Jump to content

Բազուկ (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճակնդեղից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազուկ (այլ կիրառումներ)


Բազուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բազուկայիններ (Betoideae)
Տրիբա Beteae
Ցեղ Բազուկ (Beta)
L., 1753

Բազուկ (լատին․՝ Beta), թելուկազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ երկամյա բույս։ Հայտնի է ճակնդեղի 13 տեսակ (11 վայրի և 2 մշակովի)։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Beta vulgaris

Բազուկի արմատային համակարգը բաղկացած է հաստացած գլխավոր արմատից և բարակ արմատային ճյուղավորումների խիտ ցանցից, որոնք գլխավոր արմատից հեռանում են շաքիլատերևների ուղղությամբ և թափանցում են հողի մեջ՝ մեծ խորությամբ, մինչև 2,5 մետր, իսկ լայնությամբ՝ 40-50 սմ։ Արմատը կոնաձև է, երկարավուն և որոշ չափով կողքերից սեղմված։ Տերևները խոշոր են, ամբողջական, կոթունավոր։ Տերևների հիմքի մոտ տեղավորված են պտղաբերող բողբոջները, որոնցից երկրորդ տարում կազմվում են ծաղկակիր ընձյուղները։ Ծաղիկները երկսեռ են, կանաչավուն ծաղկապատյանով, հնգատիպ, տեղավորված են ցողունի ամբողջ երկարությամբ՝ կողքային ճյուղավորությունների տերևածոցերում՝ խմբերով, ոչ մեծ փնջերով՝ առաջացնելով ծաղկաբույլ։ Պտուղը ընկույզիկ է, փխրուն, փայտացած, սերմն ունի գորշ, փայլուն թաղանթ։

Ծաղկի բանաձև՝ [1]։

Վայրի տեսակները տարածված են Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Առաջավոր Ասիայում, Կովկասում, Ղրիմում, Բալկաններում, Հնդկաստանում, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի առափնյա գոտիներում։ Հայաստանում հայտնի են ճակնդեղի 5՝ խոշորարմատ, բաժանապտուղ, եռասռնակ, բազմամյա կամ ծովափնյա և սովորական տեսակները։ Վայրի տեսակները հանդիպում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են քաղցրահամ կամ թույլ աղուտ հողերում, չոր, քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին և այլուր։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճակնդեղ

Արմատը պարունակում է թաղանթանյութեր, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ֆրուկտոզ, գլյուկոզ, ազոտային նյութեր։ Արմատապտուղը պարունակում է 13-20 % չոր նյութեր, 9-16 % շաքար, 1,8-3% սպիտակուց, մինչև 0,5% օրգանական թթուներ, 0,7-1,4% թաղանթանյութ, 0,8-1,3% հանք, աղեր, C, B, PP խմբի վիտամիններ։ Կերի ճակնդեղը օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են)։

100 կգ արմատապտուղը պարունակում է 12,2 ճակնդեղկերի միավոր և 0,9 կգ մարսելի սպիտակուց, իսկ տերևները՝ համապատասխանաբար՝ 10,2 և 1,8 կգ։ Շաքարի ճակնդեղի ցանքի տարում զարգանում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300-600 գ), որն օգտագործվում է շաքարի արտադրության մեջ մեջ։ Ճակնդեղի 4 վայրի տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք։

Շաքարի ճակնդեղն առաջին անգամ աճեցրել են Ֆրանսիայում 18-րդ դարի վերջերին, 19-րդ դարի սկզբին՝ Ռուսաստանի սևահողային շրջաններում, այնուհետև Ուկրաինայում սկսեցին ճակնդեղից շաքար եփել, որը դարավերջին լրիվ բավարարում էր երկրի պահանջարկը և նույնիսկ արտահանվում էր այլ երկրներ։ Ներկայումս աշխարհում օգտագործվող շաքարի միայն 40 %-ն են ստանում շաքարի ճակնդեղից, մնացյալը՝ շաքարեղեգից։

Շաքարի ճակնդեղ հիմնականում մշակվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում։ Շաքարի ճակնդեղը ցանքի առաջին տարում առաջացնում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300–600 գ) և սպիտակ–կանաչ տերևներով վարդակ։ Ծաղիկները երկսեռ են՝ խումբ-խումբ նստած տերևածոցերում։ Ջերմա-, լուսա-, խոնավասեր, աղա- և երաշտադիմացկուն կարևորագույն տեխնիկական բույս է։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոքերի տվյալներով սակավարյունությունը բուժելու համար բազուկի թարմ հյութն ամենաարժեքավորն է։ Պետք է այն կիսով չափ խառնել գազարի հյութի հետ և օրական խմել 3-4 բաժակ։ Միզամուղ է, փորկապությունը վերացնող, հակաբորբոքային հատկություն ունի։ Հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում մրսածությունը (մեղրի հետ խառնած վիճակում), օգնում է քաղցկեղի դեպքում։ Արտաքին խոցերի ու վերքերի դեպքում ոչ միայն կարելի է ճակնդեղի հյութը խմել, այլև քսել վերքերին։

Բազուկը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի էնդոկրին, սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի գործունեության վրա։ Լավացնում է տեսողությունը, արյան շրջանառությունը, ուղեղի աշխատանքը, շարժողական օրգանների ակտիվությունը, նյութափոխանակությունը։ Ունի հակաօքսիդանտային հատկություն, տարրալուծում է չարորակ գոյացությունները։ Կիրառվում է թոքերի հիվանդությունների, անգինայի, այրվածքի, վերքերի բուժման համար։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում ծերացման գործընթացը։

Կիրառություն

Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող գամմա-ամինայուղային թթու, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը՝ կարգավորելով նյութափոխանակությունը։ Բազուկին բնորոշ է ալկալոիդային նյութ բետաինը, որը նպաստում է քոլինի սինթեզմանը օրգանիզմում, այն կանխարգելում է լյարդի ճարպակալումը և ունի հակասկլերոտիկ հատկություն։ Քիչ են այն բույսերը, որոնք պարունակում են, երբեմն հակախոցային անվանվող, վիտամին C (կաղամբ, բազուկ, մաղադանոս)։ Դրական է, որ C վիտամինը չի առաջացնում լյարդի ճարպակալում, երկարատև ջերմային մշակումը քայքայում է այն, սակայն մարինադում լավ է պահպանվում։

Թափոնները՝ մզուկը և մաթը, արժեքավոր անասնակեր են։ Ճակնդեղի 4 վայրի տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք։

Գյումրիում կառուցվում է շաքարի գործարան, ինչը ենթադրում է շաքարի ճակնդեղի մշակության որոշակի զարգացման հեռանկար տարածաշրջանում։

Բազուկի հյութի բուժիչ ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյութը օգտակար է հիպոտերիոզի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, դիսբակտերիոզի դեպքում։ Ունի որդաթափ հատկություն։ Խորհուրդ է տրվում խմել մածունի հետ կամ խառնել վարսակի շիլային։ Փորձը ցույց է տվել, որ բազուկն ունի հակաուռուցքային հատկություն։

Բազուկը ավանդական բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ օգտագործել են բույսի տերևն ու արմատը։ Հայկական բժշկության մեջ օգտագործվել է ուռուցքների, աղիքների խիթքի, գոտկային ցավերի, մաշկային ցաների, այրվածքների բուժման նպատակով[2]։

Beta՝ տեսակներ Beta ըստ Germplasm Resources Information Network (GRIN)[3] տվյալների.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Андреева И.И., Родман Л.С. Ботаника. — 3-е, перераб. и доп.. — М: Колос, 2005. — С. 399. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
  2. Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր. Երևան: «Լույս». էջ 25-26.
  3. Список таксонов рода Свёкла на сайте GRIN Արխիվացված 2009-01-20 Wayback Machine(անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Карпенко П. В., Свекловодство, 3 изд., М., 1964;
  • Сортоописание овощных бахчевых культур и кормовых корнеплодов, М., 1965;
  • Биология и селекция сахарной свёклы, М., 1968;
  • Культурная флора СССР, т. 19 — Корнеплодные растения, Л., 1971.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազուկ (բույս)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազուկ (բույս)» հոդվածին։