Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթրագեն ալպիական (լատին․՝ Atragene alpina ), հրանունկազգիների ընտանիք, աթրագեն ցեղի բույս։
Թփանման լիան է, որը հենարանի վրա կարող է բարձրանալ մինչև 3 մ։ Տերևները երկար կոթունավոր են, կրկնակի եռամասնյա կամ եռամասնյա, առաջնային տերևիկները երկար, երկրորդայինները՝ կարճ կոթունավոր կամ նստադիր, օվալաձևից մինչև նշտարաձև, 2—5 սմ երկարությամբ, սրածայր, սղոցաեզր կամ ատամնաեզր, ներքևի կողմից, ջղերի ուղղությամբ, թեթևակի աղվամազապատ։ Ծաղիկները մեծ մասամբ միայնակ են, բարակ ծաղկակիրներով, դեպի ցած հակված, լայն, զանգականման, 2—6 սմ տրամագծով, կապտալազուր կամ մանուշակաերկնագույն գունավորմամբ։ Բաժակաթերթիկները 4-ն են, ձվաձև-էլիպսաձև կամ նշտարաձև, սրածայր, դրսից և եզրերում նուրբ մազմզուկապատ։ Պսակաթերթիկները թիականման են, կրկնակի անգամ կարճ բաժակաթերթիկներից։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, անտառներում, թփուտներում, գետերի ափերին կամ ժայռային փլվածքներում։
Մշակվում է 1792 թ.: Նախկին ԽՍՀՄ-ում մշակվում է ամենատարբեր կլիմայական պայմաններում (Տալլին, Տարտու, Լատվիայի պուրակներում, Լենինգրադ, Կիև, Լվով և այլն)։ Լայնորեն է մշակվում նաև Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Մշակվել է Երևանի բուսաբանական այգում, մամրիչ (Clematis) անվան տակ[1]։