Հին Երևանի ժողովրդական բնակարաններ
Հին Երևանի բնակարանների ցանկ
Տան համար | Փողոց | Նկարագրություն |
---|---|---|
№ 63 | Ս․ Տեր–Գաբրիելյան փողոց (այժմ՝ Եզնիկ Կողբացի) | Կառուցման թվականի մասին ճշմարիտ տեղեկություններ չկան, սակայն ճարտարապետական ձևերը, շինությունը և ներքին հարդարանքը հիմք են տալիս կառուցման ժամանակը վերագրել 19-րդ դարի առաջին կեսին:
Տունը երհարկանի էր` կառուցված քարից, ճակատը երեսպատված թրծած աղյուսով, որով շինված են նաև դալանի և առաջին` ոչ բնակելի հարկի թաղերը: Մուտքը դալանով էր, որի ձախ անկյունում գտնվող սանդուղքը տանում էր երկրորդ հարկ: Առաջին հարկը ծառայել է տնտեսական կարիքների, իսկ ամբողջ երկրորդը` բնակության համար: Շքասենյակը, գլխավորապես առաստաղը, ճոխ հարդարված է եղել: Բակի կողմից երկրորդ հարկի պատուհանների միջև եղած միջնապատերը զարդանախշված էին: Իր ճարտարապետությամբ այս տունը Երևանի ժողովրդական բնակարանի լավագույն նմուշներից էր: |
№ 2 | Ֆրիկի փողոց (Կոնդ) | Կառուցված էր քարից 19-րդ դարի սկզբին և երեսպատված էր աղյուսով:
Հյուսիս-արևմուտքից, գլխավոր ճակատի կողմից առաջին հարկը կիսագետնափոր էր: Բակի կողմից երկհարկանի ճակատը լուծված է երկհարկ պատշգամբով: Հյուսիս-արևելյան կողմից տանը կից էր տնտեսական կցաշենքը: Ճակատի կոմպոզիցիան խիստ սիմետրիկ էր: Տան փոքր-ինչ ծանրանիստ որմնախարիսխն ամուր հիմք է ամբողջ` ճակատի համար: |
№ 3 | Սպանդարյան (այժմ` Արամի փողոց) | Կառուցվել է 19-րդ դարի 60-ական թվականներին, պատկանել է Բակլաչյան ընտանիքին:
Տունը շինված էր անմշակ քարերից և շարքերը հավասարեցնելու նպատակով շարել էին աղյուսե գոտիներ: Ճակատը գաջված էր: Առաջին հարկում տեղավորված էր օժանդակ մասը, իսկ երկրորդ հարկն ամբողջովին հատկացված էր բնակելի սենյակներին: Հարավ-արևելք նայող մեծ շքասենյակը ելք ուներ դեպի փայտաշեն բարձակավոր պատշգամբը: |
№ 21 | Ֆրիկի փողոց (Կոնդ) | Կառուցել է Մեխակ Աթանեսյանը 19-րդ դարի կեսերին, քարից կամ հում աղյուսից: 1917-ին կառուցվել է տնտեսական շինության մասը, վերակառուցվել է դռնակավոր դարպասը:
Բնակելի սենյակները երկրորդ հարկում էին, իսկ քարե թաղակապ նկուղը տնտեսական նպատակների էր ծառայում: Հարավ-արևմտյան հատվածում գտնվող դալանը տունը կապում էր փողոցի հետ: Տան ճարտարապետության հիմնական մոտիվը կամարաձև ու ռիթմիկ կրկնվող լուսամուտներ էին: |
№ 2 | Նախկին Լերմոնտովի փողոց | Կառուցվել է 1820-25 թվականներին: Հողամասը չորս կողմից շրջապատված էր քարե պարսպով, փողոցի կողմից ուներ դարպաս ու դռնակ: Տունը պատկանելիս է եղել Աբգար Գուլամիրյանցին:
Քարուկիր կառուցվածքով երկհարկանի տան ճակատները սվաղված էին: Տան ճարտարապետությունը լուծված էր թրծած աղյուսե պարակալներով ձևավորված լուսամուտների բացվածքների համաչափ կրկնությամբ: |
№ 65 | Ս․ Տեր–Գաբրիելյան փողոց | Խուդաբաշյանների տուն (նախկին Թումանյան N 65, այժմ Եղնիկ Կողբացի): Կառուցված էր 1847-50 թվականներին, քարից ու աղյուսից: Բակահայաց ճակատի առաջին հարկն ուներ աղյուսաշեն կամարասրահ, իսկ երկրորդը` փայտաշեն պատշգամբ:
Տնտեսական ու բնակելի սենյակներից կազմված առաջին հարկը թաղածածկ էր: Երկրորդ հարկի բնակելի սենյակները հարուստ հարդարանք ունեին: Հատակագծային ու ճարտարապետական լուծմամբ այդ տունը կատարյալ բնակարանի հրաշալի նմուշ էր, որում օրգանապես զուգակցվում էր Հայաստանի ժողովրդական ճարտարապետության լավագույն ավանդույթները: |
№ | Կոնդի Ռուսթավելու փողոց | Կոնդի Ռուսթավելու փողոցի դարպասը: Կառուցելու ճիշտ թվականը հայտնի չէ: Այն քաղաքի անվանի մեծահարուստ Մելիք-Աղամալյանի տան շքամուտքն է եղել և հավանաբար կառուցվել է տան հետ միաժամանակ 19-րդ դարի առաջին կեսում:
Քարաշեն կառույց է` ճակատից ու կողերից երեսպատված աղյուսներով: Չնայած ոչ մեծ չափերին` Կոնդի այդ դարպասը, հաջող ընտրված մասշտաբի, համաչափությունների և լավ մշակված մանրամասների շնորհիվ բակի մուտքի լուծման այդ ժամանակաշրջանի լավագույն նմուշներից է: |
№ 31 | Սպանդարյան (այժմ Արամի) փողոց | Երկհարկանի տուն: Կառուցվել է 1862 թվականին և պատկանել է Կամսարական ընտանիքին:
Տան հատակագիծը տիպական էր այդ ժամանակաշրջանի վերնախավի բնակարաններին, որոնց սենյակները խմբված էին ոչ մեծ նախասենյակի երկու կողմերում: Նախասենյակ էին մտնում բակի պատշգամբից: Ճարտարապետության գերիշխող դարրը ճակատի կենտրոնական մասի բարձակային, լայն պատշգամբն էր, որի սյունամիջյան կամարները և բազրիքները մշակված էին ցանցկեն զարդանախշերով: |
№ 65 | Սպանդարյան (այժմ` Արամի) փողոց | Կառուցել է Բալա Ղազարյանը 1886 թվականին։
Տունը, որի գլխավոր ճակատը նայում էր հյուսիս-արևելք, տեղանքի թեքության տատճառով փողոցի կողմից ուներ մեկուկես, իսկ բակի կողմից երկու հարկի բարձրություն։ Տան պատերը շարված էին ճեղքված քարերից՝ կրակավաշաղախով, իսկ ճակատը երեսպատված էր թրծած աղյուսով։ Տուն կարելի էր մտնել աղյուսաշեն թաղակապ դալանով։ Բակահայաց ճակատի հարավ-արևմտյան և հարավ-արևելյան կողմերը պատված էին երկհարկ պատշգամբով, ուր բարձրանում էին բազալտից շինված աստիճաններով։ |
№ 53 | Սպանդարյան (այժմ` Արամի) փողոց | Կառուցվել է 1870 թվականին։ Փողոցի կողմից միահարկ, տուֆակերտ, բարձր գետնախարսխի վրա բարձրացող, աղյուսով երեսպատված շենք էր։
Բակի կողմից տունը երկհարկանի էր։ Առաջին հարկը հատկացված էր տնտեսական նպատակների, երկրորդը՝ ամբողջովին բնակելի էր։ Բակի մուտքը թաղածածկ դալանից էր։ Բակի լայն պատշգամբը միացնում էր երկրորդ հարկի բնակելի սենյակները։ |
Մ. Տեր-Պողոսյանի քարաշեն տուն | Նախկին Սովետների փողոց | Միահարկ շինություն էր, ճակատը երեսպատված սրբատաշ տուֆով։ Կառուցվել է 19-րդ դարի 80-ական թվականներին։
Բնակելի ու տնտեսական շենքերն ամփոփված էին միասնական ծավալի մեջ։ Ամբողջ տան ներքևը խոր, թաղածածկ նկուղն էր՝ տնտեսական կարիքների համար։ Լայն սյունասրահը բակի կողմից ընդգրկում էր բնակելի սենյակները։ |
№ 56 | Սվերդլովի (այժմ` Փավստոս Բուզանդի) փողոց | Կառուցման ճիշտ թվականը հայտնի չէ, սակայն այն կարելի է վերագրել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Մուտքը փողոցից էր։ Տան ճակատի միջին մասում գտնվող թաղածածկ դալանը և ապա բազալտե սանդուղքներն առաջնորդում էին դեպի երկրորդ հարկի պատշգամբը։
Լենինի (այժմ` Մաշտոցի) պողոտայի վերակառուցման հետևանքով քանդել են տան աջակողմյան կեսը։ Ներկայացված գծագրերը պատկերում են տան ամբողջական վիճակը։ |
№ 68 | Նախկին Պարոնյան փողոց | Կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսում՝ մինչև Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցի բացվելը։ Շենքը տեղադրված էր հողամասի խորքում, և գլխավոր ճակատը նայում էր հարավ-արևելք։
Դա նկուղային հարկով, քարից ու աղյուսից շինված միահարկ շենք էր, սենյակների միաշարք դասավորությամբ և տնտեսական շինություններով, որոնք կցվում էին հարավ-արևմտյան կողմից։ Բոլորը միացված էին մի ընդհանուր լայն պատճգամբով։ Տան սվաղված ճակատը մասնատվում էր հարթ որմնասյուներով։ Բացվածքները երիզված էին աղյուսե երեսակալներով։ Տան չափագրությունը ներկայացվում է լրիվ վերակազմության ձևով, որն արված է ըստ պահպանված հատվածների։ |
№ 43 Բաբաջանյանների տուն | Ստալինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտա | Կառուցվել էր 1867 թվականին։ Մեկուկես հարկանի շինություն էր, ստորին հարկում տնտեսական նկուղով։
Խոհանոցն ու տնտեսական մյուս սենյակներն անմիջապես կից էին հյուսիս-արևմտյան եզրին՝ կազմելով սրա շարունակությունը, և իրար հետ կապվում էին լայն պատշգամբով։ Որպես շինանյութ ծառայել է սրբատաշ տուֆը և թրծած աղյուսը։ Սենյակների նպատակային հատակագծումը, փայտակերտ հոյակապ ցանցկեն բակային պատշգամբը Բաբաջանյանների տունը դարձնում էին այդ շրջանի լավագույն կառուցվածքներից մեկը։ |
№ 51 երկհարկանի տուն | Տերյան փողոց | Կառուցվել էր 19-րդ դարի 70-80-ական թվականներին, քարով և աղյուսով։ Պատկանում էր Մկրտիչ Ջանիբեկյանին։ Տեղադրված էր հողամասի խորքում։ Տան ճակատն ուղղված էր հարավ-արևելք։
Առաջին կամ կիսանկուղային հարկը, որ թաղածածկ էր, ծառայել է որպես մառան՝ գինի ու միրգ պահելու համար։ Երկրորդ հարկն ամբողջովին զբաղեցնում էին բնակելի սենյակները։ Բակահայաց ճակատն ուներ երկհարկանի պաշգամբ, առաջին հարկը քարե, իսկ երկրորդ հարկը՝ փայտե սյուներով։ |
№ 69 Եսայանների տուն | Սպանդարյան (այժմ՝ Արամի) փողոց | Կառուցման թվականն անորոշ է։ 1867 թվականին ավելացրել էին երկրորդ, բնակելի հարկը, իսկ հարավ-արևելքից՝ բակի կողմի պատշգամբը և աղյուսով երեսպատել հյուսիս-արևելյան ճակատը։
Տունը շինված էր քարից ու աղյուսից՝ կրաշաղախով։ Առաջին հարկի ծածկը քարաշեն էր ու թաղակապ, երկրորդինը՝ փայտե ու հարթ։ Տան հատակագծում բացակայում էր հստակությունը, որը կարելի է բացատրել առանձին մասերը տարբեր ժամանակներում կառուցելու հանգամանքով։ Մեծ հետաքրքրություն էին ներկայացնում բակի և փողոցի փայտյա պատշգամբները։ |
№ 51 տուն | Նորքի Դիլանյանների փողոց | Դարպասի փականաքարի փորագիր արձանագրությունը վկայում է, որ շինվել է 1886 թվականին:
Տունն ուներ տնտեսական՝ կիսանկուղային և երկրորդ հարկում բնակելի հարկաբաժիններ: Կառուցված էր ճեղքված քարով կրաշաղախի օգտագործմամբ: Տունն ուներ երկշարք, սիմետրիկ դասավորված սենյակներ: Բնակելի սենյակները գտնվում էին փողոցից և բակից մուտք ունեցող նախասենյակի երկու կողմերում: Հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից տունը գոտևորված էր կողային պատերով եզերված պատշգամբներով: Առաջին հարկի միակտոր բազալտե սյուները համար ծառայում էին որպես հենարաններ: Բակն ուներ երկու մուտք, որոնցից տուֆակերտ դուռ-դարպասը կառուցված էր մեծ ճաշակով ու վարպետությամբ: |
№ 4 | Սպանդարյան (այժմ՝ Արամի) փողոց | Կառուցվել է անցյալ դարի երկրորդ կեսում՝ քարից ու աղյուսից:
Առաջին և երկրորդ հարկերի հատակագծային կառուցվածքը նույնական էր: Բակակողմյան ճակատի երկայնքով ձգված նախասենյակը միացնում էր նրա երեք կողմերում զետեղված սենյակները: Դեպի փողոց ուղղված ճակատի հորինվածքային կենտրոնը փայտե բարձրավոր պատշգամբն էր, որի սյուների միջև, վերնամասում ��ային ողնուցաձև կամարներ: |
№ 124 | Կոնդում, Ռուսթավելի փողոց | Երկհարկանի է. առաջինում՝ տնտեսական, երկրորդում՝ բնակելի սենյակներով:
Տունը կառուցել է Արխենց Խաչատրյանը 1857 թվականին քարից ու թրծած աղյուսից: Տան հորինվածքը, որի կենտրոնը փողոցի բարձրակավոր պատշգամբն է, խիստ սիմետրիկ է: |
№ 140 | Նորքի բարձրունքի, Պուշկինյան սարալանջի փողոց | Սենյակները հատակագծում միաշարք են: Բնակելի սենյակները ոչ մեծ նախասենյակի երկու կողմում են: Վերջինիս մուտքը դեպի հարավ ուղղված պատշգամբից է: Առաջին, կիսանկուղային հարկը հատկացված էր տնտեսական կարիքներին:
Տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին, ճեղքված քարերով՝ կրաշաղախի օգտգործմամբ: Տան հատակագծային լուծումները և դեկորատիվ հարդարանքը բնորոշ են այդ ժամանակաշրջանի գյուղական բնակարաններին: Նորքի N 171 միհարկանի տունը (տախտակ 69): Կառուցել են Մուշեղ և Զաքար Կասպարյան եղբայրները 1870 թվականին՝ ճեղքված քարերից: Հատակագիծն ունի «Ո» տառի ձև, իսկ գլխավոր ճակատը նայում է հարավ: Տան ելուստավոր մասերի միջև ծածկված պատշգամբ է լոջիա, որը սալարկված էր քարով: Տնտեսական խումբը՝ հնձանը, մառանն ու ախոռը հարավ-արևելյան անկյունից և տնից բաժանված էր նեղ, փողոցից սկսվող անցուղիով: Բնակելի սենյակները, տեղավորված տան թևերում, միավորում էին մի ընդհանուր շքասենյակով, որը ելք ուներ դեպի ծածկած պատշգամբը: |
№ 31 | Ալավերդյան (Թումանյան) փողոց | Կառուցվել է 19-րդ դարի վերջին: Քարաշեն էր, ճակատը երերսապատված աղյուսով:
Թաղակապ դալանը ծառայել էր որպես մուտք դեպի բակ, որտեղ քարաշեն սանդուղքե տանում էր երկրորդ հարկ: Երկրորդ հարկի բնակելի սենյակները պատշգամբով կապված էին տնտեսական կցաշենքի հետ: Տան հատակագիծը թելադրված էր հողամասի նեղվածությամբ ու դեպի խորքը ձգվածությամբ: Ճակատը մշակված էր մի քանի հարթ որմնասյուններով, որոնք շենքը բաժանում էին երկու անհավասար մասի: Կենտրոնում եղել է փոքրիկ բարձրակավոր պատշգամբ: |
№ 16 | Ամիրյան փողոց | Պատկանել է Ավետիք Միրզոյանին, կառուցվել է քարից ու աղյուսից, 1867 թվականին:
Երկու կողմից սեղմված լինելով հարևան տների միջև՝ այն ունի նեղ, ուղղանկյուն ձև: Թաղակապ դալանը գտնվում էր առաջին հարկի աջ մասում: Երկրորդ հարկի պատշգամբ տանող փայտե սանդուղքը միաժամանակ ծառայել է տնտեսական օժանդակ կցաշենքին: |