Գուրգեն Մահարի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Մահարի | |
---|---|
Ծննդյան անուն | Գուրգէն Աճէմեան |
Ծնվել է | օգոստոսի 1, 1903 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 17, 1969 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Պալանգա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Գուրգէն Մահարի |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրականագետ, արձակագիր, հրապարակախոս և վիպասան |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Օսմանյան կայսրություն |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | Ծաղկած փշալարեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Անտոնինա Մահարի |
Գուրգեն Մահարի Վիքիքաղվածքում | |
Գուրգեն Մահարի Վիքիդարանում | |
Gurgen Mahari Վիքիպահեստում |
Գուրգեն Գրիգորի Մահարի (Աճեմյան, օգոստոսի 1, 1903, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 17, 1969, Պալանգա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), աճյունը ամփոփվել է Երևանում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965), 1934 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգեն Մահարու տոհմական ազգանունը Մուրադխանյան է։ Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնիները սերում են Պարսկաստանից։ Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով, որ կազմված է «աջեմ» կամ «աջամ» բառից, որ արաբերեն նշանակում է «օտարածին» թէ «պարսկաստանից»։
Գուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին (նոր տոմարով՝ 14) Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ 1915 թվականի Վանի հերոսամարտից հետո գաղթել է Արևելյան Հայաստան։ Գաղթի ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին, ապա մահանում է Գուրգենի տատը։ Արևելյան Հայաստանում Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և հետագայում սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։
1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ 1935 թվականին Գ. Մահարին ամուսնացել է մի հայուհու հետ։ 1936 թվականին ծնվել է նրանց որդին՝ Գրիգորը։ Ցավոք, գրողին վիճակված չէր ընտանեկան երջանկություն։ Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թ. oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան բռնաճնշումների արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թ., երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թ., Գ. Մահարին կրկին աքսորվել է Սիբիր որպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրև ազատ աքսորյալ։ Այս անգամ նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Աշխատել է որպես խոզապահ և միաժամանակ գրել է «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեի հետ։ Նրանք ամուսնացել են 1952 թ., ունեցել մեկ որդի՝ Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր՝ Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում։
1953 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների հետ (Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց) արդարացվել է և վերադարձել Երևան, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչև մահը։
Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986 թ. Բեյրութում, այնուհետև՝ 1988 թ. Երևանում) և «Այրվող այգեստաններ» վեպը (1966)։ 1959 թվականինին լույս են տեսնում Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն...», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե» (1968), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971), «Վիլյամ Սարոյանի հետ» (1960), «Արծիվ Նաիրի» (1960), «Վարդան Աճեմյանի հետ» (1966), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Նրա կյանքի վերջին տարիները խաղաղ չեն անցել։ «Այրվող այգեստաններ» վեպի լույս տեսնելուց հետո (1966) Մահարին հակադրվում է վեպը կարդացած վանեցիներին, որոնք նրան մեղադրում էին Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ։ Նրան սուր քննադատության են ենթարկում նաև գրողները։ Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը։ Մահարին ծանր հիվանդանում է և բուժման համար տեղափոխվում Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն 1969 թվականի հուլիսի 17-ին, 66 տարեկան հասակում։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիտանիկ, Լենինական, 1924, 62 էջ։
- 3 ագիտ օպերետ, Երևան, 1924, 24 էջ։
- Շիրակի ջրանցքը, Լենինական, 1925, 93 էջ։
- Երկու պոեմ, Երևան, 1926։
- Բարդիներ, Երևան, 1927, 19 էջ։
- Երկու մայր, Երևան, 1927, 31 էջ։
- Կեսգիշերից մինչև առավոտ, Երևան, 1927, 19 էջ։
- Վարսակներ, Թիֆլիս, 1928։
- Սիրո, խանդի և Նիցցայի պարտիզանների մասին (պատմվածքների ժողովածու), Երևան, 1929, 250 էջ։
- Մանկություն և պատանեկություն, Երևան, 1930, 248 էջ։
- Զիգզագներում։ Եղիա Չուբարին, Մոսկվա, 1931, 63 էջ։
- Զրույց Նոյեմբերի մասին, Երևան, 1932, 4 էջ։
- Մրգահաս, Երևան, 1933, 306 էջ։
- Երկեր, Երևան, 1954, 512 էջ։
- Երիտասարդության սեմին, Երևան, 1956, 667 էջ։
- Երիտասարդության սեմին, Երևան, 1958, 731 էջ։
- Հնձաններ, Երևան, 1959, 636 էջ։
- Լռության ձայնը, Երևան, 1962, 576 էջ։
- Լռության ձայնը, Բեյրութ, 1963, 406 էջ։
- Սև մարդը, Երևան, 1964, 35 էջ։
- Այրվող այգեստաններ, Երևան, 1966, 624 էջ։
- Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 1. Բանաստեղծություններ։ Բալլադներ, Երևան, 1966, 432 էջ։
- Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 2. Մանկություն։ Պատանեկություն։ Երիտասարդության սեմին, Երևան, 1967, 412 էջ։
- Այրուող այգեստաններ, Պէյրութ, 1967, 613 էջ։
- Չարենց-նամե, Երևան, 1968, 104 էջ։
- Այս հմուտ, հանճարեղ լոռեցին, Երևան, 1971, 67 էջ։
- Հովհաննես Շիրազի մասին (հեղինակակից), Երևան, 1974, 104 էջ։
- Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 3. Պատմվածքներ, Երևան, 1975, 448 էջ։
- Իմ միակ խաղալիքը (պատմվածքներ և մանրապատումներ), Երևան, 1977, 52 էջ։
- Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4. Այրվող այգեստաններ (վեպ),Երևան, 1979, 698 էջ։
- Ծաղկած փշալարեր (վիպակ), Բեյրութ, 1986։
- Ծաղկած փշալարեր (վիպակ), Երևան, 1988։
- Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 5. Երիտասարդություն։ Ծաղկած փշալարեր։ Թատերգություն։ Հուշագրություն, Երևան, 1989։
- Մանկութիւն և պատանեկութիւն, Երևան, 1996, 136 էջ։
- Երգիծանք և հումոր, Երևան, 2004։
- Անանձնական, Երևան, 2004, 78 էջ։
- Այրուող այգեստաններ, Երևան, 2004, 784 էջ։
- Արտամետյան գիշերներ (անտիպ և մոռացված էջեր), Երևան, 2006, 208 էջ։
- Սիբիրական (Ինքնակենսագրական։ Պատմվածքներ։ Ծաղկած փշալարեր։ Չափածո։ Նամակներ։ Ծանոթագրություններ), Երևան, 2009, 848 էջ։
- Չարենց-նամե (հուշեր, հոդվածներ), Երևան, 2012, 268 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 1. Բանաստեղծություններ, Երևան, 2013, 768 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 2.Անտիպ բանաստեղծություններ։ Էլեգիաներ։ Բալլադներ, Երևան, 2014, 680 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 3. Անտիպ պոեմներ, Երևան, 2014, 680 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 4. Մանկություն։ Պատանեկություն։ Երիտասարդության սեմին։ Երիտասարդություն, Երևան, 2015, 576 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 5. Այրվող այգեստաններ (1-ին տարբերակ), Երևան, 2015, 736 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 6. Այրվող այգեստաններ (2-րդ, լրամշակված տարբերակ), Երևան, 2015, 800 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 7. Պատմվածքներ։ Երգիծական պատմվածքներ։ Մանկական պատմվածքներ, Երևան, 2016։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 8. Նախօրյակին։ Սիբիրյան պատմվածքներ։ Ծաղկած փշալարեր, Երևան, 2016։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 9. Քանդակներ, Հուշեր, Ուղեգրություներ, Երևան, 2016, 608 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 10. Երգիծական ստեղծագործություններ։ Թատերգություն, Երևան, 2017, 792 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 11. Գրական - մշակութային և հրապարակախոսական հոդվածներ, Երևան, 2017, 824 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 12. Գրական - մշակութային և հրապարակախոսական հոդվածներ, Երևան, 2017, 744 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 13. Գրական - մշակութային և հրապարակախոսական հոդվածներ։ Ակնարկներ, Երևան, 2018, 864 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատ. 14/1. Նամակներ (1917–1958 թթ.), Երևան, 2020, 784 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատ. 14/2. Նամակներ (1958–1969 թթ.), Երևան, 2021, 832 էջ։
- Ծաղկած փշալարեր (վիպակ), Երևան, 2022, 216 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույցն այն աշխարհում; Անմեղ մեղավորը; Տխուր պատմություն (քանդակներ), «Գրական թերթ», 1969, № 1:
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ.- Բովանդ.-ից՝ Տաբիձե Տ. քարերի աղաղակը։
- Կարդա և արտասանիր։ Ընթերցանութեան և արտասանութեան նյութեր ակումբների, խրճիթ-ընթերցարանների և կարմիր անկյունների համար։ Ժողովածու.- Երևան։ Պետհրատ, 1930.- 294 էջ։
- Նմուշներ ադրբեջանյան գրականությունից։ Աշխատանքի II աստիճանի դպրոցների VI խմբի, բանֆակների, տեխնիկումների ձեռնարկներ։ Պրակ Բ.- Երևան։ Պետհրատի առաջին տպարան Վաղարշապատում, 1929.- 81, 2 չհ. էջ։
- Նմուշներ վրացական գրականությունից։ Աշխատանքի II աստիճանի դպրոցների VI խմբի, բանֆակների, տեխնիկումների ձեռնարկներ։ Պրակ Ա.- Երևան։ Պետհրատի առաջին տպարան Վաղարշապատում, 1929.- 101, 2 չհ. էջ։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահարին իր «Ինքնակենսագրական» պատմվածքը ավարտում է բնորոշ մի պատկերով
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգեն Մահարու առաջին բանաստեղծությունների շարքը՝ «Արտամետյան գիշերներ», տպագրվել է 1922 թվականին։ «Մրգահաս» 2-րդ բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսնում 1932 թվականի ապրիլի 26-ին Երևանում։ Ժողովածուն սկսվում է «Ձոն Եղիշե Չարենցին» ներածությամբ՝
Առ ամառային այս ոսկե սինին,
Ու թող աշունը փառահեղ լինի... |
Այս ժողովածուից առավել հայտնի են «Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին» և «Օրոր, օրոր...» բանաստեղծությունները, որոնք գրվել էն 1926 թվականին։ Ավելի ուշ լույս են տեսնում «Ծովի երգեր», «Հնձաններ», «Անդունդն ի վեր», «Անանձնական» բանաստեղծությունների ժողովածուները և «Պոեմներ» գիրքը։
Մեջբերումներ «Ծաղկած փշալարեր» վիպակից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդն ամենաթանկ կապիտալն է։
- Իրեք բան կա աշխարհում, մնացածը՝ հեչ. ուտուշ, խմուշ, սիրուշ։ Դե՜, մափուսի մեջ՝ փշալարերի ներսում սիրուշ չկա, կմնա ուտուշն ու խմուշ։
- Նա աղոթում էր… Նա, ով իրեն աթեիստ էր համարում։ Երևույթը միանգամայն բնական է և բանական էր, որովհետև կան մարդիկ, որոնք Աստծուն հիշում են, երբ ընկնում են նեղ կացության մեջ։
- Կեսգիշեր է, բայց աքաղաղներն անգամ գիտեն, որ լուսաբացը հեռու չէ։ Իսկ ես մարդ տեղովս հուսահատվել եմ…
- Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա դրությունը, բայց նա չի մեռնի։ Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ։ Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխ սապոգները, ասում են խոսքեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել։
- Ու երգում են փշալարերը, իսկ նրանց երգը փշոտ է ու արյունոտ…
- Մարդիկ այն չեն, ինչ երևում են։ Մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ … Ուրիշ բան մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության գործում… Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով և բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի։
- Վիշտն իրավաբանին կարող է անգամ բանաստեղծ դարձնել, իսկ նկարչին՝ ներկարար։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգեն Մահարու գրական և մարդկային արժանիքները քննադատվել են նրա մի շարք ժամանակակիցների կողմից (Ե. Չարենց, Հ․ Օշական, Մ․ Արմեն, Պ․ Սևակ և այլք)։ Գեղամ Սարյանը նրան էպիգրամներ է նվիրել, որոնցից մեկում այսպիսի տողեր են․
Անաղուհաց մարդ ես դու, |
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգեն Մահարու անունն է կրում Երևանի Էրեբունի վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 176 հիմնական դպրոցը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրեն Աղաբաբյան, Գուրգեն Մահարի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 152 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Գուրգեն Մահարի» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Կիմ Աղաբեկյան, Գուրգեն Մահարի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975, 272 էջ։
- Բոդոսյան Ս., Գուրգեն Մահարի, Երևան, 1981։
- Անտոնինա Մահարի, Իմ ոդիսականը, Անթիլիաս, 1994, 166 էջ։
- Գասպարյան Դ., Փակ դռների գաղտնիքը, Ե., 1999։
- Դավիթ Գասպարյան, Գուրգեն Մահարի, Երևան, 2013, 448 էջ։
- Շահինյան Գ., Գուրգեն Մահարի, Բեյրութ, 1969։
- Վիրաբյան Ն., Հայ դասական գրողներ։ Գուրգեն Մահարի, Երևան, 2012։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուրգեն Մահարին bookmark.am֊ում
- Գուրգեն Մահարի․ Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին
- Պոեզիա. Գուրգեն Մահարի. ասմունք
- Գուրգեն Մահարի։ Աղաբեկյան, Կիմ Բագրատի
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մահարի» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մահարի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մահարի» հոդվածին։ |
|
- ↑ Գ․ Մահարի, Երկերի լիակատար ժողովածու, Եր․ 2022, հատոր 15(1), էջ 596
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 17 մահեր
- 1969 մահեր
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի հայ գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ գրականագետներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Ռուսական կայսրությունում օսմանյան ներգաղթյալներ
- Հայ տղամարդ գրողներ
- Խորհրդահայեր