Jump to content

Ամերիկայի հայկական համագումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:09, 23 Մարտի 2021 տարբերակ, InternetArchiveBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ամերիկայի հայկական համագումար
Տեսակհասարակական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1972
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, ԱՄՆ
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում
Կայքaaainc.org(անգլ.)

Ամերիկայի Հայկական համագումար (անգլ.՝ Armenian Assembly of America), համաամերիկյան հայկական կազմակերպություն։

Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։ Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ Մրամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան Կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։

Հայկական համագումարի նպատակն է՝

  • համախմբել ամերիկահայերին
  • սատարել ԱՄՆ-ում հայ մշակութային ավանդի և պատմական ինքնության գիտակցության գնահատման զարգացմանը
  • հայկական հուշարձանների ու մշակութային նյութերի պահպանման
  • խրախուսել գիտական հետազոտությունն ու տեղեկահավաքը և ճշգրիտ տեղեկություններ տարածել հայ ժողովրդի պատմական, կրթական, կրոնի, ու մշակութային կյանքի, ամերիկահայության մասին
  • խրախուսել ամերիկահայերի ավելի լայն մասնակցությունն ամերիկյան ժողովրդավարական գործընթացին
  • պաշտպանել ամերիկահայերի մարդկային և քաղաքացիական իրավունքները

Այդ նպատակներն իրագործելու համար Հայկական համագումարը մշակել է մի շարք ծրագրեր՝

  • կառավարական
  • իրավագիտական
  • հասարակական
  • ուսանողական
  • համալսարանական
  • գաղթականական

Կազմակերպությունը ղեկավարում է տնօրենների խորհուրդը, դրամական միջոցները հայթայթում են Հայկական համագումարի ծրագրերին աջակցող ամերիկահայերը։

Հայկական համագումարի ուշադրության կենտրոնում է ամերիկյան կառավարության քաղաքականությունը և հատկապես նրա հնարավոր հետևանքները հայության համար։ Ուստի, կազմակերպության կառավարական և իրավագիտական մասնաբաժինը մշտապես աշխատում է ԱՄՆ-ի կոնգրեսի և վարչակազմի անդամների հետ՝ ամերիկահայերին հետաքրքրող հարցերի շուրջ։ Հայկական համագումարը թողարկում է հաղորդագրություններ՝ ԱՄՆ-ի հայ համայնքին տեղյակ պահելով ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության այն դրսևորումներին, որոնք կարող են անդրադառնալ հայկական հարցի վրա։ Հայկական համագումարը պահպանում է հայերի ցեղասպանության մասին կարևոր փաստաթղթերի հավաքածուներ (ցեղասպանության մասին 1915 թվականից ի վեր ԱՄՆ-ի կառավարության հրապարակած պաշտոնական փաստաթղթեր, Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ի դեսպանի և հյուպատոսների տեղեկագրություններ և այլն), տեղեկություններ տրամադրում ամերիկյան պաշտոնատար անձանց՝ ցեղասպանության վերաբերյալ։

Հայկական համագումարի հասարակական հարցերի մասնաբաժինը, որն աշխատում է ավելի լայն իրազեկություն տարածել հայկական հարցի վերաբերյալ, լույս է ընծայում «Համագումարի միջոցառումներ» ամենամսյա լրագիրը և եռամսյա «Համագումարի հանդեսը», որն առաքվում է 25 հազար ամերիկահայ ընտանիքների, ԱՄՆ-ի կոնգրեսականների ու վարչակազմի անդամների, հեռուստատեսության համար պատրաստում է շաբաթական լրատվություն։ Ժողովրդավարական գործընթացին երիտասարդ ամերիկահայերի մասնակցությունը խրախուսելու նպատակով Հայկական համագումարի ուսանողական հարցերի մասնաբաժինը ամեն ամառ Վաշինգտոն է հրավիրում համալսարանական ուսանողներ, որոնք աշխատում են դաշնակցային (ֆեդերալ) կառավարության զանազան գործակալություններում ու հաստատություններում (ծրագրին ամեն տարի մասնակցում է ԱՄՆ-ի տարբեր ծայրերից եկած 40 հայ ուսանող)։ Մասնաբաժինը նյութեր է հայթայթում նաև ԱՄՆ-ի համալսարաններում գործող ավելի քան 60 հայ ուսանողական միությունների համար։ Հայկական համագումարի համալսարանական (ակադեմիական) հարցերի մասնաբաժինը մշակել և տարածել է Հայկական հարցի վերաբերյալ նյութեր՝ հանրային և մասնավոր դպրոցներում օգտագործելու համար։ Ուսուցիչների համար պատրաստվել է «Հայկական ցեղասպանության աղբյուրների ուղեցույցը», դաստիարակչական մի տեսաժապավեն, որում քննարկվում են հայերի ցեղասպանությունը և նրա դասերը։ 1987 թվականին Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի ղեկավարությամբ վավերացրեց նահանգի կրթական համակարգում մարդու իրավունքների և ցեղասպանության, ներառյալ հայերի, վերաբերյալ պարտադիր ուսուցման օրինագիծը։

Հայկական համագումարը հակազդում է հայերի ցեղասպանությունը հերքելու փորձերին, անդրադառնում ցեղասպանությունը մերժելու, ուրանալու թուրքական կառավարության բոլոր ճիգերին և պայքարում, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը հայերի ցեղասպանությունը ճանաչի որպես անհերքելի պատմական փաստ։

Հայկական համագումարի գաղթականական հարցերի մասնաբաժինը ջանում է օգնել իրենց երկրներից տեղահան եղած հայ գաղթականներին, զբաղվում է նրանց ապաստանի և մշտական վերաբնակեցման խնդիրներով, համագործակցություն հաստատում գաղթականներին օգնող ամերիկահայ բարեսիրական և հասարակական սպասարկության կազմակերպությունների միջև և այլն։

Հայկական համագումարը մասնակցել է հայերի ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտաժողովների կազմակերպմանը, հրապարակում և տարածում է նաև ցեղասպանության մասին գիտական գրականություն։

Հայաստանում 1988 թվականին սկսված քաղաքական իրադարձությունները և դեկտեմբերյան երկրաշարժը դարձան Հայկական համագումարի հիմնական ծրագրերի սևեռակետը՝ նպատակ ունենալով ապահովել ԱՄՆ-ի կառավարության լայն ուշադրությունն ու օժանդակությունը այդ գործում։ Հայկական համագումարը բազմաթիվ դիմումներ է հղել ԱՄՆ-ի կառավարությանը Արցախի Հանրապետության հայերի ծանր վիճակի, Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակման վերաբերյալ։

Երկրաշարժից տուժած Հայաստանին սատար կանգնելու նպատակով Հայկական համագումարը հաստատեց օգնության հիմնադրամ, որը մինչև 1989 թվականի դեկտեմբերի 31-ը հանգանակեց 4 միլիոն դոլար և Հայաստանի իշխանությունների հետ ստորագրեց վերակառուցման մի համաձայնագիր։ 1989 թվականի փետրվարին Երևանում բացվեց Հայկական համագումարի գրասենյակը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։