Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչե Մամիկոնյան (3-րդ դար - 335[1] կամ 338[2]), հայ նախարար, Մեծ Հայքի սպարապետ (310-338), Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի իշխանը, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի որդին, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի և Արտաշեն Մամիկոնյանի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[3][4]։
Մեծ Հայքի արքա Խոսրով Բ Կոտակի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական տոհմերին՝ Մանավազյաններին ու Որդունիներին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում ջախջախել է Հայոց գահի հավակնորդ Մազգթաց թագավոր Սանեսան Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ 337 թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիսարևելյան ափին) մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է Պարսկաստանին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից Շապուհ 2-րդ արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին։
Վաչե Մամիկոնյանի կնոջ անունն անհայտ է։ Ունեցել է 4 զավակ․
- Արտավազդ Մամիկոնյան, հայոց սպարապետ (338-350)
- Արտաշեն Մամիկոնյան, հայ նախարար
- անհայտ անունով աղջիկ, Անդովկ Սյունու կինը
- անհայտ անունով աղջիկ, Արշավիր Կամսարականի կինը։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 329.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Մեսրոպ Երեց, Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 11, 17, 120․
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 394․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 283)։
|
Վաչե Ա Մամիկոնյան — նախնիներ |
---|
|
Տոհմածառ |
---|
|