Jump to content

Վարակիչ դեղնախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:31, 8 Հոկտեմբերի 2023 տարբերակ, Անդրանիկ Ամրահյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վարակիչ դեղնախտ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառLeptospira interrogans Jhormita?[1]
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններտենդ, միալգիա, գլխացավ, թունավորում, երիկամային անբավարարություն, Սրտամկանի բորբոքում, Պապուլա, Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ) և դող[2]
Վարակ տարածողառնետներ, R. norvegicus?, շուն, մկներ, R. rattus?, Apodemus?, եվրոպական անտառամուկ, ջրային դաշտամկներ, խոշոր եղջերավոր կենդանիներ, Q4289565?, Sus?, աղվես և C. lupus
Բուժաքննությունֆիզիկալ զննում, urinalysis?, Արյան ընդհանուր հետազոտություն, արյան բիոքիմիական հետազոտություն, գոտկային պունկցիա, echocardiography?, Էլեկտրասրտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն, Լուսային մանրադիտակ, ELISEA?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և agglutination test?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Անվանվել էAdolf Weil?
ԲուժումՀեմոդիալիզ, parenteral administration?, հակաբիոտիկ, plasmapheresis?, Արյունակլանում, ultrafiltration?, antihemorrhagic? և protease inhibitor?
 Leptospirosis Վիքիպահեստում

Վարակիչ դեղնախտ, համաճարակային լյարդաբորբ, վիրուսային լյարդաբորբ, Վեյլի հիվանդություն (առաջին անգամ նկարագրել է Ադոլֆ Վեյլը, 1886 թվականին), մարդու սուր վիրուսային հիվանդություն՝ լյարդի ախտահարման գերակշռությամբ։ Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը շատ կայուն է արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ։ Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը, որը վարակիչ է համարվում հիվանդության գաղտնի շրջանի վերջից մինչև հիվանդության երրորդ շաբաթը ներառյալ։ Վիրուսներն օրգանիզմ են թափանցում հիմնականում բերանի խոռոչով և արյան միջոցով (վնասված ծածկույթներով) կամ Վարակիչ դեղնախտով հիվանդացածների արյունը առողջ մարդուն ներարկելիս (շիճուկային լյարդաբորբ)։ Հիվանդի արտաթորանքի հետ արտազատված վիրուսները կեղտոտ ձեռքերի, կենցաղային իրերի, ջրի և սննդամթերքների միջոցով փոխանցվում են առողջ մարդկանց։ Հարուցիչի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը։ Վարակովի դեղնախտ նկատվում է տարվա բոլոր եղանակներին, հատկապես աշնանը և ձմռանը։ Հիվանդությունից հետո առաջանում է կայուն անընկալունակություն։ Գոյություն ունի նաև բնական (մարդկանց 45–60%-ը անընկալունակ են այս հիվանդության հանդեպ) և ձեռքբերովի (առաջանում է հիվանդության թաքնված ձևերով հիվանդանալու դեպքում) անընկալունակություն։ Հիվանդությունն արտահայտվում է սուր և քրոնիկական ձևերով։ Սուր ձևն ընթանում է 3 շրջանով․ 1․ նախանշանային, 2․ հիվանդության լրիվ զարգացման (դեղնախտով կամ առանց դրա) և 3․ առողջացման շրջան։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով՝ մինչև 38–38,5 °C և ավելի, որը պահպանվում է 2–3 օր։ Հաճախ առաջանում է սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, աղիքներում գազերի կուտակում ևն։ Կղանքն անգունանում է, մեզը՝ մգանում (գարեջրի գույնի)։ Հիվանդության լրիվ զարգացման շրջանում առաջանում են նյարդային համակարգի խանգարումներ, թուլություն կամ գրգռվածություն, քնի խանգարում, գլխացավ, մաշկի քոր։ Աչքի սպիտակապատյանը, տեսանելի լորձաթաղանթները և մաշկը սովորաբար դեղնում են, սակայն դեղնություն կարող է և չլինել։ Լյարդը և փայծաղը մեծանում են, շոշափելիս ցավոտ են։ Այս շրջանը տևում է 2–3 շաբաթ և ավելի։ Առողջացման շրջանում հիվանդի ընդհանուր վիճակը բարելավվում է, ախորժակը լավանում, անքնությունը և թուլությունը վերանում են։ Վարակովի դեղնախտի ընթացքը կարող է լինել թեթև, միջին ծանրության և ծանր։ Հիվանդությունը միջին հաշվով տևում է 3–5, երբեմն՝ 6–8 շաբաթ և ավելի։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում հղիները և մեծահասակները։ Հղիների Վարակովի դեղնախտի ընթացքը ձգձգվող է և համեմատաբար ծանր, բայց պտղի առողջության վրա հազվադեպ է ազդում։ Երեխաների Վարակովի դեղնախտի ընթացքը մեծ մասամբ թեթև է և բոլոր հիվանդագին երևույթները 3–4 շաբաթվա ընթացքում վերանում են՝ կապված հիվանդության ձևի և երեխաների տարիքի հետ։ Բուժումը․ հիվանդների հոսպիտալացում, վիտամիններով հարուստ դիետա, աղերի սահմանափակում, առատ հեղուկներ (մրգահյութեր, մեղրաջուր, գլյուկոզի լուծույթ), ալկոհոլային խմիչքների և սուր համեմունքներով կերակուրների արգելում։ Ծանր ընթացքի դեպքում՝ գլյուկոզի լուծույթի ներերակային ներարկումներ ևն, հորմոնային պատրաստուկներ, լիպոտրոպներ, թթվածնաբուժություն։ Հիվանդները ստացիոնարից դուրս են գրվում 21 օրից ոչ շուտ, հետագայում գտնվում են դիսպանսերային հսկողության տակ (6 ամիս)։ Առողջարանային բուժում (Եսենտուկի, Տրուսկավեց, Դրուսկինինկայ, Կառլովի Վարի)։ Կանխարգելումը, հիվանդների վաղ հայտնաբերում և հոսպիտալացում, մանկական հիմնարկներում կարանտինի սահմանում (50 օր), վարակազերծման միջոցառումների անցկացում, հիվանդների հետ շփված երեխաներին և հղիներին գամմոգլոբուլինի ներարկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (unspecified title)PMID:11406751
  2. Disease Ontology — 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարակիչ դեղնախտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 307