Jump to content

Արյունխմիկ դեղատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարմրագլխիկից)
Արյունխմիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բու��սեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Արյունխմիկ (Sanguisorba)
L., 1753

Արյունխմիկ (լատին․՝ Sanguisorba), արյունածուծ, արյունխոտ, կարմրագլխիկ, ջերմատակ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արյունխմիկ դեղատու (S. officinalis

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը գրեթե մերկ է, ուղիղ, կողավոր, սնամեջ, վերևի մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-100 սմ. Արմատամերձ տերևները կոթունավոր են, կենտփետրաձև, ցողունայինները՝ նստաղիր, սղոցաեզր, վերևից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևից՝ փայլատ, թխագորշ։ Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, առանց ծաղկաթերթիկների։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չոր, մանր, շագանակագույն սերմիկ է։

Նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյունախմիկ

Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, մինչև, մինչև 1 մետր բարձրության։ Տերևները բարդ են, կենտ, փետրաձև։ Ծաղկաբույլը հասկ է, գլանաձև, արյունաբոսոր ծաղիկներով։ Սերմերը մանր են, դարչնագույն։ Ծաղկում է հունիս֊օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Բույսը ջրասեր է, հիմնականում աճում է խոնավ մարգագետիներում, անտառի բացատներում, գետեզրերին, ենթալպիական գոտիներում։ Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր, բազմանում սերմերով։ Անունը ծագել է լատիներեն արյուն կլանող, արյուն խմող բառերից, հավանաբար հիմք ընդունելով բույսի արտահայտված արյունադադարեցուցիչ հատկությունը[1]։

Քիմիական բաղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը հարուստ է դաբաղանյութերով, որոնց քանակը նրա առանձին մասերում տատանվում է 12-25%֊ի սահմաններում։ Արմատները պարունակում են գալլաթթու, թրթնջկաթթու, էլլագաթթու, սապոնիններ, գալլատանիտ, թրթնջկաթթվային կալցիում, պիգմենտ, օսլա, եթերայուղ։ Տերևներում հայտնաբերված է C վիտամին և կարոտին։ Միկրոտարրերից պարունակում է մանգան, մագնեզիում, երկաթ, վանադիում և այլն։

Կիրառական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյունախմիկ դեղատու

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, սապոնիններ, օսլա, ասկորբինաթթու, եթերայուղեր, կարոտինոիդներ, ներկանյութեր (մոխրագույն, կարմիր)։ Պատրաստուկները (եփուկ, մզվածք) օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև մաշկային հիվանդությունների, այրվածքների, լնդաբորբերի դեպքերում։ Մեղրատու է, գեղազարդիչ և կերաբույս։

Բուժական նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման համար կիրառվում են հիմնականում բույսի արմատը և կոճղարմատը, երբեմն էլ նրա վերգետնյա մասը։ Մթերվում է աշնանը, երբ սկսում են թառամել տերևներն ու ծաղիկները։ Արմատը հանում են բահով, թողնելով բուսուտների 30-50%֊ը՝ հաջորդ տարվա աճի համար։ Արմատը անջատելով վերգետնյա մասից, լվանում են սառը ջրով, կտրատում 10-15 սմ երկարությամբ, չորացնում արևի տակ կամ լավ քամհարվող սենյակում, կամ չորացնում՝ 40-50 աստիճանի պայմաններում։ Լավ չորացրած հումքը կորացնելուց պետք է դյուրաբեկ լինի։ Հումքը պահում են պարկի մեջ, պարբերաբար խառնելով։ Այն ունի սև, գորշավուն տեսք, կոտրված մասում՝ դեղնավուն, անհոտ․ խիստ տտիպ համով։ Հումքի պիտանելիությունը մոտ 5 տարի է։ Արյունխմիկը հայկական ժողովրդական բժշկության մեջ հայտնի է եղել որպես լուծը և աղիքային արյունահոսությունը դադարեցնող, դաշտանը կարգավորող, հավկուրությունը բուժող (հյութը աչքերին կաթեցնելու եղանակով) և արյան ճնշումը իջեցնող միջոց։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Գեղարքունիքի, Լոռու մարզերի միջին և վերին լեռնային գոտիների ողողվող, անջրդի հովիտների մարգագետիններում ու բացատներում։ Կոճղարմատը հաստ է, փայտացող, կտրվածքում՝ գորշ դեղնավուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի դեղաբույսերը, Թորոսյան Ա․ Ա․․ Հայասան հրատարակչություն, Երևան 1983
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունխմիկ դեղատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունխմիկ դեղատու» հոդվածին։