես աղբահոր[3]։ Ռուդոլֆ Ռադիլովիչը առաջինն էր, ով 1960 թվականին ուսումնասիրեց քարանձավի մուտքի հատվածը(գերմ.՝ Hauptgang), ստորջրյա մուտքը (գերմ.՝ Wassergang) և դրանք միավորող դահլիճները (գերմ.՝ Halle der Vereinigung):

Շպանագել լեռնային խրճիթը

Հաջորդ տարի Մաքս Հ. Ֆինքը ուսումնասիրեց քարանձավի արդեն հայտնի մասը և հայտնաբերեց քարանձավային լաբիրինթոս։ 1964 թվականին Ավստրիայի Հուշարձանների պահպանության դաշնային կոմիտեի (գերմ.՝ Bundesdenkmalamt) կողմից քարանձավը ճանաչվեց բնության հուշարձան՝ ընդգծելով նրա գիտական նշանակությունը։ 1968 թվականին Վալտեր Կնեզիչեկը և Գյունթեր Ջ. Վոլֆը հայտնաբերեցին ևս 2 դահլիճներ, որոնք տանում էին ներքև՝ դեպի 18 մ ցած գտնվող ստորգենտյա թունելը։ Այդ թունելը հետագայում հայտնի դարձավ Շրաուբենի կիրճ («գերմ.՝ Screw Canyon») անունով։ 1970 թվականին Հաննես Ջոդլը հայտնաբերեց «Փոստարկղ» կոչվող դահլիճը (գերմ.՝ Postkastl), որը, ինչպես հետագայում պարզվեց, Շպանագելի քարանձավի շարունակությունն էր։ Գյունթեր Ջ. Վոլֆն առաջինն էր, որ լեռնագնացների 7 հոգանոց խմբով ոտք դրեց այդ դահլիճ։

Շրաուբենի կիրճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1975 թվականներին Ավստրիայի Պետական անձավագիտական ակումբը Տիրոլում իրականացրել է 4 հետազոտական արշավ՝ հասնելով մինչև Գնեյսբախ գետի ակունքներին։ 1975 թվականին, անձավագիտական հետազոտական շաբաթվա շրջանակներում Լյուքսեմբուրգի անձավագետների խմբի կողմից ևս իրականացվել են հետազոտություններ։ Է. Յակոբի, Մ. Մելլերի, Գ. Մուչլեհների և Բ. Շմիտցի կողմից ուսումնասիրվել է Հյոլենբահ գետի հովիտը և ակունքները։ Գետի գունավորումը ցույց տվեց, որ Հյոլենբահ գետը սկիզբ է առնում քարանձավից և երկրի մակերևույթ է դուրս գալիս 1980 մ բարձրության վրա՝ Վալդեբեն ժայռից հարավ։ Հետագայում, գետի գունավորման մեթոդով նրանք հայտնաբերեցին Շպանագելի քարանձավին զուգահեռ ձգվող Շնեֆլեք քարանձավը։ 1976 թվականին Ումկեհրհալե դահլիճում անձավագիտական խումբը հիմնեց բիվակ՝ վայր, որտեղ ակտիվարշավային երթուղու ընթացքում լեռնագնացների խումբը տեղավորվում է՝ հանգստի կամ գիշերակացի նպատակով։ Մոտ 50 ժամ տևած էքսպեդիցիայի արդյունքում Է. Յակոբի արշավախումբը հայտնաբերեց Շպինենգանգ քարանձավի մուտքը, Մուչլեհներ-Դոմ քարանձավը և Շացկամեր դահլիճը։ 1978 թվականին Ֆ. Մայբերգերի և Վ. Մայերի արշավախումբը հասավ քարանձավի ծայր արևմտյան հատվածին՝ Բաուհբադ դահլիճ։ 1984 թվականին Տիրոլի անձավագետների ակումբի գերմանացի անդամները Կ. Կավելիուսի գլխավորությամբ հետազոտեցին քարանձավի հարավային թևը։ 1987-1988 թվականների ընթացքում քարանձավի մուտքը մաքրվել և բացվել է։ Այժմ Շպանագելի քարանձավը ոչ միայն բնության հուշարձան է, այլև՝ թոքային հիվանդությունների բուժման հայտնի կենտրոն։ Քարանձավի արևելյան հատվածում ստեղծվել է թանգարան, որտեղ ցուցադրվում են քարանձավի տարածքից հայտնաբերված հետաքրքիր ապարանմուշները, բյուրեղները, ֆլորայի և ֆաունայի նմուշները[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «15 Best Caves in The Alps: Map, List, and Photos». Inspirock (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.(չաշխատող հղում)
  2. «DEUTSCH-MENU». Spannagelhöhle (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Infrastruktur - Spannagelhaus 2.531 m». www.tux.at (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Cookie-Information». www.hintertuxergletscher.at. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]