Jump to content

Լեոնիլլա Վիտգենշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
22:52, 29 հունվարի 2023 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լեոնիլլա Վիտգենշտեյն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1816(1816-05-09)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 1, 1918(1918-02-01)[1][2] (101 տարեկան)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինԼև Վիտգենշտեյն
Ծնողներհայր՝ Իվան Բարյատինսկի[3], մայր՝ Մարիա Ֆեոդորովնա Բարյատինսկայա[3]
ԵրեխաներՖեդոր (Ֆրիդրիխ) Լվովիչ ֆոն Ալտենկիրխեն[3], Ալեքսանդր Լվովիչ ֆոն Գոհենբուրգ և Անտուանետ ցու Սայն-Վիտգենշտեյն-Բերլեբուրգ
 Leonilla Ivanovna Sayn-Wittgenstein (Baryatinskaya) Վիքիպահեստում

Ամենապայծառափայլ իշխանուհի Լեոնիլլա Իվանովնա Սայն-Վիտգենշտեյն, ծննդյամբ իշխանադուստր Բարյատինսկայա (ռուս.՝ Леонилла Ивановна Барятинская, մայիսի 9, 1816(1816-05-09)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1918(1918-02-01)[1][2], Լոզան, Շվեյցարիա), Սանկտ Պետերբուրգի արքունիքի ֆլեյլինա՝ Բարյատինսկիների տոհմից։ Պուշկինյան ժամանակաշրջանի սրահներում փայլել է հարավային գեղեցկությամբ։ Պատկերված է Վինտերհալտերի հայտնի դիմանկարներում, ով նրան համարել է իր մոտ կ��ցվածք ընդունած տիկնանցից ամենագեղեցիկը: Ապրելով մինչև 101 տարեկան, նա հավանաբար երկարակեցության ռեկորդ է սահմանել ցարական Ռուսաստանի բարձրագույն արիստոկրատիայի միջավայրում:

Կենսագրություն

Լեոնիլլա Բարյատինսկայան 19-րդ դարասկզբի ամենավառ ռուս արիստոկրատներից մեկի՝ իշխան Իվան Իվանովիչ Բարյատինսկու (1772-1825)  և գերմանացի կոմսուհի Մարիա Կելլերի (1793-1858) դուստրն է։ Ծնվել է Մոսկվայում, մկրտության ժամանակ կոչվել է Լեոնիդա[4]։ Գերազանց տնային կրթություն է ստացել, տիրապետել է ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներին։ Մինչև 15 տարեկանը գրեթե մշտապես ապրել է Մարինոյում՝ Կուրսկի նահանգում գտնվող հոր շքեղ կալվածքում։

1831 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան ներկայացրել են արքունիքին, և նա դարձել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ֆլեյլինան։ 1834 թվականի սկզբին իշխան Պյոտր Վյազեմսկին գրել է[5]

Պետերբուրգի երկնակամարում վառվեց նոր աստղ՝ իշխանուհի Լեոնիլլա Բարիատինսկայան, աստղ, որը այրող չէր, փոքր ինչ սառը, բայց համապարփակ ճառագայթներով լեցուն: Եթե մոտենաս կխճճվես դրանց մեջ։
Երիտասարդ ամուսինները

Երիտասարդ Բարյատինսկայան, ինչպես նշել են ժամանակակիցները, «շատ գրավիչ էր, բայց երկրային գեղեցկությամբ»[6]։ Մայրաքաղաքի նրբագեղ կանանց շրջապատում նա «իսկական լիբանանյան մայրի էր թվում՝ բարձրահասակ, սլացիկ, ինչ-որ չափով զուսպ, շատ լուրջ, բայց ոտքից գլուխ գեղեցիկ, ընդ որում սքանչելի գեղեցիկ»[7], նրա «թավշյա աչքերն ու թավ հոնքերը փայլատակում էին լույսի ներքո»: 1834 թվականին իշխան Ալեքսանդր Տրուբեցկոյը սիրահարվել է Բարիատինսկայային և ամուսնության առաջարկություն արել նրան, սակայն նա վիրավորվել է և ամուսնացել մոր զարմիկի՝ իշխան Լև Պետրովիչ Վիտգենշտեյնի (1799-1866) հետ[8]։

Լեոնիլլա Իվանովնա Վիտգենշտեյնի դիմանկարը, Յոհան Կոնրադ Դորներ 1840, մասնավոր հավաքածու

Նրանց հարսանիքը կայացել է 1834 թվականի հոկտեմբերի 28-ին Ձմեռային պալատի մեծ եկեղեցում ողջ կայսերական ընտանիքի ներկայությամբ՝ Նիկոլայ Պավլովիչի գլխավորությամբ։ Այս ամուսնությունն հասարակության բարձր խավում ոչ միանշանակ է ընկալվել։ Բոլորը գիտեին, որ մինչև Բարյատինսկայայի հետ ամուսնությունն իշխան Վիտգենշտեյնը սկանդալային հարաբերությունների մեջ է եղել իշխան Ալեքսանդր Սուվորովի կնոջ հետ, ինչն առաջացրել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի դժգոհությունը և ստիպել նրան անձամբ Վիտգենշտեյնի համար կին գտնել՝ հանձինս իշխանուհի Բարիատինսկայայի:

Հարսանիքից հետո, ավելորդ ասեկոսեներից խուսափելու համար, Վիտգենշտեյնները լքել են Ռուսաստանը։ Այդ ժամանակվանից նրանք գրեթե անընդհատ ապրել են արտասահմանում կամ Վիլնոյի մերձակայքում գտնվող Վերկի կալվածքում, որտեղ մոր (հայտնի բարերար) օրինակով Լեոնիլլա Իվանովնան գյուղացի երեխաների համար դպրոց է հիմնել։ Իշխան Վիտգենշտեյնի առաջին կնոջից ժառանգած մեծ հարստությունը թույլ է տվել նրանց շքեղ կյանք վարել։ 1848 թվականին Վիտգենշտեյններն ապրել են Փարիզում, որտեղ ականատես են եղել Ֆրանսիական հեղափոխությանը։ Նրանք իրենց տան պատշգամբից դիտել են կատաղած ամբոխի կողմից Թյուիլրի պալատի կողոպուտը և Օռլեանի թագավոր Լուի-Ֆիլիպի փախուստը։ Այդ իրադարձություններից ցնցված՝ նրանք տեղափոխվել են Գերմանիա, որտեղ Մայնի Ֆրանկֆուրտի շրջակայքում Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV–ից նվեր են ստացել կիսավեր Սայն-Վիտգենշտեյն-Սայն ամրոցը՝ Սայն-Վիտգենշտեյնների նախկին ընտանեկան կալվածքը և կառուցել են նոր գեղեցիկ ամրոց նեոգոթական ոճով:

Լեոնիլլա Իվանովնայի ամուսնության առաջին տարիները երջանիկ են անցել, բայց հետագայում նա հեռացել է ամուսնուց։ 1851 թվականին Հռոմում ընդունել է կաթոլիկություն։ Իր հուշերում Ալեքսանդրա Սմիրնովան գրել է, որ Վիտգենշտեյնների կյանքը Սայն ամրոցում սկսել է նմանվել գժանոցի։ Արքայադուստրը շրջել է սև զգեստով, բաց մազերով, մեջքին մեծ խաչով, երբեմն ընկել է երևակայական հուզավառության մեջ: Նա սիրավեպ է ունեցել ֆրանսիացի դաստիարակի հետ, իսկ ամուսինն իր գերմանացի սիրուհուն բնակեցրել է ամրոցին կից շենքում:           

Լեոնիլլա Իվանովնան (1857)
Կաթոլիկ մատուռ Սայն ամրոցում, որը վերակառուցել է իշխանուհին

1856 թվականին Վիտգենշտեյն ամուսինները մասնակցել են Մոսկվայում կայսր Ալեքսանդր II-ի թագադրման կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին։ 5 տարի անց Պրուսիայի թագավորը նրանց շնորհել է Սայն-Վիտգենշտեյն-Սայնի իշխանների տիտղոսը, որը «դուր եկավ փառամոլ Լեոնիլլա Իվանովնային և նա դարձել է կատարյալ պրուսուհի»: 1866 թվականին Կաննում մահացել է իշխան Վիտգենշտեյնը, որը մահից մեկ տարի առաջ խելագարվել է։ Հուշագիր Ալեքսանդր Սմիրնովան գրել է․ «Այսպես ավարտվեց այդ ամուսնական զույգի կյանքը, որը սկսվել էր շինծու սիրով, որը կարճ ժամանակ վերածվեց անտարբերության, այնուհետև՝ բարեկամության»:

Այրիանալուց հետո Լեոնիլլա Իվանովնան դստեր հետ ապրել է Իտալիայում՝ Արիչչայի հնագույն նստավայրում[9]։ 1870 թվականին նա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ փորձել է օգնել իր ընկերուհի կայսրուհի Ավգուստային մի շարք դիվանագիտական ​​հարցեր լուծելու համար, որպեսզի կանխեն ֆրանս-պրուսական պատերազմը։ Այդ նպատակով արքայադուստրը մեկնել է Օռլեան՝ դիմելու եպիսկոպոս Ֆելիքս Դյուպանլուին՝ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև խաղաղություն հաստատելու առաջարկով։ Սակայն տեղ հասնելուն պես նա հեռագիր է ստացել կայսրուհուց, որտեղ ասվել է, որ արքեպիսկոպոսն այլևս չի կարող հանդես գալ որպես հաշտության դեսպանորդ, քանի որ նախօրեին նա պաշտոնական նամակ է ուղարկել իր թեմի բոլոր անդամներին և բոլորին. ֆրանսիացիներին՝ հորդորելով նրանց խիզախորեն պայքարել պրուսացիների դեմ, որոնց համեմատել է հոների հետ։

Փարիզում արքայադուստր Վիտգենշտեյնն ուներ բարձրաշխարհիկ հասարակության սրահ, որտեղ հավաքվել են ընտրյալ հասարակության ներկայացուցիչները և բազմաթիվ ռուս կաթոլիկներ: 1888 թվականին նրա սրահում երկու անգամ ելույթ է ունեցել Վլադիմիր Սոլովյովը կապված «Ռուսաստանը և տիեզերական ժողովը» գրքի վրա կատարած աշխատանքի հետ։ Նա բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Ալեքսեյ Տոլստոյի հետ, նամակագրության մեջ է եղել իշխան Իվան Գագարինի, Ռոմանովների թագավորական տան անդամների, հիմնականում մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչի հետ։ Տեղյակ է եղել Ռուսաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։ 1907 թվականին Փարիզում հրատարակված իր հուշերում[10] Լեոնիլլա Իվանովնան գրել է, որ «թախիծով է նայում Նիկոլայ II-ի թագավորության տանջալի հանկարծական փոփոխություններին և հեղափոխության դատապարտելի ծայրահեղություններին»։

Իշխանուհի Վիտգենշտեյնն իր կյանքի վերջին երեսուն տարիներն ապրել է Ժնևի լճի Ուշիի իր ամառանոցում, որտեղ էլ նշել է իր հարյուրամյա հոբելյանը։ Երկար տարիներ նրա տունը լի է եղել մեծանուն ազվական հյուրերով։ Նրա ամենահին ընկերուհիներից մեկը՝ այրիացած մեծ դքսուհի Մեկլենբուրգ-Ստրելիցկայան է եղել, ով ամեն տարի այցելել է ամառանոց: Լեոնիլլա Իվանովնան մինչև իր երկար կյանքի վերջին օրերը պահպանել է հիանալի հիշողություն և մտքի սթափություն։ Նա մահացել է 1918 թվականին՝ 101 տարեկան հասակում, Լոզանի իր ամառանոցում։ Թաղվել է Գերմանիայի Սեյն ամրոցի Սուրբ Ելիզավետայի մատուռի տարածքում գտնվող Վիտգենշտեյնների ընտանեկան դամբարանում[11]:

Նա մարդկային ցեղի զարմանալի ներկայացուցիչ էր: Նա, մոտ իննսուն տարեկան էր, երբ առաջին անգամ դիմեց ատամնաբույժի: Նա կենսուրախ էր, գեղեցիկ, խելացի, նա ոգով ավելի երիտասարդ էր, քան իրեն շրջապատող  բոլոր երիտասարդները։ Երբ նա հարյուր տարեկան էր, հեռագրեր ստացավ Հռոմի պապից՝ կայսր Նիկոլայ II-ից, Վիլհելմից՝ ողջ Եվրոպան՝ թշնամական, դաշնակից, չեզոք, հավաքվել էին նրա սեղանի շուրջը[12]:

Հետնորդներ

Իշխանուհի Լեոնիլլա Վիտգենշտեյնը Ֆ.Կ. Վինտերհալտերի հայտնի դիմանկարում (1843): Գետտի թանգարան Կալիֆորնիայում

Ամուսնությունից իշխանուհի Լեոնիլլա Վիտգենշտեյնն ունեցել է չորս երեխա, որոնք հետևելով իրենց մոր օրինակին՝ ընդունել են կաթոլիկություն․

  • Ֆեդոր (Ֆրիդրիխ) Լվովիչ  (1836-1909), ռուսական ծառայության մայոր, 1880 թվականի հունվարին հրաժարվել է իր իշխանական տիտղոսից և վերցրել կոմս ֆոն Ալտենկիրխենի անունը՝ ամուսնանալով հասարակ գեղջկուհի Վիլհելմինա Հագենի հետ,
  • Անտուանետա Լվովնա (1839-1918), 1857 թվականից ամուսնացած է եղել Մարիո Կիջի-Ալբանո դելլա Ռովերեի (1832-1914) հետ, Կամպանյանոյի իշխան։ Նրանց որդին՝ Լյուդովիկը, գլխավորել է Մալթայի միաբանությունը,
  • Լյուդվիգ (մկրտվել է Լև ան��ւնով) Լվովիչ (07/03/1843 Փարիզ[13] -1876), մահացել է ամուրի,
  • Ալեքսանդր Լվովիչ (1847-1940), 1883 թվականին հրաժարվել է իշխանական տիտղոսից և ընդունել կոմս ֆոն Հոխենբուրգ անունը, ամուսնացել է երեք անգամ, այդ թվում՝ հնաոճ իրերի կոլեկցիոներ դուքս դե Բլակասի դստեր հետ։ Սայն-Վիտգենշտեյն-Սայն տոհմը գլխավորում է նրա ծոռը՝ Ալեքսանդրը (ծնված 1943 թվականին):

Գրականություն

  • Ormond, Richard, and Blackett-Ord, Carol, Franz Xaver Winterhalter and the Courts of Europe, 1830–70, Exhibition catalogue. National Portrait Gallery, London, 1987. 0-8109-3964-9
  • Meraviglie dal palazzo: dipinti, disegni e arredi della collezione Wittgenstein-Bariatinsky da Palazzo Chigi in Ariccia ; [Ariccia, Palazzo Chigi, 25 novembre 2011-29 gennaio 2012], edited by Daniele Petrucci and Francesco Petrucci. Roma: Gangemi, 2011. 9788849222609
  • Олейникова В. П. Барятинские и Италия. — Курск: Региональный финансово-экономический институт, 2014. — 130 с. — ISBN 978-5-600-00175-6.
  • Принцесса де Сайн-Витгенштейн. Воспоминания. 1825—1907 / пер. Вал. Олейниковой. — 2017. �� Курск: Региональный финансово-экономический институт, 2017. — 125 с. — ISBN 978-5-905979-89-7.
  • Олейникова В., Рыманов Дм. Неизвестные Барятинские и Витгенштейны. — Курск, 2020. — 378 с. — ISBN 978-5-6046646-3-6

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. Олейникова В. П. Итальянский след семейства Барятинских// Научные ведомости БелГУ: История. Политология. Экономика. Информатика. — 2010, № 15. — С. 146—151.
  5. Остафьевский архив князей Вяземских. Том 3. Ч. 1. — СПб., 1899. — С. 255.
  6. «Воспоминания великой княжны Ольги Николаевны. Сон юности». Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին. Վերցված է 2014-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Фикельмон Д. Дневник 1829—1837. Весь пушкинский Петербург. — М.: Минувшее, 2009. — 1002 с.
  8. Смирнова-Россет А. О. Дневник. Воспоминания. — М.: Наука, 1989. — 789 с.
  9. «Дворец-музей Киджи в Аричче». Արխիվացված է օրիգինալից 2014-10-25-ին. Վերցված է 2014-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Souvenirs: (1825—1907) — Leonilla Iwanowna Sayn-Wittgenstein-Bariatinski — Google Книги
  11. Олейникова В., Рыманов Дм. Неизвестные Барятинские и Витгенштейны. — - Курск, 2020. — С. 320. — 378 с. — ISBN 978-5-6046646-3-6
  12. Волконский С. М. Мои воспоминания. Том 1. — М., Искусство, 1992. — С. 392—393.
  13. ЦГИА СПб. ф.19. оп.123. д.1. с. 560 Метрическая запись о рождении Льва
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիլլա Վիտգենշտեյն» հոդվածին։