Արջնագռավ
Սև ագռավ (Corvus corax), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 64 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 120-150 սանտիմետր, կենդանի զանգվածը՝ 798-1560 գրամ:
Սև, փայլուն փետրածածկով խոշոր թռչուն է: Կտուցը հաստ է, երկար, պոչը՝ երկար՝ բութ սրված:
Սև ագռավների մասին
Սև ագռավները հաճախ հանդիպում են փոքր խմբերով, սակայն բնադրում են մեկուսացած զույգերով՝ ժայռապատերին: ճարպիկ թռիչքի ընթացքում, թևերը պարբերաբար փակելով, արագ պտույտներ է գործում՝ կողքից կողք և, վայր ընկնելու տպավորություն թողնելով՝ կարճ տարածություն անցնելուց հետո նորից պարզում է թևերը: Ձայնը հեռու տարածվող կոպիտ կռռոց է: Լայնորեն տարածված է լեռներում: Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով, լեշերով:
Հարսանեկան զույգերը պահպանվում են ողջ կյանքի ընթացքում: Գարնանային թռիչքային խաղերը (արուների հետապնդումը էգին) նկատվում են դեռևս փետրվարի սկզբից մարտի ընթացքում: Բների նորոգումը կամ նորերի կառուցումն ավարտվում է փետրվարի կեսերին: Բույնը գավաթաձև է, ծավալուն՝ ճյուղերից, երբեմն՝ մետաղալարերից, ցամքարը՝ բրդե լաթերից: Բնադրում է ժայռաքիվերին, երբեմն՝ էլեկտրասյուների հենակներին:
Սև ագռավի ձվերի մասին
Ձվերը բներում հայտնվում են փետրվարի կեսերից, լրիվ քանակով՝ մարտի ընթացքում: Դնում է 49 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ կանաչից սևավուն վրձնախազերով ու գծիկներով 4-6 ձու: Թխսակալում է հիմնականում էգը՝ 19-21 օր: Ձագերը բներում հայտնվում են մարտի 2-րդ տասնօրյակին, զանգվածաբար՝ մայիս-հունիսին: Մայիսի առաջին կեսին նորելուկ ձագերի կողքին գրանցվում են հասուն, թռիչքի պատրաստ ձագեր: Հունիսի վերջին նույնպիսի ձագեր են գրանցվում Խոսրովի անտառ արգելոցում: Թռիչքին տիրապետող երիտասարդ ձագերը հայտնվում են հուլիսի 2-րդ տասնօրյակից: Հաճախ թռիչքային խաղեր են նկատվում սովորական հողմավար բազեի հետ, համատեղ թռիչքի է դիմում սպիտակագլուխ անգղերի խմբում (սրանց հայտնաբերած լեշից օգտվելու համար): Օգտակար է որպես բնական սանիտար, սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ կարող է դառնալ: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |