Jump to content

Հարակիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկը պատրաստվում է հարակիրիի

Հարակիրի կամ սեպուկու՝ Միջնադարյան Ճապոնիայում սամուրայների մոտ տարածված ծիսական ինքնասպանություն, որի ժամանակ հատուկ դանակով ինքնասպանություն գործողը կտրում էր իր որովայնը։

Այս ձևով սամուրայներն ինքնասպանություն էին գործում կամ որպես կատարած հանցանքի համար պատիժ, կամ կամովի՝ այն դեպքում, երբ ոտնահարվել էր ռազմիկի պատիվը, ի նշան իր դայմյոյի հանդեպ հավատարմության և նման այլ դեպքերում։ Սեպպուկու կատարելով սամուրայը ցուցադրում էր ցավի և մահվան առաջ իր խիզախությունը և իր մտադրությունների մաքրությունը՝ մարդկանց և աստվածների առաջ։

Սեպպուկուն փորաթափի միջոցով ճապոնական ավանդական ինքնասպանության տեսակ է։ Ի սկզբանե այն նախատեսված էր միայն սամուրայների համար։ Լինելով սամուրայների բուսիդո պատվի կանոնագրքի մաս՝ սեպպուկուն կիրառվում էր կամ որպես սամուրայի կողմից կամավոր մահանալու պատվաբեր և նախընտրելի միջոց՝ թշնամիների ձեռքը չընկնելու (և, ամենայն հավանականությամբ, կտտանքների չենթարկվելու) համար, կամ որպես մահապատիժ այն սամուրայների համար, ովքեր ծանր հանցագործություններ էին կատարում, կամ այնպիսի պատճառներով, որոնք նրանց պատիվ չէին բերում։ Հանդիսավոր փորաթափը, որը սովորաբար առավել բարդ ծեսի մաս է և իրականացվում է հանդիսատեսի ներկայությամբ, բաղկացած է կարճ դաշույնիª տանտոյի, որովայն մխրճելուց և այն ձախից աջ տանելու կտրող շարժումից։

Սեպպուկուն հայտնի է նաև որպես հարակիրի (ճապոներեն՝ «կտրել փորը»)՝ եզրույթ, որն առավել տարածված է Ճապոնիայից դուրս։ Դրա առաջին գրանցված ակտն իրականացվել է Մինամոտո-նո-Յորիմասայի կողմից 1180 թվականին Ուդզիի ճակատամարտի ժամանակ։ Սեպպուկուն ի վերջո դարձավ բուսիդոյի՝ սամուրայների կանոնագրքի առանցքային մաս. այն կիրառվում էր զինվորների կողմից՝ թշնամուն գերի ընկնելուց խուսափելու և ամոթը մեղմելու ու հնարավոր կտտանքներից զերծ մնալու համար։ Սամուրայներին սեպպուկու կատարելու հրաման կարող էր տրվել նաև իրենց դայմյոյի (ֆեոդալական իշխանի) կողմից։ Ավելի ուշ, պատվազրկված զինվորներին սովորական ձևով մահապատժի ենթարկվելու փոխարեն երբեմն թույլատրվում էր սեպպուկու անել։ Տղամարդկանց սեպպուկուի ամենատարածված ձևը որովայնը կտրելն էր, և երբ սամուրայը վերջացնում էր, առաջ էր բերում իր վիզը, որպեսզի օգնականը գլխատի։ Սկսած այն պահից, երբ այդ ակտի հիմնական նպատակ դարձավ որևէ անձի՝ որպես զինվորի պատվի վերականգնումը կամ պաշտպանությունը, սամուրայների դասին չպատկանող անձանց թույլ չէր տրվում սեպպուկու իրականացնել։ Սամուրայները հիմնականում այդ ակտը կատարում էին թույլտվությամբ։

Չնայած այն հանգամանքին, որ վերը նկարագրված կամավոր սեպպուկուն առավել հայտնի է, պրակտիկայում ամենատարածվածը հարկադիր սեպպուկուն էր, որն օգտագործվում էր որպես մահապատժի տեսակ պատվազրկված սամուրայների համար, մասնավորապես նրանց համար, ովքեր ծանր հանցանքներ էին գործել. օրինակ՝ անշարժառիթ սպանություն, բռնաբարություն, ավազակություն, կաշառակերություն կամ դավաճանություն։

Սեպպուկուն որպես պատժատեսակ արգելվեց 1873 թվականին, Մեյձի Բարենորոգումից կարճ ժամանակ անց, բայց կամավոր սեպպուկուն վերջանականապես չվերացավ։ Հայտնի են տասնյակ մարդիկ, ովքեր սեպպուկու են իրականացրել դրանից հետո՝ ներառյալ որոշ զինվորական գործիչներ, ովքեր ինքնասպան եղան 1895 թվականին՝ որպես նվաճված տարածքները Չինաստանին վերադարձնելու բողոքի նշան, գեներալ Նոգին և իր կինը 1912 թվականին Մեյձի կայսեր մահվան հետ կապված և բազմաթիվ զինվորներ ու քաղաքացիներ, ովքեր Երկրորդ համաշխարհային պատարեզմի ժամանակ նախընտրեցին մեռնել, քան հանձնվել։

1970 թվականին հայտնի գրող Յուկիո Միշիման և իր հետևորդներից մեկը զինված ուժերի կողմից պետական հեղաշրջման իրականացում հրահրելու անհաջող փորձից հետո հրապարակային սեպպուկու իրականացրեցին Ճապոնիայի Ինքնապաշտպանության Ուժերի շտաբում։ Միշիման սեպպուկու իրականացրեց գեներալ Կանետոշի Մաշիտայի գրասենյակում։ Մյուսը՝ քսանհինգամյա Մասակացու Մորիտան, երեք անգամ փորձեց ծիսականորեն գլխատել Միշիմային, բայց չհաջողեց. նրա գլուխը վերջնականապես կտրվեց Հիրոյասու Կոգայի կողմից։ Այդ ժամանակ Մորիտան ևս սեպպուկու իրականացրեց։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարակիրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 277