Jump to content

Ամիլոիդոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:02, 5 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ամիլոիդոզ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա, սրտաբանություն և արյունաբանություն
 Amyloidosis Վիքիպահեստում

Ամիլոիդոզ (անգլ.՝ Amyloidosis), հիվանդությունների խումբ, որը բնութագրվում է հյուսվածքներում ոչ նորմալ սպիտակուցի՝ ամիլոիդի ֆիբրիլների կուտակմամբ[1]։ Հիվանդության ախտանշանները կախված են ամիլոիդի տեսակից և հաճախ բավականին բազմազան են[2]։ Ախտանշաններն են՝ հոգնածություն, քաշի կորուստ, կանգնելիս աչքերի առաջ մթագնում (օրթոստատիկ հիպոտենզիա, կոլապս), թմրածության զգացողություն, դիարեա, արյունահոսություն, ոտքերի այտուց, լեզվի մեծացում, սպլենոմեգալիա (փայծաղի մեծացում)[2]։

Կան ամիլոիդոզի մոտ 30 տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը որևէ յուրահատուկ սպիտակուցի սխալ ֆոլդինգի արդյունք է[3]։ Դրանցից որոշները ժառանգական են, մյուսները՝ ձեռքբերովի[4]։ Ամիլոիդոզը լինում է տեղային և համակարգային։ Համակարգային ամիլոիդոզի չորս առավել տարածված տեսակներն են՝ թեթև շղթաներով (AL), բորբոքային (AA), դիալիզային (Aβ2M), ծերունական (ATTR)[2]։ Ախտորոշումը հավանական է, երբ մեզում հայտնաբերվում է սպիտակուց, առկա են օրգանների մեծացումներ կամ բազմաթիվ պերիֆերիկ նյարդերի ախտահարումներ առանց ակնհայտ պատճառի[2]։ Վերջնական ախտորոշումը դրվում է հյուսվածքների բիոպսիայի և հաջորդող հյուսվածաբանական հետազոտության հիման վրա։ Ախտանիշների բազմազանության պատճառով լիարժեք վերջնական ախտորոշումը հաճախ պահանջում է որոշակի ժամանակ[4]։

Բուժումն ուղղված է ոչ նորմալ ամիլոիդ սպիտակուցի քանակի նվազեցմանը։ Երբեմն սա կարող է կատարվել հիմնական պատճառի հայտնաբերմամբ և բուժմամբ։ Առանց բուժման կյանքի տևողությունը վեց ամսից մինչև չորս տարի է[2]։ Զարգացած երկրներում ամիլոիդոզով 1000 հիվանդներից մեկը մահանում է[4]։

Մաշկի փոփոխությունները ամիլիոդոզի դեպքում՝ հիպեր- և հիպոպիգմենտացիայի բծեր (A) ոտքերին, (B) իրանին, (C) կոնքի շրջանում, (D) բշտեր ձեռքերին։

Պատմական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիլոիդ անվանումը տվել է Ռ. Վիրխովը, որը նշել է, որ յոդը ներկում է այն նարնջադարչնագույն, իսկ ծծմբական թթվով հաջորդող մշակումը դարձնում է ամիլոիդը երկնագույնից մինչև մանուշակագույն։ Քանի որ օսլան (լատին․՝ amylum) նույնպես ներկվում է նման ձևով, այդ նյութն անվանվեց ամիլոիդ, ինչը նշանակում է «օսլայի նման»։ Ամիլոիդոզը որպես հիվանդություն առաջին անգամ նկարագրվել է Կ. Ռոկիտանսկու կողմից 1844 թ.-ին, որն անվանեց այդ գործընթացը «ճարպաձև փոփոխում» (անգլ.՝ lardaceous change)։ «Ամիլոիդոզ» անվանումն այսօր արդեն համապատասխան չէ հիվանդության էությանը, քանի որ ամիլոիդը և օսլան քիմիապես խիստ տարբեր են։ Այնուամենայնիվ հիվանդության էությունը չարտահայտող, սակայն ավանդաբար ընդունված «ամիլոիդոզ» անվանումը, ըստ երևույթին, հավերժ գրանցում է ստացել բժշկական բառապաշարում։

4 տարեկան երեխայի մոտ ամիլոիդոզ լյարդում և փայծաղում (Sheffield), ասցիտ (1911)
AL ամիլոիդոզի դեպքում մաշկի ախտահարման դասական կլինիկական արտահայտությունները, հարակնային ենթամաշկային արյունազեղումներ

Հաճախականություն և համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիլոիդոզի հանդիպման առավել մեծ հաճախականություն նկարագրվում է Իսպանիայում և Պորտուգալիայում՝ կազմելով հերձման դեպքերի մոտ 1.5 %-ը, իսկ ամիլոիդոզի առավել ցածր հաճախականություն նկարագրվում է Ճապոնիայում՝ 0.1 %։ Բնակչության կյանքի տևողության երկարացումը հանգեցնում է ամիլոիդոզի հաճախականության հարաճող բարձրացմանը։ Նույնիսկ այսպիսի արտահայտություն կա, որ յուրաքանչյուր մարդ կհասնի իր ամիլոիդոզին, եթե բավականին երկար ապրի։

АL ամիլոիդոզը զարգանում է տարեկան մոտ 3-13/1 մլն հաճախականությամբ, АА-ն՝ 2/1 մլն հաճախականությամբ։ Այս երկու տեսակների դեպքում հիվանդության սկիզբը հիմնականում լինում է 55-60 տարեկանում։ Արևմուտքում AL ամիլոիդոզը կազմում է ամիլոիդոզի բոլոր դեպքերի 90%-ը[5]։ ԱՄՆ-ի տվյալներով յուրաքանչյուր տարի գրանցվում են AL ամիլոիդոզի 1,275-ից 3,200 նոր դեպքեր[6]։

Զարգացող երկրներում ամիլոիդոզի ամենատարածված տեսակը AA-ն է, և այն կարող է բարդացնել քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են տուբերկուլյոզը, օստեոմիելիտը, բրոնխոէկտատիկ հիվանդությունը։ Արևմուտքում AA-ն ծագում է հիմնականում աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդություններից հետո[6], ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, աղիների բորբոքային հիվանդությունները, փսորիազը և ընտանեկան միջերկրածովային տենդը (որը հայտնի է հայերի շրջանում նաև որպես պարբերական կամ երևանյան հիվանդություն

Երկար տարիներ հեմոդիալիզով բուժվող հիվանդների (14–15 տարի) մոտ ամիլոիդոզ կարող է զարգանալ HLA 1 կոմպլեքսի թեթև շղթաների կուտակման պատճառով, որոնք նորմայում ֆիլտրվում են երիկամներով[7]։

Նորմալ տրանսթիրետինի դեպոզիտներով պայմանավորված ծերունական ամիլոիդոզը հայտնաբերվում է 80-ն անց մարդկանց շուրջ 10–36%-ի մոտ, հատկապես սրտում[7]։

Ախտանիշներ և ախանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիլոիդոզի կլինիկական պատկերը խիստ բազմազան է՝ կախված ամիլոիդի կուտակման տեղից։ Երիկամները և սիրտը ամենահաճախ ախտահարվող օրգաններն են։

Ամիլոիդի կուտակումը երիկամներում կարող է հանգեցնել նեֆրոտիկ համախտանիշի, որը զարգանում է երիկամների՝ սպիտակուցը «պահելու» կարողության նվազման և արդյունքում սպիտակուցի դուսբերման պատճառով։ Նեֆրոտիկ համախտանիշը զուգորդվում է երիկամների վնասման երկու բիոքիմիական մարկերների՝ կրեատինինի և միզանյութի մակարդակների՝ արյան մեջ բարձրացմամբ կամ առանց փոփոխությունների[6]։ АА ամիլոիդոզի դեպքում երիկամները 91-96% դեպքերում ախտահարված են[7], դրսևորումները տարբերվում են մեզում սպիտակուցի առկայությունից մինչև նեֆրոտիկ համախտանիշ և երիկամային անբավարարություն։

Ամիլոիդի կուտակումը սրտում կարող է հանգեցնել և՛ դիաստոլիկ, և՛ սիստոլիկ սրտային անբավարարության։ Կարող են լինել ԷՍԳ փոփոխություններ՝ ցածրալիք ատամիկների առաջացում, հաղորդչականության խանգարումներ, ինչպես օրինակ ատրիովենտրիկուլյար կամ սինոատրիալ պաշարում։ Էխոկարդիոգրաֆիայով հայտնաբերվում է սրտամկանի սահմանափակ արյունալեցում, պահպանված կամ չնչին փոփոխված սիստոլիկ դիսֆունկցիայով[6]։ АА ամիլոիդոզը հիմնականում «խնայում» է սիրտը[7]։

Ամիլոիդոզով հիվանդները չեն ունենում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ, սակայն կարող են ունենալ զգացող կամ աուտոնոմ (ինքնավար) նյարդերի վնասումներ (պոլինեյրոպաթիաներ)։ Զգացող նեյրոպաթիաները զարգանում են սովորաբար սիմետրիկ՝ դիստալից պրոքսիմալ կերպով։ Ինքնավար նյարդերի վնասումները կարող են հանգեցնել օրթոստատիկ հիպոտ��նզիայի։ Ախտանիշները կարող են զարգանալ նաև աստիճանաբար՝ սկսվելով ոչ սպեցիֆիկ ստամոքսաղիքային նշաններից, ինչպես օրինակ սրտխառնոց, փորկապություն, վաղ հագեցում, և այլն[8]։

Ամիլոիդի կուտակումը լյարդում կարող է հանգեցնել շիճուկային ամինոտրանսֆերազների և հիմնային ֆոսֆատազի մակարդակների բարձրացման, որոնք լյարդի վնասման բիոքիմիական մարկերներ են։ Վերջինս հանդիպում է հիվանդների մոտ մեկ երրորդի մոտ[7]։ Լյարդի մեծացումը հաճախ է հանդիպում։ Ի հակադրություն սրան, փայծաղի մեծացումն ավելի հազվադեպ է հանդիպում՝ հիվանդների մոտ 5%-ի մոտ։ Փայծաղի դիսֆունկցիան, որը հանգեցնում է արյան քսուկում Հոուել-Ջոլլիի մարմնիկների առաջացման, հանդիպում է հիվանդների մոտ 24%-ի մոտ[8]։ Մալաբսորբցիան (աղիներում սննդանյութերի ներծծման խանգարումներ) նկարագրվում է AL ամիլոիդոզի մոտ 8.5% և AA ամիլոիդոզի 2.4% դեպքերում։ Մալաբսորբցիայի հնարավոր մեխանիզմներից մեկը ամիլոիդի կուտակումն է աղիքային միկրոթավիկների կատարներում (մատների նման ելուններ, որոնք մեծացնում են աղիներում սննդանյութերի ներծծման մակերեսը), որը հանգեցնում է թավիկների ախտահարման, և զարգանում է սպրու հիշեցնող պատկեր[7]։

Հազվադեպ դրսևորումներից է արյունահոսությունների զարգացումը, ինչպես նաև աչքերի շուրջ արյունազեղումների զարգացումը․ այս սիմպտոմն անվանվել է «ջրարջի աչքեր»։ Արյունահոսությունները պայմանավորված են անոթների պատերում ամիլոիդի կուտակմամբ և թրոմբինի և մակարդման X գործոնի ակտիվության նվազմամբ ամիլոիդի հետ կապման պատճառով[6]։

Ամիլոիդը, կուտակվելով հյուսվածքներում, հանգեցնում է նրանց կառուցվածքային տարրերի մեծացման։ AL ամիլոիդոզով հիվանդների 20%-ի մոտ նկարագրվում է լեզվի մեծացում (մակրոգլոսիա), ինչը կարող է հանգեցնել քնի օբստրուկտիվ ապնոէի, կուլ տալու դժվարության (դիսֆագիա), խանգարված համային զգացողության (դիսգևզիա)[7]։ Լեզվի մեծացում չի հանդիպում ATTR կամ AA ամիլոիդոզների դեպքում[6]։ Ուսերի մեծացումը, որը հայտնի է որպես «ուսաբարձիկի» նշան, պայմանավորված է սինովիալ տարածությունում ամիլոիդի նստեցմամբ։ Կոկորդում ամիլոիդի դեպոզիտների զարգացումը պայմանավորում է ձայնի խռպոտության զարգացումը[6]։ Aβ2MG ամիլոիդոզի (հեմոդիալիզ-կապակցված ամիլոիդոզ) դեպքում ամիլոիդը կուտակվում է նաև սինովիալ հյուսվածքում՝ առաջացնելով սինովիտ, ինչը կարող է հանգեցնել կարպալ (դաստակային) թունելի համախտանիշի զարգացման[7]։

Ներզատիչ գեղձերից համեմատաբար հաճախ ախտահարվում են վահանագեղձը և մակերիկամները։ Ամիլոիդոզով հիվանդների 10–20%-ի մոտ նկարագրված է հիպոթիրեոզի զարգացում։ Մակերիկամային անբավարարությունը դժվար է գնահատել, քանի որ օրթոստատիկ հիպոտենզիան և շիճուկային նատրիումի ցածր կոնցենտրացիան կարող են պայմանավորված լինել նաև ինքնավար նյարդային համակարգի ախտահարմամբ և սրտային անբավարարությամբ[6]։

«Ամիլոիդի դեպոզիտները հայտնաբերվում են ենթաստամոքսային գեղձում շաքարային դիաբետով հիվանդների մոտ, չնայած որ հայտնի չէ՝ արդյոք այն ֆունկցիոնալ առումով կարևոր է, թե ոչ։ Պանկրեատիկ ամիլոիդի հիմնական բաղադրյալը 37 ամինաթթվից կազմված կղզյակային պոլիպեպտիդ է՝ հայտնի ամիլին անվանմամբ։ Այն կուտակվում է ինսուլինի հետ միասին ենթաստամոքսային գեղձի ß բջիջների սեկրետոր գրանուլներում» (Ռանգ և Դեյլ, Ֆարմակոլոգիա, 2015)։

Հազվադեպ ամիլոիդի կուտակումները այնքան են մեծանում, որ նկարագրվում են որպես ամիլոիդոմա՝ ամիլոիդային օջախ, որը մակրոսկոպիկ նկարագրվում է որպես հյուսվածքի ոչ նորմալ զանգված։

Ամիլոիդոզի դասակարգումը նախկինում հիմնված էր կլինիկական պատկերի վրա։ Սկսած վաղ 1970-ական թվականներից առաջ քաշվեց կոնկրետ ամիլոիդային սպիտակուցի տեսակի վրա հիմնված դասակարգման գաղափարը։ Տարբեր դասակարգման սխեմաներ առաջ քաշվեցին՝ հիմնված ախտահարված օրգանի և կլինիկական նկարագրի վրա։ Ամենատարածված դասակարգմամբ տարբերում են առաջնային (իդոիպաթիկ) ամիլոիդոզ, երբ ամիլոիդոզին հանգեցնող կոնկրետ պաթոլոգիա չի հայտնաբերվում, և երկրորդային ամիլոիդոզ (օրինակ՝ քրոնիկ բորբոքման պատճառով ծագած)։ Որոշ դասակարգումներով առանձնացվում է նաև միելոմա-կապակցված ամիլոիդոզ, ընտանեկան և տեղային ամիլոիդոզ։

Ամիլոիդոզի դասակարգման ժամանակակից շրջանը սկսվում է ուշ 1960-ական թվականներից, երբ ստեղծվեցին ամիլոիդային ֆիբրիլները լուծելի դարձնելու հետազոտման մեթոդներ։ Նկարագրական անվանումները, որոնք հիմնված չեն պատճառի վրա, ինչպիսիք են առաջնային, երկրորդային և այլ (օրինակ՝ ծերունական), այլևս քիչ կիրառելի են իրենց քիչ ինֆորմատիվ լինելու պատճառով։

Ամիլոիդոզի ժամանակակից դասակարգան մեջ օգտագործվում են հապավումներ, որոնք մատնանշում են ամիլոիդ սպիտակուցի սպեցիֆիկ տարբերակը, որը կազմում է ամիլոիդային դեպոզիտների հիմնական մասը։ Հապավումներն սկսվում են «A» տառով։ Օրինակ՝ տրանսթիրետին-կապակցված ամիլոիդոզը կոչվում է «ATTR»։ Դեպոզիտները բազմազան են տարբեր հիվանդների մոտ, սակայն հիմնականում կազմված են մեկ հիմնական ամիլոիդածին սպիտակուցից։ Դեպոզիտները կարող են լինել համակարգային (ախտահարվում են տարբեր օրգան-համակարգեր) և օրգան-յուրատիպ։ Ամիլոիդոզի շատ տարբերակներ ժառանգական են՝ պայմանավորված ելքային սպիտակուցի մուտացիայով։ Մյուս տարբերակները ծագում են տարբեր հիվանդությունների արդյունքում՝ ձեքբերովի են, երբ դիտվում է ինչ-որ սպիտակուցի սինթեզի ուժեղացում, օրինակ՝ իմունագլոբուլինների թեթև շղթաներ (AL ամիլոիդոզ), սուր փուլի սպիտակուցների տևական արտադրություն քրոնիկ բորբոքումների դեպքում (АА ամիլոիդոզ

Հայտնաբերված են մոտ 60 տարբեր ամիլոիդ սպտակուցներ[9]։ Դրանցից առնվազն 36-ը կապակցված են մարդկանց մոտ հանդիպող տարբեր հիվանդությունների հետ[10]։ Ստորև բերվում է ամիլոիդ սպիտակուցների առավել տարածված տեսակների համառոտ նկարագրությունը։

Հապա-

վում

Ամիլոիդի տեսակ/գեն Նկարագիր Մենդելիան ժառանգման օնլայն տարբերակ
AL ամիլոիդի թեթև շղթաներ AL ամիլոիդոզ / բազմակի միելոմա, պարունակում է պլազմատիկ բջիջների կողմից սինթեզված իմունագլոբուլիններ՝ թեթև շղթաների գերակշռմամբ (λ,κ) ։ 254500
AA SAA Շիճուկային ամիլոիդ A (SAA), սուր փուլի սպիտակուց է, որն առաջանում է բորբոքման դեպքում։ Այն նորմայում արյան մեջ առկա է շատ ցածր քանակությամբ։ Լյարդն ուժեղացնում է AAP-ի (անգլ.` Amyloid precursor protein) արտադրությունն ի պատասխան մակրոֆագերից ԻԼ-1- ի արտադրությանը։ Հայաստանի պոպուլյացիայի համար AA-ամիլոիդոզի հիմնական պատճառը պարբերական հիվանդությունն է։
β ամիլոիդ/APP Հայտնաբերվում է Ալցհեյմերի հիվանդության դեպքում գլխուղեղում։ APP (անգլ.` Amyloid precursor protein 605714
ALECT2 LECT2 LECT2 ամիլոիդոզի դեպքում LECT2 սպիտակուցի դեպոզիտներ են առաջանում երիկամներում և տարբեր այլ օրգաններում, սակայն միայն երիկամների կողմից են առաջանում ախտանիշներ և ախտանշաններ՝ բնորոշ երիկամային անբավարարությանը[11]։
ATTR տրանսթիրետին (ТТR) Սպիտակուց, հիմնականում սինթեզվում է լյարդում, տեղափոխում է թիրոքսինը և ռետինոլ-կապող սպիտակուցը[6]։ Այս նորմալ շիճուկային սպիտակուցի մուտացված տարբերակը սովորաբար հայտնաբերվում է ընտանեկան ամիլոիդային նեյրոպաթիաների դեպքում։ TTR-ը դեպոզիտներ է առաջացնում նաև սրտում՝ ծերունական համակարգային ամիլոիդոզի դեպքում[12]։ Հայտնաբերվում է նաև լեպտոմենինգեալ ամիլոիդոզի դեպքում։ 105210
2M β2 միկրոգլոբուլին β2m-ը նորմալ շիճուկային սպիտակուց է, հյուսվածքահամատեղելիության գլխավոր կոմպլեքսի (MHC) առաջին դասի մոլեկուլների բաղկացուցիչ մաս է։ Հեմոդիալիզ-կապակցված ամիլոիդոզ։
AIAPP ամիլին Հայտնաբերվում է պանկրեասում շաքարային դիաբետի տիպ 2-ի դեպքում։
APrP պրիոնային սպիտակուց Պրիոնային հիվանդության դեպքում չֆոլդավորված պրիոնային սպտակուցները ամիլոիդ սպիտակուցների նման դեպոզիտներ են առաջացնում հյուսվածքներում։ Օրինակ՝ Կրեյցֆելդ-Յակոբսի հիվանդության դեպքում՝ գլխուղեղում (մարդու մոտ), խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա, հայտնի նաև որպես «կովերի կատաղություն» (խոշոր եղջերավոր անասունների մոտ)։ Վերջերս նկարագրված ընտանեկան պրիոնային հիվանդության դեպքում նկարագրվում է ծայրամասային ամիլոիդոզ, որն առաջացնում է նեյրոպաթիա և լուծ[13]։ 123400
AGel GSN Ֆիննական տիպի ամիլոիդոզ 105120
ACys CST3 Գլխուղեղային ամիլոիդային անգիոպաթիա, Իսլանդական տիպ 105150
AApoA1 APOA1 Ընտանեկան վիսցերալ ամիլոիդոզ 105200
AFib FGA Ընտանեկան վիսցերալ ամիլոիդոզ 105200
ALys LYZ Ընտանեկան վիսցերալ ամիլոիդոզ 105200
? OSMR Մաշկի առաջնային ամիլոիդոզ 105250
ABri

ADan

ITM2B Գլխուղեղային ամիլոիդային անգիոպաթիա, Բրիտանական տիպ, Դանիական տիպ 176500

117300

APro պրոլակտին Պրոլակտինոմա
AKer Եղջերաթաղանթի ընտանեկան ամիլոիդոզ
AANF նախասրտային նատրիումուրետիկ պեպտիդ Նախասրտերի ծերունական ամիլոիդոզ
ACal կալցիտոնին Վահանագեղձի մեդուլյար կարցինոմա

2010 թվականի տվյալներով նկարագրվել են մարդու 27 և կենդանիների 9 ֆիբրիլային սպիտակուցներ, ինչպես նաև 8 ներառուկային մարմնիկներ[14]։

Նախկին կլինիկական դասակարգմամբ տարբերում են ամիլոիդոզի հետևյալ տեսակները՝

  • Համակարգային ամիլոիդոզ, ախտահարվում են մեկից ավել օրգան-համակարգեր։ Օրինակ՝ AL, AA և Aβ2m ամիլոիդոզներ[15]։
  • Տեղային ամիլոիդոզ, ախտահարվում է մեկ օրգան կամ հյուսվածք։ Օրինակ՝ (գլխուղեղ), AIAPP (ենթաստամոքսային գեղձ), АCal (վահանգեղձ)[15]։

Մեկ այլ դասակարգմամբ առանձնացնում են՝

  • Առաջնային ամիլոիդոզ, առաջանում է իմուն բջիջների դիսֆունկցիայի դեպքում, ինչպես օրինակ բազմակի միելոմայի կամ իմունոցիտերի այլ ախտահարումների դեպքում։
  • Երկրորդային (ռեակտիվ), զարգանում է որպես մեկ այլ քրոնիկ բորբոքային հիվանդության կամ հյուսվածք-քայքայող հիվանդության բարդություն։ Օրինակ՝ ռեակտիվ համակարգային ամիլոիդոզ, մաշկի երկրորդային ամիլոիդոզ[15]։

Ի հավելումն, կախված ախտահարված օրգանից, որտեղ կուտակվում են ամիլոիդային սպիտակուցները, առանձնացնում են մեզենքիմալ (մեզոդերմից զարգացած օրգաններ) և պարենքիմատոզ (էկտոդերմից կամ էնտոդերմից զարգացած օրգաններ) ամիլոիդոզներ։

Մարդու օրգանիզմում բջիջներն ունեն սպիտակուց սինթեզելու երկու ճանապարհ։ Որոշ սպիտակուցներ սինթեզվում են որոշակի հաջորդականությամբ ամինաթթուներից՝ միանգամից որպես մեկ ամբողջական մոլեկուլ, մյուս դեպքում սպիտակուցի հատվածներն առանձին-առանձին սինթեզվում են և հետո միայն միանում որպես մեկ ամբողջական սպիտակուց։ Բայց վերջին դեպքում օրիգինալ սպիտակուցը կարող է կրկին մասնատվել առանձին հատվածների։ Միացման և անջատման այս գործընթացը ("flip flopping") տեղի է ունենում տարբեր սպիտակուցների համար, և հատկապես ամիլոիդածին սպիտակուցների[16]։ Ամբողջական սպիտակուցը կամ նրա հատվածները ենթակա են սխալ ֆոլդինգի ռիսկի, քանի որ նրանք սինթեզվում են որպես քիչ ֆունկցիոնալ սպիտակուցներ։ Բջջի նորմալ պատասխանի դեպքում սա առաջացնում է պրոտեոլիզ, որը սպիտակուցի ուղղորդված քայքայումն է բջջային ֆերմենտներով՝պրոտեազներով (քայքայում են չֆոլդավորված սպիտակուցը կամ նրա ֆրագմենտները), կամ ներբջջային մարսման ճանապարհով։ Խնդիր է ծագում այն դեպքում, երբ պրոտեոլիզի գործընթացում սպիտակուցները չեն քայքայվում, քանի որ չֆոլդավորված սպիտակուցները երբեմն դառնում են քայքայման նկատմամբ բավականին կայուն։ Վերջինիս արդյունքում սպիտակուցի չտարրալուծված ֆրագմենտները, որոնք հիդրոֆոբ (անլուծելի) β շղթաներ են, ագրեգացվում են, սովորաբար կուտակվում սպիտակուցի կենտրոնում, մինչդեռ սպիտակուցի լուծելի ֆրագմենտները հայտնաբերվում են սպիտակուցից դուրս։ Ջրային միջավայրում վերոնշյալ հիդրոֆոբ հատվածները ագրեգացվում են այլ հիդրոֆոբ մոլեկուլների հետ, և արդյունքում ձևավորված հիդրոֆոբ ագրեգատը կայունանում է գլիկոզամինոգլիկանների և պրոտեոլիտիկ քայքայումը կանխող սպիտակուց շիճուկային ամիլոիդ P-ի (SAP) միջոցով։ Այս կայունացված ֆրագմենտները կոչվում են օլիգոմերներ, որոնք էլ, իրենց հերթինագրեգացվելով, ձևավորում են ամիլոիդային թելիկներ (ֆիբրիլներ)։ Ե՛ւ օլիգոմերները, և՛ ամիլոիդային թելիկները տոքսիկ են բջիջների համար և հանգեցնում են օրգանի դիսֆունկցիայի[16]։

Ամիլոիդոզի վերջնական ախտորոշումը պահանջում է հյուսվածքի բիոպսիա և հաջորդող հյուսվածաբանական հետազոտություն։ Հյուսվածքը հետագայում ներկվում է տարբեր ներկերով։ Ամենաինֆորմատիվը կոնգո կարմիրով ներկումն է, որը, փոխազդելով բևեռացված լույսի հետ, ամիլոիդ սպիտակուցին հաղորդում է կանաչ երանգ մանրադիտակման ժամանակ։ Թիոֆլավին Т-ն ևս կարող է օգտագործվել[17]։

Բիոպսիայի արդյունքում հայտնաբերվում են բնորոշ ամիլոիդային դեպոզիտներ։ Համակարգային ամիլոիդոզի դեպքում բիոպտատն առաջին հերթին վերցվում է ենթամաշկային որովայնային ճարպից, քանզի այն ավելի հեշտ է ստացվում, քան ուղիղ աղուց, թքագեղձերից կամ ներքին օրգաններից։ Որովայնային ճարպի հետազոտությունը լիարժեք զգայուն հետազոտություն չէ, և երբեմն այլ ախտահարված օրգանի (օրինակ՝ երիկամի) հետազոտություն նույնպես պահանջվում է վերջնական լիարժեք ախտորոշման համար[17]։ Օրինակ՝ AL ամիլոիդոզով հիվանդների միայն 85%-ի մոտ են ստացվում դրական արդյունքներ ճարպի բիոպսիայի հետազոտությամբ[6]։ Ի համեմատ սրան, ուղիղ աղուց վերցված բիոպտատի հետազոտությունն ունի 74-94% զգայունություն[7]։

Ամիլոիդ սպիտակուցի տեսակը կարող է որոշվել տարբեր եղանակներով՝ ոչ նորմալ սպիտակուցի հայտնաբերում արյան մեջ (սպիտակուցների էլեկտրոֆորեզով կամ թեթև շղթաների հայտնաբերմամբ), հյուսվածքում սպեցիֆիկ հակամարմինների ամիլոիդին կապումով (իմունահիստոքիմիական հետազոտություն), կամ սպիտակուցների անջատմամբ և յուրահատուկ ամինաթթուների որոշմամբ[17]։

Իմունահիստոքիմիական հետազոտությամբ կարող են հայտնաբերվել AA ամիլոիդոզի դեպքերի մեծամասնությունը, մինչդեռ AL ամիլոիդոզի դեպքերի մեծ մասը կարող են և մնալ չհայտնաբերված[7]։ Լազերային հատումը և սպեկտրէկտոմիան ամենավստահելի եղանակներն են ամիլոդիոզի տարբեր տեսակների հայտնաբերման համար[5]։

AL ամիլոիդոզը ամենատարածված տեսակն է, և ախտորոշումը հաճախ սկսվում է պլազմատիկ բջիջների պրոլիֆերատիվ ախտահարման հայտնաբերմամբ, ինչն ուղեկցվում է հիշողության B բջիջների կողմից ոչ նորմալ իմունագլոբուլինների կամ նրանց հատվածների սինթեզով։ Մեզի կամ արյան սպիտակուցների իմունաֆիքսացիոն էլէկտրոֆորետիկ հետազոտությունը AL ամիլոիդոզով հիվանդների 90%-ի մոտ տալիս է դրական արդյունք[6]։ Հետազոտման այս եղանակն ավելի զգայուն է, քան սովորական էլեկտրոֆորեզը, սակայն քիչ հասանելի է տարբեր բժշկական կենտրոններում։ Որպես այլընտրանքային հետազոտություն կարող է օգտագործվել ոսկրածուծի բիոպսիան և ուռուցքային պլազմատիկ բջիջների հայտնաբերումը, հատկապես այն հիվանդների մոտ, ում մոտ էլեկտրոֆորեզով ստացվել է բացասական արդյունք[6]։

ATTR կամ ընտանեկան տրանսթիրետին-կապակցված ամիլոիդոզի ախտորոշումը հավանական է այն դեպքերում, երբ ընտանիքի անդամների մոտ նկարագրվում են իդիոպաթիկ (անհայտ ծագման) նեյրոպաթիաներ կամ սրտային անբավարարություն, և բացառվում է պլազմատիկ-բջջային պրոլիֆերատիվ ախտահարումը։ ATTR ամիլոիդոզը կարող է ախտորոշվել իզոէլեկտրիկ ֆոկուսավորման եղանակով, ինչը հնարավորություն է տալիս առանձնացնել մուտացված տրանսթիրետինը։ Հետազոտման արդյունքները լրացուցիչ կարող են հաստատվել գենետիկ հետազոտությամբ տրանսթիրետինի սպեցիֆիկ մուտացիաները հայտնաբերելու համար, որոնք նախատրամադրում եմ ամիլոիդոզի առաջացմանը[6]։ AA ամիլոիդոզի ախտորոշումը հավանական է այն դեպքում, երբ հիվանդն անամնեզում նշում է երկարատև ինֆեկցիոն կամ այլ բորբոքային հիվանդություններ։ AA ամիլոիդոզը կարող է ախտորոշվել իմունահիստոքիմիական եղանակով[6]։

Բուժումը կախված է ամիլոիդոզի տեսակից։ Մելֆալանի բարձր դեղաչափերով բուժումը (քիմիոթերապևտիկ դեղամիջոց) հաջորդող ցողունային բջիջների փոխպատվաստմամբ ցույց է տվել խոստումնալից արդյունքներ AL ամիլոիդոզի I և II շրջաններում[5]։ Այնուամենայնիվ, միայն հիվանդների 20–25%-ը կարող են իրենց թույլ տալ դիմել ցողունային բջիջների փոխպատվաստման եղանակին։ Քիմիոթերապիայի և ստերոիդների համակցված օգտագործումը՝ մելֆալան և դեքսամետազոն, հիմնական բուժումն է AL ամիլոիդոզով հիվանդների համար, ովքեր չեն կարող դիմել ցողունային բջիջների փոխպատվաստման[5]։

AA ամիլոիդոզի դեպքում ախտանիշները կարող են հետզարգանալ պատճառ հանդիսացող հիվանդության բուժման դեպքում։ Ցույց է տրվել, որ «էպրոդիսատ» պրեպարատը, ընկճելով ամիլոիդային ֆիբրիլների պոլիմերիզացիան, մեղմացնում է երիկամային վնասումը։ Հետազոտություններ են կատարվում նաև «Ֆիբրիլեքս»[18] պատրաստուկի հետ կապված։ Առավել լավ օգնում են հակա-ԻԼ-6 հակամարմինները (օր.` ՏոցիլիզումաբԿոլխիցինը պարբերական հիվանդության սպեցիֆիկ բուժում է, և այլ ծագման ամիլոիդոզների ժամանակ նրա արդյունավետությունը խիստ կասկածելի է։

ATTR ամիլոիդոզի դեպքում հիմնական բուժումը լյարդի փոխպատվաստումն է, քանի որ մուտացված տրանսթիրետինը, որը վերածվում է ամիլոիդային սպիտակուցի, սինթեզվում է լյարդում[6]։

Ամիլոիդոզով հիվանդներն օժանդակություն են ստանում միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք ��ն՝ Ամիլոիդոզի հիմնադրամը, Ամիլոիդոզի օժանդակության խմբեր կազմակերպությունը, Ամիլոիդոզ Ավստրալին, և այլն[19][20]։

Կանխագուշակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխագուշակումը տարբեր է՝ կախված ամիլոիդոզի տեսակից։ Բուժման բացակայության դեպքում AL ամիլոիդոզի ելքն անբարենպաստ է, կյանքի տևողությունը սովորաբար մեկից երկու տարի է։ AL ամիլոիդոզը, կախված արյան մեջ սրտային բիոմարկերների (օր․՝ տրոպոնին) մակարդակից, ըստ ծանրության դասակարգվում է երեք աստիճանների։ Կյանքի տևողությունը տարբեր է ծանրության աստիճանի փոփոխմանը համարժեք՝ 26, 11 և 3.5 ամիս համապատասխանաբար I, II և III աստիճանների դեպքում[5]։ AA ամիլոիդոզով հիվանդների մոտ հիվանդության ելքը կախված է պատճառ հանդիսացող հիվանդությունից և շիճուկում ամիլիոդ A սպիտակուցի մակարդակից[7]։ ATTR ամիլոիդոզն ունի համեմատաբար բարենպաստ կանխագուշակում, հիվանդները կարող են ապրել մոտ տասը տարի[6]։ Հերձման արդյունքներով ցույց է տրվել, որ 110 տարեկանն անց հասակում մահացածներից 70%-ի մոտ ծերունական համակարգային ամիլոիդոզը մահվան առաջնային պատճառ է հանդիսանում[21][22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «AL amyloidosis». rarediseases.info.nih.gov (անգլերեն). Genetic and Rare Diseases Information Center (GARD). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hazenberg, BP (2013 թ․ մայիս). «Amyloidosis: a clinical overview». Rheumatic Diseases Clinics of North America. 39 (2): 323–45. doi:10.1016/j.rdc.2013.02.012. PMID 23597967.
  3. Sipe, Jean D.; Benson, Merrill D.; Buxbaum, Joel N.; Ikeda, Shu-ichi; Merlini, Giampaolo; Saraiva, Maria J. M.; Westermark, Per (2014 թ․ դեկտեմբերի 1). «Nomenclature 2014: Amyloid fibril proteins and clinical classification of the amyloidosis». Amyloid. 21 (4): 221–224. doi:10.3109/13506129.2014.964858. ISSN 1744-2818. PMID 25263598.
  4. 4,0 4,1 4,2 Pepys, MB (2006). «Amyloidosis». Annual Review of Medicine. 57: 223–41. doi:10.1146/annurev.med.57.121304.131243. PMID 16409147.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Rosenzweig, Michael; Landau, Heather (2011). «Light chain (AL) amyloidosis: update on diagnosis and management». Journal of Hematology & Oncology. 4 (1): 47. doi:10.1186/1756-8722-4-47.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 Falk, Rodney H.; Comenzo, Raymond L.; Skinner, Martha (1997 թ․ սեպտեմբերի 25). «The Systemic Amyloidoses». New England Journal of Medicine. 337 (13): 898–909. doi:10.1056/NEJM199709253371306.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Ebert, Ellen C.; Nagar, Michael (2008 թ․ մարտ). «Gastrointestinal Manifestations of Amyloidosis». The American Journal of Gastroenterology. 103 (3): 776–787. doi:10.1111/j.1572-0241.2007.01669.x.
  8. 8,0 8,1 Falk, Rodney H.; Comenzo, Raymond L.; Skinner, Martha (25 September 1997). "The Systemic Amyloidoses". New England Journal of Medicine. 337 (13): 898–909. doi:10.1056/NEJM199709253371306
  9. Mok KH, Pettersson J, Orrenius S, Svanborg C (2007 թ․ մարտ). «HAMLET, protein folding, and tumor cell death». Biochemical and Biophysical Research Communications Communications. 354 (1): 1–7. doi:10.1016/j.bbrc.2006.12.167. PMID 17223074.
  10. Pettersson-Kastberg J, Aits S, Gustafsson L, և այլք: (2008 թ․ նոյեմբեր). «Can misfolded proteins be beneficial? The HAMLET case». Annals of Medicine. 41 (3): 1–15. doi:10.1080/07853890802502614. PMID 18985467.
  11. Slowik V, Apte U (2017). «Leukocyte Cell-Derived Chemotaxin-2: It's Role in Pathophysiology and Future in Clinical Medicine». Clinical and Translational Science. 10 (4): 249–259. doi:10.1111/cts.12469. PMC 5504477. PMID 28466965.
  12. Hassan W, Al-Sergani H, Mourad W, Tabbaa R (2005). «Amyloid heart disease. New frontiers and insights in pathophysiology, diagnosis, and management». Texas Heart Institute Journal. 32 (2): 178–184. PMC 1163465. PMID 16107109.
  13. Mead, Simon; Gandhi, Sonia; և այլք: (2013). «A Novel Prion Disease Associated with Diarrhea and Autonomic Neuropathy». New England Journal of Medicine. 369 (20): 1904–1914. doi:10.1056/NEJMoa1214747. ISSN 0028-4793. PMC 3863770.
  14. Sipe JD, Benson MD, Buxbaum JN, և այլք: (2010 թ․ սեպտեմբեր). «Amyloid fibril protein nomenclature: 2010 recommendations from the nomenclature committee of the International Society of Amyloidosis». Amyloid. 17 (3–4): 101–104. doi:10.3109/13506129.2010.526812. PMID 21039326.
  15. 15,0 15,1 15,2 Table 5-12 in: Mitchell, Richard Sheppard; Kumar, Vinay; Abbas, Abul K.; Fausto, Nelson (2007). Robbins Basic Pathology. Philadelphia: Saunders. ISBN 1-4160-2973-7. 8th edition.
  16. 16,0 16,1 [1](չաշխատող հղում), Karp, Judith E., ed. Amyloidosis Diagnosis and Treatment. Rochester: Humana, 2010. Online Source.
  17. 17,0 17,1 17,2 Dember LM (2006 թ․ դեկտեմբեր). «Amyloidosis-associated kidney disease». Journal of the American Society of Nephrology. 17 (12): 3458–3471. doi:10.1681/ASN.2006050460. PMID 17093068. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  18. Treatment for Amyloid A Amyloidosis
  19. «Amyloidosis - NORD (National Organization for Rare Disorders)». NORD (National Organization for Rare Disorders) (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  20. «Amyloidosis primary cutaneous – Disease – Organizations – Genetic and Rare Diseases Information Center (GARD) – NCATS Program». rarediseases.info.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  21. Coles LS, Young RD (2012). «Supercentenarians and transthyretin amyloidosis: the next frontier of human life extension». Preventive Medicine. 54 (Suppl): s9–s11. doi:10.1016/j.ypmed.2012.03.003. PMID 22579241.
  22. «Searching for the Secrets of the Super Old». Science. 2008 թ․ սեպտեմբերի 26. էջեր 1764–1765. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիլոիդոզ» հոդվածին։