Jump to content

Սպահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սպահան
اصفهان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍպահանի նահանգ
ՀամայնքԿենտրոնական շրջան
Մակերես493,82 կմ²
ԲԾՄ1574 մետր
Պաշտոնական լեզուՊարսկերեն
Բնակչություն1 961 260 մարդ (2016)[1][2]
Ազգային կազմպարսիկներ, հայեր, ասորիներ
Կրոնական կազմԻսլամ, զրադաշտականություն, ՀԱԵ, Ասորի եկեղեցի
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ031 և 0913
Փոստային դասիչ811
Պաշտոնական կայքisfahan.ir(պարս.)
Սպահան (Իրան)##
Սպահան (Իրան)

Սպահան[3][4] (պարս.՝ اصفهان - esfahān), Իրանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը, գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 340 կմ դեպի հարավ։ Բնակչությունը՝ 1583 հազար մարդ (2006)[5]։ Սպահանը եղել է կարևոր կենտրոն պարսկահայության համար, հատկապես` Նոր Ջուղա թաղամասը։

Քաղաքում կան մեծ թվով հուշարձաններ, որոնք վերաբերվում են 16-19-րդ դարերի իսլամական ճարտարապետության շրջանին։ Հատկապես հայտնի են Նաղշե Ջահան կամ Իմամի հրապարակը և Ուրբաթօրյա մզկիթը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։ Իրանում քաղաքն անվանում են Նեսֆ-է-ջահան, ինչը նշանակում է աշխարհի կեսը[6]։

Անվանում

Սպահան քաղաքի անվանումը (պարս. اصفهان‎) միջին պարսկերեն Սպահան (Spahān) անվանման արաբացված տարբերակն է, որը գալիս է հին արաբերենից և նշանակում է spādaբանակ։

Աշխարհագրություն

Քաղաքը տեղակայված է Զայանդեռուդ գետի հովտում` Զագրոս լեռնաշղթայի ստորոտին։ Քաղաքի կլիման համեմատաբար մեղմ է, արտահայտված սեզանային փոփոխություններով։ Սպահանից դեպի հյուսիս, մինչև 90 կմ գոյություն չունի որևէ լեռնային արգելք և հյուսիսային քամիները փչում են հենց այդ կողմից։ Սպահանը տեղակայված է Իրանը հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք հատող գլխավոր երթուղիների վրա։

Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1590 մետր։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 355 մմ: Ջերմաստիճանը տատանվում է 2-ից 28 С°, ֆիքսված ջերմաստիճանային մաքսիմումը` 42 С°, մինիմումը`19 С°: Սպահանի հարավային և արևմտյան շրջաններն ունեն լեռնային ռելիեֆ, արևելքում և հյուսիսում բերքատու հարթավայրեր են։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 1 961 260 մարդ[7]։ Սպահանը Իրանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Թեհրանից և Մաշհադից հետո[8]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 254 708[9] 424 045[10] 661 510[11] 987 753[11] 1 182 735[8] 1 327 283[8] 1 689 392[12] 1 853 293[13] 1 961 260[7]

Պատմություն

Նախապատմական շրջան

Սպահանի պատմությունը հասնում է մինչև պալեոլիթ: Վերջին հնագիտական պեղոմների ընթացքում հայտնաբերվել են գտածոներ, որոնք վերաբերում են պալեոլիթին, մեզոլիթին, նեոլիթին, բրոնզե և երկաթե դարերին:

Էլամից մինչև արաբական նվաճումներ

Հին Սպահանը եղել է (Էլամ) պետության մի մասը։ Ասպադանա անվանմամբ, քաղաքը դարձավ Մադայի (Միդիա) թագավորության վիլայեթների գլխավոր քաղաքներից մեկը, երբ այնտեղ հաստատվեցին իրանական մադացիները։ Արդյունքում նահանգը դարձավ Աքեմենյանների դինաստիայի մի մասը, իսկ Արշակունիների կողմից Իրանը Մակեդոնիայի տիրապետությունից ազատելուց հետո` [Պարթևական թագավորության մի մասը։ Սպահանը մեծ նահանգի կենտրոնն էր, որը կառավարում էին Արշակունիները։ Սասանյանների ժամանակ Սպահանը կառավարվում էր արքունական բարձր պաշտոններ զբաղեցնող ազնվական ընտանիքների անդամների կողմից։ Այդ շրջանում Սպահանը համարվում էր կարևոր ռազմական կենտրոն` հզոր պաշտպանական կառույցներով։ Քաղաքի մերձակայքում բնակվում էին մեծ թվով հրեաներ և քրիստոնյաներ։ Իրանի վերջնական պարտությունից հետո, քաղաքը գրավեցին արաբները։

Իսլամական շրջան

Սպահանը, ինչպես և Իրանի մյուս քաղաքները, ընկան արաբական տիրապետութան տակ մինչև Աբբասյանների ժամանակաշրջանը։ X դարում, Բուվայհիների ժամանակ Սպահանը վերագտնում է իր նշանակությունը։ Մելիք-շահ սուլթանի օրոք (1072-1092) Սպահանը դարձավ Սելջուկների պետության մայրաքաղաքը։ XI դարում Սպահանում ապրել է հայտնի իրանցի փիլիսոփա` Աբու Ալի իբն Սինան` Ավիցեննան։

XIII դարում մոնղոլները թալանեցին քաղաքը։ 1387 թ տեղի ունեցավ Լենկթեմուրի արշավանքը։ Քաղաքը գրավվեց, սակայն անմիջապես տեղի ունեցավ ընդվզում` դարբին Ալի Քոչապի ղեկավարությամբ։ Ժողովրդի զայրույթը թափվեց Լենկթեմուրի զինվորների ու հարկավաքների գլխին։ Ընդվզումը ճնշելու ժամանակ Լենկթեմուրը ցուցաբերեց ծայրաստիճան դաժանություն. կոտորվեց շուրջ 70 հազար մարդ, իսկ նրանց կտրված գլուխներից կառուցվեցին աշխատարկներ։ Սակայն իր աշխարհագրական լավ դիրքի շնորհիվ, Սպահանը արագ վերականգնվեց և սկսեց ծաղկել, հատկապես Սեֆյանների օրոք։

Սպահանի ոսկե շրջանը սկսվեց 16-րդ դարում` Շահ Աբբասի օրոք (1587—1629): Շահը Սպահանը դարձրեց Սեֆյանների մայրաքաղաքը, որն այդպես մնաց 100 տարուց ավելի։ Շահ Աբբասի օրոք Սպահանում կային այգիներ, գրադարաններ ու մզկիթներ, որոնք ապշեցնում էին եվրոպացիներին։ Իրանիցները քաղաքն անվանեցին Նեսֆ-է-ջահան, ինչը նշանակում է «աշխարհի կեսը, այդպիսով ցանկանալով ասել, որ Սպահանը տեսնելը նշանակում է տեսնել աշխարհի կեսը։ Սպահանն այդ ժամանակ աշխարհի խոշորագույն քաղաքներից էր` մոտավորապես 600 հազար բնակչությամբ։ Քաղաքում կային 163 մզկիթներ, 48 դպրոց, 1801 կրպակ և 263 հասարակական բաղնիք։

1722 թվականին Սպահանը գրավեցին աֆղանցիները, որոնք թալանեցին այն։ Քաղաքի մեծ մասը վերածվեց ավերակների։ Այս հարձակումը, ինչպես նաև առևտրի համար ավելի էժան ծովային ճանապարհների բացումը, պատճառ դարձավ, որպեսզի քաղաքն աստիճանաբար անկում ապրի։ 18-րդ դարի կեսին Սպահանը դադարեց լինել Իրանի մայրաքաղաքը։

Նոր ժամանակներ

Այսօր Սպահանը Իրանի` մեծությամբ երրորդ քաղաքն է։ Այստեղ արտադրվում են գորգեր, տեքստիլ, մետաղյա և ձեռագործ աշխատանքներ։ Սպահանի պողպատի գործարանը խոշորագույններից է տարածաշրջանում։ Այն կառուցվել է 1960-70թթ։

Սպահան մեգապոլիսը ներառում է Նաջաֆաբադ, Խանե-Իսֆահան, Խոմեյնի-Շահր, Շահին-Շահր, Զերին-Շահր և Ֆուլադե-Մոբարաքե քաղաքները։ Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան, իսկ 2015թ. հոկտեմբերի 15-ին բացվել է մետրոյի առաջին ուղղությունը։

Սպահանում գործում են խոշոր նավթամշակման գործարան, մետալուրգիական կոմբինատ, ռազմաօդային ուժերի կայան, և ՀԵՍԱ ավիարտադրող ընկերությունը։ Աստեղ հավաքվում է ուկրաինա-իրանական Իր-ԱՆ-140 ինքնաթիռը։

2007թ Սպահանում անցկացվել է դպրոցականների ֆիզիկայի միջազգային XXXVIII օլիմպիադան։

Կրոն

Պետական կրոնը իսլամի շիա ուղղությունն է։ Քաղաքում բնակվում են նաև մեծ թվով քրիստոնյաներ և այլ կրոնական փոքրամասնություններ։

Տեսարժան վայրեր

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Աղբյուրներ

  1. https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. electricpulp.com. «ISFAHAN – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  5. "Population of Cities in Iran (2018)." The population of the greater metropolitan area is 5.1 million (2016 Census).
  6. «Isfahan Is Half The World». New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  7. 7,0 7,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  11. 11,0 11,1 «ISFAHAN iii. POPULATION (3) Isfahan City». Encyclopaedia Iranica (անգլերեն).
  12. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  13. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  14. https://www.municipio.co.ve/municipio-maracaibo.html
  15. https://kvs.gov.spb.ru/en/agreements/
  16. https://www.comune.fi.it/pagina/firenze-internazionale/gemellaggi-e-patti-di-amicizia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպահան» հոդվածին։