Մեղվաբուծություն
Մեղվաբուծություն, մեղվապահություն, գյուղատնտեսության ճյուղ, զբաղվում է մեղրատու մեղուների բուծմամբ՝ մեղր, մեղրամոմ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն և այլնն ստանալու, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի խաչաձև փոշոտումն ապահովելու համար։
Մեղվաբուծության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղվաբուծությունը հայտնի էր դեռևս նախնադարում։ Զարգացել է մի քանի փուլով․ վայրի մեղվաբուծություն (մեղրը և մոմը մարդիկ հայթայթում էին վայրի մեղուների բներից), փչակափեթակային մեղվաբուծություն ( պահմեղուներինում էին փչակներում, չքանդվող փեթակներում), կոճղափեթակային մեղվաբուծություն (մեղուներին պահում էին կոճղերում), շրջանակավոր մեղվաբուծություն (մեղուներին բուծում են հանվող շրջանակներով հավաքվող փեթակներում)։ Ռուս մեղվաբույծ Պ․ Ի․ Պրոկոպովիչի շրջանակավոր հավաքովի փեթակի (1814) և չեխ Ֆ.Գրուշկայի մեղրաքամ մեքենայի (1865) գյուտերից հետո շրջանակավոր փեթակային մեղվաբուծությունը շատ երկրներում դարձավ գյուղատնտեսության բարձրապրանքային ճյուղերից մեկը։
Գիտական մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղվաբուծության գիտական հարցերի մշակմամբ գբաղվել են Ա․ Մ. Բուտլերովը, Մ․ Ա․ Դերնովը, Ի․ Ա․ Կաբլուկովը, Ն․ Մ․ Կուլագինը և այլն։ Մեծ ավանդ են ներդրել նաև արտասահմանյան գիտնականներ Ֆ․ Ցուբերը (Շվեյցարիա), Լ․ Լանգստրոտը (ԱՄՆ), Ի․ Մերինգը, Է․ Ցանդերը (Գերմանիա) և այլն։ ՍՍՀՄ-ում 1979 թվականին կար մոտ 9, 2 միլիոն մեղվաընտանիք, արտադրվել է մոտ 100 հզ․ մեղր։ Մեղվաբուծական խոշոր տնտեսություններ են (մինչև 20 հզ․ մեղվաընտանիք) կազմակերպված ՌՍՖՍՀ-ում (հատկապես Բաշկիրիայում, Հեռավոր Արևելքում, Սիբիրում), Ուկրաինա, Ադրբեջան, Ղազախստան ՍՍՀ-֊ներում։ 1975 թվականին աշխարհում հաշվվում էր մոտ 40, այդ թվում ԱՄՆ-ում՝ 4, 7, Մեքսիկայում՝ 1, 8, Թուրքիայում՝ 1, 7, Լեհաստանում՝ 1, 4, Ֆրանսիայում՝ 1, 0 միլիոն մեղվաընտանիք։
Մեղվաբուծությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը մեղվաբուծության հնագույն կենտրոն է։ Դեռևս Քսենոֆոնը (մ․ թ․ ա․ 430—355) հիշատակել է, nր Հայաստանի լեռնային գյուղերում եղել են բազմաթիվ փեթակներ։ Մեղվաբուծության զարգացման մասին են վկայել նաև հայ պատմիչները (Մովսես Խորենացի, Հովհաննես Դրասխանակերտցի և ուրիշներ)։ Հայաստանում տարածված են եղել մեղվի դեղին ու գորշ գույնի պոպուլյացիաները (դրանք պահպանվել են նաև ներկայումս), առաջնությունը տրվել է դեղին մեղվին։ Ձեռագրերում հիշատակվում են նաև բույսերի փոշոտման գործում մեղուների դերի մասին։ 1904 թվականին մեղվաընտանիքների թիվը Հայաստանում (8 հզ․ էր, 1912 թվականին՝ 25 հզ․, 1918-1920 թվականներին՝ 15—16 հզ․։ Սովետական կարգերի օրոք, մեղվաբուծություն նոր զարգացում ստացավ։ 1931 թվականին Երևանում կազմակերպվեց Անդրկովկսայան մեղվաբուծական զոնալ կայան (1933 թվականին վերանվանվեց Մեղվաբուծական հայկական զոնալ կայան), որը 1937 թվականին միացվեց ՀՍՍՀ անասնապահական փորձակայանին։ Այստեղ մշակվել են մեղվաընտանիքների բազմացման և մեղուների մթերատվության բարձրացման համալիր միջոցառումներ։ 1944 թվականին անասնապահական փորձակայանը վերածվեց Անասնապահության ԳՀԻ-ի, որտեղ ստեղծվեց մեղվաբուծության բաժին։ 1958 թվականին վերջինիս բազայի վրա կազմակերպվեց մեղվաբուծության փորձակայան։ 1966 թվականին Մեղրու շրջանում հիմնվեց մեղվաբուծության հատուկ տոհմային տնտեսություն, որտեղ բուծվում են հայկական դեղին մեղուներ (շրջանը 1966 թվականից հայկական դեղին մեղուների արգելանոց է)։ 1979 թվականին, 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով, ՀՍՍՀ աշխարհում առաջինն էր (մեղվաընտանիքների ընդհանուր քանակը 150 հզ․)։ Խորհրդային տարիներին մեղվապահության ղեկավարությունն իրականացնում էր ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության մեղվաբուծության վարչությունը։ Գիտական աշխատանքներ էին տարվում Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտիի մանր անասնաբուծության ամբիոնում, գյուղատնտեսության մինիստրության մեղվաբուծության փորձակայանում։
Մեղուների բուծումը և խնամքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր արդյունավետությամբ ուժեղ մեղվաընտանիքներ ունենալը բարձր և կայուն մեղրաբերք ստանալու հիմնական պայմաններից մեկն է։ Ուժեղ ընտանիքները լավ են տանում ձմեռումը, գարնանը արագ են զարգանում արդյունավետ են օգտագործում գարնանային և ամառային մեղրաբերքը, կառուցում են մեծ քանակությամբ մեղրահաց։ Ուժեղ ընտանիքներում աճում են կենսունակ, տոկուն, վարակիչ հիվանդությունների նկատմամբ բարձր դիմացկունություն ունեցող մեղուներ։ Թույլ ընտանիքում մայրը գարնանը երկար ժամանակ չի կարողանում նորմալ ձվադրել թրթուրների և հարսնյակների որդերի կերակրման ու տաքացման համար անհրաժեշտ քանակությամբ մեղուներ չլինելու պատճառով, որը և դանդաղեցնում է ընտանիքի հետագա աճը։ Արդյունքը լինում է այն, որ ընտանիքը ի վիճակի չի լինում լավ նախապատրաստելու գլխավոր մեղրաբերքին[1]։ Ուժեղ ընտանիքներում ձմեռումից անմիջապես հետո մեղուները խիտ պատում են մեղրահացի մակերեսի մեծ մասը և մայրը գարնան առաջին իսկ օրերից սկսում է մեծ քանակությամբ ձու դնել։ Հատուկ փորձերը ցույց են տվել, որ ձմեռանոցից հանելուց 2 շաբաթ հետո ուժեղ ընտանիքներում մայր մեղվի օրվա ձվադրումը հասնում է այնպիսի մակարդակի, որը ոչ բավարար ուժեղ ընտանիքներում լինում է միայն ամռան կեսերին։ Գարնանը մեծ քանակությամբ թրթուրներ և հարսնյակներ ունենալը ընտանիքին հնարավորություն է տալիս արագ կերպով երիտասարդ մեղուներ աճեցնել։ Հաստատված է, որ ուժեղ ընտանիքներում աճեցված մեղուների կյանքի տևողությունը 30%-ով ավելի է, քան թույլ ընտանիքների մեղուներինը, այդ հանգամանքը ևս նպաստում է մեղուների ավելի շատ կուտակմանը և բարձր մակարդակի վրա ընտանիքի ուժի պահպանմանը։ Նման պայմաններում աճեցված մեղուները ունենում են լավ զարգացած մկաններ, թևեր, կնճիթ և այլն։ Հատուկ հետազոտությունները ցույց տվեցին, որ ուժեղ ընտանիքներում աճեցրած մեղուների կնճիթները թույլի հետ համեմատած երկար են 8 տոկոսով, իսկ նեկտար կրելու ունակությունը ավելի է 82 տոկոսով։ վերը նշված առավելությունների հետևանքով ուժեղ ընտանիքները շատ մեղր են հավաքում։ Այսպիսով, փորձերի ժամանակ թույլ ընտանիքները, որոնցից յուրաքանչյուրի քաշը կազմում է 1կգ, գլխավոր մեղրաբերքի ընթացքում հավաքել էին միայն 7կգ մեղր, 2կգ քաշ ունեցող ընտանիքները՝ 20 կգ, իսկ 4 կգ քաշ ունեցող ընտանիքները նույն ժամանակաշրջանում և նույն մեղվանոցում հավաքել էին 49-ական կգ մեղր, այսինքն 7 անգամ ավելի, քան թույլ ընտանիքները։
Փեթակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեթակը մեղուների բնակարանն է, որը պատրաստում են մարդիկ։ Փեթակի կառուցվածքը, նրա որակը անմիջական ազդեցություն են ունենում ուժեղ, աշխատունակ մեղվաընտանիքների աճեցման և մեղվաբույծի աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա։ Փեթակում է ընթանում մեղուների կյանքը ամբողջ տարվա ընթացքում։ Միայն մեծ ծավալի, տաք փեթակում մեղուների մեղրահացերի և կերի բավարար պաշարով ապահովելու դեպքում մայր մեղվի ձվատվությունը բարձր կլինի և մեղրաբերքի ժամանակ կարող է աճեցնել մեծ քանակությամբ մեղուներ՝ նեկտար հավաքելու համար։ Միայն մեծ ծավալի, տաք փեթակում մեղուների մեղրահացերի և կերի բավարար պաշարով ապահովելու դեպքում մայր մեղվի ձվատվությունը բարձր կլինի և մեղրաբերքի ժամանակ կարող է աճեցնել մեծ քանակությամբ մեղուներ՝ նեկտար հավաքելու համար։ Փեթակը մեղուների համար կարող է ծառայել նաև բերած կերը պահելու համար։ մեղվաընտանիքներին փեթակներով են տեղափոխում մեղրատու բույսերի զանգվածներին մոտիկ՝ դրանց փոշոտման և մեղր հավաքելու համար։ Ելնելով դրանից, փեթակները համապատասխանեն հետևյալ հիմնական պահանջներին․ 1.Պաշտպանեն մեղուներին եղանակի անբարենպաստ պայմաններից (ցրտից, քամուց, անձրևից և այլն) դիմացկուն լինեն։ 2.Անհրաժեշտության դեպքում ներքին ծավալը հեշտ և արագ փոխելու հնարավորություն ունենա։ 3.Լինի թեթև, տեղափոխման և մեղվաբույծի աշխատանքի համար հարմար։ 4.Հնարավոր լինի միանման մասերի (կափարիչ, կորպուսներ, վերնահարկեր, հատակներ և այլն) փոխադարձաբար փոխելը։ 5.Պատրաստելը բարդ չլինի և արժեքը՝ էժան։ Փեթակները պատրաստելու համար ավելի հարմար են ոչ խեժառատ սոճին, բրգաձև սոճին, լորենին, եղևնին, նշաձև ուռենին, բարդենին և մյուս փափուկ ծառատեսակները։ Տախտակները պետք է չոր լինեն(խոնավությունը 15%֊ից ոչ ավելի) և ճեղքվածքներ ու փտած տեղեր չունենան։ Ոստեր լինելու դեպքում դրանք պետք է լինեն առողջ, բնափայտի հետ ամուր սերտաճած, 65մմ֊ից ավելի լայնություն ունեցող դետալների վրա այն պայմանով, եթե դրանք գտնվում են ճակատային եզրերից 45 մմ-֊ից ոչ պակաս հետավորության վրա։ Շրջանակային ձողիկների վրա ոստեր չպետք է լինեն։ Թափվող, կոտրվող, ծխախոտային ոստերը գայլիկոնելուց հետո ամուր փակում են միասեռ փայտանյութից խցաններով՝ ջրակայուն սոսնձի օգնությամբ, փայտաթելերին զուգահեռ ուղղությամբ։
Անկենսունակ ընտանիքների ուղղումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն մեղվանոցներում, որոնք համալրման կարիք են զգում, երբեմն նպատակահարմար է ոչ լիարժեք ընտանիքները լիկվիդացնելու փոխարեն միջոցներ ձեռնարկել նրանց ուղղելու համար, նման դեպքերում մեղվապահը իմանալով յուրաքանչյուր անբարեհաջող ընտանիքի առանձնահատկությունները, որոշում է, թե նրանցից որը ինչ ձևով կարելի է ուղղել։
Մայր չունեցող ընտանիքների ուղղումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ գարնանը մայր չունեցող ընտանիքը ուղղելիս չի կարելի դիմել նոր երիտասարդ մայր մեղվի ստացման եղանակին, որովհետև բոռեր չլինելու պատճառով մայրը չի զուգավորվի։ Բացի այդ մայր մեղու աճեցնելու սկզբից մինչև երիտասարդ մեղուներ ստանալը անցնում է 45 օրից ոչ պակաս, իսկ այդ ժամկետի ընթացքում ընտանիքը չի կարող ապրել առանց երիտասարդ մեղուների համալրման։ Այդ պատճառով մայր չունեցող ընտանիքին անհրաժեշտ է տալ բեղմնավորված մայր նուկլեուսից, որը անմիջապես կսկսի ձվադրել, իսկ մեղուները կխնամեն նրանց։ Մեղվանոցում միշտ պետք է ունենալ պահեստային մայրեր, որոնք պահվում են նուկլեուսներում։ Երբեմն ընտանիքների դրութոյւնը կասկած է առաջացնում, կարելի է ենթադրել, որ ընտանիքում կա մայր մեղու, բայց նա ինչ-որ պատճառով ընդունակ չէ ձվադրել։ Նման դեպքերում ընտանիքի բնում դնում են «ստուգիչ» մեղրահաց, այսինքն՝ մի շրջանակ ուրիշ ընտանիքի ձվերով և թրթուրներով։ Երկու օր հետո շրջանակը ստուգում են, եթե նրանց վրա կառուցվում են նոր մայրաբջիջներ, նշանակում է այդ ընտանիքը մայր չունի[1]։ Ոչնչացնելով մայրաբջիջները, երեկոյան կողմը ընտանիքին տալիս են բեղմնավորված մայր։ Եթե ստուգիչ մեղրահացի վրա մայրաբջիջներ չլինեն նշանակում է մայր կա, բայց նա պիտանի չէ, անհրաժեշտ է գտնել և ոչնչոցնել այն, իսկ ընտանիքը ուղղել սովորական կարգով։ Մայր չունեցող ընտանիքը ուղղելիս նրան միացնում են պահեստային մայր ունեցող նուկլեուսը։ Այն կատարում են երեկոյան։ Նուկլեուսում մեղրահացի վրա գտնում են մորը և նրա մոտ գտնվող մեղուների հետ միասին ծածկում են մեծ ցանցավոր թասակով։ Այնուհետև նուկլեուսի բոլոր շրջանակները թրթուրների, հարսնյակների և մեղուների հետ միասին տեղավորում են շարժական արկղի մեջ ու մոտեցնում ուղղվող ընտանիքին։ Վերջինիս բնի շրջանակները անջատում են այնպես, որ մեջտեղում բացվի մի տարածություն, որտեղ տեղավորում են միացվող նուկլեուցի շրջանակները թասակով ծածկված մայր մեղվի հետ։ Որպեսզի ուղղվող ընտանիքի և նուկլեուսի մեղուները չկռվեն, նրանց միևնույն հոտն են տալիս։ Հաջորդ օրը ընտանիքը ստուգում են, բնից հեռացնում են ավելորդ շրջանակները և մայր մեղվին թասակի տակից բաց են թողնում։ Եթե անհրաժեշտ է փոխել քիչ ձվարկող արատավոր մորը, ապա այն գտնում և ոչնչացնում են, այնուհետև, երբ ընտանիքը սկսում է որբություն զգալ, նրան միացնում են նուկլեուսը։ Բոռաձու ընտանիքների ուղղումը նպատակահարմար չէ, որովհետև նրանց ուղղելու բոլոր հայտնի ձևերը չափազանց դժվար են։ Այդպիսի ընտանիքները բոլոր դեպքերում հարկավոր է թափ տալ։
Տոհմային աշխատանքը մեղվաբուծությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղուների պահվածքի և կերակրման պայմանների լավացման հետ մեկտեղ, մեղվանոցի եկամտաբերության բարձրացման կարևորագույն ռեզերվներից մեկն է նաև սելեկցիոն աշխատանքը։ Տոհմային աշխատանքների համար ամենից մթերատու մեղվաընտանիքների ընտրությունը, նրանցից սերունդներ ստանալը, ինչպես նաև միջցեղային տրամախաչումը հնարավորություն են տալիս առանց նյութական մեծ ծախսումների նշանակալի չափով բարձրացնել մեղվաընտանիքների մթերատվությունը։
Մայրերի աճեցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղվանոցում նոր ընտանիքների ստացման համար ամեն տարիերիտասարդ մայրերի կարիք է զգացվում։ Նրանք հարկավոր են ծեր մայրերի փոխանակման. ինչպես նաև պահեստային նպատակով, վերջիններս օգտագործվում է այն դեպքում, երբ որևէ ընտանիքում մայրը սատկում է կամ ոչ պիտանի է դառնում։ Բացի այդ, երբեմն մայրեր են աճեցնում հատկապես լրացուցիչ մեղու աճեցնելու համար՝ մեղրաբերքը արդյունավետ օգտագործելու նպատակով (մայր-օգնականներ)։ Մայրերի աճեցման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նրանց որակին։ Մայրը դա փեթակի բոլոր անհատների մայրն է և նրա որակից նշանակալի չափով կախված են ընտանիքի ուժը և մթերատվությունը։ Բարձրորակ մայրեր ստանալու համար, նրանց բուծումը պետք է զուգակցել տոհմային աշխատանքի հետ։ Հմուտ մեղվապահները արհեստական ճանապարհով տոհմային մայրեր ստանալու համար օգտագործում են մեղվի ընտանիքի այն առանձնահատկությունը, որ, երբ մորը հեռացնում են փեթակից, աշխատավոր մեղուները երիտասարդ թրթուրների վրա մայրաթասակներ են կառուցում։ Դրա հետ միասին շատ մեղվանոցներում մայրերի ստացման համար օգտագործում են պարսամեղվի մայրերը։
Մեղրի քամելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրած մեղրային շրջանակները փեթակից փոխադրում են մեղվանոցային տնակը, կամ վրանը, մեղրահացերից մեղրը հեռացնելու համար։ Շենքը ներսից պետք է լուսավոր լինի, մաքուր և մրջատների թափանցելու համար անմատչելի։ մեղրը բջիջներից լավ է դուրս ցայտում, եթե մեղրահացը նոր է հանված փեթակից։ Եթե քամելու համար շրջանակները փեթակից ավելի շուտ են հանվել, ապա մեղրը այդ մեղրահացերից լավ է դուրս գալիս միայն տաք եղանակին, կամ էլ տաքացրած շենքում։ Մեղրը մեղրահացերում սառելու դեպքում պետք է քամելուց առաջ 6-8 ժամ տաքացնել, 20-25 աստիճան ջերմության պայմաններում։ Մեղրը քամելու համար, նախապատրաստում են հետևյալ սարքավորումները
- մեղրաքամ
- մեղրահացերի սերեկը հեռացնելու սեղան
- 2 լավ սրած մեղվանոցային դանակ
- դանակները տաքացնելու համար տաք ջուր
- լվացարան, օճառ և սրբիչ
- մեղրի համար աման
Մեղրաքամը նախօրոք լվանում են սոդայաջրով և չորացնում արևի տակ։ Այն սարքավորում են այնպես, որ նրա տակ տեղավորվի դույլը՝ մեղրի հոսելու համար, իսկ բռնակը լինի աշխատողի արմունկի բարձրության։ մեղրաքամի ծորակից կախում են ցանց, որի միջոց մեղրը զտվում է և հոսում դույլի մեջ։ Մեղրահացերի սերեկը կտրում են դանակով, որը տաքացվում է տաք ջրով կամ գոլորշիով։ Բջիջների կափարիչները պետք է կտրել խնամքով, ուղիղ։ Սովորական դանակները օգտագոր��ում են հերթականությամբ, մեկով կտրում են կափարիչները, երկրորդը տաքացնում են ջրում(ջրից հանած դանակը պետք է թափ տալ)։ Սերեկը կտրած շրջանակները մեղրաքամի կասետի մեջ տեղակայում են այնպես, որպեսզի ցածի ձողը ուղղված լինի թմբուկի ընթացքի ուղղության։ Սկզբում մեղրաքամի թմբուկը թույլ են պտտում, հետո աստիճանաբար և սահուն կերպով բռնակի պտույտների թիվը ավելացնում են։ Մեղրահացի մի երեսը մասնակիորեն ազատելով մեղրից, շուռ են տալիս մյուս կողմի վրա և մեղրը լրիվ քամում են։ Եթե առաջին երեսի վրայի մեղրը միանգամից մինչև վերջ քամվի, ապա մեղրահացը կարող է կոտրվել, հատկապես, եթե այն նոր է կառուցված։ Մեղր քամելիս հարմար է օգտվել ինքնաշրջվող կասետներով մեղրաքամներից։ Այս աշխատանքների անընդհատ կատարման համար պահանջվում է 4 մարդ, 2-ը փեթակներից ընտրում են մեղրով մեղրահացերը, փոխադրում շենք և մեղրից ազատված շրջանակները հավաքում ետ են վերադարձնում։ Մեկը կտրում է մեղրահացերի սերեկները, մյուսն անընդհատ մեղր քամում։ Խոշոր մեղվաբուծական ֆերմաներում, որտեղ հարյուրավոր ցենտներով մեղր են քամում, այդպիսի աշխատանքները պետք է մեքենայացնել։ մեղրահացերի սերեկը լավ է ավտոմատ դանակով կտրել, իսկ մեղրը քամել շառավիղային մեղրաքամերով։ Կարելի է օգտագործել էլեկտրական կիսաավտոմատ կանոնավորիչով մեղրաքամեր։ Այս սարքավորմանը սպասարկում են 2 մարդ. մեկը կտրում է մեղրահացերի սերեկը, իսկ մյուսը միաժամանակ աշխատում է 2 մեղրաքամերի վրա։ մինչև մի մեղրաքամով մեղրը քամվում է, երկրորդում դնում են սերեկը կտրած շրջանակները։ մեղրահացերից մեղրը քամելուց հետո այն լցնում են հատուկ մեղրազտիչի կամ սովորական մեծ տաշտի մեջ և թողնում են, որ նստի, զտվի։ Մի քանի օրվա ընթացքում մոմի բոլոր կտորները, փշուրները, կեղտը, փրփուրը բարձրանում են վերև։ Այդ շերտի հեռացնելուց հետո մաքուր մեղրը տանում են տնտեսության պահեստը կամ տարայավորում են տակառներով մթերակայան ուղարկելու համար։
Մեղվի նախապատրաստումը ձմեռվան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավ ձնեռման դեպքումգարնանը ընտանիքները ուժեղ են դուրս գալիս՝ լավ պահպանված կենսունակ մեղուներով։ Այդպիսի ընտանիքներում մայրը գարնանն ավելացնում է ձվադրումը և մեղուները շատ թրթուրներ և հարսնյակներ են կերակրում։ Լավ ձմեռած անցած տարվա մեղուները գարնանը երկար են ապրում, նրանք դանդաղ են մահանում, որը նպաստում է ընտանիքի արագ աճին և գարնանային մեղրաբերքի լավ օգտագործմանը։ Որպեսզի մեղուն ձմեռումը բարեհաջող անցկացնի, անհրաժեշտ է նախապատրաստել ուժեղ ընտանիքներ՝ հնարավորին ճափով մեծ քանակությամբ երիտասարդ մեզուներով. ստեղծել մեղուների համար բավարար քանակի բարորակ կերի պաշար, ձմռանը շենքում օդի խոնավության և ջերմության նորմալ պայմաններ ու պահպանել լռություն։
Հարկավոր է ձմռանը նախապատրաստվել ամբողջ ամառվա ընթացքում, նախօրոք շոգ օրերին պետք է ձմեռանոցը չորացնել, վերանորոգել, ձեռք բերել տաքացնող նյութ, մտահոգվել կերի մասին, միջոցներ ձեռնարկել մեղուների աշնանային աճեցման համար և այլն։ Աշնանը մեղուներին ձմեռմանը նախապատրաստելը մեղվապահների հիմնական աշխատանքն է։
Մեղուներին ձմեռանոց դնելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղուներին շենքում հավաքելիս շտապել պետք չէ. պետք է նրանց հնարավորություն տալ թռչելու ամենաուշ ամենատաք օրերին։ Որքան մեղուները ուշ թռչեն, նրանք այնքան թեթև են տանում ձմեռումը։ Բացի այդ, վաղ հավաքած ընտանիքները շենքը տաքանալու դեպքում կարող են անհանգստանալ տոթից։
Կայուն սառնամանիքները սկսելու հետ մեկտեղ փեթակները հավաքում են ձմեռանոցում, ավելի վաղ, քան հիմնական ձյունածածկոցը կնստի։ Բոլոր փեթակները տեղավորելուց հետո, երբ մեղուները հանգստանում են, բացում են արկանոցները։ Ընտանիքները ձմեռանոց դնելուց մեկ երկու օր հետո մեղվապահը ստուգում է շենքի ներսի ջերմությունը և կարգավորում։ Բարեկարգ շենքում, որտեղ ձմռանը ջերմությունը սովորական նորմայից չի բարձրանում, ստորին արկանոցը ձմեռվա առաջին կեսին փակ են պահում, մինչև փեթակներում առաջին թրթուրների ու հարսնյակների երևալը։ Մեղուների ձմեռելու համար ամենալավ ջերմաստիճանը 0-2 աստիճանն է, թույլատրելի է մինչև 4 աստիճանը։
Ձմեռող մեղուներին նեծ վնաս են հասցնում մկները, նրանք մտնում են փեթակ, այնտեղ իրենց բույնը դնում, կրծում են մեղրահացերը, իրենց ներկայությամբ և սուր հոտով անհանգստացնում մեղուներին։ Հաճախ դրա հետևանքով կործանվում է ընտանիքը։ Ձմռանը մեղուները կարիք են զգում լրիվ հանգստի։ Ամբողջ ձմռան ընթացքում նրանք չեն կղկղում։ Արտաթորանքը կուտակվում է նրանց աղիներում և որքան գարունը մոտենում է, այնքան մեղուները դժվարությամբ են այն պահում։ Դրա համար ձմռանը մեղուները ամեն տեսակի թեթև անհանգստությունից գրգռվում են, հիվանդանում են փորլուծով։ Դրա պատճառով լինում է մեղուների մեծ կորուստ, ընտանիքները ձմեռանոցից դուրս են գալիս թուլացած, ուժասպառ, հիվանդ և կեղտոտված բներով։ Այդպիսի հետևանքներ կարող են առաջացնել ձմեռելու պայմանների ցանկացած խախտումները՝ շոգը, խոնավությունը, մկների ներկայությունը, աղմուկը, թակոցը և այլն։ մեղուների անհանգստության պատճառներից մեկը լույսն է, այն անթույլատրելի է, գրգռում է ընտանիքին, մեղուներին փեթակից դուրս քաշում։ Ձմեռանոց հաճախելիս մեղվապահը պետք է մեղվանոցային մատյանում գրանցի ջերմաչափի, խոնավաչափի, ստուգիչ փեթակի ցուցումները, ինչպես նաև նշումներ կատարի ընտանիքի վիճակի և կատարած աշխատանքի մասին։
Հիվանդությունների պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրատու մեղվի հիվանդությունները բաժանվում են 2 հիմնական խմբի՝ ոչ վարակիչ և վարակիչ[փա՞ստ][2]։ Ոչ վարակիչ հիվանդությունների խմբին դասվում են այն հիվանդությունները, որոնք հիվանդ ընտանիքներից չեն փոխանցվում առողջներին։ Դրանք առաջանում են մեղուների կերակրման (կերի պակասը, նրա թունավոր լինելը), պահվածքի և բազմացման պայմանները խախտելուց։ Ավելի հաճախ մեղուների ոչ վարակիչ հիվանդություններն առաջանում են ընտանիքներում բարորակ կերի պակաս լինելուց։ Մասնավորապես, երբ ընտանիքներին մեղրը չի բավարարում, ապա սկսվում է ոսվը։ Վարակիչ են կոչվում այն հիվանդությունները, որոնք հիվանդ ընտանիքներից անցնում են առողջներին, հիվանդությունների նկատմամբ անապահով մեղվանոցներից առողջ մեղվանոցներին։ Վարակիչ հիվանդությունը հիվան�� ընտանիքից առողջին է փոխանցվում հիվանդության հարուցիչի միջոցով։
Հիվանդության նշանները ։
- Առողջ թրթուրների մեջ լինում են շատ սատկած թրթուրներ, որոնք երևում են պատռված կափարիչների մեծ անցքերից։ Սատկած թրթուրների գլխիկները բարձրացած են դեպի վեր, մարմինը ձգված է ամբողջ բջիջի երկարությամբ, նրանց հետևի մասը բարձրացած են։ Այդպիսի թրթուրներին կարելի է հեշտությամբ հանել բջիջներից։
- Մեղուները մանանա են հավաքում ծառերի տերևներից, բնում կուտակվում է մանանայի մեղր։ Գարնանը և ձմռանը փեթակի պատերին և մեղրահացերի վրա երևում են լուծի հետքեր և սատկած մեղուներ։ Հիվանդ մեղուների միջնաղիքը թորշոմում է, կապտասև, դարչնագույն կամ գորշ գույն է ստանում և հեշտությամբ պատռվում է։
- Հիվանդանում և սատկում են երիտասարդ մեղուները։ սատկում են մայիսին, երբեմն հունիսին, հուլիսին։ Այսպիսի մեղուների փորիկը մեծացած է, աղիքները լցված են դեղին գույնի թանձր պարունակությամբ։ Հիվանդ և սատկած մեղուները թափված են առկանոցի առջև կույտերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|