Jump to content

Կիպրոսի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:01, 25 Մարտի 2024 տարբերակ, Խմբագրող (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
սուրբ Աստվածածին տաճար, Նիկոսիա

Կիպրոսի թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական կիպրահայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին տաճար։ Թեմի առաջնորդն է Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը (2014 թվականից)։

Նիկոսիայում դեռևս 5-րդ դարին հայերը կառուցել են սուրբ Գևորգ եկեղեցին, 560 թվականին՝ Սուրբ Մակարի վանքը, որը միջնադարում եղել է հայ մշակութային կենտրոն։ Կիպրոսում հայոց առաջնորդարանը ստեղծվել է 973 թվականին՝ Խաչիկ Ա կաթողիկոսի կողմից։ 12-րդ դարին Նիկոսիայում և Ֆամագուստայում գործել է առաջնորդական երկու թեմ (եպիսկոպոսություն)։ Թեմն աշխուժանում է Խաչակրաց արշավանքների դարաշրջանում, հատկապես այն ժամանակ, երբ Կիլիկյան Հայաստանում գահ են բարձրանում Լուսինյանները։ Նախքան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն անցնելը՝ թեմը գտնվում էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության գերագահության ներքո, սակայն 1929 թվականին Կիլիկիո թեմի վերաձևակերպումից հետո իրեն մնացած միակ՝ Հալեպի թեմին, միացան ոչ միայն Կիպրոսը, այլև Երուսաղեմի հայոց պատրիարքության ներքո գործող Սիրիայի և Լիբանանի եկեղեցիները։

Դարեր շարունակ առաջնորդարանի շենքը գտնվում էր պարսպապատ Նիկոսիայի Վիկտորիա փողոցի հայկական համալիրում։ Երբ 1963–1964 թվականներին այդ տարածքը գրավվեց թուրք-կիպրական ծայրահեղականների կողմից, առաջնորդարանը ժամանակավորապես տեղավորվեց Արամ Ուզունյան փողոց, իսկ ավելի ուշ՝ Սուրբ Դոմետիոսի Կիրիակոս Մացիսի փողոց։ Զարեհ եպիսկոպոս Ազնավուրյանի ջանքերով 1983 թվականին կառուցվել է առաջնորդարանի նոր շենքը՝ Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Նարեկ վարժարանի կողքին, ճարտարապետներ Աթոս Դիկայոսի և Ալկիս Դիկաիոսի կողմից։ Այն պաշտոնապես բացվել է 1984 թվականի մարտի 4-ին՝ Գարեգին Բ Կիլիկիո կաթողիկոսի հովվական այցի ժամանակ։ Վարուժան արքեպիսկոպոս Հերգելյանի նախաձեռնությամբ 1998 թվականին վերանորոգվել է շենքի նկուղը և ձևավորվել «Վահրամ Ութուջյան» սրահը. այն իրականություն դարձավ 1994թվականին Վահրամ Ութիջյանի 1954 թվականին առաջնորդարանին նվիրած արվեստի հավաքածուի աճուրդից։ Բացվել է 1999 թվականի փետրվարի 3-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից։

Կիպրոսի թեմի առաջնորդարան

Կիպրոսի թեմը կառավարվում է իր կանոնադրությամբ, որն առաջին անգամ մշակվել է 1945 թվականին և վավերացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ Սարգիսյանը (հետագա՝ Գարեգին Ա ամենայն հայոց կաթողիկոս)։ Այն բաղկացած է 102 հոդվածից և իր ներկայիս տեսքով գործում է 2010 թվականի սեպտեմբերի 3-ից։

Գերագույն մարմինը թեմական ժողովն է, որի անդամներն ընտրվում են չորս տարով։ Համայնքը ղեկավարում են թեմի առաջնորդը, ազգային վարչական մարմինները։ Կառավարումն իրականացնում է ազգային իշխանությունը՝ թեմական խորհրդի միջոցով։ Թեմական Ժողովը բաղկացած Առաջնորդից, երկու քահանայից և տասներկու ընտրյալ աշխարհականներից՝ 7-ը Նիկոսիայի համար, 3-ը՝ Լառնակայի, 1-ը՝ Լիմասոլի և 1-ը Ֆամագուստայի համար։ Վարչական խորհուրդը նախագահում է վարչական Ժողովը՝ առաջնորդի կողմից և բաղկացած յոթ աշխարհականներից, որոնց նշանակում է թեմական առաջնորդը, ներկայիս նախագահությամբ Սեպուհ Դավթյանի (2007 թվականի դրութեամբ) և Ջոն Գյուհերյանի (2011 թվականի դրությամբ), համապատասխանաբար։ 1998 թվականի դրությամբ ընտրված ներկայացուցիչն ի պաշտոնե թեմական խորհրդի անդամ է։ Կան նաև տեղական ծխական կոմիտեները (թաղական հոգաբարձություններ, մեկը Նիկոսիայում, մեկը Լառնակայում և մեկը Լիմասոլում), քրիստոնեական դաստիարակության հանձնախումբը և տիկնանց հանձնախումբը։ Քրիստոնեական ուսուցման կոմիտեի ենթակայության տակ են կիրակնօրյա վարժարանները և երիտասարդական հանձնախումբը։

Նիկոսիայում կառուցվել են 1116 թվականին՝ սուրբ Աստվածածին եկեղեցին (վերանորոգվել է 1884 թվականին), 1892 թվականին՝ ազգային գերեզմանատանը (պոլսեցի Պողոս Օտաճյանի կտակով) սուրբ Պողոս մատուռը։

Օսմանական տիրապետության շրջանում (1571-1878) կիպրահայ գաղութն անկում է ապրել, պահպանվել է միայն հոգևոր վարչությունը։ Կղզու հնագույն կառույցներից են Ֆամագուստայում Կանչվորի վանք կամ սուրբ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1317 թվականին, ներկայումս թուրքերի բռնագրաված տարածքում է), սուրբ Մարիամ, սուրբ Սարգիս, սուրբ Վարվառա (բոլորն էլ՝ 13-րդ դարին վերջ) եկեղեցիները, որոնք չեն պահպանվել։

Սուրբ Գևորգ եկեղեցի, Լիմասոլ

Լառնակայում, ի հիշատակ Կիլիկիայի հայ նահատակների, 1912 թվականին կառուցվել է սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին (գործող), 1940 թվականին՝ սուրբ Գրիգոր մատուռը։ Լիմասոլում 1940 թվականին կառուցվել է սուրբ Գևորգ եկեղեցին (գործող)։ Նախքան այդ, 1938 թվականին Նիկոսիայի հայկական երկրորդ գերեզմանատան տարածքում կառուցվել է Սուրբ Հարություն մատուռը։

Կառավարության և Եվրոպայի մի շարք եկեղեցիների նյութական օժանդակությամբ Նիկոսիայի Ակրոպոլիս թաղամասում 1981 թվականին կառուցվել են սուրբ Աստվածածին (առաջնորդանիստ) եկեղեցին և առաջնորդարանը։ Դրանից ոչ հեռու 1995 թվականին կառուցվել է սուրբ Ամենափրկիչ մատուռը հայտնի գործարարներ Արամ և Պետրոս Գալայճյանների կողմից, օծվել է 1997 թվականի փետրվարի 16-ին կաթողիկոս Արամ Ա-ի կողմից։

Առաջին հայկական դպրոցները գործել են եկեղեցիներին կից։ Հնագույնը 1870 թվականին Նիկոսիայում Վարդան վարդապետ Մամիկոնյանի հիմնած դպրոցն է։ 1886 թվականին հիմնվել են Վարդանանց (արական) և Շուշանյան (իգական) տարրական դպրոցները։ Վահան քահանա Քյուրքչյանի նախաձեռնությամբ 1897 թվականին բացվել է հայկական կրթական որբանոց (գործել է յոթ տարի), դասավանդվել են հայ ժողովրդի պատմություն, թվաբանություն, օտար լեզուներ, ինչպես նաև արհեստներ։

Առաջին հայկական դպրոցը Լառնակայում բացվել է 1909 թվականին։ Առաջնորդարանի օժանդակությամբ 1951 թվականին բացվել է առաջին հայկական դպրոցը Լիմասոլում։ 1972 թվականից գործում է Նարեկ ազգային վարժարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: