Jump to content

Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղվանուատուիթանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Ավազարկղվանուատուիթանգարան

Վանուատուի ազգային թանգարան, գտնվում է Պորտ Վիլա քաղաքի Վանուատուի մշակութային կենտրոնում։ Թանգարանը ընդգրկում է ցուցասրահներ, որոնք ներկայացնում են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կզղիների մշակույթն ու պատմությունը։ Վանուատուի թանգարանը համարվում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազգային, մշակութային արժեքավոր հաստատություններից մեկը, որոնք, ի հեճուկս եվրոպական թանգարանագիտության սկզբունքներին, մշակում են աշխատանքի նոր նորմեր՝ շեշտը դնելով ավանդական պրակտիկայի վրա։

Պատմություն

Վանուատուի մշակութային կենտրոնը հիմնադրվել է 1959 թվականին և ի սկզբանե նախագծվել է այնպես, որ ընդգրկի նաև թանգարան։ 1960 թվականին ստեղծվում է Ղեկավարման խորհուրդ, որի մեջ մտնում էին անդամներ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Վանուատուից։ Առաջին տարիներին թանգարանը կենտրոնացած էր հիմնականում գաղութատիրական շրջանը ներկայացնող ցուցասրահների ներկայացման վրա։ 1989 թվականին թանգարանի ղեկավարումը մասնագիտությամբ մարդաբան Կիրկ Հաֆմանից անցավ Ջեք Կեյթադիին։

Պաշտոնական բացում

1995 թվականին մշակութային կենտրոնն ու թանգարանը տեղափոխվում են նոր կառուցված շենք։ Վերջինս ուներ 45 մետր երկարություն ու 20 մետր լայնություն, նրա ճարտարապետական ոճը վերցված էր հյուսիսային կղզիների ճարտարապետական կառույցներից։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1995 թվականի նոյեմբերի 17-ին, որին հաջորդեցին մշակութային ու ծիսական քառօրյա միջոցառումներ։ Անցկացված փառատոնը մայրաքաղաքում հավաքեց հասարակության տարբեր շերտերին և ցույց տվեց, որ թանգարանը նրանց բոլորի սեփականությունն է։ Փառատոնի շրջանակներում իրականացվեց նաև Կաստոմի (նշանակում է՝ ազգային մշակույթ) ընծայման արարողություն։ Թանգարանի բացման օրը ևս պատահական չէր ընտրվել․ նոյեմբերի 17-ը նշվում էր որպես Մշակույթի ազգային օր։

Թանգարանի շենք

Թանգարանը տեղակայված է ընդհանուր կառույցում, որը ներառում է ցուցասրահ, որտեղ էլ ներկայացվող ցուցանմուշները պարբերաբար փոխվում են։ 2003 թվականից թանգարանն ունի արխիվային հատված, որը հայտնի է Տաբուի սենյակ անունով, որտեղ պահպանվում են ազգային մշակույթին առնչվող առարկաներ, դրանք ցուցադրելու գործընթացը ևս իրականացվում է ազգային ավանդույթներին համապատասխան։ Վանուատուի թանգարանն ընդգրում է նաև պահեստ, որում պահվող ցուցանմուշները կամ փխրուն են ցուցադրության համար, կամ էլ համարվում են հակասական տեսակետների առարկաներ։