Jump to content

Ակվարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աքվարիումից)

Ակվարիում, անոթ ջրային կենդանիների և բույսերի պահպանման, բազմացման ու ցուցադրման համար։ Տնային ակվարիումները լինում են մետաղե հիմնակմախքով և ապակե պատերով կամ ամբողջովին ապակե, երբեմն՝ օրգանական ապակուց։

Ակվարիումի խնամք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ հարկավոր է ակվարիումը լիքը լցնել ջրով և թողնել 2 օր, ապա ջուրը թափել և հատակին 5–6 սմ հաստությամբ գետային գորշ ավազ փռել։ Այնուհետև ակվարիումում պետք է տնկել ջրաբույսեր (ցանկալի է Հայաստանի ջրամբարներում ու գետերում տարածված տեսակներ, ինչպես նաև կենդանաբանական խանութից գնած՝ վալիսներիա, ջրասպար, նետատերև), որից հետո ակվարիումի 1/2 մասը զգուշորեն լցնել ջրով։ Ակվարիումի մեջ պետք է գցել նաև լողացող բույսեր (ջրոսպ կամ ռիչիա), որպեսզի տնկած բույսերն ամրանան, և ջուրը թափանցիկ դառնա, հարկավոր է մի քանի օր սպասել, ապա ակվարիումը բնակեցնել ձկներով։ Հարկավոր է իմանալ նաև, թե ինչպիսի խխունջներ կարելի է գցել ակվարիումի մեջ (օրինակ՝ լճախխունջը կարող է փչացնել ակվարիումի մեջ եղած բույսերը)։

Ակվարիումային ձկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Amia calva-ն ակվարիումում

Երբ ակվարիումը պատրաստ է, սկզբնական շրջանում հարկավոր է պահել սովորական փոքրիկ ծածաններ կամ նրանց մոտիկ ազգականների ոսկե ձկնիկներ և նրանց տարատեսակները՝ շղարշապոչեր, աստղադիտակներ, գիսավորներ։ Այս ձկնիկներն իրենց լավ են զգում 20 °C-ի պայմաններում։ Նրանցով բնակեցված ակվարիումները չի կարելի դնել տաքացուցիչների, ջեռուցման մարտկոցների և վառարանների մոտ, իսկ տարվա ցուրտ եղանակներին պետք է լուսամուտից հեռու պահել։ Երբ ջրի ջերմաստիճանը 14 °C-ից նվազում է, ձկները կարող են հիվանդանալ ու սատկել։ Ակվարիումին լավ հարմարվում են նաև տարաշխարհիկ ձկներ՝ թրակիրները, գուպպիները, բավղաձկները։ Սրանք ջերմասեր են, ուստի անհրաժեշտ է, որ ջրի ջերմաստիճանը լինի 25 °C-ին մոտ։ Այդ ձկներով բնակեցված ակվարիումը տաքացնում են անդրադարձիչ ունեցող էլեկտրական լամպով, որը դրսից կախում են ակվարիումի պատին։

Ակվարիումային ձկների ստացված տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օվկիանարիում

Ակվարիումային ձկներից ամենատարածվածը ոսկե ձկնիկն է, որից Չինաստանում և Ճապոնիայում ստացել են գեղազարդիչ ձկների շատ տեսակներ։ Ժամանակակից ակվարիումներում պահում են նաև մարգարտյա գուրամի, դրոշանման թրակիր, քնար մոլինեզիա, կռվարար ձկնիկ, սկալյարիա, սկավառակաձև պերկես, սումատրայի բարբուս, խատուտիկ լոքոյիկ, նոտոբրանխիուս, կարմիր նեոն, ցիկլազոմա միկա և այլ ձկնատեսակներ։ Գիտական նպատակներով, ցուցադրումների համար օգտագործում են խոշոր ակվարիումներ՝ մեկուսացված ծովային հատվածներ, որտեղ պահվում են ծովերում և քաղցրահամ ջրերում ապրող կենդանական ու բուսական աշխարհների ներկայացուցիչներ։

Ակվարիումային ձկների խոշոր տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային խոշոր կենդանիների համար ակվարիումները սովորաբար տեղադրում են ծովափերին։ Այսպիսի ակվարիումներ առաջինը ստեղծել են XIX դարի 2-րդ կեսին (Սևաստոպոլում՝ 1871 թվականին, Նեապոլում՝ 1872 թվականին)։ Ծովային որոշ ակվարիումներ կոչվում են օվկիանարիումներ։ Ժամանակակից քաղցրահամ և ծովային ակվարիումներում ցուցադրման ու գիտական նպատակներով (կենդանիների վարքը և կենսակերպն ուսումնասիրելու համար) բազմացնում են խոշոր սաղմոնաձկներ, տափակաձկներ, շնաձկներ, կատվաձկներ և այլն։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է իմանալ, թե որ ձկանը ինչպես կերակրել. փոքր ծածանին, ոսկե ձկնիկին և նրա տարատեսակներին կերակրում են օրը մեկ անգամ, ավելի լավ է՝ կենդանի կերով՝ թրթուրներով, որդերով։ Կարելի է տալ նաև մանր կտրատած մսի և լյարդի կտորներ, հացի փշրանք։ Տարաշխարհիկ ձկներին կերակրում են թրթուրներով, ջրալվերով, կիկլոպներով՝ օրընդմեջ։ Չոր կեր (չորացրած ջրալվեր ու կիկլոպներ) տալիս են կենդանի կեր չունենալու դեպքում։ Չի կարելի չափից ավելի կերակրել ձկներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 167