Jump to content

Երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երկրագունդից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր (այլ կիրառումներ)

Երկիր 🜨
(Կապույտ մոլորակ)
Terra
Երկիր մոլորակը, լուսանկարված 1972 թ. Apollo 17 ծրագրի շրջանակներում
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էթ.
ԱրբանյակներԼուսին
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին147 095 000 կմ
Ապոհելին152 100 000 կմ
Մեծ կիսաառանցք149 598 023 կմ
Թեքվածություն7.155° Արեգակի հասարակածի հանդեպ
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ6 371.0 կմ
Հասարակածային շառավիղ6 378.1 կմ
Բևեռային շառավիղ6 356.8 կմ
Մակերևույթի մակերես510 078 000 կմ²
Մթնոլորտային տվյալներ

Երկիր (Նաև Տեռա, լատ․ Terra - երկիր բառից), Արեգակնային համակարգի մոլորակ, ըստ Արեգակից ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ Արեգակից ունեցած հեռավորությունը կազմում է 149,8 միլիոն կմ, տրամագիծը 12.700 կմ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ[1][2][3]։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։

Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ։

Երկրի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի պտույտն իր առանցքի շուրջ

Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի կենսոլորտն այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա մթնոլորտային և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։

Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը։ Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը։ Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է մինչև 6000 ցելսուսի։ Միջուկում նյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում երկաթից և նիկելից։

Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը։ Միջնապատյանի խորքերում ջերմաստիճանը հասնում է մինչև 2900 աստիճան ցելսուսի։ Թեև միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։

Երկրի ամենակարծր շերտը երկրակեղևն է։ Երկրակեղևի հաստությունը տատանվում է 5-80 կմ-ի սահմաններում։ Այն կազմված է բազմազան ապարներից, որոնք իրարից տարբերվում են կարծրությամբ, գույնով, հալման ջերմաստիճանով և այլ հատկություններով։ Ապարներ են, օրինակ՝ տուֆը, բազալտը, խճաքարը, քարաղը, կավը, ավազը, տորֆը, կավիճը, կրաքարը, քարածուխը և այլն։

Ապարներն ըստ ծագման կարող են լինել հրային (մագմային), նստվածքային և փոխակերպային (ձևափոխված)։ Հրային ապարներն առաջացնում են հրաբխի ժամանակ արտահոսող լավայից, երբ այն սառչում ու կարծրանում է։ Հրային ապարներ են, օրինակ՝ գրանիտը, տուֆը, բազալտը, պեմզան, օբսիդիանը։

Նստվածքային ապարները լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական ծագման ապարները գոյացել են հազարավոր տարիների ընթացքում մահացած օրգանիզմների քայքայումից ու կուտակումից։ Այդ ապարները հիմնականում կուտակվել են ցամաքային գոգավորություններում ու օվկիանոսների հատակում։ Դրանցից են քարածուխը, տորֆը, կավիճը, կրաքարը և այլն։ Անօրգանական ծագման ապարները գոյանում են հրային և փոխակերպային ապարների քայքայումից ու կուտակումից։ Դրանցից են ավազը, կավը, բազալտը, խճաքարը և այլն։

Փոխակերպային ապարներն առաջանում են երկրագնդի խոր շերտերում բարձր ջերմաստիճանի ու մեծ ճնշման պայմաններում նստվածքային կամ հրային ապարների փոխակերպումից։ Օրինակ՝ կրաքարը կարող է վերածվել մարմարի, ավազը՝ ավազաքարի։

Մոլորակը շրջապատված է մագնիսական դաշտով, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթը պաշտպանում Արեգակի՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ Սիլիկատային ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին հրաբխային ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները։

Երկրագնդի տեսքը արբանյակից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։

Երկրի ընդերք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրակեղևը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին՝ պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500 °C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։

Մագնիսական դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթա��քում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։

Երկրի տարբեր կետերում կողմնացույցի սլաքի որոշակի ուղղությամբ կողմնորոշվելու փաստը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ կարևոր եզրակացությանը։ Առաջին՝ Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ դասավորվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում։ Երկրորդ՝ Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ՝ նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսկան բևեռը։ Դա Է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգվելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Age of the Earth». U.S. Geological Survey. 1997. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2006 թ․ հունվարի 10-ին.
  2. Dalrymple, G. Brent (2001). «The age of the Earth in the twentieth century: a problem (mostly) solved». Special Publications, Geological Society of London. 190 (1): 205–221. Bibcode:2001GSLSP.190..205D. doi:10.1144/GSL.SP.2001.190.01.14. ISSN 0305-8719.
  3. Manhesa, Gérard; Allègre, Claude J.; Dupréa, Bernard; Hamelin, Bruno (1980). «Lead isotope study of basic-ultrabasic layered complexes: Speculations about the age of the earth and primitive mantle characteristics». Earth and Planetary Science Letters. 47 (3): 370–382. Bibcode:1980E&PSL..47..370M. doi:10.1016/0012-821X(80)90024-2. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկիր» հոդվածին։
Ընթերցե՛ք «երկիր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։