Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք
Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Լոռու մարզ, Դսեղ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց |
Հոգևոր կարգավիճակ | Վանական համալիր |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Գրիգոր, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Խաչքար Սահակի, Խաչքար Սիմոն վարդապետի, Կամուրջ, Ձիթհան և Մատուռ Սբ. Հարություն («Ագռավի տապան») |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Bardzrakash Monastery Վիքիպահեստում |
Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (10-13-րդ դարեր) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք (Սաղուձոր գետի (Ձաղիձոր) Մարց գետի ձախակողմյան ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։
Համալիրն՝ ըստ երևույթի, երկար կյանք չի ունեցել, պատերի վրայի ամենաուշ արձանագրությունները վերաբերում են 13-րդ դարին։ Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավերակ վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է «կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի»[2] ): Մասնակիորեն նորոգվել է 1939 թվականին, մաքրման աշխատանքներ են կատարվել 1950 և 1969 թվականներին։
Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները։ Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիները տեղադրված են իրար կից՝ մեկ շարքում (տես՝ հատակագիծ)։
-
Բարձրաքաշ սբ. Գրիգոր վանքի հատակագիծ
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է (այդ անունով է ավանդված պատերի վրա պահանված մեծ թվով արձանագրություններում), որը գտնվում է նախորդ եկեղեցու և գավիթի միջև։ Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թվականի արձանագրության՝ բարձրաքաշ վանքի կառուցումը սկսել է Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարծպանը կողմից, Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի աթաբեկության ժամանակ[3]։
Սուրբ Աստվածածին Կաթողիկեն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Նրա ուշագրավ առանձնահատկություններից են հնգանիստ խորանն ու մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը։ Կաթողիկեն հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում։
Պահանված են պատերը (հարավային և արևմտյան կողմերում մասնակիորեն), մույթերը՝ կամարների մի մասով, հրավարևմտյան անկյունային մասի ծածկը, կենստրուկտիվ և ճարտարապետական տարրեր, զարդաքանդակների մեծ թվով բկորներ, որոնք հավաքված են ինչպես աղոթասրահում, այնպես էլ դրսում՝ պատերի շուրջ։ Երբեմնի գմբեթից ոչինչ չի պահպանվել։ Սուրբ Աստվածածինը հատակագծային հորինվածքով քիչ ընդհանրություններ ունի նմանօրինակ հուշարձանների հետ։
Քառակուսուն մոտ համաչափություններով աղոթասրահը (9.6X10.2 մ) զույգ կամարաշարերով հյուսիս-հարավ ուղղությամբ բաժանված է եղել 3 նավի։ Դրանցից միջինը՝ մոտ 3 անգամ լայն եզրայիններից, ավարտվել է լայն բացվածք, բայց փոքր խորություն ունեցող հնգանիստ խորանով, իսկ եզրայինները՝ կրկնահարկ ավանդատներով։ Վերջիններիս ստորին հարկի մուտքերը եզրային նավերից են, իսկ վերին հարկինը՝ խորանից։
Գմբեթը հենվել է արևմտյան կողմում գտնվող զույգ սյուներից և խորանի եզրին կից որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Գմբեթատակ մասի և խորանի միջև տարածության բացակայությունը պայմանավորել է գմբեթի տեղադրությունը արևելք-արևմուտք առանցքի միջին մասում, որի շնորհիվ հուշարձանը եղել է հավասարակշռված նաև այդ ուղղությամբ։ Սյուները կամարներով կապված են եղել նաև պատերին կից որմնասյուների հետ՝ կրելով միաժամանակ եզրային ծածկերի բեռի մի մասը։ Թաղերի մնացորդներից երևում է, որ դրանք ունեցել են տարբեր հորինվածք՝ կիսագլանաձև, հարթ, շթաքարե, անցումով և այլն։ Սյուների և որմնասյուների բները, որոնց բարձրությունը հասնում է մոտ 3 մետրի, ինչպես նաև զարդաքանդակներն ու շթաքարով մշակված խոշոր խոյակներն ու խարիսխները միակտոր քարից են։
Հուշարձանն ավերակ վիճակում էլ աչքի է ընկնում հարդարման բարձր մակարդակով, գեղարվեստական արտահայտչամիջոցների առատ և տեղին կիրառմամբ։
Կաթողիկեին հարավից կից է քառասյուն գմբեթավոր գավիթը (1259 թվական), իսկ հյուսիսից՝ թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (10-րդ դար)։
Գավիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդարձակ գավիթը սբ. Աստվածածին եկեղեցուն կից է հարավից, շեղվելով արևմուտքից կցվելու ավանդական սովորույթից։ Այն ունի 13-րդ դարում լայնորեն տարածված կենտրոնակազմ հորինվածք, որտեղ ծածկը հենվել է միջին մասի 4 սյուներից և պատերին կից որմնասյուներից բարձրացող կամարների վրա՝ կենտրոնում ունենալով երդիկ։ Այն հատակագծում ուղղանկյուն է 11.3X14.3 մ չափերով։ Ծածկը և թաղակիր կամարներն ավերված են, կանգուն են միայն հարավային կողմի զույգ սյուները կապող կամարը և որմնակամարների մի մասը։
1950 թվականին մաքրման աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել մեծ թվով նկարազարդ և զարդաքանդակներով պատած խոշոր սալեր, որոնք, հավանական է, հանդիսացել են հարթ առաստաղի մասեր։
Արևելյան կողմում առանցքով գտնվում է կիսաշրջանաձև ոչ մեծ բացվածքով խորանը, որը երկլանջ կտուրկ տակ առնված իր հնգանիստ ծավալով դուրս է գալիս պատի սահմաններից։ Դա խոսում է այն մասին, որ այն կառուցել են հետագայում՝ որպես հավելված։ Ստացվում է, որ գավիթը նախապես ունեցել է երեք մուտք, որից արևելյանը հետագայում առնվել է խորանի բացվածքի մեջ։
Գավիթի արևելյան անկյունային մասերում եղել են քառակուսի հատակագծով կրկնահարկ ոչ մեծ ավանդատներ։
Բոլոր մուտքերը և պատուհանները պսակված են եզրակալնորով։ Հատկապես ուշագրավ է արևմտյան շքամուտքը, որի տիպանի որմնակամարով եզերված հարթությունը պատած է վառ կարմիր ֆելզիտե հնգաթև աստղերով։ Բարձր ճաշակով և նրբագեղությամբ են լուծված ու հարդարված խորանի արտաքին ճակատային հարթությունները։ Քանդակագործական արվեստի կատարյալ նմուշ է արևելյան նիստի պատուհանների պսակների հետ հորինվածքայի սերտ կապի մեջ գտնվող Մամիկոնյանների տոհմանշանը հանդիսացող՝ մագիլներով գառ պահած երկգլխանի արծվի բարձրաքանդակը։
Պատերը հարուստ են արձանագրություններով, որոնցում շատ են գավթի առանձին մասերի կառուցմանը իրենք մասնակցությունը ունեցած անձանց (Սևչի, Համլիկ, Մամքան, Ջատկեր, Ասանեթ, Կիկո և ուրիշներ ) վերաբերող հիշատակություններ, որպիսիք հանդիպում են նաև Սանահին գավթի արձանագրություններում։ Կառուցման հետ կապված արձանագրություններից ամենաուշը վերաբերում է 1247 թվականին, որը կարելի է համարել գավիթի կառուցման ավարտի ժամանակը։
Միանավ դահլիճի տիպի եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանված հուշարձաններից ամենից վաղ կառուցվածը հյուսիսային կողմի միանավ դահլիճի տիպի եկեղեցին է (10-րդ դար), որից պահպանվել են միայն պատերը՝ 3-4 մ բարձրությամբ։ Արևելյան կողմում ավարտվում է խորն ընկած կիսաշրջանաձև խորանով, որին 2 կողմից կից են ուղղանկյուն փոքր ավանդատներ խորանից իրար հանդեպ բացվող մուտքերով։ Աղոթասրահի միջին մասում և արևմտյան անկյուններում պահպանվել են ուղղանկյուն կտրվածքով որմնամույթերի մնացորդներ, որոնց վրա հենվել են կիսագլանաձև թաղը գոտկող կամարները։ Ի տարբրություն մյուս հուշարձանների, որոնք կառուցված են սրբատաշ դեղնավարդագույն ֆելզիտե բազմերանգ խոշոր քարերով, միանավ դահլիճը կառուցված է կոպիտ մշակված բազալտե մանր քարերով (հետագա նորոգումների ժամանակ օգտագործված է նաև ֆելզիտ) և ներսից եղել է սվաղված։ Կառուցման վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն։ Հորինվածքային և կառուցողական տվյալներով հավանական է 10-րդ դարին պատկանելը։
Սբ. Հարություն մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքից դեպի հարավ գտնվում է միջնադարյան գերեզմանոց, որտեղ բացի տապանաքարերից, շատ կան ուշագրավ խաչքարեր` կանգուն կամ պատվանդաններից ընկած, մեծ մասը՝ XIII դարին վերաբերող։
Գերեզմանոցի տարածքում է գտնվում Սբ. Հարություն մատուռը։ Տեղացիները այն «Ագռավի տապան» են անվանում՝ կապված հանրահայտ ավանդազրույցի հետ։ Նրա երեք պատերը և ծածկը իրականացված են մեծաչափ բազալտի քարերից, իսկ արևմտյան կողմից ողջ լայնությունը գրավում է մուտքի բացվածքը։ Ծածկի սալի աստիճանաձևությունը խոսում է այն մասին, որ մատուռը միաժամանակ ծառայել է որպես խաչքարի պատվանդան։ Արևելյան սալաքարի արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1234 թվականին Հովհաննես վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից։
Ձիթհան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հարություն մատուռի հարավային կողմում եղել է ձիթհան, որից պահպանվել են պատերի ստորին մասը՝ խոշոր որձաքարերով, և 2 մ տրամագծով բազալտե մամլաքարը՝ եզրագծով գոտևորող 1266 թվակիր շինարարական արձանագրությամբ։ Վերջինիս համաձայն ձիթհանը կառուցվել է Մարծպանի որդիներ Վահրամի և Մամիկոնի պարոնության ժամանակ՝ Գորգ վարդապետի կողմից[4]։
1245 թվականին Մարզպանի որդի Ասլանբեկ Մամիկոնյանը կառուցել է երկու մատուռ և վանքին նվիրել ոսկով և մարգարիտներով զարդարված Ավետարան։
Ձորում պահպանվել են Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ՝ Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջի մնացորդները։
Վանքի բոլոր շինությունները կառուցված են տուֆից, ֆելզիտից և բազալտից։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։ Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով։
Վանքը մասամբ վերակառուցվել է 1939 թվականին, իսկ 1969 թվականին նրա տարածքը պեղվել է։ Ներկայումս վանքի պատերը կիսաքանդ են ու թեքված։ Մասնագետների կարծիքով փլվելու պատճառներից մեկն է նստվածքային երևույթները հիմքերում։
Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք՝ Եվրոպա Նոստրայի 2014 թվականի «7 առավել վտանգված» 11 հուշարձաններից
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հայտարարել են 2014 թվականի «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների և տեսարժան վայրերի նախնական ցանկը[5]։ Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների անհետացման ցանկում է նաև Հայաստանի Լոռիի մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը։
Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի հունվարին, որի հիմնական նպատակներից էր միևնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների՝ բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ։ Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ և մշակվում են կոթողները փրկելու նախագծեր։ Հուշարձանի վերականգնումը կնպաստի Դսեղը որպես զբոսաշրջության կենտրոն հաստատելուն և տեղական տնտեսությունը զարգացնելուն։ Գործընթացն առավել արդյունավետ կանցկացվի միջազգային փորձաքննության և աջակցության շնորհիվ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր. Ձաղիձորի գանձը՝ խոնարհված (լուսանկար)». 1 սեպտեմբերի, 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- Նատալիա Ղուկասյան. «Բարձրաքաշ Ս. Գրիգոր Վանք, Դսեղ, Հայաստան».
- «MONASTERY OF BARDZRAKASH ST. GREGORY, DSEGH». 2014 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Շախկյան, Գառնիկ (1986). Լոռի, Պատմության քարակերտ էջերը. Երևան "Հայաստան".
- ↑ Գ., Սարգսյան (1951). Բարձրաքաշ վանքը և նրա վիմագրությունը. “էջմիածին”. էջեր հուլ.-օգ. Էջ57, սեպտ-հոկտ, էջ 44.
- ↑ Կարախանյան, Գ. Դսեղի միջնադարյան ձիթհանը և նրա շինարարական արձանագրությունը։. “ՊԲՀ". էջեր .N4, էջ 253-254.
- ↑ http://www.europanostra.org/11-european-sites-shortlisted-for-the-7-most-endangered-programme
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 331)։ |