Ախալցխայի 1918 թվականի ինքնապաշտպանություն
Ախալցխայի գավառի 1918 թվականի ինքնապաշտպանություն, 1918 թվականի Ախալցխայի գավառի հայ բնակիչների ինքնապաշտպանական զինված գործողությունները ընդդեմ թուրք ջարդարարների։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախալցխայի գավառը հայկական և վրացական աղբյուրներում հիշատակվող Սամցխեն է։ Այն կոչվում է նաև Մեսխեթ՝ մոսոխների կամ մեսխերի երկիր, որտեղ անհիշելի ժամանակներից ի վեր ապրել են հայերն ու վրացիները[1]։ Սամցխեն հարևան Աճարայի հետ Արտաշես Ա-ի օրոք (մ.թ.ա. մոտ 185 թվական) միացվել է Մեծ Հայքի թագավորությանը և կազմել նրա վարչական մեկ միավորը` Գոդերձական անունով։ 1237 թվականին Սամցխեն միացվել է Վրաստանին: 1236 թվականին մոնղոլները տիրելով Ախալցխային, ավերել են քաղաքը և բերդը։ Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին 1266 թվականին, մոնղոլների օգնությամբ, Վրաստանից անջատել է Սամցխեն և ստեղծել կիսանկախ Սամցխե իշխանությունը, որը ենթարկվում էր մոնղոլների Հուլավյանների իշխանությանը: 14-րդ դարում Սամցխեն աթաբակություն էր, կառավարիչներն ունեին աթաբակի տիտղոս։ Ախալցխան ծաղկել է Մեսխեթի Զաղելիների նստավայրը դառնալով։ 1416 թվականին Կարա-Կոյունլու ցեղապետ Կարա-Յուսուֆը ավերել է Ախալցխան։ 1579 թվականին Ախալցխան ընկել է Թուրքիայի տիրապետության տակ, որպես Ախալցխայի փաշայություն։ Ախալցխան և ամբողջ փաշայությունն (Ախալքալաքի հետ միասին) 1829 թվականին միացվել է Ռուսաստանին։ 1830 թվականին Կարինից (Էրզրում) գաղթեց և Ախալցխայում բնակություն հաստատեց 2536 հայ ընտանիք, մնացած գաղթականները բնակություն են հաստատել Ախալցխայի գյուղերում և Ախալքալաքում[2]։
Կարնո գաղթականությունից առաջ Ախալցխայում 1833 թվականի մարդահամարի համաձայն ապրում էին 411 հայ ընտանիք (385 ընտանիք կաթոլիկ հայեր, 26 ընտանիք լուսավորչական հայեր), 44 ընտանիք վրացի, 117 ընտանիք հրեաներ և 24 ընտանիք թուրքեր[3]։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ախալցխայի գավառն ունեցել է 189 գյուղ՝ 72.051 բնակիչով, Ախալցխա քաղաքը և Աբասթուման առողջարանը՝ 23.924 բնակիչով։ Գավառում ապրել են 95.975 բնակիչ։ Այս թվերը վերցված են 1913 թվականի տվյալներից։ Ախալցխայի գավառը ազգային կազմով բազմազգ էր։ Բնակչության մեծամասնությունը թուրքեր էին (56,100 մարդ), որոնցից քաղաքում ապրում էին ընդամենը 26 մարդ։
Գավառի հայերը թվաքանակով երկրորդն էին (28.000 մարդ), որոնցից 18.000-ը (մոտ 80 %) ապրում էին Ախալցխա քաղաքում (բնակչությունը՝ 23.924 մարդ), իսկ 10.000-ը` գյուղերում։ Գավառում ապրում էին նաև 9500 վրացիներ, որոնցից 7500-ը՝ գյուղերում, 2000-ը՝ քաղաքում։ Քաղաքում ապրում էին 3000 վրացախոս հրեաներ։
Գավառի գյուղերում ապրում էին նաև մուսուլման քրդեր[4]։
Ախալցխայի շրջապատումը Մեսխեթի թուրքերի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի նոյեմբերի 15-ին կազմակերպվեց Անդրկովկասյան կոմիսարիատը և Անդրկովկասն անջատվեց Խորհրդային Ռուսաստանից։ Երկրամասում ստեղծվեց ծանր ու բարդ իրավիճակ։ Ազգային կուսակցությունների վարած անհամաձայն գործողությունների հետևանքով ազգամիջյան հարաբերությունները խիստ սրվեցին։
Ծանրացավ երկրամասի քրիստոնյաների (վրացիների և հատկապես հայերի) վիճակը, երբ ռուսական բանակը Երզնկայի զինադադարի կնքումից հետո թողեց Կովկասյան ռազմաճակատի հսկայական գիծը և սկսեց հեռանալ։ Թուրքիայի հետ 1917 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվել էր Երզնկայի զինադադարը, բայց այն ոչ մի երաշխիք չէր տալիս, որ Թուրքիան չի իրականացնի իր հեռանկարային պլանները՝ պանթուրքիզմը, որի ճանապարհին ընկած էին Հայաստանն ու Վրաստանը։ Ռազմաճակատը լքող ռուսական մեծաքանակ ու ընտիր բանակներին փոխարինում էին հայկական և վրացական նոր կազմավորվող փոքրաթիվ ուժերը։ Թուրքիան գործի դնելով իր մեքենայություններն ու բոլոր ջանքերը, լարվածություն էր ստեղծում Անդրկովկասում՝ հայերի և վրացիների դեմ հանելով տեղական թուրք բնակչությանը` որպես «հինգերորդ զորասյուն»։
Օսմանյան Թուրքիան իր դիտավորություններն իրականացնում էր «Մուսավաթ» կուսակցության պարագլուխների՝ Թոփչիբաշևի, Աղաևի, Ջաֆարովի, Խան-Խոյսկու, Ջավանշիրի, Սուլեյմանովի, զանազան բեկերի և իր այլ գործակալների միջոցով։ Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ կատարված առաջին քայլերից մեկը եղավ Ախալցխայի գավառի (Մեսխեթի) թուրքերին ոտքի հանելն ընդդեմ տեղական վրացիների և հայերի։ Այս մասին գրված է Միխեիլ Յակով Վելիջանաշվիլու գրքում.
Թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան հրամայում է Ախալցիխեի Սարվան բեգին, որ տեղական մուսուլմաններից ավազակախմբեր կազմի՝ տեղի վրացիներին ոչնչացնելու համար... Այդ սև օրերը հիշելիս մարմինս դողում է... Անհավատները ոչ միայն ուզում էին կուլ տալ մեր այս անկյունը, այլև ամբողջ Վրաստանը[5] |
1918 թվականի մարտի 9-ին, տեղական թուրքերի զինվելու և քրիստոնյաների դեմ դուրս գալու կապակցությամբ «Մշակը» գրում է. «...Շրջապատող թուրքերը գրեթե ուժի օգնությամբ են զինվում, խմբվում, այն էլ վերևից (Պոլսից) եկած հրամանի, եկած բեզերի շնորհիվ...»:
1917 թվականի դեկտեմբերի 27-ին, վաղ առավոտյան, Ախալցխայում լուր տարածվեց, որ քաղաքը պաշարված է 15 հազար զինված տեղական թուրքերի կողմից։
Ախալցխայում այդ ժամանակ լույս տեսնող Դաշնակցության «Շարժում» թերթը գրում է. «Խանութները անմիջապես փակվեցին և քաղաքացիները խումբ-խումբ հավաքված փողոցներում աշխատում էին լուրը ճշտել և տեղեկություններ հավաքել։ Պաշարումը փաստ էր...»[6]
Պաշարման ճշտությունը պարզելուց հետո քաղաքի բնակիչներն անմիջապես կազմակերպեցին ինքնապաշտպանության գվարդիա և հմուտ փորձված հրամանատարների ղեկավարությամբ դիրքեր գրավեցին քաղաքի մերձակայքում։ Տագնապը համակել էր ամբողջ քաղաքը և շրջապատի հայ-վրացական գյուղերը։ Առանձնապես սարսափի մեջ էին կանայք։ Նրանք լավ գիտենալով իրենց հարևաններին, կարծում էին, որ թուրքերի հնարավոր մուտքը քաղաք դառնալու է մեծ չարիքների պատճառ, իսկ երբ այրերը զինվեցին և դուրս եկան պաշտպանելու իրենց կանանց պատիվն ու երեխաներին, հայ կանայք անմիջապես սատար կանգնեցին իրենց ամուսիններին ու եղբայրներին։ Նրանք հանուն երեխաների կյանքի ապահովության, պատրաստակամություն հայտնեցին տալ իրենց բոլոր զարդերը և անգամ կյանքը, ասելով, որ թշնամին իրենց շեմքում էլ դիմադրության կհանդիպի և միայն մոր դիակի վրայով կհասնի երեխաներին»[7]
Այդ դեպքերի մասին «Մշակ» լրագիրը գրում է.
Ախալցխայի քաղաքագլուխը հեռագրում է, որ քաղաքը շրջապատված է 10.000 զինված մուսուլմաններով, որոնք հավաքվել են շրջակա թուրք գյուղերից և դրությունը վտանգալից է։ Անհրաժեշտ է շուտափույթ օգնություն։ Աբասթումանը կտրված է։ Թուրքերը պահանջում են իրենց հանձնել թե՛ քաղաքը, և թե՛ նրա շուրջը գտնվող բոլոր ռազմական դիրքերն ու մթերքները[8] |
Նույն թերթի մեկ այլ համարում գրված է.
Ինչպես կասկածվում է, Թուրքիայից եկած էմիսարները վաղուց գործում են Ախալցխայի իրենց հայրենակիցների մեջ, նրանք այն պրոպագանդան են մղել, թե Ախալցխան իր շրջաններով ոչ թե վրացական երկիր է, այլ՝ մուսուլմանական, հետևաբար, սահմանաբաժանումի ժամանակ այն պետք է մտնի մուսուլմանական ինքնավար միության մեջ...[9] |
Նույն առավոտյան քաղաքում երևացին ռուսական ծառայության երկու թուրք սպաներ, որոնք, ըստ իրենց պատմածի, ուղարկվել էին Թիֆլիսի թուրքական ազգային խորհրդի կողմից` Ախալցխայի 110 թուրք զինվորների համար ուսումնական խումբ ստեղծելու, որ իրենք քաղաքի շրջապատման հետ ոչ մի կապ չունեն։ Սակայն նրանք իրենց իսկական նպատակը թաքցնում էին։ Քաղաքում երևալը նրանց մեկ ընդհանուր ծրագրի մի մասն էր, որ գործի էր դրվել Թիֆլիսի թուրքական ազգային խորհրդի կողմից...
Առավոտյան ժամը 10-ին քաղաքի ռեստորաններից մեկում քաղաքագլուխ Զորի Զորյանի գլխավորությամբ տեղի ունեցան բանակցություններ` քաղաքի ներկայացուցիչների, քաղաքը շրջապատող թուրք ամբոխի պարագլուխների՝ Օմար Էֆենդու, Սարվարբեգ Աթաբեգովի միջև։
Թուրքերը բանակցությունների ընթացքում քաղաքի ղեկավարներին ներկայացրին հետևյալ պահանջները.
- Քանի որ հնարավոր է քաղաքի ռուսական կայազորի հեռանալը, հայերը պետք է իրենց հանձնեն բերդը (որտեղ տեղավորված էր կայազորը), այնտեղ եղած զենքն ու զինամթերքը
- Թույլ տան իրենց մտնելու քաղաք, որովհետև ինչպես Ախալցխայի գավառը, այնպես էլ Ախալցխա քաղաքը պատկանում են գավառի մուսոլլմաններին[10]. Ախալցխայի գավառում պետք է ստեղծվի թուրքական կանտոն (ինքնավարություն)...[6] Թուրքերը հիմնավորելու համար իրենց այդ պահանջները՝ «ապացուցում էին», որ Ախալցխան պատմականորեն, ազգագրական տեսակետից մուսուլմանական կանտոն է և ոչ վրացական տարածք[11]
Թուրք բեկերը, Օմար-էֆենդին, որն իրեն բոլշևիկ էր հայտարարում և Սարվար-բեգ Աթաբեգովը քաղաքի ղեկավարներին սպառնում էին իրենց պահանջները չկատարելու դեպքում քաղաքը ենթարկել պաշարման և գրավել այն...
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13-ին, բանակցությունները շարունակվեցին Զինվորական խորհրդի սրահում, որտեղ բեկերը համառորեն կրկնում էին իրենց պահանջները։ Ախալցխայի քաղաքագլուխ Զորի Զորյանը քաղաքային վարչության անունից պատասխանեց, որ գավառի թուրքական ինքնավարության հարցը կարող է լուծել միայն Կովկասյան կոմիսարիատը, իսկ քաղաքի բնակչությունն ու ղեկավարությունը երբեք թույլ չեն տա զինված թուրքերին քաղաք մտնել։ Թուրքերի ներկայացուցիչները քաղաքի ղեկավարներին ներկայացրին վերջնագիր, որտեղ պնդում էին իրենց պահանջները կատարել մինչև հաջորդ օրվա (դեկտեմբերի 28-ի) ժամը 14-ը. չկատարելու դեպքում սպառնում էին մտնել քա��աք։ Բանակցությունների ընթացքում քաղաքի բնակչությունը խռնվել էր դրսում և քաղաքի ղեկավարներից զենք էր պահանջում,իսկ թուրքական զինված ամբոխը քաղաքի ղեկավարների վրա ճնշում գործադրելու և բանակցությունների ելքը թուրքերի օգտին վճռելու նպատակով անցավ հարձակման։ Լուր տարածվեց, որ թուրքերը շղթաներ կազմած մոտենում են քաղաքին։
Մարդիկ ուղարկվեցին թուրքերին ընդառաջ, որ դադարեցնեն առաջխաղացումը, քանի դեռ չեն վերջացել բանակցությունները... Թուրքերը այդ օրը բավարարվեցին քաղաքի մերձակայքի բլուրները գրավելով և նախապատրաստվելով հաջորդ օրվան, իսկ քաղաքի ղեկավարների կողմից իրենց ներկայացրած վերջնագրի մերժման դեպքում նրանք կդիմեն մարտական գործողությունների...
Երեկոյան Զորի Զորյանը հեռագրում է Թիֆլիս` Կովկասյան կոմիսարիատին, ներկայացնում է Ախալցխայի ծանր կացությունը և օգնություն է խնդրում.
Հեռագրեր հղվեցին նաև հարևան գավառներն ու քաղաքները՝ Ախալքալաք, Բորժոմի և այլն։
Թուրքերի վերջնագրին պատասխանելու համար դեկտեմբերի 28-ին, ժամը 10-ին նշանակված էր խորհրդակցություն, որին մասնակցեցին քաղաքի ու գավառի զինվորների, բանվորների և գյուղացիների խորհուրդների ներկայացուցիչները, Կլդե շրջանի թուրք պատգամավորները, Աբասթումանից հրավիրված սահմանադիր ժողովի անդամ Բումիշվիլիին, նախորդ գիշեր Թիֆլիսից, Ախալցխայի գավառում ազգային զորամասեր կազմակերպելու նպատակով ժամանած հայ և ռուս ազգային խորհուրդների ներկայացուցիչները և քաղաքը պաշարող թուրքերի ներկայացուցիչները՝ Օմար-էֆենդին և Սարվար-բեգ Աթաբեգովը։
Խորհրդակցությանը ներկայանալով՝ Օմար էֆենդին բարձր տոնով իր «վիրավորված» լինելու հանգամանքն արտահայտեց այն բանի համար, որ քաղաքի ղեկավարները Զորի Զորյանի գլխավորությամբ արհամարհել են իր երաշխիքներն այն մասին, որ քաղաք մտնելու դեպքում թուրքերը քաղաքի բնակչությանը վնաս չեն հասցնի, և հեռագիր են հղել Կովկասյան Կոմիսարիատին և օգնություն խնդրել...
Տեղի են ունենում տաք վիճաբանություններ։ Ըստ բոլշևիկ Հրաչյա Ղազազյանի վկայությունների, այդ վիճաբանությունների ժամանակ Օմար-էֆենդին (Վրաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո նա դառնում է Վրաստանի կենտգործկոմի անդամ, որից հետո գնդակահարվում է որպես դավաճան) խորհրդակցությունում հանդես էր գալիս ինչպես հաղթողը և իր ժողովրդի անունից իր կամքն էր փորձում թելադրել, իսկ երբ Համազասպ Ինճիկյանն ասում է, որ նրա հետ ոչ թե պետք է բանակցել, այլ ձերբակալել, Օմար-էֆենդին բարձրանում է սեղանի վրա և սկսում գոռգոռալ ու հայհոյել...[12]
Խորհուրդների և քաղաքի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց միացած Կլզեի շրջանից եկած թուրք պատվիրակները խստորեն դատապարտեցին թուրք բեկերի կողմից զինված և ոտքի ելած թուրքերի քայլը։
Դրսում բնակիչները նորից անհանգստության մեջ էին թուրքական հրոսակների քաղաքին մոտենալու կապակցությամբ և ղեկավարությունից զենք էին պահանջում թշնամուն հակահարված տալու համար։ Բերդից քաղաքի գվարդիականները հրանոթային կրակ բացեցին մոտեցող թուրքերի վրա։ Երկուստեք սկսվեց հրացանաձգություն, որի հետևանքով այդ օրը վիրավորվեցին քաղաքի ինքնապաշտպանության երկու հայ գվարդիականներ և սպանվեցին երկու թուրքեր։ Թուրքերը հանդիպելով հայերի համառ ու քաջարի դիմադրության, ստիպված նահանջեցին։
Խորհրդակցությունը հետաձգվեց հաջորդ օրվան, որպեսզի դրան մասնակցեին նաև Կովկասյան կոմիսարիատի ներկայացուցիչները, որոնք, ըստ քաղաքում տարածված լուրերի, շուտով կլինեին Ախալցխայում։
Երեկոյան ժամը 18:00-ին տեղի ունեցած միտինգից հետո ժամը 19:00-ին լուր ստացվեց, որ Ախալքալաքի ճանապարհի վրա սպանված է երկու թուրք... Դեկտեմբերի 28-ի կեսօրին տեղի ունեցած առաջին հայ-թուրքական ընդհարման ժամանակ փոխհրաձգությունից սպանված այդ երկու թուրքը հետագայում բեկերի կողմից դարձան շահարկման միջոց։
Դեկտեմբերի 29-ի երեկոյան Ախալցխա հասան Անդրկովկասյան կոմիսարիատի ներկայացուցիչները՝ ներքին գործերի կոմիսարի օգնական Կարցիվաձեն, խնամատարության կոմիսարի օգնական Ղազայանը, Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչ Բեգզադյանը և թուրքերի ազգային խորհրդի կողմից՝ Պեպինովը։ Տեղ հասնելուն պես նրանք զինվորական խորհրդի շենքում ժողով գումարեցին՝ զինվորական, բանվորական և գյուղացիական խորհուրդների, կուսակցությունների և քաղաքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ճշտվեցին փաստերը, և հավանություն տրվեց վելիկոռուս զինվորների որոշմանը՝ պահպանել կայազորի ռազմամթերքը, զենքը և ունեցվածքը` մինչև իրենց օրինական փոխարինողների գալը...
Դեկտեմբերի 30-ին գիմնազիայի շենքում շարունակվեց խորհրդակցությունը, որին ներկա էին ինչպես նախորդ օրվա ժողովականները, այնպես էլ քաղաքը պաշարող թուրքերի ներկայացուցիչները։ Արտակարգ ժողովը նախագահում էր Ռուսական ազգային խորհրդի անդամ Օբոլխովը։ Նրա պահանջով խորհրդակցության սկզբին դահլիճ մտան Ասպինձայի էտապային (հանգրվանային) կետի զինվորները և պատմեցին, թե ինչպես Ասպինձայի զինված թուրքերը հարձակվելով իրենց վրա, խլել են 18 հրացան, ամբողջ ունեցվածքը, և իրենք փախչելով հազիվ փրկվել են... Խորհրդակցությունում դատապարտվեց թուրքերի կատարած այս քայլը։ Մուսուլմանների ներկայացուցիչ Օմար-էֆենդին Ասպինձայի դեպքի կապակցությամբ բացատրություն տալով հայտարարեց, որ ռուս զինվորներից և կոզակներից խլված ունեցվածքն ու զենքը կվերադարձվի, որ այդ մասին արդեն կարգադրություն է արված։
Օմար-էֆնեդին այնուհետև հանդես գալով գավառի մուսուլմանների (թուրքերի) անունից, իր ճառում ասաց, որ մուսուլմանների պահանջը հեղափոխության բերած իրավունքների և ազատությունների իրականացումն է, որ թուրք գյուղացիների շարժման պատճառն այն է, որ նրանց ճակատագիրը տնօրինում են առանց նրանց հաշվի առնելու, ինչպես նաև այն լուրը, թե ռուս զինվորների հեռանալուց հետո գնդի ամբողջ գույքը, զենքը և բերդը տրվելու է քաղաքի բնակչությանը, այսինքն` հայերին։ Հենց շարժման սկզբից (1917 թվականի դեկտեմբերի 27-ից) իրենք՝ մուսուլմանների ներկայացուցիչները, դիմելով քաղաքային ինքնավարությանը, հայտարարել են, որ շարժումը կրում է միայն քաղաքական բնույթ` առանց որևէ ազգային կոտորածի վտանգի, որ իրենք (թվով 15 մարդ), մշտապես քաղաքում որպես պատանդ են եղել, և քաղաքին ոչ մի վտանգ չի սպառնում... Օմար էֆենդին ճառի վերջում ներկայացրեց հետևյալ պահանջները.
- Գավառային իշխանությունը լինի ազգային, այսինքն ադմինիստրացիան և պաշտոնյաները ընտրվեն ժողովրղի կողմից... (այս դեպքում գավառում իշխանությունը կանցներ իրենց՝ թուրքերի ձեռքը, որովհետև բնակչության մեծամասնությունը թուրքերն էին կազմելու)
- 24 ժամ հետո հեղափոխական դատարանին հանձնել երկու թուրքերին սպանողներին.
- 116-րդ գունդը դարձվի մուսուլմանական՝ գավառի թուրքերից հավաքագրված զինվորականներով...[13]
Առաջին և երկրորդ պահանջները պետք է բավարարվեին անմիջապես, իսկ երրորդը պետք է վճռեր Անդրկովկասյան կոմիսարիատը։
Քաղաքագլուխ Զորի Զորյանը իր ճառում թուրքերի ներկայացրած պահանջներից երկրորդ կետի կապակցությամբ ասաց, որ այդ երկու թուրքերը սպանվել են ոչ հայերի մեղքով` փոխհրաձգության ժամանակ, մարտի դաշտում, որովհետև թուրքերը նախահարձակ եղել և քաղաքի հայերից անհայտ կորել են մեկ կին և 11 տղամարդ։
Այնուհետև նա պաշտպանեց իր առաջին օրն արտահայտած տեսակետը։ Իր ճառով թուրքերի ներկայացրած պահանջների կապակցությամբ բացատրություն է տալիս ներքին գործերի կոմիսարիատի ներկայացուցիչ Կարցիվաձեն։ Նա կարծում է, որ առաջին պահանջը կկատարվի, երբ Անդրկովկասում մտցվի զեմստվո, իսկ վերջինը (երրորդը)՝ պետք է լուծվի Անդրկովկասի բարձրագույն իշխանությունների կողմից։ Այնուհետև ելույթներ ունեցան քաղաքական կուսակցությունների և դեմոկրատական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Խորհրդակցության վերջում ստեղծվեցին հանձնաժողովներ քննելու համար սպանությունների գործը և հարուցված մանր գանգատներն ու վեճերը։
Թուրքերը ժամանակավորապես վերացրին քաղաքի պաշարումը, բայց չզինաթափվեցին և իրենց գյուղերում զբաղված էին զորավարժություններով։
Քաղաքացիներին շատ էր մտահոգում ռուս զինվորների քաղաքից հեռանալու հարցը և այդ նպատակով քաղաքի ներկայացուցիչները 1918 թվականի հունվարի 1-ի երեկոյան որոշեցին այդ հարցով հանդիպել դեռևս քաղաքում գտնվող կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Առաջարկվեցին մի շարք ժամանակավոր միջոցառումներ։
Թուրք ներկայացուցիչները համաձայնվեցին, որ ռուսական կայազորի փոխարեն քաղաք գա հայկական զորամաս։ Սակայն քաղաքի ղեկավարները ճիշտ հասկանալով թուրքերի այս «նվիրատվության» իսկական նպատակը (թուրքերը դրանով ուզում էին առճակատում ստեղծել հայերի և վրացիների միջև)՝ չընդունեցին այն, հայտարարելով, որ գերադասելի է չեզոք զորքը։
1918 թվականիի հունվարի 2-ին կենտրոնական իշխանության և ազգային խորհուրդների ներկայացուցիչները վերադարձան Թիֆլիս։ Նրանց հետ միասին գնացին նաև գավառի թուրքերի ներկայացուցիչները՝ այնտեղ Անդրկովկասյան կոմիսարիատին իրենց պահանջները ներկայացնելու համար։ Այդ օրը Քոբլիանում (Ադիգենիի շրջան)[14] լուր է տարածվում, թե Ախալցխայի հայերը հարձակվել են Ղարաթումանի և այլ թուրքական գյուղերի վրա, ավերել դրանք թուրքական գյուղերի բնակիչներին կոտորելով՝ շարժվում են Քոբլիանի (գրվում է նաև Կոպլիանի) խորքերը։
Քաղաքի մոտ գտնվող թուրքական գյուղերի բնակիչները ահաբեկված փախչում էին։ Քոբլիանի գյուղերի 3000 թուրքեր զինված գալիս էին Քոբլիան և Փոցխով (այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում) և այնտեղ պարզում, որ հայերը թուրքական գյուղերին վնաս չեն տվել։
Հարձակման մասին լուրը հասել էր մինչև Աճարա։ Ներքին Աճարայի բնակիչները Քոբլիանի թուրքերին օգնելու նպատակով զինված խմբերով գալիս էին դեպի Վերին Աճարա։ Սակայն նրանք այստեղ լսելով, որ լուրերը սուտ են, որոշում են ձեռնունայն չվերադառնալ և թալանում են Ղուլայի (Խուլո) հույների խանութները, որը առաջ է բերում վերինաճարացիների զայրույթը...
Այդ օրերին գավառի տարբեր մասերից Ադիգոնում (Ադիգեն) հավաքվել էին հազարավոր թուրքեր՝ միտինգ անցկացնելու համար։ Այդ միտինգին մասնակցում էին նաև հայերի 3 ներկայացուցիչներ։ Միտինգում ելույթ ունեցող բոլոր ճարտասանները կարծում էին, որ Ախալցխայի 116-րդ գունդը պետք է թուրքացվի, Ախալցխա քաղաքը և ամբողջ գավառը պետք է լինի թուրքերի գերիշխանության տակ։ Անդրկովկասի թուրքերն առանց թաքցնելու ասում էին, որ իրենք զորք չեն ուղարկի Թուրքիայի դեմ, իրենք կմնան թիկունքում, իսկ ռազմաճակատ թող գնան հայկական և վրացական զորքերը, իսկ եթե հայերն ու վրացիները պատերազմեն իրենց հավատակից և արյունակից եղբայր օսմանյան Թուրքիայի դեմ` իրենք անտարբեր չեն մնա[7]։
Ազգամիջյան խորհրդի ստեղծումն ու նիստերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պաշարումը վերացվել էր, սակայն թուրք զինյալները զենքը վայր չէին դրել և պարբերաբար շարունակում էին զորավարժություններն ու զինումը։ Նրանք Ածղուրի մոտ փակել էին Ախալցխա-Բորժոմի ճանապարհը և դրանով կտրել Թիֆլիսի՝ երկրամասի սրտի հետ կապող գլխավոր զարկերակը, Ասպինձայի մոտ փակել էին Ախալցխայի գավառը՝ Մեսխեթը, և Ախալցխա քաղաքը հացով և այլ սննդամթերքներով մատակարարող Ախալքալաքի գավառի (Ջավախքի) հետ կապող մայրուղին, փակել էին նաև Աբասթումանի ճանապարհը։ Հարյուրավոր զինված թուրքեր խուզարկում էին քրիստոնյա անցորդներին (հայ, վրացի, ռուս և այլք), խլում նրանց զենքը, թալանում, վիրավորում նրանց կրոնական, ազգային ու մարդկային արժանապատվությունը։ Եվ այն ահն ու սարսափը, որ 1917 թվականի դեկտեմբերի 27—30-ը Ախալցխայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տարածվել էր ինչպես Ախալցխայի գավառում, այնպես էլ հարևան գավառներում (Գորի, Ախալքալաք և այլն), շարունակվում էր նաև 1918 թվականին։
1918 թվականի հունվարի 8-ին Ախալցխայից դուրս եկավ ռուս զինվորների վերջին խումբը, որի հետևանքով կայազորը մնաց առանց զինվորների։ Թուրքերը պահանջում էին 116-րդ գունդը համալրել թուրքական, սակայն սպասում էին կոմիսարիատի պատասխանին։ Վրացական զորամասը դեռևս չէր կազմավորվել. այն կազմավորման գործընթացի մեջ էր։
Չնայած այն հանգամանքին, որ կայազորի պետ Լիպովեցկին և զինվորական իշխանությունները լավ չէին տրամադրված հայերի նկատմամբ և կողմնակից էին, որ հեռացող ռուս զինվորներին փոխարինեն թուրքերը, այնուամենայնիվ, բերդի պաշտպանությունը իրականացնում էին հայ տղաները՝ մի ուսուցչի ղեկավարությամբ։ Հայ երիտասարդները կազմ ու պատրաստ հսկում էին դիրքերում և սպասում, որ դրսից զինվորական ուժ գալուց հետո իրենք մտնեն կազմավորվող գնդի մեջ։ Սակայն զինվորական պետի դեպի հայերն ունեցած անբարյացակամության հետևանքով գունդը դանդաղ էր կազմավորվում։ Գնդի մեջ նա թույլ էր տալիս ընդունել միայն արձակուրդում գտնվող զինվորականներին, այնինչ քաղաքային ինքնավարությունը կարծում էր, որ պետք է գնդի մեջ ընդգրկել բոլոր 18 — 45 տարեկան տղամարդկանց։ Ախալցխայի քաղաքագլխի օգնական Միքայել Այվազյանը դժգոհում է, որ դեռևս զինվորական մարմնի կողմից լիազոր չի ուղարկվել։ Նա առաջարկում է կապիտան Վարդան Մարտինի Ասլանյանի թեկնածությունը[15]։ Հունվարի 13-ին Թիֆլիսից հեռագրում են Ալեքսանդրապոլ և խնդրում են Ախալցխա հարցում անել կապիտան Վարդան Ասլանյանի գումարտակի հրամանատար լինելո�� համար[16]։ Քաղաքում և գավառում ստեղծված արտակարգ ծանր ու դժվարին իրադրությունից ելք գտնելու համար քաղաքագլուխ Զորի Զորյանի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի ունեցավ միջկուսակցական ժողով, որին մասնակցեցին նաև բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդերի ներկայացուցիչները։ Ժողովը տեղի ունեցավ Զորի Զորյանի նախագահությամբ և զինվոր Գ. Զարգարյանի քարտուղարությամբ։ Զորի Զորյանը հրապարակեց քաղաքի և գավառի թուրք բնակչության ներկայացուցիչների կարծիքը դեկտեմբերյան իրադարձությունների մասին, որոնք առավոտյան իր մոտ դատապարտել էին իրենց ցեղակիցների արարքը։
Զինվոր Ալվարյանը զայրույթով արտահայտվեց թուրքերի կողմից դեռևս շարունակվող ճանապարհորդների խուզարկության և թալանի մասին, պահանջեց նրանց նկատմամբ կտրուկ միջոցների դիմել։
Վ. Գարդավաձեն նույնպես առավոտյան լսել էր թուրքերի ներկայացուցիչներին, և հավանություն տալով նրանց կարծիքին, գտավ, որ այս անգամ ևս պետք է հավատալ թուրքերին ու բանակցել։ Իսկ եթե շարունակեն իրենց ոտնձգությունները քաղաքի նկատմամբ, ապա համապատասխան քայլերի միջոցով կարող են սանձել նրանց։
Ջ. Զորյանն իր ելույթում ասաց.
Ես նույնպես տեսնում եմ, որ մեր մթնոլորտը ջղայնացած է, բայց մենք պետք է ղեկավարվենք խելքով և ոչ թե զգացմունքով, բոլոր միջոցները պետք է գործ դնել արյունահեղության առաջն առնելու, քանի որ դրանից միայն բեգերը և մութ տարրերը պետք է օգտվեն...[17]: |
Նա միաժամանակ հուսադրեց ժողովականներին նրանով, որ ծայրահեղ դեպքում, եթե անհրաժեշտ լինի, նրանք կարող են թուրքերին զսպել և Բորժոմիից, Քութայիսից, Ախալքալաքից ու Ալեքսանդրապոլից կգան օժանդակ ուժեր։
ժողովականների զայրույթն առաջացրեց առանց Զինվորական խորհրդի գիտության կայազորի պետ Լիպովեցկու տված զինաթափության հրամանը, որի իրականացումը մահացու հարված կլիներ հայերի, վրացիների, մասնավորապես Ախալցխա քաղաքի բնակչության համար։
Ժողովականները ցանկություն հայտնեցին հեռացող ռուս զինվորներին փոխարինել նոր կազմավորվող զորամասերի (հայկական և վրացական) զինվորներով։
Ժողովում ստեղծվեց Միջկուսակցական խորհուրդ, որին, ինչպես իր հուշերում գրում է Գևորգյան ճեմարանի նախկին սան Հրաչյա Ղազազյանը, չնայած չմասնակցեցին քաղաքի բոլշևիկները, սակայն նրանք նույնպես զինվորագրվեցին ինքնապաշտպանությանը և դարձան նրա մարտիկները...[18]
Ինքնապաշտպանությունը բոլոր կուսակցությունների ու խավերի համար դարձել էր կյանքի ու մահվան գործ։ Միջկուսակցական հակասություններն, ազգի համար կարևոր նշանակություն ունեցող այս հարցում, վերացել էին։ Փետրվարի 11-ին, կիրակի օրը բոլշևիկյան կազմակերպության Կարապետյան դպրոցի բակում կազմակերպված միտինգում հնչում էին բոլշևիկների ղեկավարների` Համազասպ Ինճիկյանի, Հրաչյա Ղազազյանի, Հ. Խաչատրյանի և այլոց քննադատության խոսքերը` ուղղված էսէոների, մենշևիկների, ինչպես և Անդրկովկասյան կոմիսարիատի հասցեին, և տեղում նրանք անմիջապես ստանում էին հակահարված քննադատության ենթարկված կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես և դաշնակցականների կողմից[19] Սակայն դա չէր խանգարում, որ բոլոր հակամարտ կուսակցությունները ինքնապաշտպանության հարցում ցուցաբերեին միասնություն և համախմբվածություն։ Այս երևույթը տիրապետող էր նաև քաղաքային դումայում, որի կազմը ինչպես բազմազգ էր, այնպես էլ բազմակուսակցական։ Այստեղ նույնպես ազգամիջյան և միջկուսակցական բոլոր հակասությունները մղված էին հետին պլան, իշխում էր հասարակական շահը, ինքնապաշտպանության շահը պաշարվածներին (հայեր, վրացիներ, հրեաներ, ռուսներ) փրկության գաղափարը, տիրում էր համերաշխություն։ Ժողովը վերջում որոշեց նաև ընտրել ազգամիջյան մի մարմին` խորհուրդ, լիազորելով լայն իրավունքներով, որը պետք է վերացներ ստեղծված ծանր իրավիճակը և կանխեր նոր անակնկալները[20]
Ազգամիջյան ժողովի նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջապատման հետևանքով կենտրոնից ուղարկված սննդամթերքը տեղ չէր հասնում կամ հասնում էր աննշան մասը։ Պարենավորման կոմիտեն հոգ էր տանում քաղաքում եղած սննդամթերքներր ճիշտ բաշխելու համար` նկատի ունենալով երկարատև պաշարման հնարավորությունը, և ընդհանրապես կարգավորելու քաղաքի պարենավորման գործը։ Այդ օրերին Բորժոմիում ստացված մեկ վագոն պարենն ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքները Ախալցխա տեղափոխելու համար կոմիտեի կողմից ուղարկված սայլերը չէին վերադարձել։ Քաղաքում ջրաղաց չկար, դրսի ջրաղացները սառած էին, իսկ քաղաքին անհրաժեշտ էր ալյուր։ Քաղաքի պարենային կոմիտեն խնդրում է կալվածատեր Կարապետ Բայրուրգյանին, իր ունեցած ջրաղացի ջրաղացքարերը և մյուս պարագաները դնել կոմիտեի տրամադրության տակ։ Վերջինս մերժում է, սակայն Պարենավորման կոմիտեն ծանր դրությունից դուրս գալու համար դիմում է արդարացվող բռնության։ Քաղաքային ինքնապաշտպանության գվարդիայի շտաբի կարգադրությամբ գվարդիականների միջոցով գրավում է ջրաղացը և այն տեղափոխում քաղաք[21]։ Քաղաքագլուխ Զ. Զորյանի գլխավորությամբ քաղաքային վարչությունը, զբաղվելով պարենային և այլ կարևոր սոցիալ-տնտեսական հարցերով, այնուամենայնիվ, առաջնությունը տալիս էր քաղաքական և ռազմական հարցերին։ Հարկավոր էր բոլոր միջոցներով գավառում կայունացնել վիճակը, վերջ տալ ազգամիջյան թշնամությանը և վերացնել շրջափակումը։
Այդ ուղղությամբ կատարած քայլերից մեկն էլ Ազգամիջյան խորհրդի ժողովն էր, որի առաջին նիստը սկսվեց 1918 թվականի հունվարի 15-ին։ Նիստերին մասնակցում էին հայերի, վրացիների, թուրքերի և ռուսների հինգական ներկայացուցիչներ։ Օրակարգում քննարկվում էր գավառի և քաղաքի ազգամիջյան հարաբերությունների հարցը։ Մուսակիևը՝ թուրքերի ներկայացուցիչը, հայտարարում է, որ թուրքական շարժումը գավառում սադրանքի արդյունք է։ Ինչպես իրեն ասել են գործին քաջատեղյակ մի քանի թուրքեր, ռուս զինվորականներից մի քանիսը հեռանալուց առաջ գավառի թուրքերին տեղեկացրել են, որ իրենք գնում են, իսկ քաղաքում կա զենքի և ռազմամթերքի մեծ պաշար, թուրքերն էլ կարող են իրենց բաժինն ստանալ։
Մի շարք ժողովականներ առաջին նիստին հանդես գալով արտահայտում են տարբեր մտքեր և անում զանազան առաջարկություններ։ Բոլորն ընդունեցին Զ. Զորյանի առաջարկությունը՝ առաջիկայում գավառի բոլոր ազգերի ներկայացուցիչների համագումար հրավիրել։ Ազգամիջյան խորհրդի երկրորդ նիստը, որ տեղի ունեցավ հունվարի 17-ին, նվիրված էր համագումարի նախապատրաստմանը։ Որոշվեց մեկ ամսվա ընթացքում նախապատրաստվել և համագումարն անցկացնել Ախալցխայում։ Ընտրվեց կազմկոմիտե, որի մեջ մտնում էին յուրաքանչյուր ազգից երեք ներկայացուցիչ։ Կազմկոմիտեի մեջ էին նաև քաղաքագլուխն ու գավառի կոմիսարը։ Նիստում որոշվեց նաև Միջկուսակցական խորհրդի անդամներից պատվիրակություններ ուղարկել գավառ[22]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պատմա-բանասիրական» հանդես, 1967 թվական, 1, էջ 117։ (Կ. Գ. Ղաֆադարյան. «Նյութեր Ախալցխայի հայ համայնքի պատմության վերաբերյալ»)։
- ↑ ՀՍՀ հատոր 1., էջ 196։ Նաև «Հայաստանի և հարակից շրջանների տեղական բառարան», հատոր 1, էջ 107
- ↑ Հ. Ս. Էփրիկյան բնաշխարհիկ բառարան Հ. Ա. Վենետիկ
- ↑ Կ. Գ. Ղաֆադարյան, «Ախալցխայի 1917—1918 թթ. ինքնապաշտպանական կոիվները» «Բանբեր Հայաստանի արխիվների», 1988 թվական 1, էջ 143)
- ↑ Մ. Յակ. Վելիջանաշվիլի. Խիզաբավրայի ուղեցույցը, հր. «Մեցնիերա» Թբիլիսի, 1974 թ., (վրացերեն), էջ 37-38
- ↑ 6,0 6,1 «Շարժում», 1918 թ., № 1
- ↑ 7,0 7,1 «Շարժում», 1918 թ., № 2
- ↑ «Մշակ», 1917 թվական, № 274 (29 դեկտեմբերի) — թուրքերի թվաքանակի հարցում ճիշտ է «Շարժում» թերթի տվյալները՝ 15 հազար (Ս. Ա.)
- ↑ «Մշակ», 1917 թվական, № 276 (31 դեկտեմբեր)
- ↑ «Кавказское слово» 1918 г., № 2
- ↑ «Արև» (Բաքու), 1918 թ., № 2
- ↑ Ахалцихский Самцхе- Джавахетский исторический музей (այսուհետև АИМ), д. 3835, Л. 7
- ↑ «Кавказское слово», 1918 г., № 5
- ↑ Ախալցխայի գավառը բաժանված էր երեք ենթաշրջանների՝ Քոլիանի, Ուրավելի, Ածղուրի
- ↑ ՀՀ ԿՊՊԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24, 1բ, թ. 128—129։ «Շարժում», 1918 թ., № 3
- ↑ ՀՀ ԿՊՊԱ, ֆ. 222, ց 1, գ. 24 III, թ. 444
- ↑ «Շարժում» 1918 թ., 3
- ↑ АИМ, д. 3835, л. 21
- ↑ «Շարժում», 1918 թ., 12
- ↑ «Շարժումն 1918 թ., N3
- ↑ «Շարժում», 1918 թ. №3
- ↑ «Շարժում», 1918 թ., №4 և №5