Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուշեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորիկ (Նորայր) Թագվորի Մուշեղյան (նոյեմբերի 2, 1935(1935-11-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2011(2011-12-23)[2], Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային ըմբիշ, հայաստանցի աշխարհի առաջին չեմպիոն (1958) և գավաթակիր[3]։ 1986 թվականին հիմնել է «Զորավար Անդրանիկ» համազգային միությունը։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1963), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1967), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1980), ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և գավաթակիր (1958), ԽՍՀՄ չեմպիոն (1958-1959), ԽՍՀՄ ժողովուրդների II սպարտակիադայի հաղթող (1959), համամիութենական կարգի մրցավար (1974)։
Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1957)։ 1966 թվականից Երևանում կազմակերպված օլիմպիական ռեզերվի ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցի տ��օրենն է։ 1968 թվականին մարզել է ազատ ըմբշամարտի ԽՍՀՄ օլիմպիական հավաքականը։ 1971-1974 թվականներին եղել է Աֆղանստանի ըմբշամարտի ազգային օլիմպիական թիմի մարզիչ (թիմը մասնակցել է Մյունխենի օլիմպիական խաղերին, 1972)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1961 թվականին նրա պատվին հիմնադրվեց ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցը, որը նա երկար տարիներ ղեկավարում էր։
Նորայր Մուշեղյանին շնորհվել է վաստակավոր մարզչի, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ, եղել է ԽՍՀՄ-ի և Աֆղանստանի հավաքականների ավագ մարզիչը։ Արժանացել է ԽՍՀՄ «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների և բազմաթիվ այլ պարգևների[4]։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 82)։
|