Jump to content

Կարապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարապ (այլ կիրառումներ)
Կարապ
Կարապ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Ցեղ Կարապ
Լատիներեն անվանում
swan
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարապներ (անգլ.՝ Swan, լատին․՝ Cygnusսագանմանների կարգին պատկանող, բադեր ընտանիքի (անգլ.՝ Anatidae) կարապներ ցեղի թռչուններ[1]։ Բադերը, սագերը և կարապները կազմում են սագանմանների կարգի թռչունների մեծ խումբ, որոնց կենսակերպը սերտորեն կապված է ջրի հետ։ Հայտնի է կարապների 6 տեսակ։

Արտաքին նկարագիր

Սև կարապը (Cygnus atratus) լողալիս

Կարապները բադեր ընտանիքին պատկանող ջրային որսաթռչուններից պահպանված ամենախոշոր անդամներն են, ինչպես նաև դասվում են ամենամեծ թռչունների շարքին։ Ամենամեծ տեսակները, ներառյալ անխոս կարապը, ճչան կարապը և շեփորահար կարապը կարող են հասնել մինչև 1.5 մ երկարության և կշռել ավելի քան 15 կգ։ Թևերի բացվածքը կարող է հասնել ավելի քան 3.1 մ[2]։ Սագերի համեմատ նրանք ավելի խոշոր են, ունեն ավելի երկար ոտքեր և պարանոց[3]։ Հասուն կարապներն ունենում են փետրազուրկ հատված աչքերի և կտուցի մեջտեղում։ Արուները սովորաբար ավելի խոշոր են լինում։ Հյուսիսային կիսագնդում տարածված տեսակներն ունենում են սպիտակ փետուրներ, իսկ հարավային կիսագնդում ապրող տեսակները՝ սև և սպիտակ փետուրներ։ Ավստրալիական սև (լատին․՝ Cygnus atratus) ամբողջովին սև է, բացառությամբ թևերին գտնվող սպիտակ փետուրների։ Սև կարապների ճտերը բաց մոխրագույն են։ Իսկ հարավամերիկյան սևավիզ կարապների մարմինը սպիտաակ է, վիզը՝ սև[4]։

Կարապների ոտքերը սովորաբար լինում են մուգ մոխրագույն, բացառությամբ հարավամերիկյան տեսակների, որոնց ոտքերը լինում են վարդագույն։ Կտուցի գույնը կախված է տեսակից. մերձարկտիկական գոտում տարածված տեսակներն ունենում են սև կտուց՝ խառնված դեղին երանգով։ Մյուսները հիմնականում սև և կարմիր երանգներ ունեն։ Չնայած ատամների բացակայության՝ կարապների կտուցն ատամնավոր է, որն օգնում է նրանց որսալ ջրային բույսեր և ջրիմուռներ, ինչպես նաև մոլյուսկներ, փոքր ձկներ, գորտեր և որդեր[5]։ Անխոս կարապներն ու սևավիզ կարապներն ունենում են ելուստներ կտուցի ստորին մասում[6]։

Կենցաղ

Կարապները բացառիկ զգայուն և զգուշավոր թռչուններ են և բնադրում են մեկուսի լճակների գրեթե անմատչելի եղեգնուտներում։ Սակայն նաև հեշտությամբ ընտելանում են անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների։ Ձագերի դաստիարակությամբ զբաղվում են և արուն, և էգը։

Տարածում

Ճչան կարապները չվում են Իսլանդիայից, Գրենլանդիայից, Սկանդինավիայից և Ռուսաստանի հյուսիսից Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Չինաստան, և Ճապոնիա

Կարապները սովորաբար բնակվում են բարեխառն գոտիներում, հազվադեպ՝ արևադարձային։ Կարապների խումբը կոչվում է երամ։ Չորս կամ հինգ ցեղատեսակ հանդիպում են հյուսիսային կիսագնդում, մի ցեղատեսակ՝ Ավստրալիայում, արդեն բնաջնջված մի տեսակ գտնվել է Նոր Զելանդիայում և Չաթեմ կղզիներում, և մի ցեղատեսակ էլ տարածված է Հարավային Ամերիկայում։ Արևադարձային Ասիայում, Կենտրոնական Ամերիկայում, Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում և ողջ Աֆրիկայում կարապներնը բացակայում են։

Որոշ տեսակներ չվող են։ Արևմտյան Եվրոպայի տարածքում բնակվող անխոս կարապները չվում են մասամբ, իսկ Արևելյան Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանում բնակվողները՝ ամբողջությամբ։ Ճչան և ամերիկյան կարապները ամբողջությամբ չվող ցեղատեսակներ են։ Հավանական է, որ սևապարանոց կարապները չվում են իրենց տարածաշրջանի սահմաններում։ Ուսումնասիրությունները դեռ չեն հաստատել սևապարանոց կարապների չուի տարածաշրջանի մեծությունը[7]։

Աստղագիտության մեջ

  • Կարապ — Հյուսիսային կիսագնդի համաստեղություն
  • Սև կարապ — համաստեղության աստղաբույլ, հայտնի է նաև M 18, NGC 6613:

Առևտրային անվանում

  • Swan Hunter, նախկինում հայտնի է որպես Swan Hunter & Wigham Richardson — բրիտանական նավաշինության դիզայներական ընկերություն։
  • Swan Records — ԱՄՆ-ում ձայնագրման ստուդիաների, ինչպես նաև The Beatles ձայնագրության ստուդիայի պիտակ։
  • Swan Song Records — Ձայնագրման ստուդիայի պիտակ, հիմնադրված Լեդ Զեփելին և Գրանտ Պիտեր խմբի մենեջերի կողմից։

Բուսաբանությունում

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «ENCYCLOPÆDIA BRITANNICA Swan».
  2. Madge, Steve; Burn, Hilary (1988). Waterfowl: An Identification Guide to the Ducks, Geese, and Swans of the World. Boston: Houghton Mifflin. ISBN 0-395-46727-6.
  3. Kear, Janet, ed. (2005). Ducks, Geese and Swans. Bird Families of the World. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-861008-4.
  4. Young, Peter (2008). Swan. London: Reaktion. էջեր 18–27. ISBN 978-1-86189-349-9.
  5. "Mute Swan. Feeding" Արխիվացված 2014-12-25 Wayback Machine, Royal Society for the Protection of Birds
  6. Young, Peter (2008). Swan. London: Reaktion. էջեր 20 and 27. ISBN 978-1-86189-349-9.
  7. Schlatter, Roberto; Navarro, Rene A.; Corti, Paulo (2002). «Effects of El Nino Southern Oscillation on Numbers of Black-Necked Swans at Rio Cruces Sanctuary, Chile». Waterbirds. 25 (Special Publication 1): 114–122. JSTOR 1522341.
Ընթերցե՛ք «կարապ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 309
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապ» հոդվածին։