Քրեական դատավարությամբ պայմանավորված իրավունքների կորուստ
Քրեական դատավարությամբ պայմանավորված իրավունքների կորուստ, քրեական հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց իրավունքների կամ դրանց մի մասի սահմանափակման պրակտիկա որոշ երկրներում։ Սահմանափակումները կիրառվում են ի լրումն այլ պատիժների, որոնց թվում են ազատազրկումը կամ տուգանքները։ Բացի քրեական գործով մեղադրական դատավճռից անմիջապես հետո կիրառվող սահմանափակումներից, կարող են լինել նաև լրացուցիչ քաղաքացիական հանգամանքներ, որոնք անուղղակիորեն բխում են մեղադրական դատավճռից, սակայն դատարանների կողմից ուղղակիորեն չեն պարտադրվում։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Կանադան դաշնային պետություն է, իսկ այդ երկրի վարչական միավորները, ի տարբերություն ունիտար պետությունների, ունեն որոշակի արտոնություններ, քրեական օրենսդրությունը դաշնային կիրառում ունի և տարածվում է Կանադայի ողջ տարածքի վրա։ Այն սահմանված է այդ երկրի քրեական օրենսգրքով։ Կան որոշակի դեպքեր, երբ, եթե հանցագործությունը կատարվում է նման իրավիճակներում, ապա մեղադրական դատավճռի հրապարակումից հետո կարող են կիրառվել նաև լրացուցիչ սահմանափակումներ։ Այդ իրավիճակներից են՝
- քրեական հանցագործության իրականացման ժամանակ զենքի կիրառումը,
- հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելը,
- ընտրական կոռուպցիան։
Զենքի կիրառման կամ զենք ունենալու արգելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ անձը դատապարտվում է զենքի գործադրման կամ այն գործադրել սպառնալու հետ կապված հանցագործության համար, դատարանն իրավունք ունի որոշակի ժամկետով այդ անձին արգելել զենք ունենալ, կրել կամ ընդհանրապես տիրապետել։ Որոշ դեպքերում, հատկապես որոշակի իրավախախտումների պարագայում, զենքի տիրապետման այս արգելքը պարտադիր է և պետք է կիրառվի դատարանի կողմից՝ որպես մեղադրական դատավճռի կայացման գործընթացի մի մաս[1]։ Մյուս դեպքերում դատարանն իր հայեցողությամբ որոշում է կայացնում արգելք սահմանելու մասին[2]։
Առաջին անգամ կատարված հանցագործության համար դատարանը կարող է ցանկացած պահի մինչև տասը տարի ժամկետով արգելք սահմանել[1][2]։ Զենքի գործադրման կամ դրա սպառնալիքի հետ կապված հետագա օրինախախտումներ կատարած անձանց համար սահմ��նվում է զենքի տիրապետման ցմահ արգելք[1][2]։ Այնուամենայնիվ, նույնիսկ առաջին օրինախախտման դեպքում դատարանը կարող է ցմահ արգելք սահմանել, եթե դատապարտյալը զենքը գործադրել է զուգընկերոջ, սեփական երեխաների կամ իր հետ բնակվող ցանկացած անձի դեմ[2]։ Բացի այդ, առկա է որոշակի տեսակի (օրինակ՝ ինքնաձիգները) և սահմանափակ հասանելիությամբ հրազենի (օրինակ՝ ձեռքի ատրճանակները) կիրառման մշտական արգելք[1]։
Տրանսպորտային միջոցներ վարելու սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի քրեական օրենսգիրքը ներառում է տրասնպորտային միջոց վարելու հետ կապված տարբեր օրինախախտումներ, այդ թվում՝ հարբած վիճակում կամ արյան մեջ ալկոհոլի առկայության պարագայում մեքենա վարելը (երբ 100 մլ արյան մեջ ալկոհոլի քանակությունը գերազանցում է 80 մգ-ն)[3], վերջինիս պատճառով մարմնական վնասվածքների կամ մահվան ելքը[4], վտանգավոր երթևեկելը (ներառյալ մեքենայի վտանգավոր վարումը, որը կարող է հանգեցնել մարմնական վնասվածքների կամ մահվան)[5], ինչպես նաև մեքենաներով փողոցային մրցավազքը[6]։ Այն անձը, որը մեղավոր է ճանաչվել տրանսպրոտային միջոց վարելու հետ կապված նշված օրինախախտումներից որևէ մեկի համար, կարող է ժամանակավորապես զրկվել վարորդական իրավունքից։
Հարբած վիճակում մեքենա վարելու կամ 100 մլ արյան մեջ 80 մգ-ից ավել ալկոհոլի առկայության պարագայում մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում, դատարանը պետք է առնվազն մեկ տարի ժամկետով տվյալ անձին զրկի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ առաջին օրինախախտման պարագայում՝ ոչ ավելի, քան երեք տարի։ Վարորդական իրավունքից զրկման ժամկետը մեծանում է երկրորդ անգամ կամ հետագա համանման խախտումների պարագայում։ Եթե այդ անձը մասնակցում է ուղղիչ ծրագրերի, ապա արգելքի ժամկետը կարող է կրճատվել, սակայն պետք է կազմի առնվազն երեք ամիս։ Նմանատիպ պարտադիր արգելքներ են սահմանվում տրասպորտային միջոցների հետ կապված այնպիսի օրինախախտումների պարագայում, որոնք հանգեցնում են մարմնական վնասվածքների կամ մահվան ելքի, ինչպես նաև մեքենաներով փողոցային մրցավազքի պարագայում[7]։
Որոշակի օրինախախտումների դեպքում, ինչպիսիք են հարբած վիճակում մեքենա վարելը կամ մեքենաներով մրցավազքը, որոնք չեն հանգեցնում մարմնական վնասվածքների կամ մահվան, դատարանն իրավունք ունի իր հայեցողությամբ կիրառել մեքենա վարելու արգելք[7]։
Բացի Քրեական օրենսգրքով սահմանված տրանսպորտային միջոցներ վարելու արգելքից, կարող են լինել նաև լրացուցիչ քաղաքացիական հանգամանքներ։ Օրինակ՝ Կանադայում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը կարգավորվում է նահանգային օրենսդրությամբ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նահանգ ինքն է սահմանում դրա տրամադրման և զրկման կարգը։ Սակայն բոլոր նահանգներն իրավունք ունեն անձին զրկել վարորդական իրավունքից, եթե նա խախտել է Քրեական օրենսգրքում ամրագրված նորմերը։
Ընտրական կոռուպցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիան երաշխավորում է, որ Կանադայի բոլոր քաղաքացիներն ունեն դաշնային և նահանգային (կամ տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրություններում քվեարկելու իրավունք[8]։ Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ նույնիսկ եթե Կանադայի քաղաքացին քրեական հանցագործություն է կատարել և ազատազրկվել, պահպանվում է քվեարկելու նրա սահմանադրական իրավունքը[9]։ 2015 թվականի դաշնային ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ուներ ուղղիչ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ավելի քան 22 000 մարդ[10]։
Այս ընդհանուր սկզբունքից կա մեկ բացառություն։ Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ անձը կարող է հեռացվել օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոնից (խոսքը պատգամավորների մասին է), կարող է արգելվել ընտրությունների ժամանակ նրա թեկնածության առաջադրումը կամ էլ ժամանակավորապես սահամանափակվել նրա քվեարկելու իրավունքը, եթե այդ անձը դատապարտվել է ընտրություններում կոռուպցիոն գործողությունների համար։ Այս լրացուցիչ սահմանափակումները նպատակ ունեն զսպել և պատժել այն անձանց, որոնք ընտրակեղծիքների միջոցով խաթարում են ընտրական գործընթացի ամբողջականությունը։ Բացի այդ, այս սահմանափակումներն ընդունելի են, քանի որ դրանք պատժամիջոցներ են, որոնք ուղղված են անհատի կողմից կատարված օրինախախտման դեմ, այլ ոչ թե անձին ամբողջությամբ զրկում են իր քաղաքացիական իրավունքներից։ Սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում և անհրաժեշտ են ընտրություններում կոռուպցիոն բնույթի այս գործողությունների պատճառած վնասը վերացնելու և սահմանադրական կարգը պահպանելու համար[11]։
Մեծ Բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական քրեական օրենսդրությունը հավասարապես տարածվում է Մեծ Բրիտանիայի մաս կազմող բոլոր չորս միավորների՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի վրա։ Մեղադրական դատավճռի հրապարակումից հետո դատապարտյալը որոշ դեպքերում կարող է կորցնել՝
- տրանսպորտային միջոց վարելու լիցենզիա ունենալու կամ ստանալու հնարավորությունը (մասնավորապես՝ վտանգավոր կերպով վարելու, վարելիս ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելու կամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով մահվան համար դատավճիռ կայացվելուց հետո),
- երեխաների հետ աշխատելու հնարավորությունը (մասնավորապես, երբ մեղադրական դատավճռով հաստատվում է անձի սեռական հանցագործ լինելը։ Նման պարագայում բրիտանական օրենսդրությունը պահանջում է, որ տվյալ անձը պետական հատուկ գրանցում անցնի),
- Մեծ Բրիտանիայի տարածքում բնակվելու հնարավորությունը (եթե բրիտանական քաղաքացիություն չունի)։ Սա կարող է կիրառվել նույնիսկ այն պարագայում, եթե դատապարտվելուց առաջ տվյալ անձը մշտական բնակության թույլտվության հիման վրա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ուներ[12],
- անազատության մեջ գտնվելու ընթացքում ընտրելու իրավունքը։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում քրեական դատապարտման պատճառով իրավունքներից զրկումը կարող է արտահայտվել տարբեր ձևերով, այդ թվում՝ ընտրական իրավունքից զրկում, երդվյալ ատենակալների կազմից հեռացում և զենք ունենալու կամ կիրառելու արգելք։
Քաղաքացիական իրավունքներից զրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի բոլոր նահանգները, բացառությամբ Մենի և Վերմոնտի, քրեական հանցագործություն իրականացրած անձանց արգելում են մասնակցել ընտրություններին, երբ նրանք գտնվում են բանտում[13]։ Ինը այլ նահանգներ հանցագործներին տարբեր ժամկետներով զրկում են քաղաքացիական իրավունքներից՝ նրանց փորձաշրջանի ավարտից կամ պայմանական վաղաժամկետ ազատումից հետո։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նահանգում քաղաքացիական իրավունքներից զրկման աստիճանը տարբեր է։ 2006 թվականի դրությամբ՝ Միացյալ Նահանգներում 43 մեծահասակներից 1-ը զրկված է եղել իր քաղաքացիական իրավունքներից (սովորաբար խոսքն ընտրական իրավունքի մասին է)[14]։ 2000 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ընտրական իրավունքից զրկվելու խնդիրը մեծ ուշադրության արժանացավ, երբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 2%-ին արգելվեց մասնակցել այդ ընտրություններին[14]։ Տվյալ ընտրությունների ժամանակ Ջորջ Ու․Բուշը Ֆլորդիայում հաղթեց ընդամենը 537 ձայնի առավելությամբ, թեև նահանգի սևամորթ քաղաքացիների 31%-ին չէր թույլատրվել մասնակցել ընտրություններին՝ ընտրական իրավունքից զրկված լինելու պատճառով[15]։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում աֆրոամերիկացի ընտրողները սովորաբար ընտրում են դեմոկրատական կուսակցությանը, քաղաքագետներն ու տեսաբանները պնդում էին, որ ընտրություններին այդ անձանց չմասնակցելը վճռականորեն փոխեց ընտրությունների արդյունքները։ Քրեական հանցագործությունը, որի պարագայում սահմանվում է մինչև 30 տարի ազատազրկում, կարող է հանգեցնել ընտրական իրավունքից զրկման՝ մինչև 30 տարի ժամկետով։ Սակայն սա տարբեր է նահանգից նահանգ։ Դաշնային կառավարությունն ունի նաև տարբեր օրենքներ, որոնք վերաբերում են քրեական դատվածությամբ պայմանավորված իրավունքների կորստին։
«Ռեյնոլդսն ընդդեմ Սիմսի» գործով Գերագույն դատարանը որոշեց, որ ընտրելու իրավունքը մարդու հիմնարար իրավունք է՝ սահմանելով ստուգման խիստ չափանիշ։ Բացի այդ, ԱՄՆ սահմանադրության տասնչորսերորդ փոփոխությունը բոլոր անձանց համար երաշխավորում է «օրենքների հավասար պաշտպանությունը»։ Այնուամենայնիվ, այս փոփոխության 2-րդ բաժինը թույլ է տալիս նահանգներին յուրաքանչյուր անձի զրկել ընտրական արտոնություններից, եթե նա մասնակցել է «ապստամբության կամ հանցագործության»[14]։ 1972 թվականի Գերագույն դատարանի որոշմամբ հաստատվել է, որ այս հոդվածը վերաբերում է նաև նախկին հանցագործների քաղաքացիական իրավունքներից զրկելուն։ «Քաղաքացիական մասնակցության և վերականգման մասին» օրենսդրական նախագիծը, որը քրեական հանցագործություն իրականացրած նախկին դատապարտյալներին թույլ կտա մասնակցել ընտրություններին, 1994 թվականից ի վեր յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում ներկայացվում է օրենսդիրների քննարկմանը, բայց երբեք չի ընդունվում Կոնգրեսի կողմից։
Միայն մեկ նահանգ՝ Կենտուկին, շարունակում է քվեարկելու իրավունքից ցմահ զրկել բոլոր այն քաղաքացիներին, որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների իրականացման համար` նահանգապետի կամ, որտեղ թույլատրվում է, նահանգի օրենսդիր մարմնի կողմից քաղաքացիական իրավունքների վերականգնման բացակայության դեպքում[13]։ Մինչև 2018 թվականը, Ֆլորիդան ևս ծանր հանցագործություններ իրականացրած նախկին դատապարտյալներին զրկում էր քվեարկելու իրավունքից։ Այս պրակտիկան նույնպես մերժում էր բոլոր հանցագործների քվեարկության իրավունքը, որը փոխվեց «Հանցագործների ընտրական իրավունքների վերականգնման նախաձեռնության» ընդունումից հետո[16]։
Երդվյալ ատենակալների կազմից հեռացում կամ ներառման արգելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրեական հանցագործներին երդվյալ ատենակալների կազմից ցմահ հեռացումը կամ ներառելու արգելքը ԱՄՆ-ում լայնորեն կիրառվող իրավական պրակտիկա է։ Այն կիրառվում է 31 նահանգներում և դաշնային դատարաններում։ Դրա պատճառով ԱՄՆ-ում մեծահասակ բնակչության շուրջ 6%-ը գտնվում է այս արգելքի տակ, որի շուրջ 30%-ն էլ արական սեռի սևամորթ ներկայացուցիչներ են[17]։ Երդվյալ ատենակալների կազմից քրեական հանցագործներին բացառելն առավել քիչ տեսանելի է, քան հանցագործության համար քաղաքացիական իրավունքներից զրկելը։ Որոշ սոցիոլոգներ վիճարկում են այն օրենքները, որոնք դատապարտված հանցագործին զրկում են երդվյալ ատենակալների կազմում լինելու հնարավորությունից[18]։ Թեև երդվյալ ատենակալների կազմից հանցագործություն իրականացրած անձին հեռացնելու վերաբերյալ սահմանադրական պահանջները գրեթե միշտ բխում են դատավարության շահագրգիռ կողմերից, որոշ գիտնականներ պնդում են, որ «հենց հեռացված հանցագործների շահերն են ուղղակիորեն տուժում»։
Այնուամենայնիվ, երդվյալ ատենակալների կազմից հանցագործություն իրականացրած անձանց հեռացման կամ հետագայում չներգրավման վերաբերյալ ընդհանուր մոտեցումն անընդհատ ձախողվում է։ ԱՄՆ Գերագույն դատարանը երդվյալ ատենակալների կազմում ներառվելու իրավունքը չի համարում հիմնարար իրավունք[19]։ Չնայած օրենսդիրները պնդում են, որ հանցագործներին երդվյալ ատենակալների կազմից հեռացնելու միջոցները պաշտպանում են դատական գործընթացի ամբողջականությունը, քանի որ հանցագործներին «պակասում է անհրաժեշտ ազնվությունը երդվյալ ատենակալների կազմում լինելու համար և նրանք ըստ էության կողմնակալ են», շատ նահանգներ, որոնք հետևում են իրավական այս պրակտիկային, թույլ են տալիս հանցագործներին ներգրավվել իրավական գործընթացներում, այդ թվում՝ լինել երդվյալ ատենակալների կազմում[20]։ Բայց դա երկակի ստանդարտ է միայն այն դեպքում, եթե ենթադրվում է, որ նրանք, ովքեր դատում են գործի երկու կողմերի փաստարկները, կարող են լինել նույնքան կողմնակալ, որքան նրանք, ովքեր պաշտպանում են կողմերից յուրաքանչյուրի շահերը։
Հրազեն ունենալու իրավունքի սահմանափակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականից ի վեր ԱՄՆ դաշնային կառավարությունը և նահանգների մեծ մասն ԱՄՆ կոդեքսի 18-րդ հատորի 922-րդ (g) բաժնի համաձայն, քրեական հանցագործներին դիտարկում են որպես «հակաիրավական գործողություն կատարած անձինք»[21]։ Նշված հանցանքը C դասի հանցագործություն է, որը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 10 տարվա ազատազրկում։ Հանցագործությունը ներառում է միջպետական կամ արտաքին առևտրի շրջանակներում հրազենի կամ զինամթերքի առաքումը, փոխադրումը կամ պահպանումը, կամ միջպետական կամ արտաքին առևտրով փոխադրված հրազենի կամ զինամթերքի ստացումը։ Վերջինս վիճարկվեց ԱՄՆ Գերագույն դատարանում, սակայն դատարանը որոշումն ուժի մեջ թողեց[22]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Criminal Code, RSC 1985, c C-46, s 109.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Criminal Code, RSC 1985, c C-46, s 110.
- ↑ Criminal Code, RSC 1985, c C-46, s 253.
- ↑ Criminal Code, RSC 1985, c C-46, s 255.
- ↑ Criminal Code, RSC 1985, c C-46, s 249.
- ↑ Criminal Code, RSC 1985, c c-46, s 249.2
- ↑ 7,0 7,1 Criminal Code, RSC 1985, c C-46, s 259.
- ↑ Canadian Charter of Rights and Freedoms, s 3.
- ↑ Sauvé v. Canada (Chief Electoral Officer), [2002] 3 SCR 519, 2002 SCC 68.
- ↑ CBC News, August 25, 2015: "More than 22,000 federal inmates eligible to vote."
- ↑ Harvey v. New Brunswick (Attorney General), [1996] 2 SCR 876.
- ↑ Immigration Rules Part 9: Grounds for Refusal.
- ↑ 13,0 13,1 «Felony Disenfranchisement Laws in the United States» (PDF). The Sentencing Project. 2008 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Hull, Elizabeth (2009). The Disenfranchisement of Ex-Felons. Temple University Press. էջ 83. ISBN 978-1439904411.
- ↑ «Florida's legacy of voter disenfranchisement - World Socialist Web Site». www.wsws.org. 2001 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Initiative Information». Florida Division of Elections. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Kalt, Brian C. (2003 թ․ հոկտեմբեր), The Exclusion of Felons from Jury Service, vol. 53, American University Law Review, SSRN 420840
- ↑ Binnall, James Michael (2010 թ․ մարտի 20), «A jury of none: an essay on the last acceptable form of civic banishment», Dialectical Anthropology, 34 (4): 533–538, doi:10.1007/s10624-010-9162-1, ISSN 0304-4092, S2CID 144716363
- ↑ Binnall James M. (Fall 2009), Sixteen Million Angry Men, Virginia Journal of Social Policy & the Law, Արխիվացված է օրիգինալից 2016-10-07-ին, Վերցված է 2024-05-29-ին
- ↑ Binnall, James (2009 թ․ մայիսի 25), The Lawyer and the Juror: Critically Examining the Rationales for Felon Jury Exclusion
- ↑ https://www.gpo.gov/fdsys/pkg/STATUTE-82/pdf/STATUTE-82-Pg1213-2.pdf
- ↑ Greenhouse, Linda (2010 թ․ հուլիսի 29). «Voting Behind Bars». The New York Times.