Միավորված ազգերի կազմակերպության պատմություն
Միավորված ազգերի կազմակերպության պատմությունը որպես միջազգային կառույց ծագում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից։ Դրանից հետո նրա նպատակներն ու գործունեությունը ընդլայնվեցին` այն 21-րդ դարի սկզբի միջազգային մարմնի նախատիպը դարձնելու համար։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգերի լիգան Երկրորդ համաշխարհային պատերազմը կանխել չկարողանալու պատճառով դադարեցրեց իր գործունեությունը։ Նոր կազմակերպություն հիմնելու հստակ պլան ստեղծելու գաղափար կար դեռևս 1939 թվականից՝ ԱՄՆ-ի պետդեպարտմենտի պաշտպանության ներքո[1]։ 1941 թվականի հունիսի 12-ին Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավաֆրիկյան Միության ներկայացուցիչները, Բելգիայի, Չեխոսլովակիայի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի և Յուգոսլավիայի աքսորված իշխանությունները, ինչպես նաև ֆրանսիացի գեներալ Շառլ դը Գոլը հանդիպեցին Լոնդոնում և ստորագրեցին Սուրբ Ջեյսմի պալատի հռչակագիրը։ Սա վեց կոնֆերանսներից մեկն էր, որը հանգեցրեց Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրմանը և ՄԱԿ-ի կանոնադրության ստեղծմանը[2]։
«Միավորված ազգեր» անվանումն առաջինը առաջարկել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին՝ 1941 թվականի դեկտեմբերին Սպիտակ տան երեքշաբաթյա այցի ժամանակ։ 1944 թվականին Վաշինգտոնում Չինաստանի, Սովետական Միության, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկումներից հետո՝ մի տարի անց 50 երկրների պատվիրակներ հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ Միավորված ազգերի՝ միջազգային կազմակերպության ստեղծմանը նվիրված հանձնաժողովում։ Այստեղ մշակվեց ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որը ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին (Լեհաստանը, որը ներկա չէր համաժողովում, Կանոնադրությունը ստորագրեց ավելի ուշ՝ դառնալով հիմնադիր 51 պետություններից մեկը)վ[3]։
1942 թվականի ՄԱԿ-ի հռչակագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրի» տեքստը մշակվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի և Ռուզվելտի օգնական Հարրի Հոպկինսի կողմից 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։ Առաջին անգամ այն օգտագործվել է Միավորված ազգերի 1942 թվականի հունվարի 1-ի հռչակագրում, որով 26 երկրներ պարտավորվում էին միասնաբար պայքարել ֆաշիստական տերությունների դեմ։ Ատլանտյան խարտիայի հիմնական փոփոխություններից էր կրոնի ազատությունը, որը Ստալինը Ռուզվելտի պնդումներից հետո ընդունեց[4][5]։ 1945 թվականի սկզբին հռչակագիրը ստորագրեց ևս 21 երկիր[6]։
Կանոնադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի հիմնարար փաստաթուղթը Կանոնադրությունն է[7], որով սահմանվում են անդամ երկրների իրավունքներն ու պարտականությունները և հաստատվում են ՄԱԿ-ի հիմնական մարմիններն ու ընթացակարգերը։ Լինելով միջազգային պայմանագիր՝ Կանոնադրությունը կանոնակարգում է միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները՝ երկրների ինքնիշխան հավասարությունից մինչև միջազգային հարաբերություններում Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ ուժի գործադրման արգելքը[3]։
Կանոնադրությունը բաղկացած է նախաբանից և 19 գլուխների մեջ ներառված 111 հոդվածներից։ Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտ 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև)։ Կանոնադրության նախաբանը՝
Մենք՝ Միավորված ազգերի ժողովուրդներս,
լի վճռականությամբ
փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության և արժեքի, տղամարդու և կնոջ, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեն արդարությունն ու դաշինքներից և միջազգային իրավունքի այլ աղբյուրներից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, և ավելի մեծ ազատության պայմաններում խթանել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումը[8]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)WE THE PEOPLES OF THE UNITED NATIONS DETERMINED
- to save succeeding generations from the scourge of war, which twice in our lifetime has brought untold sorrow to mankind, and
- to reaffirm faith in fundamental human rights, in the dignity and worth of the human person, in the equal rights of men and women and of nations large and small, and
- to establish conditions under which justice and respect for the obligations arising from treaties and other sources of international law can be maintained, and
- to promote social progress and better standards of life in larger freedom.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Townsend Hoopes and Douglas Brinkley, FDR and the Creation of the U.N. (1997) pp 1-55
- ↑ «1941: The Declaration of St. James' Palace». United Nations. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ 3,0 3,1 «Հիմնարար Փաստեր» Միավորված ազգերի կազմակերպության մասին. ՄԱԿ-ի հանրային վարչություն. 2013. էջ 21-23. «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, կառուցվածքը և համակարգը։»
- ↑ David Roll, The Hopkins Touch: Harry Hopkins and the Forging of the Alliance to Defeat Hitler (2013) pp 172-75
- ↑ Robert E. Sherwood, Roosevelt and Hopkins, An Intimate History (1948) pp 447-53
- ↑ Edmund Jan Osmańczyk (2003). Encyclopedia of the United Nations and International Agreements: T to Z. Taylor & Francis. էջ 2445. ISBN 9780415939249.
- ↑ «The Charter of the United Nations was signed on 26 June 1945, in San Francisco, at the conclusion of the United Nations Conference on International Organization». United Nations. Վերցված է 2016-ին.
- ↑ «ՄԱԿ-ի Կանոնադրություն, նախաբան, 19 գլուխ և 111 հոդված» (PDF). Միավորված ազգերի կազմակերպություն, Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016-ին.