Jump to content

Փշատերևազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փշատերևազգիներ (Coniferae կամ Pinidae), մերկասերմ բույսերի ենթադաս, աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ և աշխարհագրական տարածման մեծ արեալով։ Հիմնականում՝ մշտադալար ծառեր, հազվադեպ թփեր են։ Կան տերևաթափ տեսակներ։ Նրանց բնափայտը բաղկացած է գերազանցապես երիզավոր ծակոտիներ ունեցող տրախեիդներից։

Բնափայտային պարենքիմը թույլ է զարգացած կամ բացակայում է։ Բների աճման տարեկան օղակները լայնական կտրվածքում ցայտուն են արտահայտված։ Նրա կեղևը և բնափայտը, որպես կանոն, ունեն խեժատու անցքեր։ Նրանց հզոր առանցքային առաջնային արմատը պահպանվում է բույսի ամբողջ կյանքում, կողքային ավելի փոքր արմատները միկոռիզակիրներ են։ Փշատերևազգիների տերևները սովորաբար ամբողջական են, ասեղնաձև, նստադիր, երբեմն՝ թեփուկանման կամ թիթեղանման (գծային նշտարաձև և այլն), ունեն քսերոմորֆ կազմություն։

Փոշոտումը տեղի է ունենում քամու միջոցով։ Նրանք հիմնականում միատուն բույսեր են։ Սերմերն իրենց կառուցվածքով և արտաքին տեսքով խիստ տարբերվում են։ Վեգետատիվ բազմացումը շատ թույլ է զարգացած։ Նրանք սերմնավոր բույսերի հնագույն խումբն են․ հայտնի են քարածխային ժամանակաշրջանից։ Ժամանակակից փշատերևազգիներն ընդգրկվում են ութ ընտանիքներում, որոնցից ամենատարածվածներն են սոճազգիները, արաուկարիազգիները, կենազգիները, եղևնազգիները, նոճազգիները, ճահճանոճազգիները։ Հայտնի է ավելի քան 600 տեսակ։ Նրանց մեջ կան շատ խոշոր ծառեր, որոնց բները հասնում են 100 մ բարձրության և 6-9 մ տրամագծի (սեքվոյա, սեքվոյադենդրոն)։ Նրա որոշ տեսակներ ապրում են մի քանի հազարամյակ։

Ներկայումս Դիլիջանում, Ստեփանավանում, Զանգեզուրում և Նոյեմբերյանում պահպանվել են կենու (կարմրածառ) և սոճու բնական ոչ խոշոր անտառակներ։ Կան նաև բազմաթիվ արհեստական տնկարկներ։ Ունեն կարևոր ժողտնտեսական նշանակություն։ Օգտագործվում է բնափայտը։ Որոշ տեսակների սերմերն օգտագործվում են սննդում, կան բազմաթիվ դեկորատիվ տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։