Jump to content

Թորոս Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:33, 22 փետրվարի 2024 տարբերակ, Արշո (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Թորոս Բ
սեբաստոս
Իշխանություն1145 - 1168
Թագադրում1145
Լրիվ անունԹորոս Ռուբինյան
Ծնվել է՝1118
Մահացել է՝փետրվարի 6, 1169
Դրազարկի վանք
ՀաջորդողՌուբեն Բ,Մլեհ
ՏոհմՌուբինյաններ
ՀայրԼևոն Ա
ԵրեխաներՌուբեն Բ
Եղբայր(ներ)Կոստանդին,Ստեփանե, Մլեհ, Ոուբեն
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Թորոս Բ Կիլիկիայի հայկական թագավորության իշխան Ռուբինյանների տոհմից (1145-1168)։ Լևոն Ա-ի որդին։

Գերության շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1137 թվականին բյուզանդական զորքը Հովհաննես Կոմնենոս կայսեր գլխավորությամբ շարժվում է դեպի արևելք վերջնականապես լուծելու կայսրության ապստամբ նահանգների՝ Կիլիկիայի և Հյուսիսային Ասորիքի խաչակրաց պետությունների հնազանդեցման խնդիրը։ Վճռական գործողությունների շնորհիվ գրավելով ողջ Կիլիկիան, գերեվարեց Լևոն Ա-ին (1129-1137) և նրա ընտանիքին։ Լևոնն իր կնոջ և երկու որդիների ՝ Թորոսի ու Ռուբենի հետ շղթայակապ փոխադրվեց Կոստանդնուպոլիս և բանտ նետվեց[1]։ Նրա մյուս երկու որդիները՝ Ստեփանեն և Մլեհը, խուսափեցին գերությունից, ապաստան գտնելով իրենց հորաքեռորդու՝ Եդեսիայի կոմս Ժոսլին II-ի (1131-1150) արքունիքում[1]։ Լևոնը և Ռուբենը մահացան գերության մեջ։ 1143 թվականին, իր երկրորդ արևելյան արշավանքի ընթացքում, Կիլիկիայում որսի ժամանակ ստացած վերքից մահացավ նաև Հովհաննես կայսրը, և բյուզանդական գահին բազմեց նրա որդի Մանուել I Կոմնենոսը (1143-1180)[1]։ Հովհաննես կայսեր արևելյան արշավանքները աղետալի հետևանքներ ունեցան Կիլիկիայի հայկական իշխանության համար։ Ռուբինյան գերդաստանի հաջորդ իշխանին վիճակված էր, այդ ավերակների վրա հայոց պետականությունը վերականգնելու անհնարին թվացող գործը, որը ստանձնեց Թորոս Բ-ը։

Վերադարձ Կիլիկիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Ա-ի որդի Թորոսը կարողանում է խույս տալ գերությունից և վերադառնալ Կիլիկիա։ Միջնադարյան աղբյորները տարբեր տարիներով են թվագրում Թորոսի վերադարձը և Հայոց իշխանապետության վերականգնման ժամանակը։ Այնուամենայնիվ հետազոտողների մե��ամասնության կարծիքով Թորոսը հայրենիք է վերադարձել Հովհաննես Կոմնենոս կայսեր մահից հետո, այն է 1143-1145 թվականներին[1]։ Շուրջ 1144 թվականին, փախչելով Կոստանդնուպոլսի պատանդությունից և վերադառնալով Կիլիկիա, Թորոս իշխանը ապաստանում է Աթանասիոս ասորի մետրոպոլիտի մոտ, որը նրան օգնություն է ցույց տալիս իր հայրենի իշխանությունը վերանվաճելու գործում[2]։ Աթանասը գտնվում էր Մարում և նարան դեռևս Լևոն Ա-ի կառավարման ժամանակ Թորոսը վստահում էր։ Սուրբ եպիսկոպոսը նրան նվերներ և մեկ ձիու փող է տալիս[3]։ Երբ նա երիվար է ունենում, տասներկու հոգի միանում են նրան, և նրանք գնում են Ամուդ կոչվող բերդը։ Բնակիչները իմանալով, որ եկել է իրենց տիրոջ որդին, բռնում են այնտեղ գտնվող հույներին, իսկ ամրոցը հանձնում են Թորոսին։ Իսկ, երբ դա իմացվեց, վախը պատեց հույներին ու թուրքերին[3]։ Այնուհետև Թորոսը 4-5 տարվա ազատագրական պայքարի արդյունքում տիրում է համարյա ողջ Կիլիկիային։ Ըստ Միքայել Ասորու հաղորդած տվյալների, արդեն 1148 թվականին Ռուբինյան իշխանապետությունը վերականգնվել էր։ Ինչպես գրում է Ֆ․ Շալանդոնը, Թորոսը «Հայսատանի անկախության հիմնադիրն էր»[1]։

Սակայն այստեղ հարց է առաջանում, որն ո��ղղակիորեն առնչվում է Թորոսի կողմից հայոց իշխանության գահին տիրելու փաստի իրավական կողմի հետ։ Խոսքը վերաբերում է գահաժառանգության իրավունքում որդիների ավագությանը։ Աղբյուներից միայն երեքն են, որոնք Լևոնի որդիներին թվարկում են ավագության կարգով և այդ երեք աղբյուրներն էլ կապված են Վահրամ Րաբունու վկայության հետ[1]։ Վահրամ Րաբունին նշում է, որ նախ ծնվել է Թորոսը, այնուհետև Ստեփանեն և Մլեհը, իսկ վերջում Ռուբենը[4]

Նախ զԹորոս՝ մեծըն կոչեալ,

Եւ զՍտեֆանէն ՝պսակադրեալ. Ապա զՄլեհն՝ յառաջացեալ,

Եւ զՌուբէնն զհետ եղեալ…
- Վահրամ Րաբունի

Սակայն բազմաթիվ աղբյուրներ վկայում են նաև, որ Լևոն Ա-ի անդրանիկ որդին եղել է Կոստանդինը։ Եվ քանի որ Թորոսը հաջորդել է իր հորը Վահրամ Րաբունին եզրակացրել է, որ նա պետք է եղած լիներ անդրանիկ որդին, քանի որ դա էր գահաժառանգության հիմնական սկզբունքը[1]։ Այսպես հակառակ այս տեղեկություններին Սմբատ Սպարապետը իր Տարեգրքում նշում է, որ գերությունից վերադառնալու ժամանակ, այն է 1143-1144 թվականների[1], Թորոսը չափազանց երիտասարդ է եղել․

մանուկ մի Թորոս յորդւոցն Լեւոնի
- Սմբատ Սպարապետ

Այս տեղեկության ճշմարտացիությունը կարող ենք բացատրել նաև այն հանգամանքով, որ Թորոսի դեմ իր երկու եղբայրները՝ Ստեփանեն և Մլեհը, գահընկեցության փորձեր են կատարել, որը խոսում է ոչ միայն իշխանատենչության մասին,այլ հնարավոր է նաև իրենց ավագության իրավունքների պաշտպանություն եղած լինի։ Սակայն վերջնական պատասխանի հանգելը շատ դժվար է, քանի որ աղբյուրներում հակասությունները բազմաթիվ են։

Թորոսը իշխանապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորոսը 1145 թվականին վերադառնալով Կիլիկիա վարում էր ակտիվ արտաքին քաղաքականություն։ Սակայն Բյուզանդիայի աչքերում նա ընդամենը հերթական հայ ապստամբն էր, որը նորից փորձում էր սասանել Կիլիկիայում հազիվ վերահաստատված կայսերական գերիշխանությունը[1]։ Մանուել կայսրը նրան ճնշելու նպատակով Կիլիկիա ուղարկեց բազմաթիվ փորձված զորավարների, որոնք, սակայն, մեկը մյուսի ետևից խայտառակ պարտություն կրեցին հայկական զորքերից։

Թորոսը իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ Վահկա և Ամուդ բերդերը։ Հայտնի ժամանակագիր Գիյոմ Տյուրոսցին Թորոսին ներկայացնում է՝

«Ամենահզոր հայ արքայազն՝ Թորոս »[5]

Գրիգոր Երեցը Թորոսին օժտում է «Պանսեւաստիոս» տիտղոսով[6], ինչը Ազատ Բոզոյանի ենթադրությամբ ՝ «կիլիկյան պայմաններում պետք է նշանակեր Կիլիկիայի բոլոր սեբաստոսներից առաջին, իսկ այդ պատվանվան կրողը՝ կառավարեր երկրամասը»[7]։

1151 թվականին նա ամուսնանում է Ռաբանի սենյորի դստեր հետ՝ դաշինք կնքելով Լատինական թագավորության հետ, բյուզանդացիներից հետ է վերադարձնում է Դաշտային Կիլիկիան։ Ռազմական գործողությունների ընթացքում գրավում է Մամեստիան, Անարզաբան, Տարսոնը, Մսիսը, Ադանան, Սիսը։

Մանուիլ I Կոմնենոսը հուսալով Բյուզանդիայի դաշնակիցներ Լամբրոնի իշխանների օգնության վրա Կիլիկիա է ուղարկում իր զորավար Անդրոնիկին։ Մտնելով Կիլիկիա բյուզանդական բանակը հանդիպում է Թորոսի զորքերին։ Կրելով մի շարք պարտություններ և ստանալով զգալի կորուստներ բյուզանդացիները դուրս են շպրտվում Կիլիկիայից։ Ռուբինյանները դաշինք են կնքում Հեթումյանների հետ։ Դաշինքը ամրապնդվում է Օշինի որդի Հեթումի և Թորոսի դստրերից մեկի ամուսնությամբ։

Կիպրոսի թալանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորոսի դեմ Մանուել կայսրը լարեց նաև Իկոնիայի սուլթան Ռուֆնեդդին Մասուդին (1116-1156) և Անտիոքի պրինց Ռեյնալդ Շատիյոնցուն (1153-1160)[1]։ Սակայն, Թորոսը կարողացավ հաջողությամբ հակահարված տալ նրանց, և դեռ ավելին, դաշինք կնքեց Ռեյնալդի հետ, վերջինիս պարտադրեց համատեղ արշավանք ձեռնարկել դեպի Կիպրոս և ավարի մատնել բյուզանդական այդ հարուստ նահանգը[1]։ Ըստ պայմանավորվածության Մանուելը պետք է դրամական օգնություն ցույց տար ռազմական գործողությունների ընթացքում սննկացած և պարտքերի մեջ խրված Ռեյնալդին, սակայն նա չկատարեց պայմանավորվածությունները։ Ռեյնալդը որոշեց խլել գումարը Մանուելից հանցավոր ճանապարհով համագործակցելով Թորոս Բ-ի հետ՝ հարձակվել և թալանել Կիպրոսը։ Թորոսը վրեժով լցված համաձայնեց օգնել.[8][9], ըստ անհայտ ժամանակագրի Անտիոքի դուքսը և հայ իշխանը «անցան» ամբողջ կղզու տարածքով հյուսիսից հարավ, ավերելով և թալանելով ամեն ինչ իրենց ճամփին։ Ռեյնալդը և Թորոսը վերադարձան Կիպրոսից հարուստ ավարով։

Կիլիկիայի և Անտիոքի միասնական ուժերը մի շարք հաջող ռազմական գործողություններ են կրկին կազմակերպում Բյուզանդիայի դեմ, գերում են հույն հրամանատար Միքայել Վռանին։

Կիլիկիայի պայամանագիրը Բյուզանդայի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելը տեսնելով, որ Թորոսը անկառավարելի է դարձել, ստիպված կազմակերպում է նոր արշավանք դեպի Կիլիկիա և Սիրիա, գրավում է Դաշտային Կիլիկիան։ Այդ ժամանակ Թորոսը նահանջում է լեռներ[6]։ Ռեյնալդը անցնում է Մանուելի կողմը։ Քիչ հետո Թորոսը և Մանուիլը հաշտության պայմանագիր են կնքում։ Թորոսը ընդունում է կայսերական մի շարք պարտավորություններ, իսկ Կիլիկիայում տեղակայվում է բյուզանդական կայազոր[10]։ Իր հնազանդության դիմաց Մանուել կայսր կողմից արժանացավ սեբաստոս տիտղոսի։ Այդ տիտղոսը հայ իշխանին ընդամենը միայն իրավունք էր տալիս որպես բյուզանդական պաշտոնյա կառավարել կայսրությանը պատկանող տարածքը[1]։

Առաջիկա 10 տարիների ընթացքում Կիլիկիայում նշանակվում էին բյուզանդացի տեղապահներ։ 1162 թվականին տեղապահ Անդրոնիկ էվֆորբենոսը կազմակերպում է Թորոսի եղբայր՝ Ստեփանի սպանությունը։ Չնայած նրան, որ Անդրոնիկը փոխարինվում է զորավար Կալամանոսով Թորոսը չի փոխում վրեժխնդիր լինելու մտադրությունները։ Նոր տեղապահ է նշանակվում Աքհուսին, վերջինս մտերմանում է Ներսես Շնորհալու հետ։ Սակայն հետագայում Բյուզանդացիները աքսորում են Աքհուսին։ Մանուիլը նոր տեղապահ է նշանակում 15 տարի առաջ Կիլիկիայում ջախջախված Անդրոնիկին։ Վերջինս ծառայությունը կատարելուց հետո վերադառնում է Բյուզանդիա։ Մանուիլը նրան փոխարինում է Կալամանոսով վերջինիս վրա դրված էր Թորոսին գահընկեց անելու պարտականությունը։ Սակայն այդ ծրագրերը անհաջողության են մատնվում Մլեհը գերեվարում է Կալամանոսին։

1168 թվականին մահանում է Թորոս Բ-ն[7]։ Նրան հաջողվեց վերացնել կախվածությունը Բյուզանդիայից և ի վերջո հիմք դրեց հայկական ինքնավարությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Տեր-Պետրոսյան, Լևոն (2007). Խաչակիրները և հայերը (PDF). Vol. Հատոր Բ. Երևան. էջեր 112–127. ISBN 978-99941-2-075-8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Տեր-Պոտրոսյան, Լևոն (1989). Ասորիների դերը հայկական Կիլիկիո մշակութային կեանքում ԺԲ -ԺԳ դարերում. Վենետիկ-Սուրբ Ղազար: Հայագիտական մատենաշար <<Բազմավեպ>> թիվ 28. էջ 6.
  3. 3,0 3,1 Մութաֆյան, Կլոդ (2001). Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում. Երևան: Նաիրի. էջ 386. ISBN 5-550-01248-0.
  4. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐԱՄ (2022). ՄԼԵՀ ՌՈՒԲԻՆՅԱՆ ԻՇԽԱՆԱՊԵՏ ԿԻԼԻԿԻՈ ՀԱՅՈՑ (PDF). Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 35. ISBN 978-5-8084-2553-8.
  5. Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
  6. 6,0 6,1 Մատթոս Ուռհայեցի (1973). Ժամանակագրություն (PDF). Երևան: Հայաստան. էջեր 284–293.
  7. 7,0 7,1 Բոզոյան, Ազատ (1988). Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը և Կիլիկյան Հայաստանը. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. էջ 203.
  8. Runciman, Steven. A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187.
  9. Ghazarian, Jacob G. The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393).
  10. Կլոդ Մութաֆյան // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// «Հայկական վերջին թագավորությունը» // «Mediacrat» էջ. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Baldwin, Marshall W.: The Latin States under Baldwin III and Amalric I, 1143–1174 (in: Setton, Kenneth M. (General Editor) – Baldwin, Marshall W. (Editor): A History of the Crusades – Volume I: The First Hundred Years; The University of Wisconsin Press, 1969, Madison, Milwaukee, and London; ISBN 978-0-299-04834-1)
  • Ghazarian, Jacob G: The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393); RoutledgeCurzon (Taylor & Francis Group), 2000, Abingdon; ISBN 0-7007-1418-9
  • Runciman, Steven: A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187; Cambridge University Press, 1988, Cambridge; ISBN 0-521-06162-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 207