Jump to content

Լոնգիտյուդային հետազոտություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանացի հոգեբան, իդեալիստ–փիլիսոփա Վիլյամ Շտեռն (1871-1938)

Լոնգիտյուդային հետազոտություն (անգլ.՝ longitudinal study - երկարատև), գիտական մեթոդ, կրկնակի փորձաքննության տեսակ, կիրառվում է սոցիոլոգիայում և հոգեբանության մեջ, ինչպես նաև կլինիկայում երբ տևական պարբերական դիտարկման են ենթարկվում միևնույն օբյեկտների (հոգեբանության մեջ՝ մարդկանց) խումբը, որոնց կոնկրետ հատկանիշները ժամանակի ընթացքում էական փոխություններ են կրում։ Հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու կյանքի փուլերի տարիքային և անհատական առանձնահատկությունների փոփոխականությունը։ Ամենալայն իմաստով պանելային ուսումնասիրության հոմանիշն է, իսկ առավել նեղ իմաստով տարիքային կամ կրթական խմբերի (կագորտա) ընտրողական պանելային ուսումնասիրություն է միջնակարգ կրթություն ստանալու ընթացքից մինչև 28 - 30 տարեկան հասակը[1][2][3]։

Հետազոտության պատմություն և առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնգիտյուդային մեթոդը հիմնադրել են Վիլյամ Շտեռնը և Ալեքսանդր Գվոզդևը։ Այդ նպատակին են ծառայե�� ընտանիքում երեխայի զարգացման ընթացքը հետևելու համար նրանց վարած տարբեր օրագրերը[4]։

Լոնգիտյուդային ուսումնասիրությունը զարգացման հոգեբանության մեջ նախապես (որպես «երկայնական հատման» մեթոդ) ձևավորվել է (մանկական և տարիքային հոգեբանության մեջ) որպես այլընտանք զարգացման վիճակները կամ մակարդակները որոշելու վերաբերյալ տարածված մեթոդի («խաչաձև հատման») նկատմամբ։ Հետագայում այդ մեթոդից սկսեցին օգտվել սոցիոլոգիայում, ինժեներական հոգեբանության և աշխատանքային հոգեբանության մեջ։ Լոնգիտյուդային ուսումնասիրության ինքնուրույն արժեքը կապվել է հետազոտման առարկայի հոգեկան զարգացման հետագա ընթացքը և նրա փուլերի միջև ազգակցական կապերը կանխագուշակելու հնարավորության հետ։

Լոնգիտյուդային հետազոտությունը կագորտային հետազոտություն է։ Կագորտային կոչվում է այն մարդկանց խումբը, որոնք մասնակիցել կամ ներկա են եղել միևնույն ժամանակահատվածում միևնույն իրադարձությանը[5]։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնգիտյուդային հետազոտությունը կիրառվում է, երբ պահանջվում է հետևել որոշ օբյեկտների կամ մարդկանց զարգացման պատմությունը և նրանց վրա որոշակի իրադարձությունների ազդեցությունը և հանդիսանում է առանց վերահսկման փորձարարական խմբի փորձ մեկ փորձարարական ստուգիչ խմբի հետ, որը ենթարկվում է բազմաթիվ տևական դիտարկումների։ Ընդ որում հայտնի է, որ այդ ընթացքում որոշակի կամ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում և հետազոտության նպատակն այն է, որ դիտարկվում է թե ինչպես է ազդում այդ իրադարձությունը (իրադարձությունները) փորձարկման ենթակա խմբի վրա։ Այդ նպատակով համեմատվում են հետազոտվող իրադարձությունը սկսելուց առաջ դիտարկումները դրանից հետո կատարվածի հետ։ Ընդ որում լոնգիտյուդային հետազոտությունը ենթադրում է մաև այլ մեթոդների (դիտարկում, թեստավորում, փսիխոգրաֆիա և այլն) միաժամանակյա կիրառում[1][6]։

Լոնգիտյուդային հետազոտությունը կարելի է կիրառել նաև որոշակի ժամանակահատվածում կազմակերպության ներսում դիտարկումներ կատարելու նպատակով[7]

Կիրառման օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի Ազգային մանկական բյուրոն լոնգիտյուդային հետազոտությունը կիրառում է մանուկների զարգացումը փաստաթղթավորելու նպատակով[7]։

1983-1999 թվականներին Ռուսաստանում իրականացվել է «Սերունդների ուղիները» ամենախոշոր լոնգիտյուդային հետազոտությունը, սկզբում համամիութենական, իսկ հետագայում միջազգային մասշտաբով, որը կատարել է պրոֆեսոր Մ․ Խ․ Տիտմայի ղեկավարությամբ[1]։

Ավստրալիայում 10,000 երեխաների և ընտանիքների հետ լոնգիտյուդային (երկայնական) ուսումնասիրությունը (LSAC) հանդիսանում է խոշոր ուսումնասիրություն։ Այն սկսվել է 2004 թվականից երկու խումբ ընտանիքների հետ՝ 4-5 տարեկանների երեխաներ ունեցող և 0-1 տարեկան նորածիններ ունեցող։ Հիմնական նպատակն է երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու հնարավորությունների ռազմավարության մշակումը[8]։

1976 թվականից սկսվել է բուժքույրերի հետ կանանց քրոնիկ հիվանդությունների ուսումնասիրության «Health Study and Nurses» խոշորագույն հետազոտությունը։ Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը։ Այժմ այն երրորդ փուլում է, որին մասնակցել են ավելի քան 275.000 մասնակիցներ։ Առաջին փուլը՝ բուժքույրերի առողջության հետազոտությունը, սկսել է դոկտոր Ֆրանկ Սփեյզեռը 1970-ականների սկզբին կանանց քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ռիսկային գործոնների մասին ավելի շատ իմանալու նպատակով[9]։ Այս հետազոտությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց և 1976 թվականից ԱՄՆ 11 քաղաքներից բուժքույրեր ներգրավվեցին հետազոտության մեջ։ Այդ հետազոտությունը հատկապես բուժքույրերի մասնակցությամբ անցկացվում է այն ակնկալիքով, որ նրանք իրենց մասնագիտական գիտելիքների շնորհիվ կատարվող փոփոխություններին արագ կարձագանքեն և առողջապահության նկատմամբ հետաքրքրությունը նրանց երկարատև մասնակցությանը կնպաստի։

Հետազոտության առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնգիտյուդային հետազոտությունը սովորական դիտարկման համեմատ ունի որոշակի առավելություն, քանի որ սովորական մշտադիտարկման ընթացքում ամեն մի փուլում կիրառվում է նոր ընտրանք, իսկ լոնգիտյուդային հետազոտությունը հնարավորություն է ստեղծում միևնույն օբյեկտի զարգացմանը հետևել ժամանակի կտրվածքում, ճշտորեն նկարագրել նրա կյանքի ընթացքում կատարված փոփոխությունները, ներառյալ արժեքային կողմնորոշումները, հայացքները, մոտիվացիաները և այլն։ Կյանքի իրադարձությունները կարող են, թեկուզ համեմատաբար ավելի քիչ ճշտությամբ, նշվել հետահայաց վերլուծության (լատին․՝ retrospectare - հետադարձ հայացք, ռետրոսպեկտիվ) մեջ, սակայն այն չի թույլատրում ուսումնասիրել արժեքա-մոտիվացիոն ոլորտի փոփոխությունները, ինչպես նաև նրանց ազդեցությունն առանձին մարդկանց կամ օբյեկտների անցած ուղու վրա։

Լոնգիտյուդային հետազոտության առավելությունը կրոս-սեկցիոնիստական հետազոտությունների[10] նկատմամբ այն է, որ պատճառային ֆակտորը, որը պարունակվում է փոփոխությունների հաջորդականության մեջ, ուսումնասիրվում է անմիջականորեն այն տվյալների հիման վրա, որոնք կուտակվել են փոփոխություններից առաջ և հետո (օրինակ, դպրոցական կրթական ծրագրում փոփոխությունների հետևանքների վերլուծությունը)[5][7]։

Թերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Hawthorne Works գործարանի տեսքը վերևից, 1920

Լոնգիտյուդային ուսումնասիրությունների գլխավոր թերություններից են նրանց ներքին վավերականությունը հետևյալ հիմնական պատճառներից ելնելով․

  1. Բարձր ծախսատարությունը (հատկապես կրկնակի ուսումնասիրության դեպքում)
  2. Միջոցառումն իրագործելու տեխնիկական բարդությունը։ Սա առաջանում է ուսումնասիրության ամեն մի աստիճանում տվյալների կուտակմամբ զբաղվելու անհրաժեշտությամբ, ինչպիսիք են օրինակ, դիտարկվողի կյանքի երկու փուլերի միջև ընկած ժամանականհատվածներում կատարված իրադարձությունները մինչ գիտահետազոտական տվյալները, բնակության վայրի տեղափոխման հետ կապված դիտարկվողի մշտական փնտրտուքը և նույնականացման խնդիրը, հետազոտության բոլոր այդ փուլերի տվյալների վերամշակումն ու գնահատումը
  3. Դիտարկման օբյեկտի «մահացությունը»։ Այս դեպքում հետազոտության սկզբնական փուլի մասնակիցները հետազոտության ավարտին անհասանելի են լինում (բնակության վայրի տեղափոխություն, մահ, մասնակցությունից հրաժարում և այլն)։ Այս դեպքում կրճատվում կամ կորում է ուսումնասիրության համար հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունից առաջ և հետո կատարված դիտարկումները համեմատելու բազան։ Լոնգիտյուդային հետազոտությունների համար «մահացությունը» ոչ վավերականության հիմնական աղբյուրներից մեկն է։
  4. Ուսումնասիրվող իրադարձության արդյունքը կարող է դանդաղել։ Կարող են տարիներ անցնել, մինչև դիտարկման իրադարձությունները նկատելի լինեն
  5. Միաժամանակյա ծագած փոփոխություններ։ Հավանական է, որ այլ, ուշադրությունից դուրս մնացած որոշ իրադարձություն կամ այլ ազդեցություն կարող է նսեմացնել հետազոտության բուն էությունը (օրինակ, դպրոցական ծրագրային և կրթական ծառայությունների ֆինանսավորման փոփոխությունները)։
  6. Հոթորնյան էֆեկտի առաջացում (անգլ.՝ Hawthorne effect)[11][12]։ Հոգեբան և սոցիոլոգ Էլթոն Մեյոն[13] մի խումբ հետազոտողների հետ հայտնաբերել է այդ էֆեկտը։ Ըստ որի՝ նորամուծությունը, գիտափորձի նկատմամբ հետաքրքրասիրությունը կամ տվյալ խնդրի նկատմամբ մեծ ուշադրությունը տվյալների աղավաղման պայմաններ են ստեղծում՝ հաճախ չափազանց բարենպաստ արդյունքի հանգեցնելով։ Բանը նրանում է, որ գիտափորձի մասնակիցները սովորականից առավել ջերմեռանդ են գործում միայն այն պատճառով, որ գիտակցում են իրենց մասնակցությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 О. В. Терещенко Лонгитюдное исследование Արխիվացված 2013-06-27 Wayback Machine Социология: Энциклопедия․ Сост. А. А. Грицанов, В. Л. Абушенко, Г. М. Евелькин, Г. Н. Соколова, О. В. Терещенко., 2003 г.
  2. Лонгитюдное исследование (глоссарий к книге)(չաշխատող հղում) Волков Ю. Г., Мостовая И. В. Социология: Учебник для вузов / Под ред. проф. В. И. Добренькова. - М.: Гардарика, 1998. էջ 244
  3. Лонгитюдное исследование Արխիվացված 2016-03-07 Wayback Machine Краткий словарь психологических терминов ․Морозов А. В. Управленческая психология. - М.:Академический проект, 2006, էջ 288․ ISBN 5-8291-0670-1
  4. Лонгитюдное исследование Արխիվացված 2013-07-09 Wayback Machine Словарь практического психолога / Сост. С. Ю. Головин., Минск, Харвест, 1998, ISBN 985-433-167-9
  5. 5,0 5,1 Разновидности кросс-секционных и длительных исследований
  6. Лонгитюдное исследование // Душков Б. А., Королёв А. В., Смирнов Б. А. Энциклопедический словарь: Психология труда, управления, инженерная психология и эргономика, 3-е изд. - М.:Академический проект, 2005. - 848 с. ISBN 5-8291-0297-8, ISBN 5-8291-0506-3, ISBN 5-902357-25-X.
  7. 7,0 7,1 7,2 Лонгитюдное исследование//Джери Д., Джери Дж. Большой толковый социологический словарь. В 2-х томах: Пер. с англ. Н. Н. Марчук. М.: Вече, АСТ, 1999. Лонгитюдное исследование // Психология человека от рождения до смерти / Под общ. ред. Реана А. А. - СПб.: ПРАЙМ-ЕВРОЗНАК, 2002. - 656 с. ISBN 5-93878-029-2
  8. Study of Australian Children
  9. The Nurses’ Health Study and Nurses’ Health Study II are among the largest investigations into the risk factors for major chronic diseases in women.[1][2] Արխիվացված 2016-05-15 Wayback Machine
  10. «КРОСС-СЕКЦИОННОЕ ИССЛЕДОВАНИЕ (cross-sectional study)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  11. McCarney R, Warner J, Iliffe S, van Haselen R, Griffin M, Fisher P; Warner; Iliffe; Van Haselen; Griffin; Fisher (2007). The Hawthorne Effect: a randomised, controlled trial BMC Med Res Methodol 7: 30. doi:10.1186/1471-2288-7-30. PMC 1936999. PMID 17608932.
  12. Ըստ անգլիացի սոցիոլոգ Էնթոնի Գիդենսի Հոութորն գործարանում անցկացրած հետազոտական ուսումնասիրության վերաբերյալ «Հոութորն վորքս» (անգլ.՝ Hawthorne Works) գրքի, որը ռուսերեն թարգմանությամբ վերնագրված է՝ «Սոցիոլոգիա»
  13. Elton Mayo Encyclopedia Britannica

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Belanger CF, Hennekens CH, Rosner B, Speizer FE (1978)։ The Nurses' Health Study. Am J Nurs 1978;78:1039-40. (Die erste Publikation zur Studie. Das engl. Abstract dazu.
  • The Nurses’ Health Study and Nurses’ Health Study II are among the largest investigations into the risk factors for major chronic diseases in women.[3] Առանձին հրատարակումների և հետազոտությունների ցանկ
  • Diekmann, Andreas (2006)։ Empirische Sozialforschung - Grundlagen, Methoden, Anwendungen. Rowohlt, Hamburg
  • Schneider, W.: Entwicklung von der Kindheit bis zum Erwachsenenalter: Befunde der Münchner Längsschnittstudie LOGIK. Beltz Psychologie Verlags Union 2008. ISBN 3-621-27605-X
  • Schnell, R., Hill, P. B., Esser, E. (2005)։ Methoden der empirischen Sozialforschung. Oldenbourg, München
  • Schumann, Karl F. (2004)։ Diskussion - Sind Arbeitsbiographie und Straffälligkeit miteinander verknüpft? - Aufklärungen durch die Lebenslaufforschung in: MschrKrim 87. Jahrgang - Heft 3/4 - 2004, 222-243.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]